ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՈՐՈՒՅԹՆԵՐ ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ «ԹՂԹԵՐՈՒՄ» !

1. Գրիգոր Մագիստրոսի քերթության նորահայտ բեկորներ: 1046 թ. Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի դեմ մղած մարտերում հերոսական մահով, իր որդու հետ մեկտեղ, զոհվում է Բագրատունյաց  թագավորության հռչակված սպարապետ Վահրամ Պահլավունին:

Ավելի քան մի հիսնամյակ հարավից ու արևմուտքից Հայաստանի վրա արշավող թշնամիների դեմ անձնազոհաբար մարտնչող, երկրի միասնության ու բարգավաճման նախանձախնդիր սպարապետի մահը մեծ աղետ էր միայն վերջերս պետականությունը կորցրած ժողովրդի համար:

Հայ պատմիչները Պահլավունի տոհմի այս կարկառուն ներկայացուցչին հիացական խոսքերով և բարձր տիտղոսներով են հիշատակում. «Այր հզօր և անուանի և բարեպաշտութեամբ յոյժ վեհ, որպէս թե ոչ ոք հաւասար նմա Պահլաւ»,   գրում է ժամանակակից պատմիչ Արիստակես Լաստիվերտցին [1], «իշխանաց իշխան», ավելացնում է Ստեփանոս Ասողիկը [2], իսկ Մատթեոս Ուռհայեցին նրան «մեծ սպարապետ» [3] է անվանում:

Պահլավունի իշխանական գերդաստանը Բագրատունյաց թագավորության օրոք ոչ միայն աչքի է ընկնում ռազմական գործերով, անձնազոհաբար մարտնչելով հայրենիքի թշնամիների դեմ, այլև մեծ աշխատանքներ է ծավալում երկրում շինարարության ու ժողովրդի լուսավորության բնագավառներում: Պահլավունիները շատ լավ են գիտակցել իրենց ավանդը երկրի պաշտպանության ու նրա խաղաղության ապահովման գործում և ամենայն հպարտությամբ ու իրավունքով Վահրամ Պահլավունու կառուցած լավագույն վանական համալիրներից մեկի՝ Մարմաշենի վանքի վրա արձանագրել են. «Էաք ամենայն տամբ ու տոհմիւք հաւատարիմք տէրանց մերոց եւ նահատակեալ ի վերայ տանս Հայոց աշխատութեամբ եւ արեամբ մերով եւ որդոց մերոց, եւ գանձուց առատութեամբ եւ ամենայն հնարիւք խնդրէցաք զխաղաղութիւն աշխարհիս» [4]:

Վահրամ սպարապետի մահվան լուրը շատ ծանր ու խորն է ընկալում նրա եղբորորդին, անվանի պետական ու զինվորական գործիչ, գիտնական, փիլիսոփա ու բանաստեղծ Գրիգոր Մագիստրոսը (990–1058), որը դեռևս մանկության տարիներից սերտ կապված է եղել նրա հետ և նրա հովանավորությամբ էր կրթվել ու դաստիարակվել:

Գրիգոր Մագիստրոսի ստեղծագործությունները միջին դարերում հաճախ են ընդօրինակվել և մեզ են հասել գրչագիր մատյաններում: Նրա բանաստեղծություններն առաջին անգամ «Տաղասութիւնք» խորագրով 1868 թ. հրատարակել են Վենետիկի Մխիթարյանները, նամականին՝ «Թղթերը», 1910 թ. Ալեքսանդրապոլում լույս է ընծայել Կարապետ Կոստանյանցը, իսկ «Մեկնութիւն քերականին» երկը 1915 թ. հրապարակել է Նիկողայոս Ադոնցը իր «Դիոնիսիոս Թրակացին և նրա հայ մեկնիչները» հայտնի ուսումնասիրության մեջ:

Մագիստրոսի «Թղթերի» վերընթերցման ժամանակ մեր ուշադրությունը գրավեցին նրա՝ ԺԱ թղթին [5] ընդելուզված մի քանի չափածո հատվածներ, որոնք հայ միջնադարյան աշխարհիկ բանաստեղծության թանկագին մասունքներից են: Այս թուղթը, որ Վահրամ Պահլավունու մահվան առթիվ   Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննեսի ցավակցականի պատասխանն է, իրականում մեծ սպարապետի հիշատակին նվիրված բանաստեղծական մի չքնաղ խոսք՝ գրված հարազատի և հայրենյաց զավակի կորստի մեծ ցավով, նրա արժանիքների ամենայն գիտակցությամբ: Ճիշտ է, Մագիստրոսը համեստորեն ասում է, որ Վահրամ Պահլավունու երախտիքը, նրա բարի արարքները պատմելու համար «կապեալ լեզու ի բան, եւ մանրեալ ձեռաց եւ խափանեալ մտաց», որ և ընդհանրապես ո՛վ ցանկանա «պուետիկոսների» նման նրան ներբողել, նա կպարտվի, բայց երբ ինքը գրիչ է վերցնում նրա մասին գրելու, խոսքը դառնում է հոգուց բխած մի գեղեցիկ ներբող, մի գողտրիկ դյուցազներգություն, որտեղ սպարապետի կերպարը վեր է հառնում որպես արտաքին ու ներքին բազում բարեմասնություններով օժտված մի անզուգական հերոսի: Մագիստրոսը համոզված է, որ եթե Պահլավունի իշխանը ավելի վաղ ժամանակներում ապրած լիներ, նրա սխրանքները առասպել կհամարվեին, ինչպիսիք են հելլեն դյուցազուններին նվիրված երգերը [6]:

Հայտնի է, որ Գրիգոր Մագիստրոսը ժամանակի արտակարգ կրթված ու զարգացած աշխարհիկ գործիչներից է եղել: Նա տիրապետել է հունարենին, ասորերենին, պարսկերենին ու արաբերենին, քաջահմուտ է եղել անտիկ փիլիսոփայությանը, քերականությանը, առասպելաբանությանը, բանաստեղծության տեսության խնդիրներին, հաղորդակից է եղել հարևան ժողովուրդների վիպական ստեղծագործություններին և, իհարկե, առաջին հերթին իր հայրենի մատենագրությանն ու ժողովրդական բանահյուսությանը: Այս լայն իմացության հենքի վրա, անկասկած, շատ հեղինակավոր ու վստահելի է դառնում հայ գուսանական արվեստին տված նրա գնահատականը. «ամենայն մրմունջք և երգք գուսանութեան ի հայումս առաւել քան ի յունականին գտանեմք: Քանզի չափ եւ կշիռ բանի արուեստաւորեալ ներգործեն զայսոսիկ չքնաղ եւ դժուարագիւտ եւ հրաշալի առասութիւնս» [7]: Սրանով իսկ պիտի բացատրել այն հանգամանքը, որ Մագիստրոսը իր նամակներում անկաշկանդ դիմում է ժողովրդական բանահյուսության ակունքներին և իր խոսքը համեմում է գողտրիկ առակներով, ասացվածքներով, հունական ու իրանական վիպական զրույցներից քաղված մեջբերումներով, հայոց հեթանոսական ժամանակների երգերի պատառիկներով, որոնց ժողովրդական ծագումը նա չի մոռանում ընդգծել՝ «ի գռեհիկս աւանդեալ» [8] վերապահությամբ:

Մագիստրոսի այս նամակը ոչ միայն մի ձոն է Վահրամ Պահլավունի իշխանի հիշատակին, այլև թանկարժեք մի աղբյուր՝ մինչ XI դարը գոյություն ունեցող հայկական ժողովրդական ծեսերի ու սովորությունների: Ըստ Գրիգոր Մագիստրոսի այս նամակի, հայոց թաղման ծիսակատարությունների ժամանակ մի քանի տեսակ երգեր են կատարվել՝ դամբանական, ողբերգական, ներբողական, և անգամ բանաստեղծություններ են արտասանվել, որ կոչվել են գերեզմանական: Վերջիններս, իհարկե, հայտնի լալյաց երգերը չեն, որը Մագիստրոսը «հիքից (այսինքն՝ թշվառների Բ. Չ) և կանանց ողբերգականս» է անվանում. ողբերգականը «իմաստասիրական երգ» է, գերեզմանական ողբի մի տեսակ, որի ժամանակ տղամարդիկ ցնցոտիներ են հագնում, պարում են և հող լցնում գլխներին՝ իրենց որբությունը և թշվառ վիճակը ցուցադրելու, իրենց հարազատին դեպի «երանաւետ ուղեւորութիւն»՝ [9] հանդերձյալ կյանք ճանապարհելու համար:

Եվ ահա, երբ Գրիգոր Մագիստրոսը գրիչ է վերցնում Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննեսին շնորհակալություն հայտնելու հորեղբոր մահվան առթիվ նրա գրած մխիթարականի համար, ակամայից սկսում է ողբալ սգավորի իր վիճակը, որ փոքր-ինչ հետո իրականում դառնում է մի ներբող՝ ձոնված նահատակ հորեղբոր հիշատակին, սակայն Մագիստրոսը չի համարձակվում իր խոսքը ներբող համարել, «քանզի որք զներբողականս արժանապէս մատենագրեն», պետք է գովերգվողի պես ազնիվ ու վեհ վարք ունենան, իսկ ինքը իր այդ վիճակում «անկենդան» [10] է և միայն ողբ կարող է ասել:

Մագիստրոսի այս ինքնատիպ նամակում արձակ խոսքը ագուցված է բազմաթիվ չափածո տողերով, որոնք, թվում է, Վահրամ Պահլավունուն նվիրված դյուցազներգության բեկորներ են, աշխարհիկ մեր դպրության թանկարժեք մասունքներ: Ներբողի առաջին տողերը ողբասացության բնույթ ունեն.

Աւա՜ղ որդւոյս սիրեցեալ և կարօտեալ
ի սուրբ ի քաղցր
հօրէն,

Աւա՜ղ տարագիր ու արտակացեալ,
յաստուածային քո խրատուէ,

Աւա՜ղ կենդանութեանս,
որ երանեմ վախճանելոյդ…
[11]

Այնուհետև բանաստեղծը, անդրադառնալով իր խոսքերի ողբերգական ելևէջին, ինքն իրեն է դիմում, թե ինչո՞ւ պետք է նրա՝ սպարապետի մասին, ողբ ասել «զի՞նչ զքոյդ ասացից ողբերգական», չէ՞ որ նա իր պապերի նման արժանի է դյուցազներգության: Այս պահից էլ Գրիգոր Մագիստրոսը փոխում է նամակի ոճը և սկսում է գովերգել իր դյուցազուն հորեղբորը՝ համեմատելով նրան մեր պատմության առասպելականացած հերոսներ Արտաշեսի ու Արշակի, գեղեցկապարանոց ու չքնաղադեմ Արայի ու Սոսանվեր Անուշավանի, մաքրակենցաղ ու ողջախոհ Գրիգոր Լուսավորչի և հայրենասեր ու աշխարհաշեն Արամի հետ: Սպարապետի բարեմասնությունները բազում են, որոնք բանաստեղծի գրչի տակ չափ ու կշիռ են ստանում.

Քաջահանճար և ուշեղ (իմա՝ ուշիմ),
Իմաստուն եւ խոհեմ,
Հեզ եւ հանդարտ,
Արդարադատ և անաչառու,
Առատ և զուարթ,
Մարդասէր և օտարասէր,
Անոխակալ եւ անյիշաչար,
Անապատասէր եւ կրօնաւորասէր,
Եւ ամենայն բարեաց օթեւան…
[12]

Ածականների նման կուտակումով, խոսքի զարմանալի հստակությամբ, տողերի կազմակերպումով, կարծեք, Մագիստրոսը նարեկացիական ակունքներից է սնվել, միայն թե Նարեկացին նման է բազում այլ խորախորհուրդ խոսքերով ներբողում է «անքնին բարձրյալին», իսկ Մագիստրոսը փառաբանում է մեծ սպարապետի հերոսական ու մարդկային կերպարը, մի մարդու, որ նրա համար ուսուցիչ է եղել և հայր, իշխան ու տեր, ուստի երբ նա արդեն հեռացել է կյանքից, երախտապարտ աշակերտը իրեն ու իր նմաններին որբ ու թշվառ է համարում և տարակուսանքների մեջ գրում է.

Ո՞ զմեզ այժմ խրատէ,
Եւ ո՞ մատակարարէ զտկարութիւն մեր,
Ո՞ եւ զանժուժութիւն համբերութեամբ իւրոյ մխիթարէ,
Ո՞ զաղքատս կերակրէ՝ առատատուր և զուարթ լրջմտութեամբ,
Եւ ո՞ արդար դատողութեամբ զորբս և զայրիս տածէ,
Կամ զգերեալսն գնէ,
Կամ զբանտարկեալսն արձակէ,
Կամ զցրուեալսն ժողովէ…
[13]

Կարդում ես այս տողերը և ոճից ու տաղաչափությունից ակամայից հիշում մեր հեթանոսական քերթության այն փոքրիկ ու գողտրիկ բեկորը, որ իբր Արտաշես արքան ասել է իր մահվանից առաջ, և որ, ի դեպ, մեզ է հաղորդվել իր իսկ Գրիգոր Մագիստրոսի միջոցով.

Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եզանց
Եւ զվազելն եղջերուաց.
Մեք փող հարուաք
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէնն է թագաւորաց…
[14]

Այնուհետև Մագիստրոսը իր նամակում նորից անցնում է արձակի և պատմում, թե ինչպես Վահրամ Պահլավունու բարեգործությունների համբավը սփռված է եղել հարևան ժողովուրդների մեջ. «Եւ այս յաշխարհին Քաղդէացւոց եւ Մարաց, եւ Պարթևաց, եւ պատարագօք պատուէին զքեզ. որ եւ Յունաց իսկ ինքնակալացն պատուեալ մեծագոյն իշխանութեամբ» [15], իսկ վրացիները, որոնք հաճախ նրա դաշնակիցներն են եղել թշնամիների դեմ մղած մարտերում, նրան, որպես դյուցազնի, երգեր էին ձոնում և, ինչպես ընդունված էր ժամանակին, տներում ու քաղաքների հրապարակներում գովերգում, փառաբանում էին նրան: Եվ այստեղ էլ ինքը՝ բանաստեղծ Մագիստրոսը, ոգևորվում, խանդավառվում  և իր որդիական պարտականությունն է համարում նրա գովքը հյուսել, որը նորից վերածվում է չափածո խոսքի գովասանության.

Քեզ այդպէս վայելէր թագաւոր,
Եւ յայսպիսի պաղատան ճեմել,
Այսպիսի խրախճանութեամբ խրախճանալ,
Այսպիսի հայրենիս ստանալ,
Այսպիսեօք գանձօք փարթամանալ,
Այսպիսի կարասեօք […],
Այսպիսի կառօք կառամարտել,
Յայսպիսի ձիընթացս արշաւել,
Յայսպիսի ստադինս բազմել,
Զայսպիսի մրցումն տեսանել,
Այսպիսի
փողհարօք և թմբկօք ճոխանալ,
Այսպիսի որսօք զբօսնուլ,
Այսպիսի բաղանեօք մաքրիլ:
Քոյովդ ջերմագոյն արեամբ ի քումդ սպառազինեալ
Եւ հանդիսացեալ անձին.
Այսպիսի հօր ըղձացեալ լինել որդի,
Այսպիսումն ծնողաց ժառանգորդ,
Յայսպիսեաց արմատոց շառաւիղ:
Դու՝ մեռելոցն քոց փոխելոցն յաստեացս՝
Փրկութեան պատճառ,
Եւ կենդանեացս՝ յուսոյ
Եւ ողորմութեամբ յաստուածուստ
[16]:

Գրիգոր Մագիստրոսն ընդհանրապես հայտնի է որպես բացառիկ խրթնաբան հեղինակ, սակայն բերված հատվածները, որոնցով արժանին է հատուցվում նահատակ սպարապետին, արտակարգ պարզ են ու հստակ: Այստեղ միաժամանակ գծագրվում է միջնադարյան Հայաստանում, Բագրատունյաց իշխանության տարիներին տեղի ունեցող հանդիսությունների նկարագիրը, որ շատ բանով հիշեցնում է հեթանոսական ժամանակներից ավանդված սովորությունները, տոնախմբություններն ու որսորդությունը, որ մեզ նորից հղում է դեպի արտաշիսյան երգը, որտեղ նավասարդյան տոներն են հիշվում՝ որսորդության փողերի հնչյուններով և թմբուկների զարկերով:

Գրիգոր Մագիստրոսի նամակի մեջ պահպանված այս մասունքները ենթադրել են տալիս, որ դրանք Վահրամ Պահլավունի իշխանաց իշխանին նվիրված, Մագիստրոսին պատկանող ավելի ընդարձակ դյուցազներգության բեկորներն են, որ նա վարպետորեն ագուցել է իր նամակին, մեզ ավանդելով XI դ. հայոց աշխարհիկ բանաստեղծության եզակի նմուշներ:

2. Գրիգոր Մագիստրոսին վերագրված մի բանաստեղծության մասին: Գրիգոր Մագիստրոսի «Թղթերի» 1910 թ. Կարապետ Կոստանյանցի հրատարակության մեջ որպես ՁԸ (88) թուղթ տեղադրված է «Անցք ստուերի է փառք մարդոյ» սկսվածքով 26 տնից բաղկացած մի բանաստեղծություն [17], որը վաստակաշատ բանասերը քաղել է Էջմիածնի մատենադարանի 58 ձեռագրից (ներկայումս՝ Մաշտոցյան Մատենադարան, ձեռ. 3062): Տվյալ հրատարակության մեջ օգտագործված չորս ձեռագրերից միայն այս մեկում է առկա այդ բանաստեղծությունը՝ էջ 135–136 (ներկայումս՝ 288 ա–բ), թուղթ ՁԳ (83):

«Թղթերի» ծանոթագրությունների մեջ Կոստանյանցը գրում է. «Մեր բնագրի մեջ վերջին ՁԸ (88) թիվը կրող ոտանավորը «Անցք ստուերի է փառք մարդոյ» զետեղել ենք ոչ իբրև թուղթ, այլ իբրև մինչ ցայս անծանոթ մնացած մի գործ, որը սակայն մեզ կասկածելի է երևում (ընդգծումը Բ. Չ. ), նայելով ոճի տարբերությանը: Մեզ գրավեց իսկապես այն, որ թ. 58 ձեռագիրը պահել է այդ ոտանավորը «Մագիստրոսի անունով» [18]: Կոստանյանցի կասկածները ճիշտ են եղել. 1981 թ. բանասեր Գևորգ Բամպուքճյանի՝ Ստամբուլում լույս տեսած «Հակոբ պատրիարք Նալյան (1706–1764), կյանքը, գործերը և աշակերտները» ուշադրության արժանի հատորում որպես Հ. Նալյանի ստեղծագործություն բերված է Գրիգոր Մագիստրոսին վերագրված վերոհիշյալ բանաստեղծությունը, որ ունի հետևյալ վերնագիրը՝ «Ոտանաւոր ի վերայ ունայնութեան կենցաղոյս, զոր շարադրեալ է գերամեծար պատրիարքն Կոստանդնուպօլսոյ Յակոբ աստուածաբան վարդապետն»:

Այս ոտանավորը Գ. Բամպուքճյանը 1968 թ. գտել է Օրթագյուղի եկեղեցու անթվակիր ձեռագիր մի հավաքածոյի մեջ [19]: Այնուհետև Գ. Զարբհանալյանի ու Ա. Ղազիկյանի մատենագրություններից տեղեկացել է, որ այն Հակոբ Նալյանի գրչին է պատկանում և որ 1805 թ. Պոլսում հրատարակվել է «Տետրակ զունայնութենէ կենցաղոյս, ոտանավորեալ ի հոգելոյս Յակոբ աստուածաբան պատրիարքէ Կոստանդնուպօլսոյ» 48 էջանոց, ներկայումս հազվագյուտ, գրքույկում [20]: Այս ոտանավորի մի այլ ընդօրինակությունը նորից Նալյանի անունով պահպանված է եղել նաև Արմաշի 168 ձեռագիր ժողովածուի մեջ, որ նկարագրել է Թոփճյանը [21]: Այստեղ պետք է ավելացնել, որ Մագիստրոսի «Թղթերը» պարունակող 58 ձեռագիրը ուշ շրջանի, հավանաբար XVIII դ. ընդօրինակություն է, որի գրիչն իր ժողովածուի մեջ է մտցրել նաև այդ ոտանավորը, անտեղյակ, որ այն պատկանում է Նալյանին: Ի հավելումն սրա, պետք է ասել, որ բանաստեղծության լեզուն և ոճը, ինչպես նկատել է Կ. Կոստանյանցը, բնորոշ են ուշ միջնադարի լեզվամտածողությանը, իսկ դրա մեջ արծարծված մտքերն ու գաղափարները՝ աշխարհի ունայնության ու կյանքի սնամեջության վերաբերյալ, միանգամայն անհարիր են Մագիստրոսի աշխարհայացքին:

Այսպիսով, Մագիստրոսի «Թղթերի» լույս ընծայումից շուրջ 75 տարի հետո ճշգրտվում է «Անցք ստուերի է փառք մարդոյ» սկսվածքով բանաստեղծության հեղինակային պատկանելության հարցը. այն Կոստանդնուպոլսի պատրիարքի Հակոբ Նալյանի գրչին է պատկանում, հետևաբար առաջիկայում, երբ իրականացվի «Թղթերի» նոր քննական բնագրերի հրատարակությունը, պետք է այն դուրս թողնել Մագիստրոսի «Թղթերի» շարքից:

Այս բանաստեղծության առկայությունը Մագիստրոսի «Թղթերի» 1910 թ. հրատարակության մեջ թյուրիմացության մեջ է դրել նաև մեծանուն լեզվաբան Հր. Աճառյանին, որ այդ ոտանավորից քաղել է արաբերենից փոխառյալ տնազ «այպն, կատակ, ծաղր» բառը և տեղադրել իր «Հայերեն արմատական բառարանում» [22] որպես մագիստրոսյան (XI դարի) վկայություն: Արդ, երբ ճշգրտվում է բանաստեղծության հեղինակի հարցը, պետք է սրբագրվի նաև տնազ բառի վերագրումը Մագիստրոսին:

3. Նոր բառեր Գրիգոր Մագիստրոսի «Թղթերում»: Գրիգոր Մագիստրոսի «Թղթերում» պահպանված օտար փոխառությունների մեծ մասը ստուգաբանված է մեր հիմնական բառարաններում, սակայն, կան մի քանի փոխառյալ բառեր, որոնք, մեր բառարանագիրներին ծանոթ լինելով հանդերձ, թերևս մեկնաբանող, բացատրող բնույթ ունենալու պատճառով, չեն գրանցվել: Մեզ թվում է, որ եթե Մագիստրոսը այդ օտար բառերով բացատրում է հայերեն բառերը, նշանակում է դրանք ժամանակի խոսակցական լեզվում, գուցե և որոշ բարբառներում, օգտագործվել ու հասկանալի են եղել, հետևաբար որպես հոմանիշ բառեր պետք է արտացոլվեն մեր ստուգաբանական ու բացատրական բառարաններում: Ստորև բերվում են այդ բառերը.

ԱՆԱՐ նուռ:

հին պարսկ. anär, նոր պարսկ. նույնպես an ā r, նաև när նույն նշանակությամբ:

Մագիստրոսը ԾԸ թղթում (էջ 131) նուռ բառը ստուգաբանելիս հիշատակում է պարսկ. անար. «Պարսկական է անունն անար, ի հրապաշտութեանն պատուեալ յատրուշանին յորջորջեալ, յորմէ անարն կոչեցեալ սակս որակութեանն հրակերտ, կարմրահատ և հրահատ: Իսկ ստուգաբանեալ նուռնդ, ներմակագրեալն նուռն, կուռն, յոգնախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարստութեամբ իբրու կուռն փոխադրեալ նոյն ներառասութեան»: Հր. Աճառյանը («Հայերեն արմատական բառարան», հ. Ե, էջ 191) այս վկայակոչումը բերում է հայկական նուռն բառը ստուգաբանելիս, բայց անար որպես առանձին բառ չի արձանագրում:

ԲԱԶՄ փառք, հանդես, խրախճանք:

պարսկ. بزم (bazm) նույն նշ.:

Մագիստրոսը իր ԺԹ թղթում (էջ 60), երբ ոգեկոչում է հայոց իշխանավորներին և, ըստ Մովսես Խորենացու ցուցակների, յուրաքանչյուրին բնութագրում է ըստ իր անվան. Բաւոս (Խորենացու թվարկած շարքում՝ Փառոս, տարընթերցում՝ Փաւոս) անվան համար գրում է. «Բաւոս՝ փառացի, և ըստ պարսկականին բազմ անի»: «Թղթերի» 1910 թ. Կոստանյանի հրատարակության մեջ (էջ 60) բառս միացել է հաջորդ՝ անի բառի հետ, որով ստացվել է բազմանի, որ անիմաստ է, մինչդեռ բազմ «փառք, հանդես, խրախճանք» ձևով նախադասության իմաստը հստակվում ու ճշգրտվում է և համընկնում Մագիստրոսի բացատրության հետ: Նույն թղթում Մագիստրոսը Փառնակ անունը նույնպես մեկնում է «փառացի»՝ «Փառնակ՝ փառացի, գեղաշուք»:

Պարսից դյուցազներգությունների մեջ հերոսների փառաբանության հատվածը կոչվում է բազմ «փառք, հանդես, խրախճանք» իմաստով, իսկ նրանց հերոսությունների նկարագրության հատվածը՝ ռազմ «մարտ»:

ԲԱԽՏԻԱՐ բախտավոր, բարեբախտ, երջանիկ:

պարսկ. بختیار (bakht ī ā r ) նույն նշ.:

Մագիստրոսի ԽԱ թղթում (էջ 99) կարդում ենք. «զի եթե բախտի բախտիար անբա[ղ]խոհական (բնագրում՝ բախտիարան բա խ ոհական) բաղբանութեան, թուի թէ ոչ ումեք լուիցէ արձակել ի գերելոցն» (խոսքը Եգիպտոսում գերի հրեա ժողովրդի մասին է): Նոր հայկազյան բառարանը (Վենետիկ, 1836) բաղբանութիւն բառի տակ Մագիստրոսից վկայակոչում է «անբա խ ոհական բաղբանութիւն», նշանակում է բառարանի կազմողները բախտիար ձևն են ճիշտ համարել և ոչ բախտիարան, բայց բախտիար որպես առանձին բառ չեն վերցրել: Բախտիար որպես արական անձնանուն հայերիս մոտ վկայված է ԺԵ դարից (Հր. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, էջ 367):

ՇԱՏԲԱՇ կեցցե, բառացի՝ ուրախ եղիր:

պարսկ. شاد باش (sh ā d b ā sh) նույն նշ.:

Մագիստրոսի ԺԹ թղթում (էջ 60) Շավարշ անունը ստուգաբանվում է հետևյալ կերպ. «Շաւարշ ըստ պարսկականին շարի բաշ, միշտ ուրախ թարգմանեալ»: Ինչպես Աճառյանը նկատել է («Հայոց անձնանունների բառարան», հ. Դ, էջ 155), այստեղ բացահայտ գրչական սխալ կա, պետք է լինի շատ բաշ, որ և իմաստով համընկնում է Մագիստրոսի «միշտ ուրախ» թարգմանությանը:

Ժամանակակից հայերենում ունենք շաբաշ «խնջույքներում նվագողներին տրվող դրամական պարգևը», որ հավանաբար առաջացել է շատ բաշից՝ տ(դ)-ի անկումով:

ՔԱՅԻՈՒ հազար բույսը ( Lactuca Scariola ):

պարսկ. کاهو ( kāhū ) նույն նշ.:

Մագիստրոսը իր ԼԹ թղթում ( էջ 96) հազար և խաւարտ հետևյալ կերպ է բացատրում. « Հազարդ և խաւարտ յունարէն ասի մառուլն, որ նշանակէ եթէ ի մայիս յուլիս պարտ է ճաշակել և այլ ոչ բնաւ: Իսկ ըստ Պարթևին քայիու, այսինքն փքացուցիչ և ուռուցիչ փորոտեալ »:

Բառս ներկայումս գործածական է պարսկահայոց բարբառներում:

 

НОВОЕ В «ПИСЬМАХ» ГРИГОРА МАГИСТРОСА
Резюме

1. В 1046 г. в битве против Двинского амира Абу-ль-Асвара погиб дядя (брат отца) Григора Магистроса (XI в. ) Ваграм Пахлавуни, прославленный полководец Багратидского царства. Внимательное исследование письма, посланного в этой связи Григором Магистросом Сюнийскому архиепископу Ованесу, выявляет, что некоторые фрагменты этого письма написаны в стихотворной форме, в ритме и стиле древнеармянской языческой поэзии.

Опубликовав эти стихотворные отрывки в статье, автор заключает, что они являются фрагментами посвященной Ваграму Пахлавуни эпической поэмы, принадлежавшей перу Магистроса.

2. В «Письмах» Магистроса, изданных К. Костаняном в 1910 г., под номером 88 помещено стихотворение, состоящее из 26 строф. Издатель в свое время выразил сомнение по поводу его авторской принадлежности. И действительно, новые факты неопровержимо доказывают, что оно принадлежит автору XVIII в. Акопу Наляну (1706–1764 г. ).

3. Этимология заимствованных слов в «Письмах» Григора Магистроса в основном установлена, однако некоторые слова остались вне поля зрения лингвистов. Автор статьи рассматривает следующие пять слов и дает их этимологию: անար =персид. anār «гранат»; բազմ =персид. bazm «ликование, празднество»; բախտիար =персид. bakhtī ār «счастливый»; շատբաշ =персид. shād bāsh «слава, да здравствуй, дословно–будь радостен»; քալու =персид. kāhū «салат», Lactuca Scariola.

 


 



!      Տե՛ս Լրաբեր հասարակական գիտությունների, 1987, 10, էջ 46-53։

[1]     Արիստակես Լաստիվերտցի, Պատմութիւն, աշխատասիրությամբ Կ. Յուզբաշյանի, Երևան, 1963, էջ 57 58:

[2]     Ստեփանոս Տարոնացի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 270:

[3]     Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 85:

[4]     Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, բնագիրն հառաջաբանով և ծանոթություններով առաջին անգամ ի լույս ընծայեց Կ. Կոստանյանց, Աղեքսանդրապոլ, 1910, էջ Ի:

[5]     Նույն տեղում, էջ 36 44:

[6]     Նույն տեղում, էջ 6:

[7]     Գրիգոր Մագիստրոս, Մեկնութիւն քերականին (տե՛ս Н. Адонц, Дионисий Фракийский и армянские толкователи, Петроград, 1915, с. 232):

[8]     Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, էջ 87:

[9]     Նույն տեղում, էջ 41:

[10]   Նույն տեղում, էջ 38:

[11]   Նույն տեղում:

[12]   Նույն տեղում:

[13]   Նույն տեղում, էջ 39:

[14]   Նույն տեղում, էջ 87:

[15]   Նույն տեղում, էջ 40:

[16]   Նույն տեղում, էջ 41:

[17]   Նույն տեղում, էջ 240 244:

[18]   Նույն տեղում, էջ 250 251:

[19]   Գ. Բամպուքճյան, Հակոբ պատրիարք Նալյան (1706 1764), կյանքը, գործերը և աշակերտները, Ստամբուլ, 1981, էջ 72:

[20]   Այս հրատարակությունից երկու օրինակ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Թորոս Ազատյանի գրքերի շարքում, որի լուսապատճենը տե՛ս Մաշտոցյան Մատենադարանի հայագիտական գրադարանի 37033 թվահամարի ներքո:

[21]   Գ. Բամպուքճյան, նշվ. աշխ., էջ 46:

[22]   Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. Դ, Երևան, 1979, էջ 415: