ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՐԱՖՖԻՆ ՊԱՐՍԻՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ !

XIX դարը Պարսկաստանի համար սոցիալ-քաղաքական տեսակետից ծայրահեղ հետամնացության մի ժամանակաշրջան էր, փաստորեն միջնադար, որ շարունակվեց մինչև XX դարի առաջին տասնամյակները: Երկիրը ապրում էր ֆեոդալական մասնատվածության պայմաններում, շահական ու խանական բռնակալությունները, մուսուլման կղերականության խավարամոլությունը, պետական պաշտոնեության կամայականությունները, անպատիժ կողոպուտներն ու շահագործումը անասելի ծանր պայմաններ էին ստեղծել ոչ միայն պարսիկ, այլև երկրում ապրող մյուս ժողովուրդների՝ հայերի, ասորիների, քրդերի, բելուչների և այլոց համար:

Հայ մեծանուն վիպասան Րաֆֆին, կյանքի առաջին տասնամյակները ապրելով և աշխատելով իր ծննդավայր Սալմաստ գավառում, աշխատանքի բերումով շրջագայելով երկրում, մի քանի տարի պաշտոնավարելով Թավրիզի Արամյան դպրոցում, ի մոտո կարողացել էր ուսումնասիրել Պարսկաստանի վիճակը և սուր դիտողականությամբ տեսնել երկրում ապրող իր ժողովրդի ծանր առօրյան, նրա հետ կողք-կողքի ապրող փոքրամասնությունների համապատկեր աննախանձելի կյանքը, ֆեոդալական բռնակալության ընդերքում խմորվող նոր հարաբերությունները, գաղութատիրական պետությունների քաղաքական նկրտումները Արևելքի նկատմամբ, ինչպես նաև երկրում սկզբնավորվող լուսավորական շարժման առաջին ծիլերը: Որպես հայ գրող, Րաֆֆին, բնականաբար, մտահոգված էր իր ժողովրդի ճակատագրով, համակված էր օտար լծից նրա ազատագրման խնդիրներով, սակայն լինելով առաջադիմական, դեմոկրատական գաղափարների տեր ճշմարիտ գրող, մեծ հումանիստ, նա մտահոգված էր նաև հարևան ժողովուրդների ճակատագրով: Նա երազում էր նրանց առաջադիմության, լուսավորության մասին և նրանց փրկությունը տեսնում էր քաղաքակրթության տարածման մեջ, այս հանգամանքը երաշխիք համարելով նաև իր ժողովրդի ապագա ազատ ու բարեկեցիկ կյանքի համար: Սրանով պիտի բացատրել այն նշանակալի տեղը, որ Րաֆֆին իր գեղարվեստական, պատմագիտական ու հրապարակախոսական երկերում հատկացրել է պարսկական թեմատիկային:

Իր գեղարվեստական ստեղծագործություններում համակողմանիորեն ներկայացնելով պարսկական իրականությունը, նա պատմաբանի ու գրականագետի բծախնդրությամբ աշխատել է ընթերցողներին ծանոթացնել Պարսկաստանի հին ու նոր պատմությանը, պետական կառուցվածքին, կրոնական այլազան համայնքներին ու աղանդներին, ազգային սովորություններին, բանահյուսությանը, գիր ու գրականությանը: Իհարկե, Րաֆֆու ծրագրերը ավելի լայն ու ընդարձակ են եղել. նա ցանկացել է նաև թարգմանություններ կատարել պարսկական պատմական սկզբնաղբյուրներից ու գրականությունից, սակայն ոչ պայմաններն են նպաստավոր եղել և ոչ նրա ժամանակն է ներել:

Իրանի, նրա պատմության ու գրականության նկատմամբ Րաֆֆու հետաքրքրությունը ինչ-որ տեղ համահունչ է ներհուն լուսավորիչ Մեսրոպ Թաղիադյանի համանման աշխատանքներին, սակայն ավելի խորն ու քննադատական: Րաֆֆու ողջ ստեղծագործությունը վկայում է պարսկական իրականության բազմակողմանի իմացությունը: Այն ժամանակներում, երբ պարսկահայությունը անազատ պայմաններում մեկուսացած, նեղ համայնքային կյանքով էր ապրում, մի կերպ խղճուկ գոյությունն էր պահպանում և տեղի հայ մտավորականներից շատ քչերն էին գիտակցում պետական պարսկերեն լեզվի կարևորությունը մասնավորաբար հայ համայնքի իրավունքները պետական մարմինների առաջ պաշտպանելու, ինչպես և երկրի ներքին կյանքին գործուն մասնակցություն ունենալու առումով, Րաֆֆին ուղիներ ու միջոցներ էր որոնում լուսավորելու նաև պարսիկ ժողովրդին, համոզված, որ լուսավորված ազգի ենթակայության պայմաններում իր ժողովրդի վիճակը ավելի տանելի կլինի: Պարսկական իրականությունից Րաֆֆին չէր անջատում նաև Ատրպատականի ադրբեջանցի բնակչությանը, որը նույնպես խարխափում էր հետամնացության ճիրաններում ու շահագործվում ֆեոդալախանական իշխանավորների կողմից:

Պարսկերենի նկատմամբ Րաֆֆու հետաքրքրությունը սկսվել է դեռևս ուսումնառության տարիներին, սակայն այս շրջանում, ըստ երևույթին, գիտելիքները այդ բնագավառում այնքան խոր չեն եղել, ուստի ստիպողաբար կիսատ թողած ուսման տարիներից հետո իր ծննդավայր Փայաջուկում շարունակել է խորացնել պարսկերենի գիտելիքները: Րաֆֆու առաջին կենսագիրներից ու մտերիմներից Ավագ-խան Ավթանդիլյանը գրում է. «Նա սկսել էր մեծ եռանդով սովորել պարսկերեն լեզուն, նպատակ ունենալով պարսից հին պատմական գրքերը հայերենի թարգմանել: Այդ առթիվ էլ նա ժամերով երկար խոսում էր ծանոթ պարսիկ վաճառականների և մոլլաների հետ, աշխատելով լսելով էլ ծանոթանալ նրանց պատմության և օրենքի հետ, և արդեն բավական տեղեկություններ էր ձեռք բերել: Ես շատ անգամ հանդիպել եմ Րաֆֆիին պարսիկ վաճառականների հետ միասին նստած, որոնք թողնելով իրենց առևտրական հաշիվները, խոսում էին իսլամ և քրիստոնեական կրոնքի այս ու այն կետերի վրա: Պարսիկներն առհասարակ շատ են հարգում այն հային, որը կարող է կրոնքի մասին բավականաչափ խոսել: Այդ կողմից Րաֆֆին շատ էր հարգված պարսիկների երևելիներից, իբրև գործին տեղյակ մարդ» [1]:

Րաֆֆու պարսկերեն իմացությունն են վկայում նրա ստեղծագործություններում պարսկերեն բազմաթիվ բառերի ու հասկացությունների ստուգաբանություններն ու ճշգրիտ բացատրությունները, անգամ մի առիթով նա անդրադարձել է հայերենի հ հնչյունը պարսկերեն համապատասխան բառերում ֆ -ով արտասանվելու փաստին, ինչպես՝ «ֆարման՝ հրաման, ֆրուշթա՝ հրեշտակ, ֆամ՝ համ» [2]:

Պարսկերենին տիրապետելու մասին վկայում է ինքը՝ Րաֆֆին, «Ճանապարհորդություն Պարսկաստանում» ակնարկաշարում, որ 1872 և 1873 թթ. տպագրել է «Մշակում»՝ Արաքսի պարսկական ափում գտնվող Ս. Նախավկայի վանք կատարած իր այցելության կապակցությամբ: Նա գրում է. «Իմ ուշադրությունը ավելի գրավեց մի պարսկերեն արձանագրություն, որ փորված էր ահագին մարմարիոնի վերա և հագցրած էր վանքի դռան ճակատին: Այս արձանագրության պարունակությունից երևաց, որ պարսից մեծ իշխան Նաիբուլ-Սալթանան (խոսքը Աբաս Միրզայի մասին է Բ. Չ. ) նվիրել է մի ամբողջ գյուղ (Դարաշամբ անունով) Ս. Նախավկային՝ որպես վանքային կալվածք և հաստատել է յուր նվերը արքունական ֆերմանով» [3]: Րաֆֆին, շարունակելով այս պատմությունը, գրում է, թե տեղի վանահայրը, տեսնելով, որ ինքը հմտորեն կարդում է պարսկերեն և անգամ արտագրում է արձանագրությունը, զարմանում է: Փոքր-ինչ ավելի ուշ, 1880 թ. Ավագ Ավթանդիլյանին գրած նամակներից մեկում, Րաֆֆին հայտնում է, որ Գորոյանցից խնդրել է իրեն ուղարկել պարսկերեն փոքրիկ և հետաքրքիր վեպիկներ, այնպիսիք, որ «հետաքրքիր են ընթերցանության համար», որովհետև «ես այժմ պարապվում եմ պարսկերենով» [4]:

XIX դարի 60-80-ական թվականներին և հետագայում ևս մերձավոր արևելյան առաջավոր մտավորականությունը, մուսուլման ժողովուրդների հետամնացության կարևոր ազդակներից մեկը համարելով արաբատառ գրության յուրացման դժվարությունները, ուղիներ էր որոնում բարենորոգելու պարսիկների, օսմանյան թուրքերի և այլ ժողովուրդների գիրն ու գրականությունը: Այս խնդրի շուրջ Պոլսում, Թեհրանում և Լոնդոնում լույս տեսնող արևելյան լեզուներով պարբերականներում ու գրականության մեջ բուռն վեճեր են տեղի ունենում և զանազան առաջարկություններ են արվում: Րաֆֆին իր հերթին արձագանքում է այդ վեճերին և «Պարսկական նամակներում», որ հավանաբար գրվել են 1856-1868 թթ., արաբական գիրը առաջարկում է փոխարինել «մի այլ ազգի այբուբենով», տվյալ դեպքում հայոց գրով, որովհետև, ինչպես գրում է նա, «շատ հարմար է հայոց այբուբենը, որ բոլորովին կարող է համապատասխանել պարսից և թուրքերի (ադրբեջանցիների Բ. Չ. ) լեզվի հնչումներին» [5]: Րաֆֆին, թերևս, այս եզրակացության էր հանգել՝ նկատի ունենալով այդ ժամանակներում օսմանյան թուրքերենը հայերենով տառադարձելու պոլսահայերի դրական փորձը: Րաֆֆին գտնում էր, որ արաբերեն գրերը պարսկերենի, ինչպես նաև թուրքերենի ուսուցման համար մեծ խոչընդոտ են, ուստի պետք է դրանք փոխվեն: «Պարսիկները,   գրում է նա, այժմ սեփական տառեր չունին, նրանք գործ են ածում արաբական տառեր, որի թե՛ գրության ձևը և թե՛ կարդալու դժվարությունը, ամբողջ տարիներով մաշում է խեղճ երեխաներին, մինչև որ նրանք կարողանում են հասարակ ընթերցանությունը սովորել… Երեխան մի քանի տարի չարչարվելով, հազիվ ուսանում է ընթերցանությունը, այն էլ գրության մի քանի ձևերով միայն, որովհետև գրության ձևերն այնքան շատ են, որ ամբողջ կյանքում պետք է սովորել»: Նա մեկ առ մեկ հիշատակում է գրության ձևերի անունները՝ «խաթթի, ղորանի, նասթալիխ, շըքաստա, դիվանի, խաթթի քուֆի» [6]: Այս անունների ճշգրիտ հիշատակումն իսկ ապացուցում է, թե մեծանուն գրողը որքան լավ է տիրապետել պարսկերենին. պետք է նշել, որ ժամանակի ոչ բոլոր գրագետ պարսիկները կարող էին իմանալ այդ ամենը:

Պարս կե րե նի գրու թյան բա րե փոխ ման հար ցե րին նա անդ րա դար ձել է նաև հե տա գա յում: 1877 թ. գրած ճա նա պար հոր դա կան տպա վո րու թյուն նե րում մեկ ան գամ ևս հա յե րեն գրերն է հար մար հա մա րում պարս կե րե նի ու թուր քե րե նի հա մար, իր ա ռա ջար կը հիմ նա վո րե լով այն հա մոզ մամբ, թե « հա յոց տա ռե րը շատ հար մար են թուր քե րեն լեզ վի ար տա բե րու թյան հա մար, ո րով հետև նրանց բո լոր հնչյուն նե րը կա րե լի է ձևա կեր պել մեր տա ռե րով » [7]:

Լուսավորության տարածումը Իրանում կարևոր էր երկրում ապրող բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի համար: «Մեր հայերիս օգուտը,   գրում է Րաֆֆին, պահանջում է, որ այս կողմերի (իմա՝ Ատրպատականի Բ. Չ. ) մահմեդականների մեջ տարածվի ուսումը…» [8]:

Րաֆֆին ի մոտո հետևել է Իրանի քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, քաջատեղյակ է եղել պարսկական լուսավորիչների այն ծրագրերին, որոնցով նրանք ցանկանում էին բարեփոխել պարսկերենի արաբական գրերը: Այդ լուսավորիչներից էր նաև հայազգի Միրզա Մելքում խանը, որի անվանը տարբեր առիթներով հանդիպում ենք Րաֆֆու մոտ: «Սալբու» առաջաբանում մեծանուն վիպասանը Միրզա Մելքումի մասին հետևյալ տեղեկությունն է տալիս. «Միրզա Մելքոմ խան Սարթեփը՝ այն գիտնական հայ տղամարդը՝ Փարիզից Պարսկաստան բերեց ֆրամասոնականության սերմերը: Թեհրանում նա ստացավ շահից առանձին տուն, ուր սկսեց յուր դասախոսությունքը և փոքր միջոցում գտավ յուրյան բազմաթիվ հետևողներ: Մոլլաները սարսափելով նկատեցին այդ կորստաբեր ուսմունքը, որ մի ահագին վիշապի նման, բերանը բաց արած, կամեր կլանել, ուտել և մաշել իսլամականությունը… Ֆրամասոնականության աշակերտները կոչվում են ահլի-ֆարամուշխանայք» [9]: Այնուհետև Րաֆֆին անդրադառնում է պարսիկ «լուսավորյալ երիտասարդներին», որոնք կրթություն ստանալով Եվրոպայում, նոր, առաջադեմ գաղափարներ են բերում իրենց հետ. «Պարսից հետաքրքիր և նորասեր բնավորությունը առիթ է տվել նոցա ընդունակությանը՝ Եվրոպիուց բերել Ասիա այն ազատ գաղափարները, որ բաժան-բաժան են արած լուսավոր աշխարհի բոլոր հասարակությունքը: Եվ Վոլթերի, Բյուխների, Ֆոյերբախի, Ռուսսոյի, Լուի-Բլանի, Պրուդոնի, Կաբեի և լուսավոր դարուս այն մեծամեծ մտածողների փիլիսոփայությունքը լսելի են լինում պարսկական բարբառում» [10]:

Ֆարմուշխանեն Նասր ադ-Դին շահի հրամանով ցրվել է 1862 թ., իսկ Մելքում խանը՝ ձերբակալվել և երկրից աքսորվել, սակայն որոշ ժամանակ անց, նկատի ունենալով նրա միջազգային հեղինակությունը, հրավիրվել է դիվանագիտական աշխատանքի: Այս ժամանակներում էլ, 70-ական թթ., գրվել է «Սալբիի» առաջաբանը, որտեղ Րաֆֆին, դեպքերի թարմ ազդեցության ներքո, արձանագրել է Մելքում խանի գործունեության առաջին շրջանի մասին: Այդ դեմոկրատ գործչի նկատմամբ Րաֆֆին միշտ էլ կենդանի հետաքրքրություն է պահել: 1872 թ. Ավագ Ավթանդիլյանին գրում է. «Միրզա Մելքում խանի մասին ոչինչ չեն գրում, թե նա ինչ նորություններ արեց կամ անելու միտք ունի Պարսկաստանի քաղաքական կյանքում» [11]:

Ավելի ուշ, 1886 թ. հրապարակած «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի ընդարձակ գրախոսականում Րաֆֆին նորից է հիշատակում Միրզա Մելքում խանին և անդրադառնում է պարսկերենի գրերի բարենորոգման հարցին. «Պարսից տառերի և  գրության ձևը փոխելու խնդիրը այժմ մի մեծ մանկավարժական հարց է դարձել Պարսկաստանում: Այդ հարցը առաջին անգամ բարձրացրեց հայ ազգի Միրզա Մելքում խանը, պարսից Դռան Լոնդոնի լիազոր դեսպանը: Այժմ նա պարսկերենի համար մի նոր ձևով տառեր է հնարել և «Գյուլիստանը» նույն տառերով տպագրել է տվել Լոնդոնում: Եթե ընդունելություն գտնի հարգելի պարսկագետի աշխատությունը, պարսից մանկավարժությունը մեծ դյուրություններ կգտնե» [12]:

Պարսկերենի գրության բարեփոխման Միրզա Մելքում խանի և նրա գաղափարակիցների այս և շատ ուրիշ ծրագրերը այդպես էլ չիրականացան, մինչև օրս էլ այն մնում է իբրև պարսիկ առաջավոր մտավորականության երազներից մեկը:

Պարսից գրականության և ընդհանրապես մշակույթի հարցերին Րաֆֆին հպանցիկ անդրադարձել է իր շատ ստեղծագործություններում, բայց դրանք առավել հանգամանորեն արծարծված են նրա «Պարսկական նամակներում», որ լույս է տեսել «Արաքս» հանդեսում գրողի մահվանից հետո 1892 թ.: Սակայն ակնարկաշարի գրելաոճը, 80-90-ական թվականներին պարսից իրականությանը հուզող մի շարք հարցերի ավելի խոհեմ ու իմաստնաբար քննարկումը այդ ակնարկներում ենթադրել է տալիս, որ դրանք պետք է գրված լինեն ավելի ուշ, թերևս կյանքի վերջին տասնամյակում, երբ ծրագրեր էր մշակում պարսից գրականությունից թարգմանություններ կատարելու: Անվանի րաֆֆիագետ Խ. Սամվելյանը իր կազմած «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում» ժողովածուի ծանոթագրություններում գրում է, որ «Պարսկերենից Րաֆֆու կատարած որևէ թարգմանություն մեզ չի հասել: 1887 թ. «Արձագանքում» հրապարակված մի հաղորդությունից հայտնի է, որ Րաֆֆին «Քեշկյուլ» լրագրի խմբագիր պ. Ջալան էֆենդի Ունսի-Զադեի աջակցությամբ… սկսել է պարսկերենից հայերենի թարգմանել պարսկական հռչակավոր «Լեյլի Մեջլում» սիրավեպը («Արձագանք», 1887, 39, էջ 615)» [13]:

«Ուսում և  գրականություն» ակնարկում Րաֆֆին, անդրադառնալով պարսկական կրոնական սխոլաստիկ մանկավարժությանը, դրա բարեփոխման անհրաժեշտությանը, իր գնահատանքի համառոտ խոսքն է ասում պարսիկ դասական բանաստեղծության մի քանի մեծերի՝ Ֆիրդուսու, Նիզամիի, Սաադիի, Հաֆեզի, «Մասնավիի» հեղինակի (Ջալալ ադ-Դին Ռումիի) և XIX դարի անվանի բանաստեղծ Ղաանիի (Րաֆֆու երկերի ժողովածուի մեջ՝ սխալմամբ Ղազանի) վերաբերյալ: Այս հեղինակները պարսից գրականության այն անուններն են, որոնց ստեղծագործությունները առաջին հերթին են դրվում պարսկերենը սովորողների տրամադրության ներքո, և հավանաբար Րաֆֆին ևս այդ հեղինակների միջոցով է հաղորդակից դարձել պարսկական գրականությանը: Մի առիթով նա գրել է. «Մի ազգի կամ ժողովրդի բարոյական և մտավոր պատկերն ավելի ճշտությամբ երևում է նորա բանաստեղծության մեջ. կամենում ես ճանաչել նրա հոգին, կարդա նորա երգերը» [14]: Այս առումով էլ հետաքրքիր է պարսից բանաստեղծության մասին տարբեր ժամանակներում նրա արտահայտած տեսակետները: «Պարսից գրականությունը, –գրում է Րաֆֆին, հատկանում է յուր բանաստեղծական ոգով. կարծես գործնական և իրողական մտածողությունը երբեք չէ սովորել այդ ազգը: Արբեցած ղեյլանի ծխով, յուր ուղեղը բորբոքած աֆիոնի թմրությամբ, ցողուն շատրվանի մոտ, ողկուղիների հովանիների տակ, միշտ յուր կիսամերկ հարեմների քնքշությամբ հրապուրված պարսիկը, արդարև չէր կարող գործնական կերպով մտածող մարդ լինել, նա բնականապես լինում է երևակայող: Այդ պատճառով պարսիկների բանաստեղծությունը առավել երևակայական է, քան թե բնական: Բնությունը զգալի չէ պարսիկներին, ո՛չ միայն բանաստեղծության մեջ, այլև նկարչության գեղարվեստից մեջ» [15]: Ըստ Րաֆֆու, «նկարչությունը շատ առաջ է գնացած պարսիկների մեջ: Ոչ ոք այնպես գեղեցիկ չէ կարող նկարել սենյակի պատերը, որպես պարսիկը: Այստեղ մարդ տեսնում է պարսիկին իր երևակայության ճոխ ֆանտազիայով: Նրա պատերի վրա նկարված է յուր սիրելի ջեննաթը յուր հուրիներով և փերիներով, մշտականաչ արմավենիներ, սիրամարգներ, վարդի թփեր յուր գույնզգույն սոխակներով և թութակներով, կիսամերկ կանայք կամ ածում են կամ պար են գալիս. մի խոսքով ամեն հրաշալիք, որով միշտ հրապուրվում է Արևելքը… Նրանց նկարների մեջ մարդ երբեք չի տեսնում բնությունը» [16]: Րաֆֆու քննադատությունը այստեղ, ամենայն հավանականությամբ, պարսկական նկարչության մեջ բնության, մարդու անշարժ ու անկենդան պատկերմանն է վերաբերում, որտեղ ըստ նրա՝ «չկան բնության նկարագիրներ, նրա մեջ դուրս բերված անձնավորություններն անգամ մի տեսակ հրեշտակներ են, որ ապրում են բանաստեղծի երևակայության մեջ» [17]:

X դարի պարսից մեծ դյուցազներգու Ֆիրդուսին Րաֆֆու ամենասիրած բանաստեղծներից է, նրա հիացմունքի առարկան, որովհետև, նրա «հրաշալի գործը, «Շահնամեն», ժողովրդական վիպասանության մի անմահ հուշարձան է, իր խոսքով՝ մի արձանագրություն, որ ճիշտ է «չունի Վալտեր-Սկոտի պատմական ճշտությունները, բայց նրա վիպասանական ճարտարությունը գերազանցում է Հոմերոսի Եղիականից: Ֆիրդովսու հերոսները երևում են հսկայական զորությունով, նրանք ներկայացնում են տիտանական ուժեր, հերքուլյաններ, աջեմի փահլևաններ. իսկ մարդու հոգեկան հատկությունները, բարյաց ազնիվ մտապատկերներով պահպանված են նրանց մեջ ամենայն ճշտությամբ» [18]: Այս նույն գնահատականը նա ավելի վաղ, 1875 թ., արտահայտել էր Թավրիզից գրած «Նամակ Պարսկաստանից» հոդվածում, որտեղ մեծ գրողը խոսում է պարսիկ արևապաշտների՝ գաբրերի և պարսից հին պատմության մասին, որի համար «Ֆիրդովսու գիրքը» թանկագին հարստություն է, չնայած «որպես առասպելավիպական բանաստեղծություն, զուրկ է պատմական ճշտությունից» [19]: Այդ հոդվածում է, որ Րաֆֆին հարց է դնում, որպեսզի «մերայինք… մեր պատմությունը հարստացնելու և մեր լեզվի ֆիլոլոգիային նյութ տալու նպատակով» ուսումնասիրեին նախաիսլամական պարսից գրականությունը, նրանց լեզուն և ավանդությունները: Այստեղ է, որ Րաֆֆին հայտնում է, թե ինքը «արդեն սկսել է գործել այդ մասին, որքան կներեին հանգամանքները, որքան թույլ կտար յուր դրությունը» [20]: Ֆիրդուսու նկատմամբ ունեցած պաշտամունքով պետք է բացատրել, որ մեծ վիպասանը իր առաջին վեպի՝ «Սալբիի» հերոսին՝ Հովհաննեսին, վերանվանում է «Շահնամեի» Ռուստամի անունով: Այդ մասին վեպի սկզբում իսկ վկայում է ինքը՝ Րաֆֆին, գրելով, որ «Յուր պատանեկության հասակում վայելչագեղ և քաջ տղամարդ լինելու համար [Հովհաննեսը] ստացավ Ֆիրդովսիի հերոսի անունը՝ «Ռուստամ» [21]:

Ֆիրդուսու նկատմամբ Րաֆֆու հետաքրքրությունը շարունակվում է մինչև կյանքի վերջին տարիները. 1887 թ. նա ռուսերենից թարգմանում է և «Աղբյուր» ամսագրում տպագրում Հայնեի « Ֆիրդուսի» բանաստեղծությունը և Վ. Օսյանիկովի «Ֆիրդուսի» գողտրիկ պատմվածքը, վերջինիս մեջ իրեն թույլ տալով մի քանի փոփոխություններ կատարել, որովհետև, ինչպես ինքն է գրում, դրանք «չէին համապատասխանում այն ավանդությանը, որ կապված է պարսից մեծ բանաստեղծի կենսագրության հետ» [22]:

Հայտնի է, որ Ստեփանոս Նազարյանցը նույնպես մեծ համարում է ունեցել Ֆիրդուսու ժառանգության մասին և իր դոկտորական դիսերտացիան էլ նվիրել է պարսիկ դյուցազներգուին: Այն երկու գրքով լույս էր տեսել ռուսերեն [23]: Թվում է, որ Րաֆֆին պետք է ծանոթ լիներ այս հրատարակությանը, սակայն Րաֆֆու և Նազարյանցի աշխատանքների ու գնահատականների համեմատությունը ոչ մի ընդհանրություն չի բացահայտում, ուստի և պետք է եզրակացնել, որ Րաֆֆու տեսակետները Ֆիրդուսու և ընդհանրապես պարսից գրականության մասին ինքնուրույն են, չնայած իրենց մեջ ունեն ժամանակի եվրոպական արևելագիտության ընդհանուր արձագանքները:

Ֆիրդուսուց հետո XIII դարի մեծ բանաստեղծ Սաադին է, որ մի քանի անգամ հիշատակվում է Րաֆֆու ստեղծագործություններում: Միջնադարյան մեր գրականության մեջ Սաադիի «Գոլեսթանը» ծանոթ է դեռևս XV դարի սկզբներից և նրա առանձին հատվածները թարգմանաբար կամ հայատառ պարսկերենով ընդօրինակվել են հայկական գրչագիր մատյաններում և հնատիպ հրատարակությունների մեջ [24]: Սաադին իր երկերում անողոք քննադատության է ենթարկել մոնղոլական արշավանքների շրջանի ավատատիրական հարաբերությունները, ծաղրել, պարսավանքի է ենթարկել աշխարհիկ ու հոգևոր իշխանավորներին, նրանց բարքերն ու բարոյական սկզբունքները: Սաադիի ստեղծագործությունն աչքի է ընկնում արևելյան բանահյուսության շռայլ օգտագործումով, ինչպես նաև՝ պարզ պատկերավոր ոճով, անմիջականությամբ, խոր մարդասիրությամբ և ժողովրդասիրությամբ: Այս իսկ առանձնահատկությունները պատճառ են դարձել, որ Սաադիի «Գոլեսթանն» ու «Բոսթանը» պարսիկ մտավորականության ամենասիրած գրքերից դառնան և դարեր շարունակ օգտագործվեն որպես պարսկերենի ուսուցման ձեռնարկներ: Րաֆֆին Սաադիի դեպքում նույնպես ելնում է իր գեղագիտական չափանիշներից և նրան գնահատում որպես մի գրողի, որ կերպարները ներկայացնում է կենդանի, կյանքը պատկերում ճշմարտացի: Սաադիի գրվածքները համեմատելով Եզովպոսի, Լաֆոնտենի ու Կռիլովի առակների հետ, Րաֆֆին գրում է. «Սաադիի առակները չունին ոչ Եզովպոսի, ոչ Կռիլովի և ոչ էլ Լաֆոնտենի առակների ձևերը անշունչ, անլեզու առարկաների խոսակցությամբ դուրս բերել բարոյականություն: Սաադիի առակները առնված են կենդանի տիպերից, այդ պատճառով նրանց ավելի հարմար է փոքրիկ վեպիկներ կոչել, քան թե առակներ: Նրա Գյուլիստանը և Բոստանը կարող են համարվել արևելյան կյանքի ճիշտ պատկերները» [25]:

«Ուսում և  գրականություն» հոդվածում Րաֆֆին խոսում է նաև Ջալալ ադ-դին Ռումիի «Մասնավի» պոեմի մասին՝ առանց հեղինակի անունը տալու: Այս ծավալուն երկը, որ սուֆիզմի հիմնական դրույթների չափածո մեկնաբանությունն է՝ մատուցված արևելյան առակներով ու զրույցներով, Րաֆֆին գնահատում է որպես եզակի մի երկ, «որ յուր սուր միստիկական ոճով փշրում է իսլամի կրոնական մոլեռանդությունները: Մասնավին թերևս չունի Վոլտերի սիստեման յուր փիլիսոփայության մեջ, այսուամենայնիվ նա կարող է առաջին ազատ հեղինակությունը համարվիլ, ընդդեմ իսլամի սնոտիապաշտությանց» [26]:

Րաֆֆին իր հոդվածներում հիշատակել է նաև Շիրազի անմահ քնարերգու Հաֆեզին, XIX դարի առաջին տասնամյակների անվանի բանաստեղծներ Ղաանիին ու Միրզա Շաֆիին (Վիսալ), իր գեղարվեստական երկերում օգտվել է Ֆարհադ ու Շիրին, Լեյլի ու Մաջնուն սիրավեպերի բանահյուսական տարբերակներից, ըստ Ավագ-խան Ավթանդիլյանի վկայության, ծանոթ է եղել Նուշիրվան արքայի խրատներին:

Վերոհիշյալ բոլոր փաստերը գալիս են վկայելու, որ ի դեմս Րաֆֆու, գործ ունենք մի քաջատեղյակ ու բանիմաց արևելագետի հետ, որի գրական ու գիտական վաստակը այս տեսանկյունից ըստ ամենայնի քննելու պարագային, ավելի պիտի լուսավորվի մեր մեծ վիպասանի պայծառ դեմքը:

РАФФИ О ПЕРСИДСКОЙ КУЛЬТУРЕ И ЛИТЕРАТУРЕ
Резюме

Выдающийся армянский романист Раффи . Мелик-Акопян) многими узами связан с персидской литературой, как и вообще с персидской культурой.

Первые десятилетия его жизни прошли в Салмасте (Иран), где он родился, а ранняя трудовая деятельность связана с городом Тавризом, что дало ему возможность изучить жизнь различных слоев иранского населения, состоящего не только из персов, но и армян, ассирийцев, курдов, белуджев и других народностей.

Персидская тематика занимает значительное место в творчестве Раффи. В его художественных, историографических, публицистических сочинениях сохранились интересные факты, которые свидетельствуют о его глубоких знаниях в области истории древнего и нового Ирана, государственного строя, религиозных общин и сект, народных обычаев, фольклора, литературы и языка. Рассматриваемые факты раскрывают образ Раффи как сведущего востоковеда, великого гуманиста, прогрессивного мыслителя, заинтересованного в просвещении не только родного народа, но и других национальностей, проживающих на территории Ирана.


 



! Տե՛ս «Լրաբեր հասարակական գիտությունների», 1987, 7, էջ 19-26։

[1]     Ավագ Ավթանդիլյան, Պատկերներ Րաֆֆիի կյանքից, Ալեքսանդրապոլ, 1904, էջ 55:

[2]     Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 8, Երևան, 1957, էջ 368:

[3]     Նույն տեղում, էջ 323-324:

[4]     Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 10, Երևան, 1959, էջ 565:

[5]     Նույն տեղում, հ. 8, էջ 613:

[6]     Նույն տեղում, էջ 612-613:

[7]     Նույն տեղում, էջ 547:

[8]     Նույն տեղում:

[9]     Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 2, Երևան, 1983, էջ 16:

[10]   Նույն տեղում:

[11]   Նույն տեղում, հ. 10, էջ 530:

[12]   Նույն տեղում, էջ 413-414 (տողատակի ծանոթագրություն): Նոր Ջուղայում ծնված Միրզա Մելքում խանը, բուն անունով՝ Հովսեփ Մելքումյան (1834-1908): XIX դարի երկրորդ կեսի Իրանի քաղաքական ու մշակութային ակնառու գործիչներից է: Նրա լուսավորական ու հրապարակախոսական գործունեությունը, դրամատուրգիական երկերը, հիմնադրած «Կանուն» պարբերականը նշանակալի դեր են խաղացել Իրանի հասարակական ու քաղաքական կյանքում: Միրզա Մելքում խանի կյանքին ու գործունեությանն է նվիրված 1973 թ. Թեհրանում լույս տեսած դոկտ. Ֆերեջթե Նուրայիի «Միրզա Մելքոմ խան Նիզամ ադ-Դովլեի գաղափարների հետազոտությունը» խորագրով ծավալուն (252 էջ) մենագրությունը: Ըստ Նուրայիի (էջ 109) Միրզա Մելքում խանը 1885 թ. Լոնդոնում իր իսկ ստեղծած պարսկերեն նոր տառերով, բացի Րաֆֆու հիշատակած Սաադիի «Գոլեսթանից», հրատարակել է ևս երկու գրքույկ՝ «Լուսավորություն» և «Մի օրինակ «ադամիյյաթ» («մարդկություն») գրերից»: Պարսկերենի այս նոր, «մալքոմյան» կոչվող, այբուբենը, խարսխված լինելով արաբական ավանդական գրի վրա, գրվում էր ոչ թե աջից ձախ, այլ ձախից աջ, այբուբենի մեջ էին մտցված պարսկերենում գիտակցված բոլոր ձայնավորները, և ի վերջո՝ նոր գրերը գրվում էին ոչ թե իրար հետ ներհյուսված, այլ անջատ, մի հանգամանք, որ պետք է մեծապես նպաստեր պարսկերեն տպագիր խոսքի զարգացմանը, դյուրացներ գրագիտության տարածումը և մշակույթի վերելքը՝ ժամանակի հետամնաց Պարսկաստանում (նույն տեղում, էջ 104):

[13]   «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում », Երևան, 1986, էջ 811:

[14]   Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 9, Երևան, 1958, էջ 81:

[15]   Նույն տեղում, հ. 8, էջ 614-615:

[16]   Նույն տեղում, հ. 9, էջ 142:

[17]   Նույն տեղում:

[18]   Նույն տեղում, հ. 8, էջ 615:

[19]   Նույն տեղում, հ. 9, էջ 189:

[20]   Նույն տեղում:

[21]   Նույն տեղում, հ. 2, էջ 40:

[22]   Նույն տեղում, հ. 8, էջ 687:

[23]   С. Назарянц, Абул-Касем Фердауси Тусский творец книги царей, известной под названием «Шах-Намэ», кн. 1-2, М., 1849-51.

[24]   Տե՛ս Բ. Լ. Չուքասզյան, Հայ-պարսկականք («Մերձավոր և միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Իրան» (ժողովածու), Երևան, 1969, էջ 207-217):

[25]   Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 8, էջ 615:

[26]   Նույն տեղում: