Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԱԶ

 

Սարսափելի երազ տեսայ այս գիշեր,

Որպէս թէ մի պարտիզի մէջ կանգնած եմ.

Մշտադալար զարդարուած է կանաչով,

Բիւր ծաղիկներ իւրեանց հոտը բուրում են:

 

Ուրախ  ուրախ թռչունները երգելով,

Ծառէ ի ծառ ողջունեցին իմ գալը.

Ծաղիկները քնքուշ գլուխքը խոնարհած`

Ողջոյն տուին, զմայլեցաւ իմ սիրտը:

 

Գնում եմ խոր պարտիզի մէջ. մարդ չկայ,

Ոչ մի տեղից ձայն, աղաղակ չէ լսւում.

Միայն հեռուից հասանում է ականջիս

Ջրի ձայնը, բայց ջուրը դեռ չեմ տեսնում:

 

Իմ գնացած ճանապարհի ծայրումը

Ահա բացուեց մի գեղեցիկ հրապարակ,

Մարմարոնեայ գեղեցկաշէն աւազան,

Ուր գործում էր ջուրը այնքան աղաղակ:

 

Երբ մօտեցայ աւազանին, ի՛նչ տեսնեմ,

Մի հրաշագեղ, մատաղահաս օրիորդ,

Աւազանի ափի վերայ խոնարհած,

Լուանում է իստակ ջրում` մի լուացք:

 

Գերբնական է այդ աղջկայ տեսիլը,

Ոչինչ չկայ դորա վերայ հողեղէն.

Լուսեղէն է, թափանցիկ է մարմինը,

Աչքը յօնքը սեւ սաթի պէս փայլում են:

 

Չքնաղ իրան, մէջքը բարակ, իսկ կուրծքը

Դուրս է նայում բարակ հագուստի տակից,

Որպէս երկու հասունացած մեծ նռներ,

Թաւիշապատ. խելք է թռցնում գլխից:

 

Կերպարանքը կանոնաւոր ու սիրուն,

Ոսկիամայրն չարժէ նորա մօտ ոչինչ.

Ծածանում է ուսի վերայ մազերը,

Բերնի վերայ ծաղկում է քաղցր ժպիտ:

 

Երգ երգելով, նա կտաւ է լուանում,

Նորա ձայնը կախարդում է թովչի պէս.

«Խաղա՛ աղբիւր», նա երգում է, «խայտալով,

Իմ կտաւը ճերմակցրո՛ւ քո ջրերով»:

 

Ո՛վ իմ չքնաղ, ասա՛, լսեմ, ով ես դու.

Ես մօտեցայ եւ ասում եմ նազելով,

Ո՛ր տեղից ես եկած այստեղ եւ ինչո՛ւ,

Այդ ի՛նչ բան է, լուանում ես երգելով:

 

Ինձ պատասխան տուեց այսպէս. «Պատրա՛ստ կաց,

Մահու պատանք լուանում եմ քո համար».

Եւ այս խօսքը ասած չասած, ծուխի պէս

Անյայտացաւ իմ աչքիցը ամէն բան:

 

Տեսանում եմ, որ կանգնած եմ անտառում,

Ծառի կատարքը հասանում են երկնքին.

Իւր մռայլոտ գագաթովը անտառը,

Սոսկալի էր ահաբեկուած իմ սրտին:

 

Լսելիքս ամբոխուեցան վաuտակեցան աչքերս

Կացինի ձայն հեռուից յանկարծ լսում եմ.

Խիտ ծառերի միջերից դուրս վազելով,

Յանկարծ մի այլ նոր երեւոյթ տեսնում եմ:

 

Մի հաստաբուն, բարձր կաղնի ահագին,

Նորա տակին նոյն օրիորդն է կանգնած

Կացին ձեռքին. ջարդոտուելով մեծ կաղնին,

Հրաժարւում է իւր դարաւոր արմատից:

 

Օրիորդը կտրում է ու երգում է,

Նորա երգը սիրտ կախարդող է դարձեալ.

«Կտրի՛ր, կտրի՛ր, սրաբերան իմ տապար,

Փայտ կտրատիր, տախտակ տաշիր իմ համար»:

 

Իմ նազելի, իմ սիրական, ասա՛ ինձ,

Մօտենում եմ նորան դարձեալ ասելով.

Ասա՛, ո՛վ ես եւ կամ ուստի՛ ես եկած,

Է՞ր տախտակներ կտրատում ես երգելով:

 

Իմ հարցմունքին այսպէս տուեց պատասխան.

«Քո օրհասը մօտեցել է, տախտակներ

Պատրաստում եմ ես քո դագաղի համար»:

Ասաց, դարձեալ անյայտացաւ. ես մնացի:

 

Քայքայուելով հոգիս ու սիրտս նայում եմ

Ահա դաշտը սեւանում է չորս կողմից.

Ես չգիտեմ, թէ ի՛նչ պիտի գայ գլխիս,

Բայց դողում եմ բոլոր մարմնով երկիւղից:

 

Երթում եմ ես բայց ամպի պէս մի պատկեր

Հեռուիցը երեւեցաւ իմ աչքին.

Մօտ վազեցի, դարձեալ տեսայ .. ես նորան,

Մի գունաթափ, տխուր դէմքով ուրուական:

 

Մի ծանր մուրճ բռնած էր պինդ իւր ձեռքում,

Որով գետինը փորում էր անդադար.

Ո՛հ, թէեւ այնքան գեղեցիկ էր իմ աչքին,

Բայց երկիւղից սիրտս զարկում էր կատաղած:

 

Նա փորելով դարձեալ երգում էր մի երգ՝ 

Մի սրտաշարժ, մի շատ տխուր, տրտում երգ.

«Մու՛րճ իմ, մուրճ իմ, փորիր դու ինձ մի փոս խոր,

Փորի՛ր, մուրճ իմ, մի գրկաչափ գետնափոր»:

 

Մօտենում եմ նորան դարձեալ խնդրելով.

Իմ նազելի, իմ սիրական, ասա՛ ինձ,

Ասա՛, ո՛վ ես եւ կամ ուստի՛ դու եկար,

Կամ այդ փոսը դու փորում ես ո՞ւմ համար:

 

Իմ հարցմունքին պատասխանում է այսպէս.

«Ես քո համար պատրաստում եմ գերեզման»:

Ճայթեց սիրտս եւ երկիւղից եւ ցաւից,

Բայց կամեցայ տեսնել իմ այդ օթեւան:

 

Երբ գնացի ես փոսի մօտ նայելու,

Սարսափելի մի ձայն եկաւ ականջիս.

Յետ եմ նայում, տեսանում եմ այլ աղջիկ,

Նոյնպէս չքնաղ, նոյնպէս մատաղ, թափանցիկ:

 

Իմ նազելի, գոնէ՛ դու ինձ գթա՛, ասա՛,

Ո՞վ է փորող օրիորդը եւ դու ո՛վ.

Ինչո՛ւ այդպէս գիշատում էք իմ սիրտը,

Շուտ պատասխան տուր նազելի խղճալով:

 

«Մեք երկուքս քոյր ենք միմեանց անբաժան»,

Օրիորդը պատասխանեց հեգնելով.

«Նա երէցն է, իսկ ես կրտսեր հարազատ…»

Բայց ո՞վ էք դուք, ես հարց արի գոռալով:

 

«Նա ալեւոր Հայաստանի հոգին է

Իսկ իմ անունն է Անմիաբանութիւն,

Մեք շատ դարեր անցուցել ենք խռովով,

Եւ շատ մարդիկ փոսն են ընկել մեր ձեռքով»:

 

Ասաց, ժպտաց. կատաղաբար երկու քոյր

Գլորեցին ինձ փոսի մէջ. ես ընկայ

Շնչարգելուած նեղութենից զարթելով

Ստուգեցի, թէ երազ էր որ տեսայ: