ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ՈՒՐԲԱԹԱԳՐՔԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՈՒՐԲԱԹ» !

Վենետիկ… Աշխարհի համար հայտնի որպես ջրանցքների ու պալատների գեղեցկուհի քաղաք, լուսաշող անուն մեր ժողովրդի մշակույթի պատմության համար։

Յուրաքանչյուր հայ մտավորական, մասնավորաբար բանասեր-գրականագետ, իր հոգու աշխարհում յուրովի կերտած ունի Վենետիկի պատկերը, ինձ համար դա առաջին հերթին ջրանցքների ու շքեղ կառույցների պաստառի վրա ուրվագծվող, այս քաղաքում տպագրված հայերեն առաջին գրքերն են իրենց հրատարակչի՝ համեստաբար իրեն «Մեղապարտ» անվանող Հակոբի, պայծառ կերպարանքով, դա անմահանուն Մխիթար Աբբահոր լուսաշող դեմքն է, իր ստեղծած միաբանությամբ, դա Մուրատ Ռաֆայելյան վարժարանն է, իր հռչակավոր սաներով։ Այս պատկերը չի փարատվում անգամ, երբ քեզ բախտ է վիճակվում անձամբ լինել Ադրիատիկի ափերին և ըմբոշխնել Վենետիկի աշնանային մշուշապատ գեղեցկությունը։

Սուրբ Մարկոսի հրապարակ. նայում ես քո չորս բոլորը, տեսնում ճարտարապետական հիասքանչ կոթողը, բայց դա մի պահ է միայն, ինքնաբերաբար սկսվում են մտորումներ. այս վայրերում քայլել են մեր պատմության ու գրականության մեծանուն կերտողները՝ «Հայկազեան» փառահեղ բառարանի հեղինակներ Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը եւ Մկրտիչ Ավգերյանը, մեծանուն պատմաբան Միքայել Չամչյանը, Ավարայրի Բլբուլ Ղևոնդ Ալիշանը, հայագետ ու թարգմանիչ Արսեն Ղազիկյանը և հայ նոր դպրության ու մշակույթի շատ ու շատ այլ երախտավորներ։

Քայլում ես Վենետիկի նեղ փողոցներով, նավակներով սահում ջրերի վրայով, շրջում թանգարաններում և դու, հայ մարդ ու հայ բանասեր, չես կարող անընդհատ չվերադառնալ դեպի անցյալը, թե հայազգի Հակոբը 16-րդ դարում որտեղի՞ց եկավ հասավ Վենետիկ և ձեռնամուխ եղավ հայերեն գրքերի տպագրության։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյո՞ք պահպանվել է այն շենքը, որտեղ տպագրվել են մեր առաջին գրքերը, արդյո՞ք Հակոբ Մեղապարտը սեփական տպարան ունեցե՞լ է, թե օգտվել որևէ վենետիկցի տպագրիչի ընձեռած հնարավորություններից։ Սակայն պատմությունը առայժմ այս բոլորի մասին լռում է։ Անգամ մինչև հիմա պարզված չէ, թե Հակոբ Մեղապարտը ո՞վ է եղել, ինչո՞վ է զբաղվել։ Բայց որ նա գրագետ մարդ է եղել, հայրենասեր, լուսավոր ու պայծառ մի անձնավորություն, անառարկելի է։

Յոհան Գուտենբերգի տպագրության հանճարեղ գյուտից մի քանի տասնամյակներ էին անցել, իտալական քաղաքները, մասնավորաբար Վենետիկը, արդեն դարձել էին տպագրական գործի կարևորագույն կենտրոններ, երբ Վենետիկի հայ սակավաթիվ գաղութի երկնակամարում երևան է գալիս հայոց առաջին տպագրիչը։ Իր ժողովրդի լուսավորության ճակատագրով մտահոգված հայորդին քաջ գիտակցում է գուտենբերգյան գյուտի մշակութային վերափոխիչ դերը համաշխարհային զարգացման բնագավառում, ուստի չի ցանկանում, որ իր ժողովուրդը ետ մնա քաղաքակրթության քարավանից և ձեռնամուխ է լինում հայերեն գրքերի հրատարակության։

Իսկ Հակոբը ինչի՞ց պետք է սկսեր, առաջինը ի՞նչ գիրք պետք է հրատարակեր, որպեսզի իր շրջապատում հետաքրքրություն ստեղծեր հայ մարդուն անծանոթ տպագիր գրքի նկատմամբ։ 16-րդ դարի առաջին կեսերից Վենետիկի հայկական գաղութը հավանաբար բաղկացած է եղել տեղում հաստատված հայ վաճառականներից ու արհեստավորներից, և Արևելք-Արևմուտք առևտրական քարավանային ճանապարհների վրա երթևեկող հայերից, որոնք և հանդիսանում էին հիմնական կապը հայրենի երկրի հետ։ Սրանք էլ պետք է լինեին Հակոբի գրքերի առաջին ընթերցողները, մարդիկ, որոնց պետք է հետաքրքրեին ոչ թե պաշտամունքային ու խրթին բովանդակությամբ գիտական գրքերը, այլ այնպիսիք, որոնք բավարարում էին նրանց առօրյա, առտնին պահանջները։ Մի երկրից մյուսը ճամփորդող, անընդհատ շարժման մեջ գտնվող միջնադարյան հայ վաճառականը, որ ենթակա էր հազար ու մի արկածի ու վտանգի, հարձակումների ու կողոպուտի, բնության արհավիրքների ու հիվանդությունների, ինքնըստինքյան միշտ ապավինել է գերբնական ուժերի մեծահոգությանը, նրանց խղճին, որի համար դեռևս հին ժամանակներից միշտ իր հետ կրել է զանազան աղոթքներ, չարը խափանող ու բարին հաստատող պահպանակ-գրեր, հմայիլներ։ Ժամանակի ընթացքում այս տեսակի գրականությունը վերածվել է առանձին գրքույկների ու ժողովածուների, որոնցից առավել մեծազոր է համարվել, ըստ երևույթին, Ուրբաթագիրք խորագիրը կրող ժողովածուն, որտեղ ամփոփված առանձին առասպելախառն պատմություններ, չափածո աղոթքներ, պահպանակ-գրեր հանդիպում են ավելի վաղ կազմված ձեռագիր ոսկեփորիկների, այլևայլ ժողովածուների ու տաղարանների մեջ։

Այս նկատառումներով էլ պիտի բացատրել, որ Հակոբ Մեղապարտը 1512 թ. առաջինը տպագրում է Ուրբաթագիրք ժողովածուն։ Այս խորագրով ձեռագիր ժողովածուներ արդեն գոյություն ունեին 15-րդ դարում (մեզ հայտնի հնագույն օրինակը Մաշտոցյան Մատենադարանի 3248 թվահամարի մատյանն է, որ կրում է 1476 թվականը)։

Ժողովածուն Ուրբաթագիրք խորագիրն է ստացել թերևս այն պատճառով, որ այնտեղ ընդգրկված նյութերից առաջինը ունեցել է «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցւոյն…» սկսվածքը։

1512-1514 թվականներին Հակոբ Մեղապարտը հրապարակի վրա է դնում ևս չորս անուն գիրք՝ Պատարագատետր, Պարզատումար, Աղթարք և Տաղարան ։

Հայերեն հնագույն գրքերի տպագրությունը, ժամանակի հանգամանքները նկատի ունենալով, որակյալ է, մաքուր և կանոնավոր, հիմնականում պահպանված են բառանջատումները, սակավ են սխալները, հնարավորության սահմաններում տպագրական տառերը նմանեցված են ժամանակի ձեռագիր բոլորագրին, գրչագիր մատյանների հետևողությամբ էջերը զարդարված են խորաններով, թռչնագրերով, լուսանցազարդերով, տպագրությունը կատարված է երկգույն՝ սև ու կարմիր։

Հայերը Արևելքի առաջին ժողովուրդներից էին, որ հրապարակի վրա դրին իրենց մայրենի լեզվով տպագրված առաջին գրքերը. նրանք էին նաև առաջինը, որ փոքր-ինչ ավելի ուշ՝ 1638 թ. Միջին Արևելքում (Նոր Ջուղա) հիմնադրեցին առաջին տպարանը։

Հակոբ Մեղապարտի գործը անծանոթ պատճառներով ընդհատվեց. միայն 1565 թվականին Աբգար Դպիր Եվդոկիացու ջանքերով վերսկսվեց հայերեն գրքերի հրատարակությունը։ Իսկ ավելի ուշ, Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում այնպիսի հիմնավոր լուսավորական ու հրատարակչական գործ հիմնադրեց, որ երեք հարյուր տարի անընդմեջ ծառայում է մեր ժողովրդի լուսավորության հայրենանվեր գործին՝ հրապարակի վրա դնելով Մխիթարյան հայրերի դարակազմիկ աշխատությունները։

Մխիթարյան միաբանությունը այս օրերին, ինչպես մեր ողջ ժողովուրդը, ծանր ապրումների ու հոգսերի մեջ է։ Նրանք ակնդետ հետևում են Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, սրտատրոփ լուրեր սպասում Արցախից, նրանք են, որ իրենց վրա են վերցրել ահավոր երկրաշարժից տուժածների համար Իտալիայում կազմակերպված օգնությունը հավաքելու և հայրենիք առաքելու հիմնական գործը։ Անցյալ տարի Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը մեկ ամիս շարունակ իր կամարների տակ էր հյուրընկալել աղետից տուժած երեխաների մի մեծ խումբ։ Չնայած ստեղծված ծանր պայմաններին, շարունակվում է Մխիթարյանների լուսավորական-հրատարակչական գործունեությունը։

Հայագիտության ժամանակակից վերելքը այժմեական են դարձրել մեր ձեռագիր ու տպագիր եզակի հուշարձանների նմանահանությունների հրապարակումը։ 1975 թ. Մաշտոցի անվան մատենադարանի նախաձեռնությամբ Գ. Կյուլպենկյան հաստատությունը Վենետիկում, Մխիթարյանների տպարանում, իրականացրեց հայերեն առաջին տպագիր գրքերից երկուսի՝ Ուրբաթագրքի և Տաղարանի նմանահանությունների հրատարակումը, իսկ Պարզատումարի նմանահանության հրատարակությունը ստանձնել է Հայաստանի գրքասերների «Դպրություն» ընկերությունը։

 


 



! Տե՛ս «Ուրբաթ», 1990, 3, մայիսի 4, էջ