Քեզ բարով, զուարթուն
Առուգահասակ գարուն,
Քեզ ողջոյն բիւր՝ անբուն,
Տալիս է Հայոց տուն.
Անուշաւանի
Սօսիք տերեւով,
Ծիտերն ծառէ ծառ
Իւրեանց ճռվըղով
Կ՚օրհնեն քո գալը,
Ո՛վ երկնից դեսպան,
Դու ես մեր կեանքի
Պաշար ու պաշտպան։
Երբ հեզիկ մօտեցար
Մասիսի դաշտերին,
Բքածին ամպերը
Տարագիր գնացին.
Հին լեռը բացեց,
Իւր թաւուտ կուրծքը
Քեզ կանաչ դիպայ
Փռեց հովիտը,
Սիրահար սոխակը
Իւր վարդի հետքից
Վազեց Արարատ,
Շինեց իւր բունը։
Շատ երկար Հայաստան
Քո գալուն սպասեց,
Ծաղկեցաւ նա ալեօք,
Շատ լացեց, արտասուեց։
Տխուր ձմեռը
Մասեաց գագաթը
Թաղեց անխնայ
Մեռցնող ձնի մէջ.
Կարօտ շատ նստաւ
Դալար արօտի,
Ծով դարձաւ թափած
Արցունքըն աչքի։
Քո գալն իմացաւ
Մասիսի վուլկան,
Կրկին սկսաւ
Իւր հին գործն ու բան.
Վառեց շատ սրտում
Անշէջ կրակներ,
Դարբնեց հրացայտ
Երկաթի շանթեր.
Գընտակ ու վառօդ,
Նիզակ, հրացան,
Ահեղ թնդանօթ։
Թէ այսքան քո գալն
Բերեց ծեր Մասաց
Ցնծութիւն, խրախոյս,
Վհատ զաւակաց
Միւս անգամ գալուս
Բեր մեզ մի հսկայ,
Որ մեր ցաւերը
Տեղեակ հասկանայ,
Թնդայ, թնդացնէ
Հողագունդ ամեն.
Թող պատկառանօք
Մեզ վերայ ասեն.
Հայաստան երկրի
Արժանի որդիք,
Չեն մեռած հայեր,
Կան արդուն ոգիք.
Միւս անգամ հողմդ
Խըփէ դրօշակին
Մասեաց դաշտերում
Հայոց աշխարհին,
Էլ յետ թող չըգայ
Ձըմեռ անըզգայ,
Ջերմութիւնդ թող
Մեր մէջ միշտ մընայ։
Անբաղդ Հայկածին
Քաջերն յանձնեցին
Ասել խօսքերս
Ասկճի Գասպարին.
Հայաստան աշխարհ.
Նա անյագ սիրեց,
Գտնել մի հնար
Խիստ շատ աշխատեց,
Որ իւր աղօթքը
Լինի դիւրալուր,
Տեսնէ քո արեւ,
Շնչէ քո զեփիւռ։
Մարտի 2, 1855
Չունե՞ք հաշիւ` գրանցուէք