Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԻՇԵՆՔ

Հայկ ու Տիգրանին յիշենք միշտ, եղբարք,

Թափենք նոցանից հնութեան փոշին.

Նորանց յիշելով արդեօք մի նոր կեանք

Առնու Հայաստան նոցա խե՜ղճ այրին:

 

Կեցցէ՛ յաւիտեան այրին Հայաստան,

Նա, որ իր որդոց դեռ սրտի խորքում

Չունի հաստատուն մի ոտքի կայան,

Ու որդիքն պանդո՜ւխտ, իրենց բո՛ւն երկրում:

 

Եղբա՛րք, բանը չէ անշօշափելի,

Միայն թէ կամաւ չկարծենք ցնորք.

Վաղո՜ւց մարմնացել ու տեսանելի

Դարձել է Հայոց լուծը անողոք:

 

Մեր յոյսը սակայն մեր վրայ լինի.

Այսինքն ազգի մեր ընդհանրութեան

Աղքատ ու հարուստ տուած թեւ թեւի`

Այսպէս թէ միայն կայ ճար փրկութեան:

 

Կեցցէ՛ Հայաստան, որ երազական

Եղել է այսօր իրօք եւ խօսքով,

Ոչինչ աւելի հնախօսական

Քան թէ անխորհուրդ անուն դառնալով:

 

Ազատութեան իղձ շրթունքի վրայ

Մի քանի մարդոց տեսնում ենք, այո՛,

Ովքե՞ր են դոքա, ո՞չ երդուեալ ծառայ,

Որ օտար լուծին մնան միշտ հլու:

 

«Կը փշրէ շղթան… կ՚երթայ Հայաստան».

Հա՛, հա՛, հա՛, այդ էր պակաս մնացել,

Որ նախանձայոյզ դառնայ հայութեան

Կատարելապէս, բայց յետոյ ի՞նչ էլ:

 

Կ՚ասէ. «Եկել եմ, մայր իմ հարազատ,

Գիրկդ բաց որդուդ քո չուառական..

Համբուրում եմ քո փոշին անարատ…»

Յետո՞յ, մի ամբողջ գայլի շարական:

 

Հարաւ հիւսիսից փոշի բարձրացաւ…

Շառաչիւն զէնքի… մթնեցաւ օրը,

Ղազազ, սարբազի գլուխն երեւեցաւ,

Մեր ազգասէրը մտաւ ծակուռը:

 

«Հը՜, Հայաստանը՜», թո՛ղ տեղը կենայ,

Ասում է զգոյշ մեր ազգասէրը.

«Բահ ու հրացան, ի՞նչ եղան նոքա,

Թէ՞ քշում էիր դու ուրջուները…»

 

Ես այդ ամենը անում եմ բերնով,

Կեցցէ՛ սուրբ Մեսրոպ, որ մեզ գիր տուեց.

Հողեր եմ վարում հեռուից` խօսքով.

Հրացան իմ պէսը կուրծքին ե՞րբ սեղմեց…

 

Է՛լ Հայկ, Տիգրանին յիշենք մենք, եղբարք,

Նորոգենք նոցա փառքը սուրբ անուան,

Գուցէ այս կերպով մի ստոյգ նոր կեանք

Առնու խեղճ, այրի, մայրն Հայաստան: