ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲԱԲԿԷՆ ՉՈՒԳԱՍԶԵԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ

20-րդ դարի երկրորդ կէսի հայագիտութեան մէջ իր կարեւոր տեղն ունի անւանի հայագէտ-արեւելագէտ Բաբկէն Լեւոնի Չուգասզեանը։ Նրա գիտական, գրաւոր ժառանգութիւնը բաղկացած է հայ միջնադարեան եւ աւելի նոր ժամանակների գրականութեանը, արեւելագիտութեանը, մանաւանդ իրանագիտութեանը նւիրւած յօդւածներից, գրքերից, բնագրերի հրատարակութիւններից, ձեռագրերի ցուցակներից։ Բ. Չուգասզեանի ուսումնասիրութիւնները լոյս են տեսել ինչպէս առանձին գրքերով, այնպէս նաեւ հայաստանեան եւ արտասահմանեան գիտական ժողովածուներում ու պարբերականներում։ Սոյն հատորների մէջ տեղ է գտել նրա յօդւածների մեծ մասը։

Բ. Չուգասզեանը ծնւել է Թաւրիզում 1923 թ. մարտի 18-ին։ Իր տարրական կրթութիւնը ստացել է Թաւրիզի «Հայկազեան-Թամարեան» եւ «Արամեան», իսկ միջնակարգը՝ ամերիկեան «Իբն Սինա», պարսկական «Սաադի» եւ «Ֆերդովսի» դպրոցներում։

Բ. Չուգասզեանն իր աշխատանքային գործունէութիւնը սկսել է 1942 թ. եւ մինչեւ 1945-ը որպէս գրագիր-թարգմանիչ նախ աշխատել է Թաւրիզի անգլիական փոխադրական ընկերութիւնում, ապա Թեհրանում՝ Պարսից ծոցի ամերիկեան հրամանատարութեան երկաթուղային ծառայութեան մէջ։ 1943 թ. Բ. Չուգասզեանը մի խումբ ընկերներով Թաւրիզում հիմնադրել եւ հրատարակել է «Հակաֆաշիստական թերթիկ» (1944 թւականից «Արեւելք» եռօրեայ) լրագիրը, որի խմբագրի տեղակալն է եղել մինչեւ 1946-ը։ Այդ թւականին նա ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։

Նոյն տարին Բ. Չուգասզեանը ընդունւել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը, որն աւարտել է 1951 թ. ։ Համալսարանական առաջին օրվանից նա ծանօթանում եւ մտերմանում է իր ապագա կնոջ ՝ Վեներա Մանուկեանի (1928-2016թթ. ) [1] հետ, որը սովորում էր բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզւի եւ գրականութեան բաժնում։

Բ. Չուգասզեանը ուսմանը զուգահեռ 1946-47 թթ., որպէս մատենագէտ, աշխատել է հանրային գրադարանի Գրապալատում, իսկ 1950-54 թթ. ՝ համալսարանի հրատարակչութիւնում՝ որպէս սրբագրիչ եւ ապա խմբագիր։

1954-57 թթ. Բ. Չուգասզեանը եղել է Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի ասպիրանտ։ Ասպիրանտուրան աւարտելուց յետոյ նա 1958 թ. նոյն ինստիտուտում աշխատանքի է անցել՝ սկզբում որպէս գիտական քարտուղար եւ այնուհետեւ՝ գիտական գծով փոխտնօրէն։ 1962 թ. նա պաշտպանել է «Հայ-իրանական գրական առնչութիւնները 5-18-րդ դարերում» խորագիրը կրող ատենախօսութիւնը, որի համար նրան շնորհւել է բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճանը։ 1963 թ. այդ աշխատութիւնը Երեւանում լոյս է տեսել առանձին գրքով։

1965-ին Բ. Չուգասզեանը աշխատանքի է հրաւիրւել Մաշտոցի անւան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան, որտեղ մինչեւ 1994 թ. զբաղեցրել է փոխտնօրէնի պաշտօնը։ Այստեղ նա ամենայն նւիրւածութեամբ կարողացել է իր նշանակալից աւանդը մուծել Մատենադարանի՝ որպէս գիտական կենտրոնի միջազգային մեծ հեղինակութիւնը ստեղծելու գործում։ Կազմակերպչական պատասխանատու, վարչական աշխատանքներին զուգահեռ նա առաջ է տարել նաեւ իր գիտա-հետազոտական գործունէութիւնը։ 1994թ. յետոյ նոյն հիմնարկում նա մինչեւ կեանքի վերջը շարունակել է աշխատել որպէս աւագ գիտաշխատող։ Իր աշխատանքային բեղմնաւոր գործունէութեան համար նրան շնորհւել է Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակաւոր գործչի կոչումը (1984թ. Բ. Չուգասզեանը մահացել է 1997 թ. նոյեմբերի 5-ին, Երեւանում։

Տարբեր ժամանակներում Բ. Չուգասզեանը եղել է Հայաստանի մի շարք հաստատութիւնների (Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Գրականութեան, Արեւելագիտութեան ինստիտուտների, Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի, Եղ. Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի, Պատմութեան թանգարանների, Հայաստանի ազգային գրադարանի) գիտական խորհուրդների անդամ։

Ստալինեան բռնաճնշումների տարիներին եւ նաեւ դրանից յետոյ նրա առաջխաղացումը զգալի չափով խոչընդոտւել է հայրենադարձների նկատմամբ խորհրդային իշխանութիւնների ստեղծւած սահմանափակումներով, ուստի Բ. Չուգասզեանի կեանքը չի ուղեկցւել սրընթաց վերելքով։ Բարեբախտաբար նա կարողացել է խուսափել սիբիրեան աքսորներից, որոնց ենթարկւեցին բազմաթիւ հայրենադարձներ, բայց ճաշակել է հեռաւոր աքսորավայրերում յայտնւած ընկերներին ու հարեւաններին կորցնելու դառնութիւնը։ Ճակատագիրը, այդուհանդերձ, բարեգութ է գտնւել նրա նկատմամբ, որովհետեւ իր կեանքի ճանապարհին նա հանդիպել է նաեւ մարդկանց, որոնք գնահատել են նրա ունակութիւնները եւ ձեռք մեկնել։ Այդ անձանց շարքում հատկապէս հարկ է յիշատակել ականաւոր հայագէտ, լեզւաբան Հ. Աճառեանին։

Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւնում աշխատելու բերումով, եւ այնտեղ Հ.   Աճառեանի «Քննութիւն Վանի բարբառի» գրքի սրբագրութեան առիթով, 1952 թւականի գարնանը Բ. Չուգասզեանը ծանօթանում է Հ. Աճառեանի հետ, եւ այդ ծանօթութիւնը բախտորոշ է դառնում նրա համար, քանի որ ինքը՝ մեծ գիտնականը, տեսնելով երիտասարդի՝ զանազան լեզուների իմացութիւնը, լեզւաբանական իրողութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնն ու ուշադրութիւնը, նաեւ ջանասիրութիւնը, նրան առաջարկում է, գալ իր տուն եւ առանց վարձատրութեան աշակերտել իրեն։ Այդպիսով, ապագա ակադեմիկոս Էդ.   Աղայանից եւ Հ. Աճառեանի ոչ պաշտօնական ասպիրանտ, ապագայում անվանի լեզւաբան դարձած Գ. Գարեգինեանից յետոյ, Չուգասզեանը դառնում է մեծ գիտնականի տան ուսանողը, նրա երկրորդ, ոչ պաշտօնական ասպիրանտը եւ նրան իր աշխատութիւնների պատրաստման գործում օգնող, երրորդ լեզւաբան աշակերտը։ Նա սրբագրում է Հ. Աճառեանի «Քննութիւն Վանի բարբառի» երկի մամուլները, նաեւ գրի առնում նրա թելադրած՝ կեանքի յուշերի մի հատուածը, որը վերաբերում էր Պոլսի Կեդրոնական վարժարանի շրջանին։ Շուրջ մէկ տարի, մինչեւ մեծ գիտնականի մահը` 1953 թւականի ապրիլի 16-ը, տեւում է ուսուցչի եւ աշակերտի համագործակցութիւնը։

Հ. Աճառեանի վախճանից յետոյ, քաղաքական «ձնհալի» շրջանում, Էդ. Աղայեանի առաջարկով Բ. Չուգասզեանին յանձնարարւում է վերանայել ու հրատարակութեան պատրաստել՝ մեծ գիտնականի աւելի վաղ գրաքննութեան կողմից տպագրութեան չթոյլատրուած «Լիակատար քերականութեան» ընդարձակ «Ներածութիւնը»։ Չուգասզեանը աշխատութեան մեքենագիր օրինակը համեմատում է Աճառեանի ձեռագիր բնագրի հետ եւ վերականգնում «տարիներ առաջ որոշ գաղտնի գրախօսների եւ հրատարակչական վայ խմբագիրների կատարած կրճատումներն ու աւելորդ միջամտութիւնները»։ Այդ հատորը լոյս է տեսնում 1955 թւականին ։

Հ. Աճառեանի նկատմամբ ողջ կեանքում պահած երախտագիտութեան դրսեւորումն են նրա մասին իր սանի գրած յուշերը, որոնք ընդգրկւած են այս ժողովածուի մէջ։ Բ. Չուգասզեանը ուսուցչից ժառանգում է ոչ միայն նրա լեզւաբանական գիտելիքներն ու կողմնորոշումները, այլեւ առհասարակ պատմա-բանասիրական հետաքրքրութիւնները, ինչպէս նաեւ առաջին գիտական քայլերն անող խօստումնալից երիտասարդներին օգնելու եւ կողմնորոշելու մշտական պատրաստակամութիւնը, որոնք ուղենիշներ են դառնում նրա ողջ գիտական գործունեութեան ընթացքում։

Բ. Չուգասզեանի ողջ գրական ժառանգութեանը ընդհանուր ակնարկ նետելիս հարկ է անդրադառնալ նրա մի քանի առաւել աչքի ընկնող գիտական աշխատութիւններին, որոնք բացառիկ նշանակութիւն ունեն ոչ միայն հայագիտութեան, այլև առհասարակ միջնադարագիտութեան համար։

Չուգասզեանը իր առաջին յօդւածներից մէկում քննութեան առարկա դարձրեց 11-րդ դարի առաջին կէսին ապրած հայ ականավոր քաղաքական գործիչ եւ նշանաւոր մտաւորական Գրիգոր Մագիստրոսի «Թղթերում» պահպանւած՝ իրանական վիպական զրոյցների արձագանքները, որոնք չէին նկատւել հայագէտների կողմից։ Ֆերդովսիի «Շահնամէի» բնագրի ամբողջացման առումով այդ հրապարակումը բացառիկ երեույթ հանդիսացաւ եւ լուրջ գնահատանքի արժանացաւ արեւելագիտական միջազգային շրջանակներում։ Յիշեալ հայերէն յօդւածը, թարգմանւեց ու հրատարակւեց թէ՛ ռուսերէն, եւ թէ՛ ֆրանսերէն լեզուներով։ [2]

Բ. Չուգասզեանը կարողացաւ նկատել, որ, իբրեւ իր ժամանակի բազմակողմանի զարգացած անձնաւորութիւն, Գրիգոր Մագիստրոսը տեղեակ է եղել այնպիսի մանրամասնութիւնների, որոնք չեն հանդիպում «Շահնամէում» եւ յայտնի իրանական այլ էպիկական պոէմներում։

Այս յօդւածում Բ. Չուգասզեանի ուսումնասիրութեան առարկան դարձաւ Ֆերդովսու «Շահնամէի» «Ռոստամի եօթ արկածները» բաժնի «Երրորդ արկածը», ուր պատմւում է Ռոստամի եւ վիշապի մենամարտի մասին։ Մագիստրոսը իր պատմածում անդրադառնում է այդ դրւագին, նշելով, որ տւեալ իրադարձութիւնը տեղի է ունեցել Դաբաւանդ (Դամաւանդ) լեռան մօտ, ինչը չի յիշատակւած Ֆերդովսու երկում։ Բացի այդ, հայ հեղինակի պատմածից պարզւում է, որ վիշապը ինքը Դիւզեղն է, այսինքն՝ Դժոխքը։ Այսպիսով, Մագիստրոսի շնորհիւ լրացւում է «Շահնամէի» յիշյալ հատւածը։

Ըստ Չուգասզեանի, խնդրո առարկա առասպելը չկա Խորենացու երկում, եւ հայ գրականութեան մէջ պահպանել է միայն Գրիգոր Մագիստրոսը։ Վերջինս, գիտնականի կարծիքով, այն քաղել է իր ձեռքի տակ եղած աղբիւրներից կամ լսել ու գրի առել ժողովրդից, դրա հետ մէկտեղ ծանօթ լինելով Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ պահպանւած իրանական առասպելներին։

Մագիստրոսն յիշատակում է նաեւ Ռոստամի եւ վիշապի մենամարտի առասպելին յաջորդող միւս հատւածը, ուր պատմւում է Ռոստամի եւ Սպանդիարի (Ասֆանդիարի) պայքարի պահերից մեկը։ Հայ հեղինակն այդտեղ արտայայտում է իր համակրանքը Ռոստամի նկատմամբ, համեմատելով նրան Հոմերոսի Կռոնոսի հետ, որի գլխի մազերի շարժումից անգամ ցնցւում էր Օլիմպոսը։ Ըստ Չուգասզեանի, հերոս Ասֆանդիարի յիշատակութիւնը Մագիստրոսից եւ Ֆերդովսուց շատ առաջ հանդիպում է նաեւ 6-7-րդ դարերի հայ նշանաւոր պատմիչ Սեբեոսի պատմութեան մէջ։

Մագիստրոսի ԼԶ. թղթում գիտնականը նկատում է Բիւրասպի Աժդահակի, Սպանդիարի եւ Հայոց արքա Արտաւազդի՝ լեռների վիհերում շղթայւած լինելու մասին գրառումը։ Այդտեղ հայ հեղինակը, վերցնելով Խորենացու՝ պարսկական առասպելներին վերաբերող հատւածից Աժդահակի անւան համար գործածւած Կենտավրոս Պիւռիդա (որոշ ձեռագրերում Պռիւդեայ, Պռիդա) անունը (այս փաստը չի յիշւած ոչ մի այլ աղբիւրում եւ նաեւ «Շահնամէում»), հայտնում է, որ Աժդահակը Դաբաւանդ լեռան մէջ էր, Սպանդիարը՝ Սաբալան, իսկ Արտաւազդը՝ Մասիսում։ Չուգասզեանը գտնում է, որ Սպանդիարի (Ասֆանդիարի) Սաբալան լեռան մէջ փակւած լինելու մասին փաստը նոյնպէս չի յիշւած ոչ մի այլ աղբիւրում։ Այս կապակցութեամբ գիտնականը մէջբերում է Սաւալան (Սաբալան մարգարէի հետ առնչւող) նոյնանուն լեռան մասին իրանական զրոյցը եւ նշում, որ Սաբալան լեռը գտնւում է Հայաստանի սահմանների մօտ՝ իրանական Ադրբեջանի արեւելեան մասում։

Չուգասզեանի կարծիքով, մարգարէին վերաբերող զրոյցը միաձուլւել է իրանական էպոսի առանձին մի փաստի հետ եւ Մագիստրոսն օգտւել է դրանից։Հայաստանի մերձակա երկրներում տարածւած են եղել իրանական էպոսի առանձին զրոյցների տարբեր պատումները, եւ եղել է Սպանդիարի պաշտամունքը, որի մասին է վկայում Մագիստրոսի մօտ գիտնականի յայտնաբերած փաստը՝ այն է, որ պարթեւները Սաբալանի մայրի փայտից պատրաստում էին Սպանդիարի արձանը։ Խնդրո առարկայ յօդւածը խիստ շահեկան է «Շահնամեի» իրանական բնագրի ամբողջացման առումով եւ հետեւաբար բացառիկ կարեւորութիւն ունի այն ուսումնասիրող զանազան ազգերի գիտնականների համար։

Չուգասզեանի տեսադաշտում յայտնւած՝ հայ գրականութեան կարեւոր դէմքերից է եղել նաեւ Սայեաթ-Նովան։ Չուգասզեանի համար ասես ի վերուստ կանխորոշւած էր Սայեաթ-Նովայի գեղարւեստական ժառանգութեան եւ կենսագրութեան անյայտ դրւագների յայտնաբերումը, քանի որ 1963 թւականին նրա եւ հայագէտ Պ. Մ. Մուրադեանի համատեղ ջանքերով լոյս էր տեսել մեծ բանաստեղծի եւ երգահանի «Խաղերի» (յայտնի «Դաւթարի») նմանահանութեան (ֆաքսիմիլիէ) եղանակով պատրաստւած հրատարակութիւնը։

Ճակատագրի բերումով Չուգասզեանին էր վիճակւած Սայեաթ-Նովայի ձեռքով 1761թ. Պարսկաստանի Գիլանի նահանգի Էնզէլի (Անզալի) նաւահանգստում ընդօրինակած մատեանի յայտնաբերումը եւ ուսումնասիրութիւնը։ Այդ մասին նրա յօդուածը, որն ընդգրկւած է սոյն ժողովածուի մէջ, լոյս տեսաւ 1981թւականին։ Մինչ այդ եւ 19-րդ դարից սկսած՝ հայագիտութեան մէջ Սայեաթ-Նովայի գրչին պատկանող միայն երկու մատեան էր յայտնի։ Չուգասզեանն իր այս յօդուածի մէջ, ըստ ամենայնի քննութեան առնելով Էնզէլիի ձեռագիրը, կարողանում է երեւան հանել մեծ բանաստեղծի եւ երգահանի կեանքի մինչ այդ անծանօթ փաստերը։

Միջանկեալ հարկ է նշել, որ տարիներ անց, Չուգասզեանը նմանահանութեան եղանակով իրականացրեց նաեւ այլ հատորների հրատարակութիւնը։ Խօսքը հայերէն առաջին տպագիր գրքերից «Ուրբաթագրքի», «Տաղարանի» (հրատ. 1975) եւ «Պարզատումարի» (հրատ. 1996), ինչպես նաեւ Դաւիթ Անյաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկի 13-րդ դարի ձեռագրի (հրատ. 1980) մասին է։

Արեւելագիտական եւ հայագիտական միջազգային շրջանակների համար իսկական յայտնութիւն եղաւ Չուգասզեանի «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» գիրքը։ Այդ հատորով Չուգասզեանին բախտ վիճակւեց փայլուն կերպով իրականացնելու իր ուսուցչի՝ Հ. Աճառեանի դեռեւս Թաւրիզում աշխատած ժամանակ սկսած կարեւորագոյն ձեռագրերից մէկի ուսումնասիրութիւնը։ Այս երկին նւիուած՝ Բ. Չուգասզեանի գիրքը նրա գիտական ժառանգութեան մէջ բացառիկ տեղ է գրաւում։ Այն նւիրւած է միջին հայերէնի եզակի յուշարձաններից մէկին։ Անասնաբուժական այդ մատեանը մշակութային կարեւոր երեւոյթ է, քանի որ, ի տարբերութիւն մեզ հասած հազարաւոր ձեռագրերի, այն գրւած է ոչ թէ գրաբարով, այլ ժամանակի խօսակցական լեզւով։ Իր բժշկարանային բովանդակութեամբ, մանաւանդ բառագանձով՝ հայերէն անծանօթ նոր բարդութիւններով, օտար, հիմնականում արաբերէն ու պարսկերէն, բառերի ու եզրերի փոխառութիւններով այս երկը իւրայատուկ գիւտ է գիտնականների համար։ 1296-98թթ. Կիլիկիայի Սմբատ թագաւորի հրամանով հայազգի Թորոս քահանայի օժանդակութեամբ ասորի բժիշկ Ֆարաջի կազմած «Բժշկարանի» բնագիրը Չուգասզեանի կողմից պատրաստւել է ամենայն խնամքով։ Այն օժտւած է հին Հայաստանում, անտիկ աշխարհում, միջնադարում ձիագիտութեանը վերաբերող համապատասխան տեղեկութիւններ պարունակող առաջաբանով, որտեղ համեմատութիւններ են կատարւած արաբերէն եւ պարսկերէն նմանօրինակ երկերի հետ, ու քննւած է խնդրո առարկայ երկի լեզուն։

Բ. Չուգասզեանի գրքի հրատարակումից յետոյ «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» երկը թարգմանւեց գերմաներէն եւ հրատարակւեց առանձին գրքով։ [3] Այն իրականացրած ավստրիացի Ժ. Դում-Թրագութը, դժբախտաբար, իր հրատարակութեան եւ զեկուցումների մէջ անարդարացիօրէն միշտ խուսափել է նշել եւ կարեւորել Չուգասզեանի ուսումնասիրութիւնը, անտեսելով այն փաստը, որ առանց հայ գիտնականի աշխատութեան, մանաւանդ ձեռագրի տեքստն ուղեկցող օտար բառերի ստուգաբանութիւնների, իրէն հազիւ թէ յաջողւեր հասկանալ «Բժշկարանի» բնագիրը, առաւել եւս՝ թարգմանել այն։ Ժ. Դում-Թրագութը փորձում է նսեմացնել Չուգասզեանի աշխատութիւնը, ծիծաղելի միտք յայտնելով, որ վերջինս բնօրինակը չի տեսել, այլ օգտագործել է դրա միկրոժապավենը, որի պատճառով տառասխալներ եւ բացթողումներ կան գրքում (որոնք նա, ի դէպ, չի նշում)։ Ձեռագրագիտութիւնից հեռու մեկը լինելով, Ժ. Դում-Թրագութը չգիտի, որ ձեռագրից նկարւած միկրոժապավենը բոլոր դէպքերում համարժէք է բնագրին։ Նա չափից աւելի վստահ լինելով իր անսխալ լինելու վրա, անգամ չի նկատում, որ ինքն է սխալներ թոյլ տալիս «Բժշկարանի» յիշատակարանները կարդալիս, որոնք շատ ճշգրիտ են բերւած Չուգասզեանի աշխատութեան մէջ։ [4] Անտեղեակ ընթերցողին կարող է թւալ, որ Ժ. Դում-Թրագութը օգտւել է բուն ձեռագրից, բայց, ինչպէս պարզվում է, իրականում ինքն էլ բնօրինակը չի տեսել, այլ օգտագործել է դրա թւանշանային պատճէնը։ Աւելորդ է ասել, որ ձեռագրից նկարւած միկրոժապավենը եւ թւանշանային պատճէնը երկուսն էլ համարժէք են բնագրին։

Ավստրիացի «գիտնականը» նշում է, որ Չուգասզեանի գիրքը ընդամենը օժանդակ միջոց (Hilfsmittel) է եղել իր համար (տես էջ 20)։ Ժ. Դում-Թրագութը օգտագործում է Չուգասզեանի բերած փաստերը, օգտագործած հունական, արաբական, պարսկական աղբիւրները եւ գրականութեան ցանկը ու չի նշում հայ գիտնականի անունը։ Նա թարգմանել է տեքստի գլուխների անւանումները, ձեռագրի բովանդակութիւնը, անտեսելով, որ դա Չուգասզեանն է արել։ Չուգասզեանի եւ Ժ. Դում-Թրագութի գրքերի համեմատութիւնից յայտնի են դառնում, ավստրիացի հեղինակի կողմից արւած գրագողութեան բազմաթիւ փաստեր։ [5] «Բժշկարանի» օտար լեզուներից փոխառւած բառերի ստուգաբանութիւնները, որոնք կատարել է Չուգասզեանը եւ կազմել գրքի վերջում կցւած բառարանը ասես գոյութիւն չունեն նորաթուխ «հայագէտի-լեզւաբանի» համար։ Այդ բառարանը իւրացնելով, ավստրիացի «գիտնականը» ճոխացրել է այն հայագէտներին ծանօթ բառերով ու հորինել նոր բառարան իր հատորի համար (տես 215-282 էջերը), անշուշտ հարկ չհամարելով նշել, որ հիմնական դժւար աշխատանքը արդեն արւել է։ Բերւած փաստերը վկայում եմ, որ այստեղ գործ ունենք արեւմտեան գիտնականների մի մասի մօտ արմատացած տիպիկ գաղութատիրական վերաբերմունքի հետ, երբ անբարեխիղճ ձեւով, անամօթաբար իւրացւում են ոչ եւրոպական լեզուներով հրատարակւած գիտական աշխատութիւնների արդիւնքները։

Բ. Չուգասզեանի իւրայատուկ նշանակութիւն ունեցող երկերից է «Գէորգ Դպիր Պալատեցու կեանքի եւ գործունէութեան տարեգրութիւն, 1737-1811» գիրքը։ Իր բնոյթով այն յիշեցնում է Ա. Ինճիկեանի «Միքայէլ Նալբանդեանի կեանքի ու գրական գործունէութեան տարեգրութիւնը» (Երեւան, 1954), Խ. Սամւէլեանի «Կոմիտասի կեանքի եւ գործունէութեան տարեգրութիւն» («Սովետական արւեստ», 1969, թ. 10-ից մինչեւ 1975, թ. 9), Ա. Մ. Շարուրեանի «Դանիէլ Վարուժանի կեանքի եւ ստեղծագործութեան տարեգրութիւն» (Երեւան, 1984), Սուրէն Շ. Վանեցու «Վազգէն առաջին կաթողիկոս ամենայն հայոց։ Համառօտ տարեգրութիւն» (1908-1955) (Էջմիածին, 1986) աշխատութիւնները եւ գալիս լրացնելու վերջիններիս շարքը։

Գէորգ Դպիր Պալատեցուն նւիրւած գիրքը լուսաբանում է մեծանուն գիտնականի՝ բանասէրի, հայ արեւելագիտութեան հիմնադրի կեանքի անծանօթ էջերը, որն իր անխոնջ գործունէութեամբ նպաստել է Մխիթարեան միաբանութեան անդամների ուսումնասիրութիւններին, մանաւանդ բազմաթիւ ձեռագրեր ուղարկել ու առաջ տարել իր աշխատանքները՝ վայելելով նրանց նիւթական օժանդակութիւնը։ Վերջիններիս հետ Դպիրը երեսուն տարի սերտ յարաբերութիւններ է ունեցել, իրէն չվտանգելու համար ամենայն միջոց ձէռք առնելով, քանի որ 18-րդ դարի երկրորդ կէսին Պոլսում կաթոլիկների նկատմամբ գոյութիւն ունէր խիստ անհանդուրժողական, անգամ թշնամական վերաբերմունք։ Փաստօրէն Դպիրը հայ լուսաւորչականների եւ Մխիթարեանների միջեւ այդ անջրպետի վերացնողն է, նպաստելով ժամանակի հայ հասարակութեան միաւորմանը։

Այս գրքի աւարտը եւ հրատարակութիւնը Բ. Չուգասզեանը իրականացրեց, երբ ծանր վիրահատութեան պատճառով նրա հասարակական ակտիւութիւնը զգալիօրէն կրճատւեց եւ ստիպւած եղաւ աւելի շատ աշխատել տանը։«Հայրենադարձ իրանահայ դէմքեր» գիրքը ծնւեց այդ պայմաններում։ Բ. Չուգասզեանն այն իրականացրեց հանդիպումներ ունենալով եւ հարցախոյզ իրականացնելով բազմաթիւ իրանահայերի եւ նրանց հարազատների հետ, ովքեր այցելում էին նրան տանը։ Առողջական բարդ պայմաններում նրան ամեն կերպ սատարում էր կինը, դիմանալով նոր ստեղծւած ֆիզիկական եւ հոգեբանական փորձութիւններին ու դժւարութիւններին։

Ինչպէս Բ. Չուգասզեանի նախորդ հրատարակութիւնները «Հայրենադարձ իրանահայ դէմքեր» գիրքը նոյնպէս իւրայատուկ երեւոյթ է։ Այն նւիրւած է մեծ հայրենադարձութեան յիսնամեակին եւ իր բնոյթով եզակի աշխատութիւն է, քանի որ ապացուցում է այդ իրադարձութեան պատմական կարեւորութինը եւ արտացոլում նրա հակասական կողմերը։ Այդպիսով, «Հայրենադարձ իրանահայ դէմքեր»ը միակ հրատարակութիւնն է, որն անդրադառնում է մեծ հայրենադարձութեան յիսնամեակին՝ կենտրոնանալով միայն մի երկրից եկած հայրենադարձների կեանքի եւ գործունէութեան վրա։ Կենսագրական բառարանի բնոյթ ունեցող գիրքը գաղափար է տալիս այն մարդկանց մասին, ովքեր, ծնւած լինելով Իրանում, եկան Խորհրդային Հայաստան եւ իրէնց արժէքաւոր ներդրումն ունեցան հայրենիքի շենացման գործում, կրթական, մշակութային իրականութեան մէջ, յաղթահարելով յետպատերազմեան երկրի դժւարութիւնները, ոմանք անգամ յանիրաւի աքսորւելով Սիբիր կամ գնդակահարւելով ստալինեան զնդաններում։«Հայրենադարձ իրանահայ դէմքերը» փաստօրէն իւրահատուկ յուշարձան է, որը յաւէրժակոչում է այդ մարդկանց յիշատակը։

Բ. Չուգասզեանի հրատարակել է ներքոյիշեալ գրքերը.

1.     «Հայ-իրանական գրական առնչութիւններ (V-XVIIIդդ. , Երեւան, 1963

2.     «Սայեաթ- Նովա, Խաղեր» (Նմանահանութիւն),

3.       Պ. Մ. Մուրադեանի հետ համատեղ, Երեւան, 1963

4.     «Խրատք Նուշիրւանի», Երեւան, 1966

5.     «Յովաննես Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ», Երեւան, 1974

6.     «Ուրբաթագիրք եւ Տաղարան», Վենետիկ, 1975

7.     «Դաւիթ Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան (Նմանահանութիւն Մատենադարանի թիւ 1746 ձեռագրից)», Երեւան, 1980

8.     «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» (ԺԳ դար) Երեւան, 1980

9.     «Ձեռագրերի հետքերով» (Ակնարկներ), Երեւան, 1982

10.   «Մատենադարան» (Ուղեցոյց գրքոյկ), Երեւան, 1983

11.   «Ձեռագրերի աշխարհում» (Ակնարկներ), Երեւան, 1985

12.   «Եղիա Մուշեղեան Կարնեցի, Թուրքերէն-հայերէն բառարան», Երեւան, 1985

13.   «Գէորգ Դպիր Պալատեցու կեանքի եւ գործունէութեան տարեգրութիւն, 1737-1811», Երեւան, 1994

14.   «ՊԱՐԶԱՅՏՈՒՄԱՐ» (1513), Նմանահանութիւն, Երեւան, 1996

15.   «ՀԱՅՐԵՆԱԴԱՐ Ձ ԻՐԱՆԱՀԱՅ ԴԷՄՔԵՐ», Երեւան, 1997

 

 


 



[1]     Վեներա Մանուկեանը յուսալի հենարան է դառնում իր գիտնական ամուսնուն, ամենայն նւիրվածութեամբ սատարելով նրան։Համալսարանն աւարտելուց յետոյ, Վ. Մանուկեանը ռուսաց լեզու է դասաւանդել Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում եւ շուրջ երեք տասնամեակ՝ Խ. Աբովեանի անւան Հայկական Մանկավարժական ինստիտուտում (ներկայումս՝ Մանկավարժական համալսարան), այդ ծանրաբեռնւածութեանը զուգահեռ, լինելով հոգատար կին իր ամուսնու եւ հոգատար մայր զաւակների՝ Լեւոնի ու Գարեգինի համար։

[2]     Տես Բ. Չուգասզյան, Իրանական վիպական զրույցների արձագանգները Գրիգոր Մագիստրոսի «Թղթերում»։ Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի «Տեղեկագիր» (հասարակական գիտութ. ), 1958, թիվ 12, էջ 63-75։ Այս յօդւածը լոյս է տեսել նաեւ ռուսերէն եւ ֆրանսերէն. տե՛ս Отзвуки иранских эпических сказаний в “Письмах“ Григора Магистроса. “Проблемы востоковедения“ (Москва), 1960, Но. 3, с. 150 155; Echos des legendes epiques iraniennes dans les “Lettres“ de Grigor Magistros. Revue des Etudes Armeniennes “( Paris ), N. S., Tome 1, 1964, p . 321 - 329.

[3]     Տես J. Dum-Tragut, Kilikische Heilkunst für Pferde, Das Vermächtnis der Armenier, Kommentar. Űberzetzung-Glossar, Georg Olms Verlag, Hildesheim-Zürich, New York, 2005

[4]     Օրինակ «Բժշկարանի» նախկին սեփականատիրօջ՝ Խաչիկ Աղա Սարաջեանի անունը բոլորովին չնշելով, նա «Խաչիկ աղա» յիշատակագրութիւնը ձեւափոխում է «Խաչիկ տղա» եւ այլն։ Տես J. Dum-Tragut, Kilikische Heilkunst für Pferde, S. 18.

[5]     Տես Բ. Չուգասզեան, Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ (ԺԳ դար), Երեւան, 1980, էջ 6, 19, 7, 8, 9, 10, 11, 12, 15, 16, 20, 21-22, 23, 26, 77 եւ համեմատիր J. Dum-Tragut, Kilikische Heilkunst für Pferde, S. 31, 22, 43, 21, 44, 22, 23, 25, 26, 19-20, 26, 77-81.