Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԵՆՐԻԿՈՍ ԹՈՎՄԱՍ ԲՈՔԼԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

 

Եղան մարդիկ, որ մեկնեցին

Մեզ բնութեան շատ գաղտնիք.

Եղան խելքեր, որ չափեցին

Արեւ, աստղեր ու երկինք,

Եղան, որ խոր իջան երկրի

Արգանդի մէջ մուրճերով

Եւ քննեցին մոլորակի

Կեղեւը իւր տարերքով:

 

Շատերն իջան, Ովկիանի

Խոր յատակը շփեցին,

Մանրացուցով տեսանելի

Մեզ նոր աշխարհներ բացին.

Չտեսնուող, չբռնուող

Զօրութիւններ զսպեցին,

Լուսից աւել արագ վազող

Ուժեր ստրկացուցին:

 

Նոյնիսկ լուսին հարկադրեցին

Մեզ պատկերներ նկարել

Եւ շոգեվար նաւ ու կառքին

Նետի, ռումբի պէս վազել.

Ջնջուեցաւ տարածութիւն.

Միթէ մնա՞ց ժամանակ,

Մի վայրկենում երբ խօսեցին

Լոնդոն, Նոր-Եօրք, Պուլ-Պինանդ:

 

Բայց պատմութեան օրէնքնե՞րը.

Բարոյական մարդկութեան

Ո՞վ շօշափեց բազկերակը,

Գրեց ֆիզիոլոգիան.

Լո՜ւռ ահա մեծ Անգլիացին,

Բարոյական Հերքուլէս,

Ո՜ղջ մարդկութեան խտտած հոգին

Իջնում է մեծ ասպարէզ

 

Բնութիւնից, անցած կեանքից

Հանում է ճիշտ օրէնքներ

Եւ փրկում է դիպուածներից

Մարդկութեան կեանքի գործեր:

 

«Չկայ մի գործ պատահական,

Մարդու հոգին ունի կապ.

Նոյն Ալեքսանդր Մակեդոնեան

Որպէս ծնւում է մի կաթ.

Ընդհանուրի չափից է կախ

Ողջ աշխարհի գործերը.

Մի մարդ ազնիւ եւ կամ խարդախ

Կշռի չէ շեղում թաթը»:

 

Նա կապում է պատմութիւնը

Բնութեան հետ պինդ կապով,

Ցանցառ միստիկի բաժնածը`

Մարմին, ոգի, մի օղով:

«Ոգին մարմնին է համեմատ,

Արդիւնք բնութեան է մարմին»:

Բնութեան դարձաւ ոգին հնազանդ,

Հողս միստիկի գլխին:

 

Եւ այդ օրից պատմութիւնը

Դառնում է ճիշտ գիտութիւն.

Ո՞վ է դորա հեղինակը

Բո՜քլ, անմահ անգլիացին:

 

Հանգչի՛ր, հսկայ, Դամասկոսի

Հողում, պայծառ երկնի տակ,

Անմահ շիրմիդ անապատի

Որդին կանգնած է պահնակ:

Նորա վերարկուն սպիտակ`

Գուցէ երբէք չքանայ,

Բայց հրաշալի ճակտիդ պսակ`

Միշտ վարդավառ պիտ՚ մնայ: