Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀՈԳԵՒԱՐՔ
18 փետ. 1855 ամի

 

Արեւը ցած խոնարհում է կամաց-կամաց,

Կեանքս նորից հետ դառնալու յոյս չմնաց:

Ե՛կ, Ալեքսանդր, իմ անդրանիկ որդի ժառանգ,

Ասաց վերջին շնչով, սակայն հոգին հանդարտ:

 

Այն գայիսոն, գահն ու թագը, որ ստացայ

Իմ նախորդից, նոյն թողնում եմ քեզի ահա՛.

Բայց իմացի՛ր, դու անդրանիկ իմ սիրական,

Լաւ ճանաչէ թող եւ ամբողջ Ռուսաստան:

 

Ես ստացայ այս երկիրը խոպան, անշեն,

Բայց թողնում եմ քաջ մշակեալ նորան անդրէն.

Ինչ որ կարո՛ղ էի առնել, կատարեցի,

Իմ ասպարէզը այս օրուայ օրը լրացուցի:

 

Ես կերակուր կուշտ չկերայ, եթէ տեսայ,

Թէ սիրական հայրենիքիս մի վտանգ կայ.

Քունը աչքիցս փախաւ հեռի շաբաթներով,

Որ Հայրենիքը պաշտպանեմ ես ապահով:

 

Թէ իմացայ, որ մի տեղում Ռուսի Աթոռը

Ցած է դրած ուրիշներից եւ ո՛չ առաջին,

Թուրը ձեռիս, կտրիճի պէս հասայ շուտով,

Փառք ու պարծանք պարգեւեցի ես իմ ազգին:

 

Եթէ տեսայ ես Ռուսիոյ մի դաշնակից`

Նեղութեան մէջ ալեկոծեալ մի չար բաղդով,

Արծուէնշան դրօշակս ես բաց արի

Ու փորձանքից ազատեցի նորան շուտով:

 

Նիկողոսը չծերացաւ իզուր տեղը,

Նա չգտաւ երկրիս վերա իւր նմանը,

Թէ նա օգնեց ուրիշներին, ինչպէս առիւծ,

Նոքա եղան նորա հանդէպ ապերախտ ինձ [1]:

 

Գայիսոնը, գահն ու սուրը ա՛ռ դու, որդեակ,

Քո նախահարց եղիր արժան ընտիր ժառանգ

Իմ հոգին քեզ կ՚առաջնորդէ ամեն բանում.

Նիկողոսը ասէր, թ. Եւրոպ չի՛ք մէջ տեղում:

 

Բարեաւ մնա՛ք, իմ հայրենիք, իմ սիրականք,

Բարեաւ մնա՛յ, իմ Աթոռիս ընտիր ժառանգ.

Սուրբ թող լինի քեզի համար իմ այս կտակ.

Իմ արեւը մայրը մտաւ... ի յիշատակ:

 

Նիկողոսիս դուք կը կանգնէք յաւէրժ արձան,

Թէ թշնամիք տեղ չունենան ի Ռուսաստան:



[1]     Գոյական է եւ ո՛չ դերանուն: