Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄՏԱԾՈՒԹԻՒՆ (III)

 

Պատուհանում նստած միայն զմայլում է իմ հոգին,

Հորիզոնում պայծառ լոյսը տեսանելով արեւին.

Մայր է մտնում, առանց նորա խաւար ու գէջ գիշեր է.

Ինչո՞ւ համար չեմ մտածում, որ այսօր իմ վերջըն է.

Ուստի՞ գիտեմ, որ առաւօտ ինձ համար այլ կը լինի,

Ինչո՞ւ չքնաղ արեգակին բարեաւ մնա՛ս չասացի:

Ա՛խ դու, թո՛յլ մարդ, ա՜խ, հողածին, չես կամենում մտածել,

Որ քեզ նոյնպէս, ինչպէս այլոց, կ՚ուգայ երկրից ելանել:

Ծայրակարմիր հորիզոնում այս երեկոյ խաղացին

Արեգակի ճառագայթքը, զուարճացաւ քո հոգին.

Էգուց կարող է նոյն շողը հանդիպել քո դիակին,

Երբ պատանած սուրբ կտաւօք քեզ թաղել կը պատրաստին:

Այո՛, թաղել:

Դեռ կը ծագի նա քո վերա, կը խփէ շող դամբանիդ,

Նա կը հասնի քեզ այգորել, քան մերձաւոր սիրելիդ.

Նորա լուսոյ շառաւիղքը այսօր աչքդ է ցոլացնում,

Էգուց նոյնը կը կատարուի մահարձանիդ երեսում:

Ուրեմն միայն այս աշխարհքում սա՛ է, որ ինձ չի թողնում,

Մինչեւ ի մահ եւ մահից յետ պայծառ դիմօք հանդիպում.

Ա՜խ, փարելի դու իմ ընկեր, իմ սիրական անխարդախ,

Մի՛ մոռանար իմ դամբանը, թէ ես ննջեմ քուն խաղաղ,

Երբ իմ սիրտը այսպէս քնքոյշ զգացմունքներով լցուած

Թփթփում էր` պատուհանից աչքս դէպի դուրս ձգած:

Ահա՛ պայծառ երկնից դժխոյն իւր շառաւիղքն ամփոփեց,

Չերեւեցաւ աւել աչքիս՝ յետքից կարմիր գոյն թողեց:

Ես նստած եմ դարձեալ նոյն տեղ նկատում եմ աշխարհի

Մեքենական գործողութիւն. Գիշերավարն կը փայլի,

Արծաթահերն չի երեւում, թուխպ ամպերը ծածկեցին,

Արուսեկի նուազ լոյսն էլ իմ աչքիցը խլեցին.....

Ով բնութեան դու Արարիչ, իսկոյն գոռաց իմ սիրտը,

Ի՞նչ պատկեր էր, որ ես տեսայ, ի՞նչ էր սորա իմաստը.

Արարիչը ասաց ինձի բընութեանը բերանով,

Թէ քո կեանքն էլ պիտի անցնի լուսաւորաց կանոնով: