ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՂԻԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ (ԿԱՐՆԵՑՈՒ) ԳՐԱԴԱՐԱՆԸ !

Հայկական վանքերին ու եկեղեցիներին առընթեր գոյություն ունեցող մեծ ու փոքր գրատների, ինչպես և մասնավոր անձանց սեփականությունը հանդիսացող գրականության ցուցակներ ու ցանկեր վաղ ժամանակներից մեզ չեն հասել։ Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի հարուստ հավաքածոներում գրանցված գրացուցակներից հնագույնը 1411 թվականից է, որտեղ հիշատակված են սբ. Ստեփանոս վանքի գրչագիր մատյանները [1] ։ Առավել սուղ են մինչև XIX դ. անհատական գրադարաններում պահվող գրականության վերաբերյալ տեղեկությունները։ Իհարկե, թերթելով հայ հին ու միջնադարյան մատենագիրների երկերը, հնարավոր է վերականգնել նրանց օգտագործած առանձին աղբյուրներ, սակայն որոշակիորեն մեզ հայտնի չէ դրանցից դուրս նրանց ընթերցանության առարկա հանդիսացած գրական ու գիտական այլ գրքերի բնույթը։

Այս առումով ուշադրության է արժանի Եղիա Մուշեղյանի (1689-1750՞) գրադարանի գրքերի և ձեռագիր մատյանների ցուցակը, որը նրա գրական ու նամակագրական ժառանգության և առևտրական գործարքների փաստաթղթերի հետ մեկտեղ պահվում է Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվում [2] ։

Այս արխիվում պահվող Եղիա Մուշեղյանի անձնական գործի մասին առաջին անգամ համառոտ տեղեկություններ են հաղորդված 1833 թ. Մոսկվայում հրատարակված «Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը վերաբերող ակտերի ժողովածուի» առաջին մասում [3] ։ Եղիայի դիվանի նյութերի փաստացի օգտագործումը սկսվել է մեր դարի 20-ական թվականներից։ Պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը առաջինն էր, որ 1921 թ. այդ դիվանից նյութեր է հրապարակում իր «Հայ-ռուս օրիենտացիայի ծագման խնդիրը» աշխատության մեջ [4] ։ Խոսելով Եղիա Մուշեղյանի գրագրությունների մասին, Ա. Հովհաննիսյանը ավելի ուշ, 1959 թ., գրել է, որ դրանք «պարունակում են փոթորկահույզ այդ ժամանակվա Իրանի տնտեսական ու քաղաքական պատմությունը լուսաբանող հարուստ և անգնահատելի նյութեր» [5] ։ Հաջորդը Հ. Ոսկյանն էր, որ 1927 թ. «Հանդես ամսօրյայում» առանձին հատվածներ է հրապարակում Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում պահվող Մուշեղյանի հուշամատյանից՝ «Պատմութիւն իմն կարճառօտ ի վերայ անձկութեանց Եղիայիս Աստուածատուրեան Մուշեղանց, զորս կրեցի ի ազգէն ֆռանկաց, մանաւանդ ի խաբեբայ կրօնաւորացն նոցա և ի սուտ եխպայրց և բարեկամ կոչեցելոց» [6] (համառոտության համար այսուհետև Եղիայի պատմությունը պայմանականորեն անվանում ենք «Հուշամատյան»)։ Այս ձեռագրի նկարագրությունը 1963 թ. Ոսկյանը տվել է Վիեննայի Մխիթարյան մատենադարանի ձեռագրացուցակում [7] ։ Եղիա Մուշեղյանի ժառանգության ուսումնասիրման բնագավառում կարևոր ավանդ ունի պրոֆ. Աշոտ Աբրահամյանը, որը 1937 թ. Դ. Գաբրիելյանի հետ մեկտեղ սկսել են հետազոտել Մոսկվայում պահվող Մուշեղյանի արխիվը։ 1953 թվականից Ա. Աբրահամյանը իր ուսումնասիրություններում և հրապարակումներում գիտական շրջանառության մեջ է դրել Եղիայի դիվանի նյութերը, գրել է համառոտ կենսագրությունը, որը նրա նամականիի հետ մեկտեղ լույս է ընծայել 1968 թ. ՝ «Եղիա Կարնեցու դիվանը» խորագիրը կրող հատորում [8] ։ Եղիայի դիվանից հրապարակումներ են կատարել ադրբեջանցի բանասերներ Միրալի Սեիդովն ու Աքպեր Երևանլին, նրա ժառանգությանն են անդրադարձել նաև Համիդ Արասլին և Բախտիար Հովակիմյանը [9] ։

Եղիան ծնվել է Կարինում, 1689 թ., խոտրջուրցի վաճառական Մուշեղանց Աստվածատուրի ընտանիքում։ Տիրացու Մինասի մոտ գրաճանաչություն ձեռք բերելուց հետո իր ուսումը նա շարունակել է «ամենայն վարուք բարեգործ և բարեկենցաղ և կատարեալ ամենայն գրոց» գրավաճառ ու կազմարար տիրացու Գրիգորի մոտ։

XVIII դ. առաջին տասնամյակներում Կարինում և ընդհանրապես Մերձավոր ու Միջին Արևելքում գործող կաթոլիկ հոգևորականները իրենց գիտելիքներով, ժողովրդի նկատմամբ առերևույթ ցուցաբերվող ուշադրությամբ, բարեպաշտությամբ ընդգծված կիրթ ու քաղաքավարի վերաբերմունքով կարողացել էին թուրք-պարսկական լծի տակ հեծող, լուսավորության կարոտ հայ բնակչության մեջ որոշակի հեղինակություն ձեռք բերել։ Դրանով պիտի բացատրել այն հանգամանքը, որ առանձին հայ լուսավորչական ընտանիքներ իրենց զավակների կրթությունը վստահում էին նրանց։ Այս նույն ուղիով է ընթացել Եղիայի հորեղբոր որդին՝ Ղազար Մարգարյանը, որը Եղիայի հոր՝ Աստվածատուրի անժամանակ մահից հետո (1705) ստանձնել էր նրա խնամակալությունը։ Մարգարյանը Եղիային ուսման է հանձնել Կարին հաստատված անվանի աստվածաբան Պետրոս Ռիքարտին, որը ուշիմ ու ընդունակ պատանուն կարողացել է շատ հեշտությամբ դավանափոխ անել. Եղիան դարձել է մոլեռանդ կաթոլիկ և զբաղվել քարոզչությամբ։ Պետրոս Ռիքարտը նրան կարգել է դպրապետ։ Սակայն կարիքը ստիպել է Եղիային թողնել քարոզչական աշխատանքը և Ղազարի հետ դուրս գալ վաճառականության։

Եղիայի դավանափոխության և ողջ հոգով կաթոլիկներին հարելու հողը նախապատրաստվել էր դեռևս հոր կենդանության օրոք՝ կազմարար Գրիգորի մոտ սովորելիս։ Ինչպես ինքը՝ Եղիան է պատմում իր կյանքի վերջին տարիներին գրած «Հուշամատյանում» [10], նա Գրիգոր վարժապետից հաճախ էր լսել, որ «մեր ազգն ի մէջ մոլութեան և սխալանաց են. ճշմարտութիւն է ի մէջ ֆռանկաց» (էջ 6ա), իսկ հայրը, որ ֆռանկների հետ առևտրական կապեր է ունեցել, միշտ գովաբանել է նրանց, ասելով, որ «ո՛չ խոսին սուտ, ո՛չ երդնուն, ո՛չ խաբեն»։ Ի հավելումն սրանց, Արևելքի շուկաներում մեծ հռչակ ձեռք բերած եվրոպական զանազան ապրանքները շլացրել էին միամիտ պատանուն, որը, տեսնելով այդ «իստակ, հաստատ, գեղեցիկ, անհասանելի, հնարագործ և հնարագիւտ» իրերը, եզրակացրել էր, թե եթե աստված նրանց հետ չլիներ, «ոչ տայր նոցայ այնքան շնոր, որ այսքան զարմանալի իրս յելանէ ի ձեռաց նոցայ» (էջ 7ա)։ Այս բոլորը, ինքնաբերաբար, խորը կնիք էին դրել դեռատի Եղիայի հոգում, և նա երազներ էր փայփայել՝ գնալ «Ֆռանկների աշխարհը», շարունակել իր կրթությունը։ Այդ տարիների իր տրամադրությունների մասին Եղիան «Հուշամատյանում» գրել է, որ նա երազել է թռչնի թևեր ունենալ, «զի թռուցեալ գնայի անդ, բնակէյի ի մէջ ճշմարտութեան, յուսանէյի ամենայն գիտութիւն, լնանէյի ամենայն շնորհիւ, ապրէյի ապահօվ՝ ի վեր, քան զամենայն» (էջ 7ա)։

1705-1717 թթ. Եղիան շրջել է Ռուսաստանում, Պարսկաստանում, Օսմանյան կայսրության մեջ. եղել է Շամախիում, Մոսկվայում, Աստրախանում, Թավրիզում, Սպահանում, Բաղդադում, Հալեպում, Իզմիրում, Կոստանդնուպոլսում և այլ վաճառաշատ քաղաքներում։ Այդ տարիներին է, որ նա ծանոթանում և կապեր է հաստատում Իսրայել Օրու (վխճ. 1711 թ. ) պարսկական դեսպանության երբեմնի պաշտոնյա ֆրանսիացի Պոռեկարի (Բերգարի) հետ, իսկ 1717 թ. սկզբներից ծառայության է ընդունվում վերջինիս տնօրինության տակ գտնվող Արևելահնդկական ընկերության Թավրիզի մասնաճյուղում։

1721 թ. ապրիլի 27-ին Թավրիզում մեծ երկրաշարժ է տեղի ունենում, հազարավոր մարդիկ են մնում փլատակների տակ, ահռելի է լինում նաև նյութական վնասը, քաղաքի բնակիչները սարսափահար պատսպարվում են մերձակա բնակավայրերում։ Թավրիզից շտապ հեռանում են նաև Արևելահնդկական ընկերության օտարերկրյա ծառայողները, ինչպես նաև կաթոլիկ հայրերը։ Եղիան, չնայած իր գործընկերների հորդորներին, մնում է Թավրիզում և աշխատում է ընկերության հարստությունը և իր ունեցվածքը դուրս բերել փլատակների տակից։ Եղիայի համար սկսվում են ծանր ժամանակներ։ Թավրիզում ընկերության առևտրական գործունեությունը փաստորեն կանգ է առնում, Պոռեկարը փոխադրվում է Սպահան, այնուհետև Հալեպ և նամակներով Եղիայից պահանջում է պարտատերերից հավաքել ընկերության ստանալիքները և ուղարկել իրեն, իսկ մյուս կողմից Եղիային պահանջներ են ներկայացնում ընկերության պարտապանները։

Ըստ երևույթին այս ժամանակներում էլ Եղիան ծրագրեր է փայփայում իրականացնելու պատանեկան տարիների իր երազանքը՝ գնալ Եվրոպա, ազատվել բոլոր մտահոգություններից և զբաղվել իր սիրած գրական աշխատանքներով։ Եվ ահա, 1722 թ., երբ նա կարճ ժամանակով գտնվում էր Սպահանում, Շահ Սուլթան Հոսեյնը դոմինիկյան միաբանության անդամ պատրի Թադեոսին հանձնարարում է իր ուղերձները տանել եվրոպական պետությունների ղեկավարներին։ Իմանալով այդ, Եղիան թախանձում է պատրի Թադեոսին ուղեկցել նրան և «մտանել առ այն արքայութիւնն», որին տենչացել է «ի մանկութենէ» (էջ 41ա), սակայն վերջինս մերժում է նրան և կշտամբում այդպիսի հավակնության համար, որովհետև պատրին ցանկանում էր միայնակ ստանալ «շնորհն թագաւորաց» (էջ 41բ)։

Վաճառականությամբ զբաղվելու տասներկու երկար տարիների ընթացքում, ինչպես նաև Արևելահնդկական ընկերության մեջ ծառայելու ժամանակ Եղիան իր կապերը չէր խզել կաթոլիկ շրջանների հետ, անգամ Պոռեկարի զգուշացումից հետո էլ, թե՝ «Զի՞նչ է այդ քո արարն, խելքդ դրել ես ընդ նոսայ, հեռու կաց ի նոցանէ, որ ոչ կորնչիս» (էջ 26բ), նա շարունակում է կույր հավատք ունենալ դեպի պապականությունը և նրա ներկայացուցիչները, որովհետև ինչպես հետագայում ինքն իսկ խոստովանում է, նա հավատացած է եղել, «թէ փափն յում որ կամի առաքել արքայութիւն՝ յառաքէ, և յում որ կամի առաքել դժոխս՝ առաքէ։ Ոչ թէ միայն հաւատայի, շարունակում է Եղիան, թէ միայն փափն ունի կարողութիւն զայս առնել, այլև ամենայն պատրիսն նորայ՝ առաքեալքն ի նմանէ» և «վասն այնորիկ առժամայն կատարէյի զնոսայ թէ՛ հոգևոր և թէ՛ մարմնաւորաց իրաց, ոչ քննէյի լաւն և զվատն, օգուտն և զվնասն, եթէ ասէյին խաւարին լոյս, լուսին՝ խաւար, այնպէս հաւատայի զինչ ասացից առաւել կարգաւորս…» (էջ 25բ-26ա)։ Եղիան, ուր էլ որ լիներ, աշխատում էր սերտ կապեր հաստատել տեղի կաթոլիկ հայրերի հետ և հնարավոր բոլոր միջոցներով, մինչև իսկ երբեմն իր կյանքն ու գույքը վտանգի ենթարկելով, սատար էր լինում նրանց գործունեությանը՝ պատրանք ունենալով, որ թուրք-պարսկական լծից հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է միայն քրիստոնյա Եվրոպայի օգնությամբ։ Իսկ պարզամիտ երիտասարդի պատկերացմամբ եվրոպական քրիստոնյա աշխարհը միասնական շահերով ապրող մի ամբողջություն էր, որ պետք է մտահոգված լիներ մահմեդական լծից Արևելքի քրիստոնյաների, այդ թվում և հայերի փրկությամբ. «Ես,   գրում է Եղիան իր կյանքի վերջին տարիներին, միամիտ կարծէյի, թէ ամենից քրիստոնէյից թագաւորքն միաբանին վասն այս գործոցն օկտութեան, վասն ռուստի գալն ի վերայ պարսից» (228բ)։

Այս մոլորություններից Կարնեցին շատ ուշ է ձերբազատվում՝ տարիների դաժան փորձով աստիճանաբար հասկանալով Արևելքի նկատմամբ եվրոպական պետությունների գաղութակալական քաղաքականության բուն էությունը։

Թավրիզում պաշտոնավարելու տարիներին՝ 1717-1723 թթ. Եղիա Մուշեղյանը իր գործարարությամբ և լեզուների իմացությամբ մեծ հեղինակություն է ձեռք բերում տեղական իշխանությունների մոտ և ճանապարհ է հարթում դեպի Շահ Թահմազի արքունիքը։ Այդ տարիներին պարսից Շահ Սուլթան Հոսեյնի որդի Թահմազը խույս էր տվել Սպահանը գրաված աֆղաններից և, իրեն շահ հայտարարելով, ապաստանել էր Ատրպատականում։ Շահ Թահմազը որոշում է իշխանության բարձրանալու մասին ուղերձներ ուղարկել Եվրոպա՝ Կարլոս VI-ին, Լյուդովիկոս XV-ին և Հռոմի պապին։ Ուղերձները Եվրոպա տանելու համար կազմվում է հատուկ պատվիրակություն, որը պիտի գլխավորեին Սեյիդ Համզե բեկը, քափուչին պատրի Հովհաննեսը և Եղիա Մուշեղյանը [11] ։ Ինչպես պարզվում է Եղիայի նամակներից ու իր «Հուշամատյանից», պատվիրակության փաստացի ղեկավարը ինքն է լինում, ուստի և Շահ Թահմազի հանձնարարությունը կատարելու համար որոշում է պարսկական պատվիրակությունը Եվրոպա առաջնորդել ոչ թե Թուրքիայի վրայով (պատճառաբանելով, որ ճանապարհները վտանգված են), այլ Ռուսաստանի։ Այս դեպքում նա հոգու խորքում հույս էր փայփայում, որ Ռուսաստանում հնարավորություն կունենա հանդիպելու Պետրոս Առաջինին և նրան ներկայացնելու թուրք-պարսկական լծից հայ ժողովրդի ազատագրման իր ծրագրերը։ Բայց թե Եղիան ի՛նչ ծրագրեր ուներ և ի՛նչ մասնակցություն է ունեցել ժամանակի հայ ազատագրական շարժումներին, առայժմ հայտնի չէ, միայն իր և, ընդհանրապես, հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման մասին նա արժեքավոր գրառումներ է կատարել հիշյալ «Հուշամատյանում». «Թէպէտ վաղուց գիտէյի,   գրում է Եղիան, թէ Պետրոս թագաւորն գալոց է փրկել զազգն մեր, բայց առաչի անգամն, որ գնացի Շամախի [1705 թ. ] և հաստատությամբ լսեցի, թէ ամենևին ռուստ թագաւորն գալոց է առնուլ յերկիրն Պարսից, վասն փրկելւոյ զմեզ, առժամայն ուխտ եդի յանձին իմոյ ասել ամենայն յաւուր հինկ հայր մեր և հինկ ողջոյն Մարիամ… այսու դիտավորությամբ, թէ՝ Տէր Աստուա՛ծ, զմի ի տասանց կենացն իմոց հա՛տ յինէն և դի՛ր ի վերայ կենացն Պետրոս թագաւորին, Տէ՛ր, տո՛ւր նմա առաւել կարողութիւն, զօրութիւն, որ ամենայն յաջողութեամբ գայ և ազատէ զմեր ազգն» (էջ 226ա, 226բ), այնուհետև նա ավելացնում է. «էյի ազգաւ հայ և որ վաղուց գիտէյի այտ գործն, թէ ռուս թագաւորն կամի ազատել զազգն իմ տառապեալ... ։ Ոչ թէ միայն ես գիտէյի զայտ գործն, այլև ամենայն ազգն իմ, այր և կին, ծեր և տղայ, և ամենեքեան յայտնապէս խօսէյին և ոչ ի ծածուկ» (էջ 226բ, 227ա)։

Եղիայի եվրոպական առաքելությունը տապալվում է Թավրիզ նստող քափուչին պատրի Բեռնարտոսի և պատվիրակության կազմի մեջ մտնող լեհ քափուչին պատրի Հովհաննեսի խարդավանքների հետևանքով. 1724 թ. կեսերին, երբ պատվիրակությունը հասնում է Ռուսաստան, Եղիան զրպարտվում է որպես պարսկական լրտես և ձերբակալվում։ Տասներեք տարի բանտերում և աքսորում տառապելուց հետո, ի վերջո, հաստատվում է նրա անմեղությունը և, կալանքից ազատվելով, մեկնում է Եվրոպա, հույս ունենալով իր երբեմնի բարեկամների միջոցով վերստանալ կորցրած կարողությունը, դիրքն ու աշխատանքը։

Եղիան Ռուսաստանից անցնում է Լեհաստան, երկու տարի այնտեղ մնալուց հետո, Դանիայի և Հոլանդիայի վրայով գնում է Ֆրանսիա, այնուհետև՝ Իտալիա, շատ դռներ է թակում, շատ իշխանավորների մոտ լինում, փորձում է հանդիպել Արևելահնդկական ընկերության Փարիզի կենտրոնական վարչության պատասխանատու պաշտոնյաներին, ֆրանսիական պետական գործիչներին, Հռոմի պապին, պատմել տարիների իր անկաշառ ծառայությունների, նրանց պատճառով կրած զրկանքների մասին, սակայն նրան ոչ ոք ըստ ամենայնի չի ընդունում, ոչ ոք չի ունկնդրում, ընդհակառակը, խորհուրդ է տրվում վերադառնալ Պարսկաստան և տեղի միսիոներների միջնորդությամբ լուծել իր հարցերը։ Ճարահատյալ Եղիան նորից բռնում է Պարսկաստանի ճամփան, որտեղ, իշխանությունն արդեն անցել էր Նադիր շահին, իսկ Շահ Թահմազի մտերիմներն ու գործակիցները հետապնդվում էին։ Եղիան, վերադառնալով Պարսկաստան, գնում է մինչև Մաշհադ քաղաքը Նադիր շահին հանդիպելու և պարսկական իշխանություններին պահ տված իր հարստությունը (շուրջ 500 թուման) նրանից ստանալու։ Այդ ժամանակ Նադիր շահը դեռևս չէր վերադարձել հնդկական իր արշավանքներից։ Բարեկամների խորհրդով Կարնեցին հրաժարվում է Նադիրին հանդիպելու մտադրությունից և նորից փորձում է ապավինել Սպահանում ու Թավրիզում գտնվող կաթոլիկ պատրիներին, բայց նրանք ևս թշնամաբար են ընդունում նրան։ Եղիան մատնվում է անել վիճակի։ Հուսահատ ու ընկճված, կորցրած և՛ դիրք, և՛ կարողություն, նա որոշում է վերադառնալ իր ծննդավայրը՝ Կարին, որտեղ և վերջնականապես կապերը խզում է կաթոլիկների հետ։

Երբ 1743 թ. Եղիան ոտք է դնում հայրենի քաղաքը, արդեն մահացած են լինում մայրը, եղբայրները։ Նա օթևանում է իր հոգևոր քրոջ մոտ։ Կաթոլիկ կղերը այստեղ ևս նրան հանգիստ չի տալիս. հարազատներին գրգռում է նրա դեմ, բանսարկություններ է անում հայերի շրջանում՝ խոսք տարածելով, թե իբր նա է խանգարել ռուսների առաջխաղացմանը դեպի Հայաստան, մյուս կողմից՝ Պոռեկարի պարտքատերերը նրանից են պահանջում իրենց ստանալիքները, որովհետև Եղիան երիտասարդ տարիներին միամտություն էր ունեցել Պոռեկարի փոխարեն ինքը ստորագրել պարտամուրհակները։ Այս բոլորը ստիպում են ձախողակ վաճառականին ու դիվանագետին Կարինից խույս տալ, այս անգամ արդեն փոխադրվել պապենական գյուղ՝ Խոտրջուր, որտեղ 1747-ին ձեռնամուխ է լինում իր հուշերի շարադրմանը։

Եղիա Կարնեցին դեռևս պատանեկան տարիներից գիր ու գրականության նկատմամբ մեծ հակումներ է ունեցել, հրապուրվել է լեզուների ուսումնասիրությամբ (սովորել է լատիներեն, ֆրանսերեն, մասամբ պարսկերեն, լեհերեն ու ռուսերեն, մայրենի լեզվի պես իմացել է թուրքերեն)։ 1717 թ. հետո, երբ նա հաստատվում է Թավրիզում, ավելի հետևողականորեն է սկսում զբաղվել գրականությամբ. ձեռնամուխ է լինում թուրքերեն (արևելյան) հայերեն բառարանի կազմությանը, գրի է առնում հայ և ադրբեջանական բանահյուսության առանձին արժեքավոր նմուշներ՝ վիպական զրույցներ, առակներ, տաղեր, կազմում է առօրյա կարիքների համար անհրաժեշտ գիտելիքների և ժամանցային բնույթի հնարամիտ թվաբանական խնդիրների ժողովածու։ Ուշադրության է արժանի նրա կազմած տաղարանը, որտեղ հավաքված նյութերի մեծ մասը ադրբեջաներեն է և հիմնականում սուֆիական աղանդավորական բովանդակություն ունի։ Ըստ երևույթին տաղարանում ընդգրկված բանաստեղծությունների ընդվզողական բնույթը համահունչ է եղել Եղիայի այդ տարիների տրամադրություններին։ Այս տաղարանի շնորհիվ կորստից փրկվել են հայազգի Միրանի, ադրբեջանական բանաստեղծներ Նասիմիի, Խաթայիի, Ղովսիի և այլոց առանձին արժեքավոր ստեղծագործությունները, Քյոր-օղլու վիպասքի հնագույն տարբերակներից մեկը։

Ստանձնելով Շահ Թահմազի հանձնարարությունը՝ գլխավորելու Եվրոպա ուղևորվող պարսկական պատվիրակությունը, Եղիա Մուշեղյանը հավանաբար նպատակ է ունեցել երկար մնալ Եվրոպայում և, շարունակելով առևտրական գործունեությունը, միաժամանակ իրականացրել իր ծրագրերը գիտական ուսումնասիրության վերաբերյալ։ Սրանով իսկ պիտի բացատրել, որ ճանապարհ ելնելով, նա իր հետ է վերցնում առևտրական գործարքների վերաբերյալ ունեցած փաստաթղթերը՝ հաշվեմատյանները, մուրհակները, տարբեր ժամանակներում գրած հարյուրավոր նամակների պատճենները, ստացած նամակները, իր գրական գործերը՝ հավաքած բանահյուսական հարուստ նյութերը, կազմած տաղարանը, բժշկական նյութերի ժողովածուն և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Այս բոլորը 1724 թ. ձերբակալման ժամանակ բռնագրավվել և հետագայում հանձնվել է Ռուսաստանի արտաքին նախարարության դիվանին, որով և կորստից փրկվել և մեզ է հասել Եղիայի արտակարգ հարուստ ու հետաքրքիր, իր տեսակի մեջ եզակի արխիվը։

Նշված նյութերից այստեղ քննության ենք առնում Կարնեցու գրադարանի ցուցակը, որով հնարավոր է լինում պարզել XVIII դ. առաջին տասնամյակներում ոչ միայն Եղիա Կարնեցու, այլև ժամանակի փոքր-ինչ լուսավորված անհատների գրական հետաքրքրությունների շրջանակները, հրապարակի վրա գտնվող գրականության բնույթը։ Պահպանված վավերագրերից պարզվում է, որ Եղիան քաջ գիտակցել է գրքի կարևորությունը իր ինքնազարգացման, ապագա գրական ծրագրերի իրականացման համար և պարբերաբար աշխատել է հարստացնել իր գրադարանը՝ ժամանակի չափանիշներով մեծ գումարներ հատկացնելով գրքեր ձեռք բերելու նպատակին։

Եղիան երեք տարբեր առիթներով կազմել է իր գրքերի ցուցակը. առաջին անգամ 1720 թ. ապրիլի 30-ին, երբ նա դրանք ցուցակագրում է, համարակալում և կնքում, որպեսզի հիշի, թե ում է գիրք տվել և կարողանա ետ պահանջել, «քանզի կամ անիրաւաբար են առեալ, կամ խնդրել են ընթեռնուլ և յետ տալ, և ոչ են տվել յետ» [12] ։ 1721 թ. Թավրիզի մեծ երկրաշարժից հետո Եղիան փլատակների տակից դուրս բերած իր տան ապրանքները և Արևելահնդկական ընկերության Թավրիզի մասնաճյուղի ունեցվածքը ի պահ էր տվել նույն ընկերության տեղացի աշխատակից Ալինաղիին և մեկնել Սպահան։ Վերադարձից հետո Ալինաղին շատ բան է յուրացրած լինում, և Եղիան երկար ժամանակ, իշխանությունների աջակցությամբ, պայքար է մղում ետ ստանալու նրան վստահված ապրանքները։ Այդ կապակցությամբ 1723 թ. հուլիսի 21-ին Թավրիզում կազմում է մի նոր ցուցակ, հետևյալ բացատրությամբ. «Յամի տեառն 1723, յուլիսի 21, Թարվեզ։ Գրեցի ինչ որ տան ապրանք ունէյի։ Յետ յերկրաշարժէն և գողն տարածէն ինչ որ յետ էր մնացել ամենն մի ըստ միոջէ գրեցի։ Այսօր, որ է թիւն 1724 ապրիլի 26-ումն, նորոգեցի տեղս, գրեցի մի ըստ միոջէ Հաշտարխան քաղաքի։ Վասն այն ամենայն ունեցած ինքնմինս տեղս գրեցի, որ լաւ յիմանամ, թէ զորն կայ, կամ զորն կորեաւ, կամ զորն շնորհեցի այլոց, կամ զորն ծախեցի և կամ զորն գողն գողացան, քանզի երբեմն պատահեցաւ զոր գողացան իրքս [և] ի հարցանելն ոչ կարէյի ուղիղ պատասխանել, հարկ էր որ յաւել կամ պակաս ասել՝ ի մտածելն լինէր ձանձրութիւն և խիղճմտանք, վասն այն խորհեցա աստ գրել ձախ կոյսն մատենիս ունեցածս և յաջ կոյսն՝ դէմն՝ ծախն, գնացածն և կործան իրին, որ դիուրաւ իմանամ, թէ ինչ կայ կամ ինչ ունիմ՝ առանց դեգերման» [13] ։ Այս ցուցակում նա իր տան ապրանքների հետ հիշատակում է և գրքերի համառոտ վերնագրերը։ Երրորդ անգամ, արդեն 1724 թ. ապրիլի 26-ին, Եվրոպա ուղևորվելու ճանապարհին, Հաշտարխանում կազմած գրքերի ցուցակում Եղիան ավելացնում է նաև իր ձեռագիր մատյանների ցանկը (տե՛ս հրապարակվող գրացուցակը՝ №№ 38, 40, 41, 42, 43, 47, 48)։

Այս ցանկերում հիշատակված գրքերի մի մասը դավանաբանական ու կրոնական բնույթ է ունեցել, լույս է տեսել Հռոմում և քարոզչական նպատակներով ունիթորների միջոցով փոխադրվել է Հայաստան ու հայաշատ այլ վայրեր։ Գրքերից մի քանիսը բառարաններ են եղել, որոնք վկայում են դեպի լեզուները Եղիայի ունեցած հետաքրքրության մասին։ Կան նաև առակների ժողովածուներ, տոմարագիտական գրքեր և այլն։ Այս տվյալները եզակի արժեք են ներկայացնում XVIII դ. առաջին տասնամյակներում տպագիր հայերեն գրքի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության սահմանները, դրանց գինն ու արժեքը պարզելու առումով։

Եղիա Կարնեցին, լինելով արտակարգ բծախնդիր անձնավորություն, իր հաշվեմատյաններում, որոնք նաև օրագրի բնույթ ունեն, պարբերաբար նշել է գնած գրքերի անունները, գինը, հաճախ էլ վաճառողի անունը։ Այսպես.

1718 թ. հունիսի 22. «Յօվակիմի ձեռօվն Շամախու մին գիրքս էկաւ. Բարոյական աստուածաբանութիւն» ( АВПР, ф. СРСА, 1724, « А », д. 10, л. 4 б

1718 թ. հունիսի 25. «Մին Օվասափ գիրք առի, մին ՃԾ (150) դիան» (նույն տեղում)։

1718 թ. հուլիսի 2. «Մին Սաղմոսմեկնիչ գիրք ԲՃ (200) դիան» (նույն տեղում)։

1719 թ. հունվարի 29. «Շամախու ղրկել էր Մօվսէսն թոխաթցի Պէկլէրի որդի Մինասի ձեռօվն Գ գիրք, որ է՝ Մտածական աւետարան, մին նոր կտակարան, մին գիրք Չափ կշռոց…

Ղրկել էր հաշտարխանցի Քուրթ Գրիգորի ծառա Կարապետին հետ… մին Հայելի ճշմարտութեան գիրք, մին Տօմար ձեռագիր, մին Խօստօվանագիրք» (նույն տեղում, 5ա)։

1719 թ. մարտի 24. «Թավրիզեցի տէր Մարտիրոսի կնկանիցն առի Է գիրք. մին ՌԵՃ (1500) դիան, որ է՝ Մին. Պարտէզ հոգևոր, Բ. Խոկումն քրիստոնէական, Գ. Շահ Ապաս գիրք, Դ. Պատմութիւն Հռօմայու եկեղեցեացն պատկերներօվն և դաւանութիւն ուղղափառի հաւատո, Ե. Ծաղիկ զօրութեան գիրք, Զ. Քարօզգիրք, Է. Քրիստոնէական վարդապետութիւն» (նույն տեղում, 6ա)։

1719 թ. սեպտեմբերի 29. «Մին Քրիստոնէական գիրք առի մաքաղաթ կողով, որ կան լաթինի և կան հայևար է. Կ (60) դիան» (նույն տեղում, 6բ)։

1719 թ. հոկտեմբերի 15. «Հինգ իտալիանի գիրք առի, որ է իմ մօհրօվն մօհրած. առաչինն է, թէ ինչպէս վարվել պիտի թօփն ու թուֆանքն ի պատերազմի և որսի, երկրորդն է վասն առողջացնելու զկենդանիս ի ցաւոց և թէ որպէս կրտեն խոզք և մշակեն զբուրաստանս, երրորդն է որսի և թուֆանքի, չորրորդն է բժըշկագիր զանազան դեղից և աստեղաբաշխութեան, որօվ ուսուցանէ առողջութիւն մարմնոյ կեցութեան, հինգերորդն է բժըշկագիրգ և զանազան իրաց, որ այս է։ Գրգի գինն տվի ԳՃ (300) դիան Ալահվերտու կնկանիցն» (նույն տեղում, 6բ)։

1720 թ. մարտի 19. «Բ. Ռօզարի գիրգ, որ առել էի ախլցխացի Գորկու որդի Սաոյից, այսօր գինն տվի իւր ախպէր Մարգարին ԴՃ (400) դիան» (նույն տեղում, 7ա)։

1720 թ. սեպտեմբերի 29. «Գանճայեցի տէր Եսեայի վարդապետի որդի տիրացու Յուսէփէն… առի ժամագիրգ Աստուածածնի մին ՃԻԵ (125) դիան» (նույն տեղում)։

1721 թ. մարտի 27. «Առաջ քան Դ (4) տարի, որ Էրզրմա իմ հօրախպօր որդի Ղազարն ինձ համար որ ղրկել էր մին Համառօտական իմաստասիրութեան գիրք և մին Բուրաստան աղօթից էրզրմցի օսկերիչ Օվանէսի որդի Վարդանին վրա, Գանճու պահել էր մինչև ցայժմ և դրել էր պատրի Յուսէփ-Մարիայի կուշտն։ Աստ արաւ մեզ գանճայեցի Իսայեա վարդապետի որդի Ուսէփն և ես գրեցի և ուզեցի, Յուսէփն տվել էր ղափանցի Բինիաթի որդի Գրիգորին. այսօր ինձ հասաւ թոխաթեցի Մելքսեթի ձեռօվն։

Որովհետև իմ ամէն գրգերոյս կողմն կնքել եմ և համար դրել, սոցա ևս համար դնեմ, որ պակասեալն դիուրաւ որոնեմ.

31. Գիրքս է Համառօտական իմաստասիրութեան։

32. Գիրգս է փոքր Բուրաստան աղօթից, վերո տպիցն» (նույն տեղում, 9բ)։

1721 թ. հունվարի 22. «Գանճայեցի Ուսէփն մին ժամագիրգ ևս ուզել էր Ատիբեկին համար, առի և տվի թիֆլիսեցի Հախվերտուն, որ տանի Գանճա, տա Ատիբեկին, գին 200 դիան» (նույն տեղում)։

1721 թ. փետրվարի 2. «Մին Աստուածածնա ժամագիրգ առի, թիֆլիսեցի Հախվերտո ձեռօվն ղրկեցի Գանճա Գանճայեցի Ատիբեկին» (նույն տեղում, 9բ)։

Եթե նկատի ունենաք, որ Եղիան, ըստ իր գրանցումների, յուրաքանչյուր օրվա ուտեստի համար հատկացնում էր 25-30 դիան [14], իսկ յուրաքանչյուր գիրք միջին հաշվով արժեր 150-200 դիան [15], ապա պարզ կդառնա, թե գրքերը որքան սուղ էին այդ ժամանակներում։

Եղիա Մուշեղյանի գրադարանի ամբողջական պատկերը վերականգնելու համար 1720 թ. ապրիլի 30-ի և 1724 թ. ապրիլի 24-ի ցուցակների բաղդատությամբ ստորև հրապարակում ենք նրա գրքերի ցանկը։ Գրքերի հերթական թվահամարները Եղիա Մուշեղյանը դրել է յուրաքանչյուր գրքի անվան վերջում. մենք նպատակահարմար գտանք դրանք փոխադրել սկիզբ, որոնցով և տողատակում հղում ենք տվյալ գրքի ավելի ընդարձակ և ճշգրիտ նկարագրությունը, որը, ըստ հնարավորին, վերականգնել ենք Ա. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարանի հրատարակած մատենագիտական ցուցակի օգնությամբ [16] ։ Մի քանի գրքերի ինքնությունը չենք կարողացել պարզել, ուստի և տողատակում դրանք չենք նշել։

Ե. Մուշեղյանի գրքերի ցուցակի համար հիմք ենք ընդունել 1720 թ. ապրիլի 30-ին Թավրիզում նրա կազմած ցուցակը ( АВПР, ф. СРСА, 1724, « А », опись 100/1, д. 10, л. 4 а, 3 а ), իսկ В պայմանական նշանով տվել ենք 1724 թ. ապրիլի 24-ին Հաշտարխանում կազմած գրացուցակի (նույն տեղում, л. 9 а, 11 б -14 б ) տարբերակը։

[ ԵՂԻԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ]

Յամի տեառն 1720, ապրիլի 30 հին տօմարին, Թա ր վեզ։ Ինչ որ գիրք ունիմ կշտիս հսապն մի ըստ միոչէ ներքո գրեմ այս օրինակաւս, ասելօվ նմրա այս ինչ գիրգ կայ, նմրա այսինչ անունօվ գիրգ կայ, որ իմօվ կնքաւս կնքած է։ Եւ է իմ կնիքս այս * և որչափ որ այս նշան կնքաւս գիրք գտնվի այլոց կուշտն իմ է, քանզի ոչ ունելօվ սովորութիւն, որ իմ գրգերիցն այլոց բաղշեմ և կամ ծախեմ։ Որովհետև այսպէս է, եթէ ուրուք գնտանիս այսու նշանաւ գիրք, պարտին հատուցանել յետ, քանզի կամ անիրաւաբար են առեալ կամ խնդրել են ընթեռնուլ և յետ տալ, և ոչ են տվել յետ. պարտին յետ տալ անպատճառ։

1. Ունէյի Աստուծով նմրա մին, նո. 1, գիրգ Սաղմոսամեկնիչ։

В. Մին Սաղմոսամեկնչի գիր. համար մին.

2. Ունէյի Բարոյական աստուածաբանութիւն, նմրա Բ.

В. Մին Բարոյական աստուածաբանութեան գիրգ։

3. Ունէյի Մեկնութիւն և մտածութիւն սրբոյ Աւետարանի տեառն մերո Յիսուսի Քրիստոսի. նմրա երրորդ։

В. Մին գիրգ մտածական սուրբ Աւետարանիս։

4. Ունէյի Գիրք խրատականք քարօզ ք ի. նմրա չորրորդ։

В. Մին Գիրք խրատական և քարօզից։

5. Ունէյի Գիրք պատմութեան և տիպն Հռօմայու եկեղեցեաց, մանաւանդ սուրբ Կաթուղիկէյի եկեղեցւոյն Պետրոսի գլխաւոր առաքելոյն Քրիստոսի և մեկնութիւնն լեզուաւ իտալիանի և կարճառօտ մեկնութիւն հայոց լեզուաւ և իշեալ (=յիշեալ) կայ դաւանութիւն լեզուաւ հայոց։

В. Մի գիրք իտալիայի և հայևար. Հռօմայու քաղաքին պատմութիւն։

6. Ունէյի Գիրք ճշմարտութեան հաւատոյ ն Քրիստոսի առ Շահ Ապաս արքայն պարսից։

В. Գիրք հաւատո հակաճառութեան Շահ Ապասի (Այս գիրգն յերկրաշարժին կորեաւ)։

7. Ունէյի քրիստոնէական վարդապետութիւն լաթին և հայ լեզուաւ։

В. Քրիստոնեական վարդապետութեան գիրք հայևար և լաթինևար։

8. Ունէյի Մեկնութիւն դաւանութեան ուղղափառի հաւատոյ համար։

В. Մեկնութիւն դաւանութեան ուղղափառաց։

9. Ունէյի նորագոյն Ծաղիկ զօրութեան։

В. Մին Ծաղիկ զօրութեան գիրք։

10. Ունէյի Գիրք արհեստի չափոց և կշռոց բոլոր աշխարհի. համար Ժ։

В. Մին Գիրք արհեստից և վերա չափոց և կշռոց։

11. Մեծ վարդապետութիւն քրիստոնէական. համար ԺԱ։

В. Մին Գիրք քրիստոնէական վարդապետութեան մեծ և հին։

12. Նոր կտակարան. համար ԺԲ։

В. Մին Նոր կտակարան։

13. Պաշտօն Աստուածածնի։

В. Մին գիրք Պաշտօն Աստուածածնի։

14. Թոմայի Գեմբացւոյ։

В. Նոր տիպ Թօմայի Գեմբացւոյ։

15. Մտածական աղօթից։

В. Մին մտածական աղօթից, նոր տիպ։

16. Այբուբենից և քերականութիւն իտալիան լեզուի։

В. Այբուբենի և քերականութեան Իտալիայի։

17. Խոստովանութիւն։

В. Գիրք խօստովանութեան ուսուցանելոյ։

18. Համաձայնութիւն հինգետեսակաց տօմարից և աստղաբաշխութեան։

В. Համաձայնութիւն հնկից տեսակաց տօմարաց և աստղաբաշխութեան։

19. Հայոց տօմար և Յօվասափի։

В. Հայոց տօմար և Օվասափ։

20. Դուռն ողորմութեան։

  В . Դուռն ողորմութեան գիրք։

21. Խրատ խոստովանութեան։

В. Գիրք խոստօվանութեան կերպն ուսցնելո։

22. Խոկումն քրիստոնէական։

В. Խոկումն քրիստոնէական։

23. Փոքր պարտէզ հոգևոր։

В. Փոքր պարտէզ հոգևոր։

24. Գիրք բժշկական իտալիանի։

В. Իտալիանի գիրք բժշկարան։

25. Կանոն վարելի թուֆանկ ի պատերազմի իտալիանի լեզուաւ։

В. Իտալիանի լեզուաւ, որ ուսուցանէ թֆանք ցգելո։

26. Բառգիրգ իտալիանի, հօռմի, թուրքի սովրելու։

В. Բառգիրք հոռոմի, թուրքի, իտալիայի։

27. Իտալիանի գիրք, որ կուսուցանէ որսալ և թուֆանք քցել և այլք։

В. Իտալիայի որսալո և թֆանք ցքելո։

28. Բըժշկագիրք. իտալիանի լեզուաւ զանազան դեղոց։

В. Իտալիէւար բժշկական գիրք։

29. Ժամագիրք սրբոհւոյ քուսին Մարիամու Աստուածածնին։

В. Մին ժամագիրք սրբոհւո Մարիամու։

30. Բուրաստան աղօթից։

В. Մին նոր տիպ Բուրաստան աղօթից։ (Այս Բուրաստան աղօթից գիրքն կորուցի սահմանաճանփին)։

31. Ունիմ Համառօտական իմաստութեան գիրք՝ շարադրեալ Խաչատրո վարդապետէ Էրզրմեցո։

В. Մին Համառօտական իմաստութեան [գիրք]՝ շարադրեալ Էրզրմեցւոյ Խաչատրո աստուածաբան վարդապետէ։

32. Մին փոքր Բուրաստան աղօթից. նմրա...

В. Մին նոր Բուրաստան աղօթից։

33. Մին փոքր Բառգիրք իտալիանի։

В. Մին փոքր Բառգիրք հայի և իտալիայի։

34. Մին Հայոց բառգիրք։

В. Մին հայի բառգիրք։ Էրզրմցի Ոսկոնց Մղտսի Սարգսինն է։

35. Մին Հայելի ճշմարտութեան։

В. Նույնը։

36. Գիրք մեկնութեան երանելոյն Յօհաննու յառաքելոյ։

В. Մին Մեկնութիւն Յօհաննու առաքելւո։

37. Գիրք աղօթմատուց։

В. Մին Աղօթքմատուց փոքր։

38. Գիրք Ղօվսի, որ հայևար թարգմանած է և գրած։

В. Մին իմ ձեռնագիրն, որ Ղօվսու ասմունքն է, գրած կիսատ։

39. Գիրք աղուէսուց և Աշխարհացուց։

В. Մին Աղուէսգիրք և Աշխարհացոյց։

40. Գիրք խաղի. ձեռնագիր։

В. Մին իմ ձեռնագիր և պէս պէս խաղի, ղազալի և երգոց։

41. Գիրք բըժիշկի և դեղորէից. ձեռագիր։

В. Մին գիրք իմ ձեռնագիր ի վրայ դեղորէյից և բժշկութեան։

42. Գիրք պէսպէս հնարից և գործոց. ձեռնագիր։

В. Մին իմ ձեռնագիրս ի վրա պէսպէս հնարից և խաղալոյ։

43. Գիրք առակած. ձեռնագիր. և առասպելաբանութեանց։

В. Մին իմ ձեռնագիրն ի վրա առասպելաբանութեանց և առակաց։

44. Գիրք հակաճառութեան ընդդէմ Գ ազգաց, արարեալ պատրի Միքայելէ։

В. Մին Գիր հակաճառութեան Գ ազգաց վերա, արարեալ պատրի Միքայէլէ։

45. Գիրգ պարզատօմար և համարողական արհեստի։

В. Մին Գիրք պարզատօմար և համարողական արհեստի։

46. Գիրգ հայելի ճշմարտութեան։

В. Մին Գիրգ հայելի ճշմարտութեան։

47. Գիրք բժշկաց և պէսպէս դեղոց. ձեռնագիր։

В. Մին իմ ձեռագիր ի վրա պէսպէս դեղոց։

48. Մին փոքր ձեռնագիր տօմար։

В. Մին ձեռացգիր հին տօմար։

[Եղիա Կարնեցու ձեռագիր մատյանների ցանկը] * *

ԺԱ (11) հատ իմ ձեռնագիր. կտակ, որ սկսեալ ի ծննդեննէ գրել եմ ամէն ան ձ անքն և պատմութիւն ճանապարհաց…

Դ (4) հատ մատեն բարօվագրի տիպ, զոր ինչ (՞)…

Մին տետր ի վերա հօվվական խաղի վերա, արարեալ պ [ ատրի ] Փաւ[ լ ] օ Լեհեցւո Յիսուսեանց կարգէն Փռուչինսքի [17] 1 ։

Երկու տետր իմ առաչի ձեռնագիրն է, որ գրել եմ տրամաբանության վրա Տրիանէյի և Ներսեսի հայոց կաթողիկոսի։

Մին յերկան տետր իմ ձեռնագիրը. լեզվի ուռուսի, հայի և պարսի։

ԺԳ (12) հատ մատեն ի վերա առի և տրոյ և փոքր գրած և անգիր։

Չորս մագաղաթ պատկեր՝ մեծ և փոքր։

Երկու քարօզի տետր ձեռնագիր և շինած պ[ատրի] Փավլօյին։

Բ (2) տետր իմ ձեռնագիր ի վրա համարողական արհեստի 2 ։

Իմ ձեռագիր. պատուական մի տետր բժշկարան։

Մին տետր ֆռանսևար գրած, որ նոր սովորած ժամանակս գրեցի և առակներ գրած հայևար և ֆռանսևար 3 ։

Մին տետր պետաքահանային շինածի օրինակն։ Բ բոլորակօվն իմ ձեռագիրն է և ծնունդ լուսնին նշանց կու տայ։

Մին մատեն, որ յերկրաշարժին կորած ինքմինն նշանց կու տայ։

Բ (2) փոքր տետր, բառի, ձեռնագիր. ֆռանցեզի։

Ժ (10) մատեն ամեն կերպ խարճի և փող առնելո։

Մին կապոցով թղթեր հսապի համար անցածի։

Մին փոքր պասմա տետր աղօթից։

Մին պասմա լաթինևար տետր աղօթից։

Բ (2) թուխթ պաճիճ ձևելու օրինակի։

 

БИБЛИОТЕКА ЕГИИ МУШЕГЯНА ( КАРНЕЦИ )
Резюме

Сведения о личных библиотеках, имевшихся в Армении до XIX в., очень ск удны. Среди материалов различного характера (коммерческие тетради, письма, официальные государственные документы, стихотворные рукописные сборники и т. д. ), хранящихся в деле купца XVIII в. Егии Муше гя на в фонде «Сношения России с Арменией» Архива внешней политики России, есть список книг личной библиотеки Мушегяна. Часть книг его библиотеки носила религиозный характер, были также словари, сборники басен, книги по медицине и теории календаря. В сообщении дается краткое описание жизни Е. Мушегяна, публикуется список книг е го библиотеки.

 


 



!      Տե՛ս «Լրաբեր հասարակական գիտությունների», 1983, 1, էջ 61-74։

[1]     Մատենադարանում պահվող գրացուցակների ձեռագրահամարները տե՛ս «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», կազմեցին Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, հ. Ա, Երևան, 1965, էջ 1408, հ. Բ, Երևան, 1970, էջ 1208։ Նմանատիպ ցուցակներից մեկը հրապարակել է Ս. Տեր-Հակոբյանը՝ «Վարդանայ վարդապետի Բաղիշեցւոյ «Ցուցակ գրոց Ամրդօլու վանուց» («Արարատ», 1903, էջ 176-189)։

[2]     Историко-дипломатическое управление МИД СССР, Архив внешней политики России ( այսուհետև՝ АВПР), фонд Сношения России с Арменией ( այսուհետև՝ СРСА), 1724, «А», опись 100/1.

[3]     «Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа», часть I, М., 1833, с. 363.

[4]     Ա. Գ. Հովհաննիսյան, Հայ-ռուս օրիենտացիայի ծագման խնդիրը, Էջմիածին, 1921, հավելված ։

[5]     Ա. Գ. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2- րդ, Երևան, 1959, էջ 612 ։

[6]     Հ. Հ. Ոսկյան, Եղիա Ա. Մուշեղյան և իր գրական արտադրությունները Հանդես ամսօրյա », 1927, էջ 367-376) ։

[7]     Հ. Հ. Ոսկյան, Ցուցակ հայ ձեռագրաց Մխիթարյան մատենադարանին ի Վիեննա, հ. Բ, 1963, էջ 567 ։

[8]     «Եղիա Կարնեցու Դիվանը», առաջաբանը և ծանոթագրությունները պր ո ֆ. Ա. Գ. Աբրահամյանի, Երևան, 1968 ։

[9]     “Əрмэни шаири Миранын Азəрбаичан дилиндə шеирлəри” (“Азəрб. ССР ЭА Низами адына əдəбийят вə днл институтунун əсəрлəри”, Бакы, 1956, IX, сə h. 172-194): Ա. Երևանլի, Եղիա Մուշեղյանի գրական ժառանգությունից Պատմա - բանասիրական հանդես », 1972, 1, էջ 103-114), Н. Араслы, XVII-XVIII əср Азəрбайчан əдəбийягы тарихи, Бакы, 1956, сə h. 182-183, Բ. Հովակիմյան, 17-րդ դարի անհայտ բանաստեղծը ( ՀՍՍՀ ԳԱ « Տեղեկագիր » ( հաս. գիտ. ), 1957, 6, էջ 77-84) ։

 

[10]   « Պատմութիւն իմն կարճառօտ …». տե՛ս Վիեննայ ի Մխիթարյան մատենադարան, ձեռ. 980 ։ Այս ձեռագրից բերված մեջբերումների ուղղագրությունը պահպանվում է նույնությամբ, իսկ վերջում տրվում է համապատասխան էջահամարը։ Ա. Աբրահամյանը Եղիա Կարնեցու « Դիվանի » առաջաբանում հա մա ռոտության համար այս հուշերը անվանել է « Անձկություն » ։

[11]   Կարլոս VI - ին ուղղված պարսկերեն ուղերձի մի շատ լավ պատճենը պահվում է Եղիայի թղթերում ( АВПР, ф. СРСА, 1724, «А», д. 15, л. 5 ), որը, հայերեն թարգմանությամբ հանդերձ, մտադիր ենք առաջի կայում հրատարակել։

[12]   АВПР, фонд СРСА, 1724, «А», опись 100/1, д. 10, л. .

[13]   Նույն տեղում, էջ 9ա։

[14]   Նույն տեղում, գ. 16, թ. 15 ա։

[15]   10000 դիանը մեկ թուման կամ 1000 կոպեկ էր. տե՛ս « Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ և դրամից բոլոր աշխարհի », Ամստերդամ, 1699, էջ 27 ։

[16]   «Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակ (1512-1800)» (այսուհետև՝ «Հայ հնատիպ գիրք»), Երևան, 1963։

*     Դրված է կնիքը։

1 «Պարզաբանութիւն հոգենուագ Սաղմոսացն Դաւթի մարգարէին, ժողովեալ ի զանազանից մատենից վարդապետաց եկեղեցւոյ և թարգմանեցեալ... ի նուաստ Յոհաննիսէ վարդապետէ Կոստանդինուպոլսեցւոյ», Վեն ետիկ, տպ. Նահապետ Ագուլեցի, 1687, 840 էջ։ Մինչև 1721 թ. միայն սաղմոսների այս մեկնությունն է հրապարակված, ուստի կարծում ենք, որ սույն գիրքն է եղել Եղիայի գրադարանում։

3 «Գիրք մտածական աղօթից, բանալի ջերմեռանդակերտ», թարգմ. Պետրոս Թիֆլիսեցի, Կ. Պոլիս, հրատ. Մխիթար Սեբաստացի, 1701, 128 էջ։

4 Պետրոս Ա րագոնացի և Բ արդուղիմէոս [ Բոնոնիացի ], Խրատք և հոգեշահ քարոզք, Վենետիկ, 1704, 270 էջ։

6 Պօղոս Փիրոմալի, Յաղագս ճշմարտութեան հաւատոյն քրիստոնէականի առ Շահ Ապաս արքայն Պարսից ի Պօղոսէ Փիրումալլէ, Հռոմ, 1670, 207 էջ։

7 «Վարդապետութիւն քրիստոնեական, Doctrina Christiana, Armenice, in Latinum versa et publicata A... M. Theodoro Petraeo: », Ամստերդամ, հրատ. և տպ. “Impensis Auctoris et Typls Armeniorum»”. 1667, 72 էջ։

       8 Iacobus Villotus (Յակոբ Վիլլոտ), Explanatio professionis Fidei orthodoxae, Բ անվանաթերթ, Մեկնութիւն դաւանութեան ուղղափառի հաւատոյ, Հռոմ տպ. Propaganda Fide (Ուրբանյան), 1711, 173 էջ։

9 «Նորագոյն ծաղիկ զօրութեանց։ Flos Virtutum», թարգմ. Հովհաննես Կոստանդնուպոլսեցի (Հոլով), Հռոմ, տպ. Propaganda Fide (Ուրբանյան), 1675, 248 էջ։

10 Ղուկաս Վանանդեցի, Գանձ չափոյ, կշռոյ, թուոյ և դրամից բոլոր աշխարհի, Ամստերդամ, տպ. Թովմաս Վանանդեցի, 1699, 80 էջ։

11 Ռոբերտոս Բելլարմինոս, Վարդապետութիւն քրիստոնէական, թարգմ. Բարսեղ վրդ. Կոստանդնուպոլսեցի, Լիվոռնո (Ալիկոռնա), հրատ. Ոսկան Երևանցի և Կարապետ Անդրիանացի, տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, 1670, 362 էջ։ Մինչև 1721 թ. «Քրիստոնէական վարդապետութիւն» խորագրով գրքեր են լույս տեսել՝ 1667 թ. Ամստերդամում (72 էջ), 1667 թ. Ամստերդամում (72 էջ) հայերեն և լատիներեն, Ոսկան Երևանցու վերոհիշյալ հրատարակությունը, և վերջինիս վերահրատարակությունը Լիվոռնոյում 1699 թ. ու Վենետիկում (72 էջ) 1710 թ. (տե՛ս «Հայ հնատիպ գիրք», 63, 64, 74, 181, 248)։ Այս հրատարակություններից ամենածավալունը Ռոբերտոս Բելլարմինոսինն է, որի համար է Եղիան ծանոթագրում «մեծ» և որպես այդպիսին հնագույնը՝ «հին»:

12 Մինչև 1721 թ. «Նոր կտակարանը», համաձայն «Հայ հնատիպ գրքի», 4 հրատարակություն է ունեցել՝ 1668 թ., 1698 (1700) թ., 1710 թ. և 1720 թ. ։ Թե սրանցից որն է եղել Եղիայի գրադարանում, հայտնի չէ։

       13 «Պաշտօն աստուածային», թարգմ. Ղուկաս Վանանդեցի, տպ. Թովմա Վանանդեցի, 1704, 184 էջ։

14 Թօվմայ Գեմբացի (Կեմպացի), Համահետևումն Քրիստոսի, Imitatio Christi Thomae A. Kempis. Բ. անվանաթերթ, Գիրք Թօմայի Գեմբացւոյ... Յաղագս համահետևմանն Քրիստոսի, թարգմ. Հովհաննես Կոստանդնուպոլսեցի (Հոլով), Հռոմ, տպ. Propaganda Fide (Ուրբանյան), 1705, 611 էջ։ Այս գիրքը նախապես երեք հրատարակություն է ունեցել՝ 1624, 1696, 1700 թթ. ։ Եղիան, ինչպես ծանոթագրում է, ունեցել է սրա «նոր տիպը», որ հավանաբար վերջին՝ 1705 թ. հրատարակությունը եղած պիտի լինի։

15 «Գիրք մտածական աղօթից, բանալի ջերմեռանդակերտ», թարգմ. Պետրոս Թիֆլիսեցի, Մարսել (Մարչիլիա), 1708, 144 էջ։ Այս գիրքը նախապես 1701 թ. տպագրել է Մխիթար Սեբաստացին Կ. Պոլսում, ապա 1708 թ. վերահրատարակվել է Մարսելում։ Եղիան ունեցել է և՛ առաջին հրատարակությունը, (տե՛ս 3), և՛ վերջինս, որ նա «նոր տիպ» է անվանում։

16 «Գիրք այբուբենից և կերպ ուսանելոյ զլեզուն իտալական» (Այբբենարան), Մարսել, հրատ. Սողոմոն Լևոնյան, տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, 1675, 94 էջ։

       17 «Գիրք խոստովանութեանց», Կ. Պոլիս, հրատ. Աստվածատուր Ագուլյաց Դաշտեցի, 1698, 112 էջ։

18 Ղուկաս Վանանդեցի, Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց հռօմայեցւոյ, Ազարիայի, հայոց, հրէից և տաճկաց (Տօմար), Ամստերդամ, տպ. Թովմա Վանանդեցի, 1698, 106 էջ։

       19 «Տօմարաց գիրք հայոց, հռօմայեցւոց և պարզատօմար, ընդ որոց և Տաղ Յովասափու, մարմնախաղաց և երազահան», Ամստերդամ, 1668, 260 էջ։ Այս գիրքը, համաձայն «Հայ հնատիպ գրքի», 4 հրատարակություն է ունեցել՝ 1668, 1668 (?), 1678 և 1696 թթ. ։ Հայտնի չէ, թե սրանցից որն է եղել Եղիայի գրադարանում։

20 Ստեփանոս Ստեփանյան Կամենցի, Դուռն ողորմութեան Աստուծոյ նուիրեցեալ ամենապայծառի խօճայ Սահրադի որդւոյ Մուրատին, Վենետիկ, տպ. Անտոն Բորտոլի, 1702, 294 էջ։ «Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակում» այս գիրքը նկարագրված է ըստ եղած գրականության։ Ըստ Վ. Ներսիսյանի Catalogue of Early Armenian books (Լոնդոն, 1980, էջ 59) գրքի մեկ օրինակը պահվում է Բրիտանական գրադարանում՝ 17030, a.

       21 Հավանաբար 17 գիրքն է, որ այստեղ կրկնվել է։

22 «Խոկումն քրիստոնէական», թարգմ. Հովհաննես Կոստանդնուպոլսեցի (Հոլով), Վենետիկ, տպ. «Տանն Սահրատեան», 1687, 224 էջ։ Գրքի երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 1719 թ. Վենետիկում։ Հայտնի չէ, թե որ հրատարակությունն է եղել Եղիայի գրադարանում։

23 «Պարտեզ հոգևոր», Giardino spirituale, թարգմ. Հովհաննես Կոստանդնուպոլսեցի (Հոլով), Լիվոռնո, հրատ. Ոսկան Երևանցի և Կարապետ Անդրիանացի, տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, 1670։ Այս գիրքը, համաձայն «Հայ հնատիպ գրքի», վերահրատարակվել է 1678, 1683 ( 1684), 1704 և 1710 թվականներին։ Թե սրանցից որն է եղել Եղիայի գրադարանում, հայտնի չէ։

29 «Ժամագիրք սրբուհւոյ կուսին Մարիամու Աստուածածնին և ննջեցելոց (Ժամագիրք Աստուածածնի և ննջեցելոց)», Վենետիկ, տպ. Անտոն Բորտոլի, 1706, 264 էջ։

30 «Բուրաստան աղօթից», թարգմ. Ստեփանոս Լեհացի, Վենետիկ, տպ. Անտոն Բորտոլի, 1707, 464 էջ։ Այս գիրքը նախապես երկու հրատարակություն է ունեցել՝ 1685 և 1704 թվականներին։ Եղիան երկուսն էլ ունեցել է, որ «մին նոր տիպ» և «մին նոր» (տե՛ս նաև 32) է անվանում։

31 Խաչատուր Էրզրումեցի Առաքելեան, Համառօտական իմաստասիրութիւն, երկու հատորով, հ. Ա, Վենետիկ, տպ. Անտոն Բորտոլի, 1711, 751 էջ։ Այս գրքի 2-րդ հատորը նույնպես լույս է տեսել 1711 թ. ։ Եղիայի նկարագրությունից պարզ չէ, թե արդյո՞ք երկու հատորներն էլ եղել են նրա ձեռքի տակ։

       32 Տե՛ս 30-ի ծանոթագրությունը։

33 Franciscus Rivola, Dictionarium Armeno-Latinum (Ֆրանչիսկոս Ռիվոլա, Բառգիրք հայ-լատին), Միլան տպ. Collegii Ambrosiani, 1621։ Այս բառարանը հրատարակվել է նաև 1633 թ., Փարիզում։ Սրանցից որևէ մեկն է եղել Եղիայի գրադարանում։

34 Երեմիա վարդապետ (Մեղրեցի), Բառգիրք հայոց, Լիվոռնո, հրատ. Սարգիս Եվդոկիացի (Սահեթճի), 1698, էջ 334։

35 Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի (Հոլով), Բ անվանաթերթ, Հայելի ճշմարտութեան, Վենետիկ, տպ. Միքելանջելո Բորբոնի, 1680, 200 էջ։

36 «Գիրք մեկնութեան յայտնութեանն սրբոյ Յովհաննու», թարգմ. Պետրոս Թիֆլիսեցի, Կ. Պոլիս, հրատ. Մխիթար Սեբաստացի, 1700, 208 էջ։

       37 «Համառօտ գիրք աղօթից», Կ. Պոլիս, տպ. «Մարտիրոս Դպրի որդւոյ Սարգսի», 1721, 256 էջ։

38 Եղիա Մուշեղյանի այս և ստորև հիշատակված մյուս ձեռագիր մատյաններից մի քանիսը պահվում են վերը հիշված Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիվանում։

39 «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է աղուէսագիրք», Ամստերդամ, հրատ. Ոսկան Երևանցի, տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, 1668, 88, 224 էջ։ Այս գիրքը մինչև 1724 թ. 3 հրատարակություն է ունեցել՝ 1678, 1683, 1698 թթ. ։ Հայտնի չէ, թե սրանցից որ մեկն է եղել Եղիայի գրադարանում։

40 Պահպանված է ամբողջությամբ՝ «Գիրք խաղից երաժշտականաց յարմարեալ այլևայլ արանց և պէսպէս կապակցութեանց խօրթնայիմաց իրաց, այսինքն՝ բանաստեղծ արանց հնարեալ», չափերը՝ 10, 8x16, 5 սմ, էջ 1-164բ, 1721, Դավրէժ (տե՛ս АВПР, ф. СРСА, 1724, опись 100/1, д. 3)։

41 Պահպանված է ամբողջությամբ՝ «Գիր վասն բժշկութեան դեղորէյից և զանազան իրաց փորձեցւելոյ», չափերը՝ 10, 5x16, 3 սմ, էջ 1-65բ, 1720, դեկտեմբերի 8, Դավրէժ (տե՛ս АВПР, ф. СРСА, «А», 1724, опись 100/1, д. 4)։

42 Պահպանված է ամբողջությամբ՝ «Գիրք հնարից և պէսպէս արուեստից և զանազան երաց», չափսերը 10, 8x16, 4 սմ, էջ 1-147բ, 1720, դեկտեմբերի 22, Դավրէժ (տե՛ս АВПР, ф. СРСА, 1724, « А », опись 100/1, д. 5).

45 «Գրգուկ կարևոր հանապազորդեան, ներսում կայ պարունակեալ պարզատօմար, լուսնացոյց և այլ մանրամասնաբար բան», Մարսել, հրատ. Ոսկան Երևանցի, 1673։

       46 Հավանաբար 35 գրքի երկրորդ օրինակն է։

* * АВПР, ф. СРСА, 1724, «А», д. 10, л. 13б.

1     Այս թատերգությունը պահպանված է ամբողջությամբ՝ «Հովուական խաղն ի գիշերին ծննդեան փրկչին Յիսուսի Քրիստոսի» (տե՛ս АВПР, ф. СРСА, 1724, г., «А», д. 10, л. 85а-93б)։

2     Պահպանված է առաջին տետրը՝ «Գիր արհեստին համարողութեան, տետր յառաջին, եղև յամի տեառն 1715, սեպտեմբերի 7, Շամախի», չափսերը՝ 16, 5x21, 5 սմ, էջ 1-31ա՝ «Արհեստ համարողական, որ պիտանի վաճառականաց…», բովանդակում է՝ թվաճանաչություն, չորս գործողություններ՝ բազմաթիվ օրինակներով, էջ 31բ-34բ՝ «Յաղագս յընկերութեան կանոնին», ուսուցանում է շահի բաժանման կարգը առևտրական ընկերների միջև (տե՛ս АВПР, ф. СРСА, 1724, г. «Д», опись 100/1, д. 3, л. 1-34 б).

3     Նույն տեղում, «А», опись 100/1, д. 7, л. 1-30.