Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԵՍԻԼ

Աշնան վերջերում, նոյեմբեր ամսին,

Ցրտիցն ստիպուած իմ տանս միջին,

Հիւանդ անկողնումս, տրտմալից սրտով,

Մնացի ամբողջ երեք օր վերջին։

 

Ելայ ու գնացի մեր գիւղին մօտիկ

Գեղեցիկ մի դաշտ, դրութեամբ փոքրիկ,

Որի սահմանը փակել են բլուրք.

Տեսարան աչքի ուրախ, գեղեցիկ։

 

Բնութիւնն իւր ամեն գեղեցիկ ձիրքեր

Զեղխօրէն այստեղ անխնայ թափել էր.

Ձմեռան ցուրտ շունչ թէեւ դեռ չկար,

Բայց պարզ նորա հետք երեւելի էր։

 

Արեւն, երբ որ գեղեցիկ դէմքով

Հորիզոն ի վեր խաղում է փառքով,

Առաջին իւր լոյս, կարծես թէ այստեղ

Պիտի ամփոփէ ոսկեայ ճաճանչով։

 

Իսկ լուսնի պայծառ լոյսը խաւարի

Հետքերը անհետ առնէ գիշերի,

Եւ մի հոյակապ կրակի նման

Այս դաշտի վրայ վառ լուսով փայլի։

 

Մինչ այսպէս միայն կայի զարմացած,

Ասելով «մեծ է փառքդ, ո՛վ Աստուա՛ծ…»

Եւ ահա տեսայ մի մարդ հոյակապ,

Բլրի գագաթից իջանում է ցած։

 

Ուրախ ու փայլուն դէմքով մօտեցաւ,

Անունս, ազգանունս իսկոյն հարց արաւ.

Եւ երբ ճանաչեց հայկազեանց սերունդ,

Իւր սուրբ բերանը կրկին բաց արաւ.

 

«Անունս է Ոգի հայասէր մարդկան.

Ծնունդ եմ միակ սիրոյ մարդկութեան.

Սկզբից մինչեւ այժմ, անարգ մարդու պէս,

Շրջում եմ անտուն եւ միշտ անկայան։

 

Ամեն մի հայի չար վարք ու բարքեր,

Զարկեցին սրտիս բիւր հազար նետեր.

Իմ պաշտօն թուեցաւ նոցա հակառակ

Երբ սփռում էի սուրբ սիրոյ սերմեր։

 

Այլ իմ խօսքերին ընդդէմ ու ներհակ

Շինեցին նոքա մի չար ամբարտակ.

Դարձան թշնամի անհաշտ ազգութեան,

Թափեցին արիւն Հայոց համարձակ։

 

Ա՜խ որի գործը, որ մարդու արարք

Պատմեմ մի առ մի, պատանի հայազգ,

Մեհրուժան, Վասակ, Նիկոլ, Կիրակոս,

Զանգագ, Վեստ Սարգիս, դիւածին Սուրմակ,

 

Եղան ազգութեան կործանիչ պատճառ,

Աւերման երկրի, գործովք անարդար.

Ազգութեան հիմքը, նաեւ հաւատքի

Խախտեցին նոքա մինչ ցայսօր իսպառ։

 

Սոցա գործերը չէր մեզ բաւական,

Սատանայ բնութեամբ, մի մարդ անպիտան

Սողաց դժոխքից, ի՛նչ կայծակ զարկեց,

Թափեց արիւնը… ծերի պատուական։

 

Հայազգի սիրտը ի սուգ համակեց,

Նորա խորհուրդները հիմնովին քանդեց,

Ազգի վէրքերի թարախը սրբելու

Փոխանակ կրկին վէրքերը բացեց։

 

Բայց եւ արժանի այսօր ահա նա

Հազար, բիւր տանջանք պիտի ստանայ.

Թէ այստեղ, թէ անդ, Աստուծոյ ձեռնից.

Յաւիտեան ի հուր գեհենին կը մնայ»։

 

Այսպէս ասելով գնացինք միասին,

Կանգնեցինք բլրի մաքուր գագաթին.

Այնտեղից ցոյց տուեց մի վանք հոյակապ,

Շքեղ զարդարուած պարսպով ահագին։

 

«Այստեղից ահա ես եկայ քո մօտ,

Պատմել մի անցք, որ այս առաւօտ

Անցաւ իմ ու միւս մարդկան առաջեւ,

Ահա պարունակ անցքին համառօտ։

 

Պաշտօնիս անուամբ գնացի այնտեղ,

Մտայ վանքի մէջ, զարդարած շքեղ,

Սենեկից սենեակ անցայ, եւ միւսում

Զանազան աթոռք դրած են մէջտեղ։

 

Չանցաւ մի րոպէ, եւ ահա եկան

Զանազան մարդիկ, իմ մօտ ներս մտան.

Ամենն իւր համար պատրաստած տեղում

Կարգով, տխրութեամբ, կարծես բազմեցան.

 

Իսկ նոցա մէջտեղ մի մարդ էր բազմած,

Պաշտօնին յարմար զգեստներ հագած,

Մօրուքն սպիտակ, փառահեղ, գունեղ,

Կարճիկ հասակով, սրբութեամբ վառուած։

 

Անեղ, սուրբ սիրոյ կայծը երեսին

Փայլում էր յստակ վերայ ճակատին

Կապել էր կամար շնորհք արարչի

Հարազատ պարգեւ հայազգի ոգին։

 

Գերեզմանական լռութիւն խորին

Պատել էր նստած մարդերի սրտին.

Մի մարդ սեւագլուխ հասակով միջակ

Չոքած էր անձայն ծերի առաջին։

 

Նախանձ սեւախանձ, աչքի մէջ արիւն.

Պարզաբար տեսայ տեսիլ մռայլուն.

Դիմաց գծագիրն ինձի ցոյց տուեց,

Այս պարզ նշաններ. Գիրսաս էր անուն։

 

Փառահեղ դէմքը ծեր մարդոյ, ուրախ,

Սկսաւ բարբառել հոգով անխարդախ,

Որ ներէ յանցանք այն չոքած մարդու

Որ մերկ դիմակով սատանայ խարդախ։

 

Ասեց. ո՛վ Գիրսաս, ծառայ հաւատար,

Չկամիմ թողուլ խորհուրդս անկատար,

Ելիր ու գնա կրկին քո տեղին,

Ուստի քո տիրոջ հրամանովն եկար։

 

Շատ մարդիկ ինձի երբեմն խօսքով,

Գանգատ տուեցին երբեմն գրով.

Բայց եւ բոլորի վատաբանութիւնք

Անպտուղ եղան քո պատճառներով…»։

 

Դեռ խօսքը կիսատ, դռները բացուեց

Սեւագլուխ մի մարդ մեր ներս մօտ վազեց,

Կատաղի դէմքով նայեց չոքածին

Եւ նորա կողքին ինքն եւս չոքեց։

 

«Հայր իմ հարազատ ծերունի հայկազն.

Խիղճ իմ ստիպեց, որ ուղիղն ու պարզն

Յայտնեմ ձեր առաջ, որ այսքան տարի

Պահել չկարացայ, գիտէ տէր Աստուածն

 

Բայց նախ խոստացիր, հա՛յր իմ հայազգի,

Տալ իմ մարմինը կերակուր շների

Կամ ի կախաղան, նշաւակ մարդկան,

Միայն թէ չտալ նուիրած հողի։

 

Ծերունի մարդու այս իմ պիղծ ձեռներ

Թաթաւեց արեամբ այս չոքած ընկեր.

Վա՛յ իմ  տարաբաղդ գլխին յաւիտեան.

Չկան ինձ ոչ այս, ոչ այնտեղ յոյսեր։

 

Թոյն խառնած նռան հետ կարմիր ջրի

Նորա խորհուրդով սուրբ ծերին տուի

Նա միւս առաւօտ չկար երկրումս

Նորան այն մահով մեծ փառք հասուցի։

 

Բայց արձակ մեր մեղքն խոստովան եղայ.

Մեր դատաստանը ձեր կամացն կայ.

Տուէք երկուսիս արժանի պատիժ

Ինձ եւ Գերսասին, բնութեամբ սատանայ»։

 

Յետոյ դադարեց. խորին  լռութիւն

Տիրեց սրտերին, դիմաց ամենուն,

Ապա ալեզարդ ծերը բարկութեամբ

Գոչեց բարձրաձայն յայտնի բոլորուն։

 

«Մահու դու որդի ա՛յ դու մարդասպան,

Անխիղճ, անհոգի, բաժին դիւական.

Ի՞նչպէս իշխեցիր ձեռներդ Յուդայի

Թաթաւել մի մեծ մարդու մէջ արեան»։

 

Այս խիստ ընթացքը յանկարծ հանդարտեց,

Ջերմաջերմ արտօսր երեսին փայլեց։

Իբրեւ մարգարիտ թափուեցան գետին,

Դարձեալ առաջին բարկութեամբ ասեց։

 

«Իմ արդար դատից, չես երբեք պրծնիլ.

Զանազան կերպով հարկ է քեզ տանջուիլ,

Անիրաւ, անգութ, անխիղճ դիւածին,

Քանի կենդան եմ, ինձնից չես փրկուիլ,

 

Իսկ այն աշխարհում ծերունու եւ քո,

Դատաստանն կայ ձեռին Աստուծոյ.

Նզովեալ լինիս, դաւաճան ազգի…

Կայեն, Մէհրուժան, դահիճ արդարոյ…»։

 

Վահունի, « Հիւսիսափայլ », 1861 թ. ։