ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՂԻԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ !

XVIII դարի առաջին քառորդում Իրանը տնտեսական ու քաղաքական ծանր ճգնաժամ էր ապրում. երկրի ֆեոդալական մասնատվածության ուժեղացման հետևանքով տնտեսությունը ծայրահեղ քայքայման էր հասել և սրվել էին միջցեղային հակամարտությունները՝ պատճառ դառնալով կենտրոնական իշխանության թուլացման և նրա ազդեցության ոլորտների սահմանափակման։ Այս պայմաններում ուժեղացել էին նաև Իրանի գերիշխանության տակ հեծող ժողովուրդների ազատագրական նկրտումները. արևելքում ապստամբել էին աֆղանները, Միր Մահմուդը հաղթարշավով հասել ու գրավել էր պարսից մայրաքաղաք Սպահանը (1722 թ. հոկտեմբերի 22), հայերն ու վրացիները, ռուսական բանակների առաջխաղացումներից ոգևորված, պայքար էին ծավալել ազատագրվելու իրանական ու թուրքական դարավոր լծից, քրդերը գրավել էին Արևմտյան Իրանի կարևորագույն մի քանի քաղաքները, իսկ արաբ ցեղերը գլուխ էին բարձրացրել հարավ-արևմտյան նահանգներում։

Իրանի համար «փոթորկահույզ այս ժամանակաշրջանում» (ակադ. Աշոտ Հովհաննիսյանի բնորոշումն է) իրենց կայսրության սահմանները ընդարձակելու նպատակով քաղաքական հակամարտության մեջ էին մտել Ռուսաստանն ու օսմանյան Թուրքիան։ 1722-1723 թթ. ռուսական զորքերը արդեն գտնվում էին Գիլանում, իսկ թուրքերը 1723 թ. գարնանը մտել էին պարսկական տիրապետության սահմանները և հաստատվել Սալմաստում։ Քաղաքական այս խառնակ վիճակում ռուսական առաջխաղացմանը խոչընդոտներ հարուցելու համար Իրանում ակտիվ գործունեություն էին ծավալել նաև եվրոպական պետությունները։

Նախքան աֆղանների կողմից Սպահանի շրջապատումն ու գրավումը պարսից միապետ Շահ Սուլթան Հուսեյնի որդին՝ Թահմազը (Թահմասիբը), դուրս էր եկել մայրաքաղաքից և իր սահմանափակ բանակներով ապաստանել Ղազվին քաղաքում։ Այստեղ նա, լսելով Սպահանի գրավման ու հոր գահընկեցության լուրը, անմիջապես իրեն շահ է հայտարարում և ռազմական գործողություններ է ծավալում իրեն հետապնդող Միր Մահմուդի զորաբանակների դեմ։ Աֆղանների հրամանատար Ամանուլլան Ղազվինի մոտ պարտություն է կրում և վիրավոր վիճակում նահանջում է։ Շահ Թահմազը հաստատվում է Թավրիզում՝ հույս ունենալով վերախմբավորել երկրի բզկտված ուժերը և, իր դիրքերը ամրապնդելով, վերականգնել Սեֆյան հարստության տիրակալությունը ողջ Իրանի վրա։ Իր նպատակները իրագործելու համար նա միաժամանակ աշխատում է դիվանագիտական միջոցառումներով կանխել Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից Իրանին սպառնացող վտանգը. Պետերբուրգ ուղարկված պարսից դեսպան Իսմայիլ բեկը 1723 թ. սեպտեմբերի 12-ին ռուսների հետ փոխադարձ օգնության պայմանագիր է կնքում, ըստ որի Ռուսաստանին են թողնվում Պետրոս Առաջինի կողմից արդեն գրավված Դաղստանը և Բաքվից մինչև Ռեշտ ընկած Մերձկասպյան ընդարձակ տարածքը, իսկ Ռուսաստանը իր հերթին խոստանում է Իրանին օգնել աֆղանների դեմ մղած պայքարում։ Այդ նույն ժամանակ Թահմազի մարդիկ բանակցություններ էին վարում նաև Կոստանդնուպոլսում [1] ։ Թուրքերը, տեղեկանալով ռուս-պարսկական դաշինքի մասին, վրդովվում են և, տարբեր ուղիներով ու միջոցներով խրախուսելով ապստամբ Միր Մահմուդին, դավեր են նյութում Թահմազի դեմ։

Մինչ Իսմայիլ բեկը Ռուսաստանում բանակցություններ էր վարում, Շահ Թահմազը ծրագրեր է մշակում օգտվել Ռուսաստանի ու եվրոպական որոշ պետությունների Իրանում ունեցած հակադիր շահերից և վերջիններիս հետ բարեկամական հարաբերություններ հաստատել՝ հույս ունենալով, որ թերևս նրանք կարողանան ներազդել Ռուսաստանի վրա և կասեցնել նրա առաջխաղացումը Իրանում։

Այս ծրագրի իրագործման համար նպաստավոր նախադրյալներ էին շուրջ մեկ տարի առաջ՝ 1722 թ., Եվրոպայից իր հոր՝ Շահ Սուլթան Հուսեյնի ստացած ուղերձները։ Ինչպես վկայում է անգլիական Արևելահնդկական ընկերության Թավրիզի մասնաճյուղի կառավարչի տեղակալ Եղիա Մուշեղյան Կարնեցին, «չորս նամակ բերին պարսից թագաւորին՝ մուսի Շւալիեր պատրին ֆրանցիզո թագաւորէն, և մունսինօռ Բառնաբասն՝ Սպահանու եպիսկոպոսն, սուրբ փափէն, և կարմէլիթան պարոն Հիրինոմոսն՝ իմփեռաթօռէն» [2] ։ Շահ սուլթան Հուսեյնը այդ ուղերձների պատասխանները պատրաստել և հանձնել էր Պառնաբասին (Բառնաբասին), բայց, ըստ երևույթին, աֆղանների արշավանքների հետևանքով դրանք հասցեատերերին չէին ուղարկվել։ Այս կապակցությամբ Եղիա Մուշեղյանը հետևյալն է գրում իր «Հուշամատյանում». «Յամի տեառն 1722, որ էյի ես ի քաղաքն Սպահան, յառաջ քան պաշարումն աղուանից (–աֆղանից), պարոնտէրն տօմենիքանց Պառնաբասն հրաւիրեցաւ ընթրիս պարսից թագաւոր Շահ Սուլթան Հուսեյինին։ Հրամայեցաւ ինձ գնալ ընդ նմայ, որ և գնացի։ Անդ ընկալաւ երեք նամակք. պատասխան յիւր մատուցած նամակացն, որ էր մինն կայսերն, միւսն ֆռանցիզ թագաւորին, վերջինն փափին» [3] ։

Շահ Թահմազը, քաջատեղյակ լինելով իր գահընկեց հոր դիվանագիտական այս ծրագրերին, որոշում է ինքն իրագործել դրանք. նա ուղերձներ է պատրաստում Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս VI-ին, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ին և Հռոմի պապին։ Այս ուղերձները Եվրոպա տանելու համար շահի հրամանով կազմվում է հատուկ դեսպանություն՝ Սեիդ Համզե բեկ անունով մի պարսիկի, Թավրիզի կապուցին հայրերից ազգությամբ լեհ պատրի Հովհաննես Մկրտչի և վերոհիշյալ Եղիա Մուշեղյանի գլխավորությամբ։

Եղիա Մուշեղյանը, որ 1717 թ. հաստատվել էր Թավրիզում, իր ծավալած առևտրական գործունեության, Իրանում հաստատված եվրոպական պետությունների ներկայացուցիչների և կաթոլիկ միաբանությունների մոտ ազատ ել ու մուտ ունենալու, ինչպես նաև եվրոպական մի քանի լեզուների իմացության շնորհիվ մեծ հեղինակություն էր վայելում տեղական պետական շրջանակներում և Շահ Թահմազի Թավրիզում հաստատվելուց հետո նրա մտերիմ բարեկամն էր դարձել։

Երբ Եղիային առաջարկվում է Եվրոպա մեկնող պարսկական դեսպանության անդամ դառնալ, նա անվարան համաձայնվում է, որովհետև, ինչպես գրում է իր «Հուշամատյանում», «ես ունէյի միշտ ի մտի գնալ Ֆռանկիստան և հասանիլ ի փափականացս իմ» [4] ։ Իսկ նրա «փափագը» դեռևս պատանեկան տարիներից եղել է՝ գնալ Եվրոպա, բնակվել «ի մէջ ճշմարտութեան», ուսանել «ամենայն գիտութիւն», լեցվել «ամենայն շնորհիւ» և ապրել «ապահօվ՝ ի վեր քան զամենայն» [5] ։

Եվրոպա գործուղվող այս դեսպանության մասին շատ կարևոր վկայություններ են պահպանված Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվի «Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ» ֆոնդի Եղիա Մուշեղյանի գործում, մասնավորաբար նամակներում, և Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում պահվող նրա անտիպ «Հուշամատյանում»։ Մուշեղյանի «գործի» կարևորագույն փաստաթղթերից է նաև Կառլոս VI-ին Շահ Թահմազի հղած պարսկերեն ուղերձի պատճենը [6], որ ցարդ գիտական շրջանառության մեջ չի եղել և մի նոր կողմով է լուսաբանում ժամանակի Մերձավոր Արևելքում ծավալված քաղաքական դեպքերը։

Ուղերձը գրված է պարսկական միջնադարյան դիվանագիտական գրագրությանը բնորոշ վերամբարձ ու խրթին ոճով, երկդիմի արտահայտություններով, որտեղ Շահ Թահմազը մեծարանքի բազմապիսի ածականներով դիմելով Կառլոս VI-ին հայտնում է հետևյալը.

Իր թագավոր հոր բարեհաճ կարգադրությամբ ինքը թագավորանիստ Սպահան քաղաքից մեկնել էր Ղազվին, որտեղ, համաձայն ավանդական օրենքների և երկրի բազմազդեցիկ իշխանավորների կամքի, ինքը գահ է բարձրացել։ Ներկայումս հաստատվել է Ատրպատականում, որ ապահով վայր է, և որտեղ բավարար զորք կա իր հակառակորդներին ճնշելու համար։ Ղազվինից մեկնելուց հետո տեղեկացել է, որ անհավատ Միր Մահմուդը մի մեծ զորաբանակ է ուղարկել Ամանուլլահի գլխավորությամբ, որն աստծու կամքով պարտվել է և վիրավոր վիճակում փախել, իսկ զորքը ցիր ու ցան է եղել։ Ատրպատական հասնելուց հետո Թահմազին հայտնի է դարձել, որ աջ ու ձախ կողմերից բարեկամությունից խոսողները, առիթի են սպասում իրենց թաքուն թշնամությունը բացահայտելու։ Ներկայումս, երբ ինքը ժառանգական գահի վրա է բարձրացել, ցանկանում է վերականգնել երկու թագավորությունների միջև եղած հին բարեկամությունը։ Այդ նպատակով նախաձեռնություն է հանդես բերում և այս կողմերի (իմա՝ Իրանի) վիճակի մասին իր բարեկամին լրիվ տեղեկություններ հաղորդելու համար դեսպանություն է ուղարկում Սեիդ Համզե բեկի, կապուցին պատրի Յուհաննայի (Հովհաննեսի) և պալիողի (Արևելահնդկական ընկերության Թավրիզում նստող անգլիական ներկայացուցիչը) տեղակալ Յահյա Մուշեխի (Եղիա Մուշեղյանի) գլխավորությամբ։

Շահ Թահմազը միաժամանակ հայտնում է, որ նորին վսեմություն Շահ Աբասի ժամանակներից հաստատված կարգ ու կանոնը շարունակում է գործել և որ դա իր կողմից բանիմացորեն նկատի է առնված։ Եվ քանի որ տեղյակ է իր բարեկամներին հակառակորդ հանդիսացողների տրամադրություններին, հետևաբար վաղեմի բարեկամության կարգի համաձայն պիտի ջանա նրանց դժվարությունները հաղթահարելու գործում օգտակար լինել և սիրո ու բարեկամության հիմքերը ամրապնդել։

Ուղերձի վերջում ասված է, թե՝ մեր նորին վսեմություն թագավոր հոր և դրախտաբնակ Սեֆևի արքաների և արևաթագ արքայիդ արժանապատիվ գերդաստանի ու հայրերի միջև եղած բարեկամության կայուն հիմքերն ու կարգը պետք է նույն ձևով միշտ կայուն ու անսասան լինեն։ Շահ Թահմազը Կառլոս VI-ին հավաստիացնում է, որ Իրանում հաստատված պատրիների և ֆրանկների նկատմամբ նախկինում ցուցաբերված անհրաժեշտ ուշադրությունը կցուցադրվի և առաջիկայում։

1723 թ. նոյեմբերի սկզբներին, երբ ռուս-պարսկական դաշինքի կնքման լուրը դեռևս Շահ Թահմազին չէր հասել, Եվրոպա ուղևորվող այս պատվիրակությունը՝ 14 հայ և 5 պարսիկ պաշտոնյաներով, մեկնում է Թավրիզից և Ատրպատականի Արդաբիլ ու Կասկար քաղաքների վրայով նոյեմբերի 25-ին կամ 26-ին հասնում է Ռեշտ [7] ։

Ատրպատականի բոլոր բնակավայրերից անցնելու ժամանակ դեսպանությանը պետական արժանավայել ընդունելություն և օգնություն է ցույց տրվում։ Պատվիրակությունը Ռեշտ է հասնում այն ժամանակ, երբ ձմեռվա պատճառով նավագնացությունը դադարել էր։ Ինչպես տեղեկանում ենք Եղիա Մուշեղյանի կողմից Շահ Թահմազի մոնշի ալ-մամալեք (պետական քարտուղար) Ալի Նաղիին գրած նամակներից, Եղիան և իր ուղեկիցները մի քանի ամիս ստիպված մնում են Ռեշտում։ Այս ընթացքում Մուշեղյանը մտերմիկ հարաբերություններ է հաստատում տեղի պարսիկ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես և ռուսական էքսպեդիցիոն բանակի Ռեշտի կայազորի հրամանատարության հետ։

Թահմազի ուղերձում պատվիրակության պաշտոնական ղեկավարների թվում Եղիա Մուշեղյանի անունը երրորդ տեղում է, բայց իրականում ղեկավարը նա է լինում։ Այդ մասին Մուշեղյանը քանիցս նշել է իր «Հուշամատյանում» և դա ապացուցվում է ուղևորության ժամանակ տարբեր քաղաքներից պատվիրակության անունով պարսից արքունիքին և Ատրպատականի տարբեր գավառապետներին ու քաղաքապետներին նրա հղած նամակներով, որոնց մեջ պարսիկ պատվիրակ Սեիդ Համզե բեկի անունը ոչ մի անգամ չի հիշատակվում։ Ինչ վերաբերում է պատվիրակության մյուս ղեկավար պատրի Հովհաննեսին, որի անունը ուղերձում երկրորդ տեղում է, Մուշեղյանը գրել է, որ «ես զնա ծանօթ արարի շահին և մեծարեցի զնա առաչի նախարարացն» [8], իսկ նրա անունը ուղերձում իր անունից առաջ է գրել տվել, որովհետև, նախ, նա «կարգաւոր» (հոգևորական) է և պետք էր նրան հարգել և, ապա, մտավախություն է ունեցել, որ պատրին կարող է վիրավորվել, հատկապես որ նման առիթ եղել էր դրանից առաջ։ Այս վերջին դեպքի մասին Եղիան գրել է. «Տեսաւ, որ իմ անունն առաջ էր գրած, խռովեցաւ յինէն և տրտմեցաւ յոյժ» [9] ։

Շահ Թահմազի պետական քարտուղար Միրզա Ալի Նաղիին և այլ պաշտոնական անձանց հասցեագրված Եղիայի նամակները հաստատում են, որ պատվիրակության հետ կապված բոլոր խնդիրներով՝ սկսած նրա կազմի նշանակումից, ճամփորդության երթուղու որոշումից, դրամական հաշիվներից մինչև պարսկական ու ռուսական պետական մարմինների հետ ունեցած պաշտոնական հանդիպումներն ու բանակցությունները, անմիջականորեն զբաղվել է Եղիա Մուշեղյանը։

Նախքան պատվիրակության մեկնումը, պարսկական արքունիքում քննարկման առարկա է եղել նրա երթուղու հարցը. առաջարկներ են եղել, որ դեսպանությունը Եվրոպա ուղևորվի Թուրքիայի վրայով, սակայն Մուշեղյանը գերադասել է Ռուսաստանի ուղին, պատճառաբանելով, որ Թուրքիայի ճանապարհները վտանգավոր են ու անապահով, բայց իրականում նա նպատակ է ունեցել Ռուսաստանում հանդիպել Պետրոս Առաջինին և նրան ներկայացնել հայ ժողովրդի ազատագրման իր ծրագիրը [10] ։ Բայց թե Եղիան ինչ ծրագրեր ուներ՝ առայժմ հայտնի չէ։

Ռուսաստանի վրայով պատվիրակության ճանապարհորդությունը դեպի Եվրոպա ապահովելու համար 1723 թ. հուլիսի 27-ին (նոր տոմարով) Եղիան Թավրիզից մի նամակ է հղում Ռեշտ՝ ռուսական բանակում ծառայող ֆրանսիացի սպա Ժան Լուի Տալանսոնին և խնդրում Աստրախան գնացող մի նավ ապահովել և օգնել ռուսական հրամանատարությունից «ճամփու գիր» (արտոնագիր) ստանալու [11] ։ Տալանսոնի պատասխանը չի հապաղում. օգոստոսի 12-ի իր նամակով նա հայտնում է, որ եղել է ռուսական զորահրամանատարի մոտ, որը խոստացել է և՛ նավ տալ, և՛ «ճամփու գիր» [12] ։

Թավրիզի կապուցինների պետ Բեռնարդոսը, որ Եղիայի խոստովանահայրն էր, տեղեկանալով պատվիրակության առաքելությանը, հատկապես Եղիայի նպատակներին, առերևույթ չի առարկում նրան, բայց անբարյացակամ խորհուրդներով և այլևայլ սադրանքներով աշխատում է խափանել պատվիրակության ուղևորությունը։ Հետագայում, ինչպես կտեսնենք, Բեռնարդոսը հասնում է իր նպատակին։ Այդ մասին Մուշեղյանը մանրամասն գրել է իր «Հուշամատյանում»։

Պատվիրակությունը, Ռեշտ հասնելուց հետո, 1723 թ. դեկտեմբերից սկսած, հանդիպումներ է ունենում ռուսների հետ, որոնք հետաքրքրվում են նրա առաքելության նպատակներով։ Տեղեկանալով, որ ուղերձներ են տարվում եվրոպական պետությունների ղեկավարներին, ռուս պաշտոնյաները խորհուրդ են տալիս պարսից արքունիքից նման մի ուղերձ ստանալ նաև Պետրոս Առաջինի անունով [13] ։ 1725 թ. փետրվարի 8-ին Մուշեղյանը ռուսական հրամանատարության այդ պահանջի մասին գրում է Ալի Նաղիին, հույս հայտնելով, որ այդ դեպքում իրենք հանգիստ կանցնեն Ռուսաստանի վրայով [14] ։

Պատվիրակության հապաղումը Ռեշտում Եղիա Մուշեղյանի համար մտահոգությունների նոր դուռ է բացում, որովհետև չնախատեսված ծախսեր են առաջանում։ Ստիպված նա Ռեշտից մի քանի անգամ դիմում է Ալի Նաղիին և խնդրում դրամ ուղարկել, քանի որ «այս ճանապարհն օսմանլույի պէս չէ, որ թաքուն գնամք. պիտի աշքարա (բացահայտ) գնալ և այնպէս անել, որ արժանի լինի թագաւորի անուան», միաժամանակ ռուսների հետ հարաբերության մեջ մտնելու համար «քալամաչի» (թարգմանիչ) էր պետք, որը նույնպես լրացուցիչ ծախսերի հետ էր կապված [15] ։

Եղիայի սուրհանդակները մի քանի ամիս շարունակ երթևեկում են Ռեշտի և Շահ Թահմազի բանակատեղիի միջև։ Ըստ երևույթին շահը շատ էր շտապում, որպեսզի իր դեսպանները օր առաջ հասնեն Եվրոպա և իր ուղերձները տեղ հասցնեն, ուստի իր պետական քարտուղար Միրզա Ալի Նաղիի միջոցով Եղիային խիստ կարգադրություն է անում դեսպանության ուղևորությունը արագացնել. Ալի Նաղին գրում է Եղիային, որ նախ պետք է թագավորի հրամանը կատարել և ապա դրամ պահանջել, միաժամանակ կտրուկ ավելացնում է՝ այսուհետև «փուչ բաների» համար սուրհանդակներ չուղարկել [16] ։ Սա այն դեպքում, երբ Եղիան նախքան Թավրիզից մեկնելը իր կանխիկ ունեցվածքը՝ 432 թուման [17], ժամանակավորապես (մինչև իր վերադարձը) պահ էր տվել պարսից գանձատանը [18] ։

Ռեշտում գտնվելու մի քանի ամիսների ընթացքում Եղիա Մուշեղյանը իր գործունեությամբ աշխատում է նպաստել ռուս-պարսկական հարաբերությունների բարելավմանը, ըստ երևույթին իր հավատարմությունը ռուսներին ցույց տալու և քաղաքական հեղինակություն շահելու համար։ Այսպես՝ Կասկար բնակավայրից նոյեմբերի 22-ին վերոհիշյալ ֆրանսիացի սպա Տալանսոնին գրած նամակում նա հայտնում է. «Որժամ հասանք Աստառա, անդ գտինք մին ծառա [ռուսաց] թագաւորին, որ ըմբռնեալ էյին Կասկար, անունն Կոստանդին, Ֆետորի որդի, սիպիրցի, Սիլւանու գնտիցն, և մեզ հետ բերում ենք» [19] ։

1723 թ. Կասպիականի ափերին, Կասկարի մոտ, նավաբեկության էր ենթարկվել ռուսական առևտրական մի նավ, որի մարդկանց բռնել և ունեցվածքը թալանել էին տեղի բնակիչները։ Եղիան, որպես պետական հեղինակավոր ներկայացուցիչ, ռուսական հրամանատարության թելադրանքով նամակներ է ուղարկում տեղի կառավարիչներին՝ պահանջելով անհապաղ գտնել 1412 թուման արժողությամբ ապրանքները, վերադարձնել դրանք իրենց վաճառական տերերին և պատժել մեղավորներին։ Այս կապակցությամբ նա մի նամակ էլ գրում է (1724 հունվարի 11) Շահ Թահմազի վարչապետ Էհտիմադովլա Աբդուլ Քարիմին և հայտնում, որ «Հիմիկս ուռուսի սարտարն էն ապրանքն ուզում է և շատ նեղացել է... Հրամայէք, որ այս նաւիս ապրանքն տան» [20] ։ Այս հողի վրա, ինչպես Կասկարից հայտնում է Իսմայել բեկը, տեղի կառավարիչ Միրազիզ Սուլթանը հեռացվում է պաշտոնից, և իրեն էլ խիստ կարգադրություն է արվում, որ «չը լինի թէ մին բան անեմ, որ բարեկամութիւնն աւիրի» [21] ։

Ռուս-պարսկական հարաբերությունները բարելավվելու իր դերին Եղիան մեկ անգամ ևս անդրադարձել է շուրջ քսան տարի հետո՝ «Հուշամատյանում» գրելով. «Ես որ գնացի Կիլան (1723), զօրավարն (իմա՝ պարսից հրամանատար Մուստաֆա խանը Բ. Չ. ) նստէր ի Աստառայ և իւր փոխանորդն ի Կասկար, նոր փարատել էր պատերազմն ի քաղաքէն Ըռաշտայ, յորում նստէր զօրաւարն ռուսաց Լևաշօվն։ Ես որ գնացի, հաստատեցի ի միջի նոցայ խաղաղութիւն։ Որքան որ ես Կիլան մնացի՝ խաղաղութիւն երթևեկութիւն էր ի միջի նոցա։ Զկնի փոխելոյն իմ անտի և գնալոյն ի Հաշթարխան, ապայ թէ դարձեալ շփոթին» [22] ։

Ի վերջո դեսպանությունը 1724 թ. մարտի 29-ին հասնում է Աստրախան [23] ։ Եղիա Մուշեղյանը և իր ուղեկիցները այստեղ ևս ստիպված են լինում մի քանի ամիս սպասել, որովհետև ճանապարհը շարունակելու արտոնություն չեն կարողանում ստանալ։ Այս հապաղման պատճառը, Եղիայի կարծիքով, Մոսկվայից Պարսկաստան վերադարձող պարսից էլչի (դեսպան) Իսմայիլ բեկն էր, որը տեղի ռուսական պետական մարմիններին ասել էր՝ «էս մարդիքն մի թողուք, որ գնան, զերա (որովհետև) իմ շինած բանն կաւիրեն։ Եւ ինքն այս կերպիւս արղա (դիմում) գրեց և ղրկեց թագաւորին» [24] ։ Իսկ Իսմայիլ բեկի «շինած բաները» 1723 թ. սեպտեմբերի 13-ի ռուս-պարսկական դաշինքն էր։ Եղիան ստիպված դիմում է Մոսկվայի պարսից դեսպանի խորհրդին։

Որոշ ժամանակ Աստրախանում մնալուց և ճանապարհորդության պաշտոնական ձևակերպումները ավարտելուց հետո դեսպանությունը ճանապարհ է ընկնում դեպի Մոսկվա, այնտեղից անցնելու դեպի եվրոպական երկրներ, սակայն Կասիմով կոչված վայրում պատվիրակության երթը կասեցվում է տեղական իշխանությունների կողմից. Եղիային և իր ուղեկիցներին, որոնց թիվը նվազել էր մինչև 8 հոգու, ձերբակալում և շղթայակապ ուղարկում են Մոսկվա, իսկ այնտեղից էլ տեղափոխում են Պետերբուրգի մոտ գտնվող Շլիսելբուրգի բերդը [25] ։ Շուրջ մեկ տարի բանտում մնալուց հետո, 1725 թ. մարտի 31-ին Եղիան Շլիսելբուրգից դիմում է ուղարկում կանցլեր Գավրիիլ Իվանովիչ Գոլովկինին և խնդրում է իրեն ընդունել, որովհետև «ունիմք հարկաւոր և պեթքական բան ասել թագաւորին, զի յոյս ունիմք, որ մեր բանէն բազում օգուտ գլնի թագաւորին, և սուրբ հաւատոյն և մեր ազգին» [26] ։ Մինչև այդ, 1725 թ. հունվարի 28-ին արդեն մահացել էր Պետրոս Առաջինը։ Եղիայի «Հուշամատյանից» տեղեկանում ենք, որ կալանավոր եղած ժամանակ Եկատերինա թագուհին նրան առաջարկում է մնալ Ռուսաստանում. «Խոստացաւ թագուհին ռուստաց, Կատարինայ Ալեքսևնայն,   գրում է Եղիա Մուշեղյանը, տալ ինձ յիւր տանէն մեծ իշխանի աղջիկ մի ի կնութիւն՝ վեց հազար տամբ գռեհկաւ, եթէ ծառայէյի նմայ, նայև յաւել խոստացաւ տալ ինձ մեծութիւն, իշխանութիւն, պատիւ և զօրավարութիւն»։ Եղիան, որ արդեն «վայելել էր» ցարական բանտային դժոխային կյանքը, հրաժարվում է այս գայթակղիչ առաջարկներից, պատճառաբանելով, որ ինքը կատարելիք պարտավորություններ ունի. «Ես այս ամենայն հրաժարեցայ,   գրում է Եղիան իր «Հուշամատյանում», վասն սիրոյն Ֆռանցիզ թագաւորին, մտածելով այս բան, թէ այս բան ոչ ուղիղ գայ հաւատարմութեան, որովհետև ես խոստովանեցայ ծառայել նման», հետևաբար եթե իր խոսքը չպահի, ապա դա «ոչ վայել է հաւատոյս, ազգիս և տոհմիս» [27] ։

Թերևս այս պատասխանն էլ վճռում է միամիտ «դիվանագետի» հետագա ճակատագիրը, Շլիսելբուրգից Եղիային տեղափոխում են Պետերբուրգ, ապա Կրասնոյարսկ քաղաք, իսկ պատրի Հովհաննես Մկրտչին վերադարձնում են Աստրախան, որտեղ նա ապրում է «ի տան շահապապետին (քաղաքապետին)...  ուտէ, ըմպէ և ուրախանայ», գրում է իր «Հուշամատյանում» Ե. Մուշեղյանը [28] ։

Եղիա Մուշեղյանը Թավրիզից մեկնելիս հետն էր վերցրել իր առևտրական գործունեության հետ կապված բոլոր հաշվեմատյանները, փաստաթղթերը, ստացած նամակներն ու ուղարկածների պատճենները, որոնք չափազանց խնամքով ու գործիմացությամբ համարակալած պահում էր իր մոտ։ Նա վերցրել էր նաև ժողովրդական բանահյուսության հավաքած նյութերը, կազմած տաղարանները և ուսումնառության նպատակներով զանազան լեզուներով կազմած փոքրիկ բառացանկերը և Թուրքերեն-հայերեն բառարանը, Եզովպոսի առակների ֆրանսերենից կատարած թարգմանությունը և այլ գրական աշխատանքներ։

Այս հսկայածավալ դիվանը իր հետ վերցնելու փաստը խորհել է տալիս, որ Եղիա Մուշեղյանը հավանաբար նպատակ է ունեցել Պետրոս Առաջինի հետ հանդիպելուց և հայ ժողովրդի ազատագրման իր ծրագրերի իրականացումից հետո մնալ Ռուսաստանում, կամ հակառակ դեպքում անցնել Եվրոպա և իրականացնել պատանեկան տարիների իր երազանքները (տե՛ս վերը, էջ 423)։ Սակայն դեպքերի ընթացքը միանգամայն հակառակ դասավորվելու հետևանքով Եղիայի ողջ արխիվը (այդ թվում և քննության առարկա Շահ Թահմազի ուղերձի պատճենը (իսկականը պատրի Հովհաննես Մկրտչի արխիվում է) և դեսպանության ուղևորության ժամանակ Թավրիզի հետ ունեցած ողջ նամակագրությունը, անգամ ձերբակալությունից հետո իշխան Գոլովկինին գրած դիմումի պատճենը) ռուսական համապատասխան մարմինների կողմից բռնագրավվում և ուղարկվում է Պետերբուրգ։ Այս նյութերը ներկայումս պահվում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվում։ Հավանաբար ցարական պաշտոնյաներին երկար ժամանակ է պետք եղել Եղիայի ողջ արխիվը մանրամասն ստուգելու և նրան տրված մեղադրանքները հաստատող փաստաթղթեր գտնելու համար, սակայն, ըստ երևույթին, էական որևէ բան չգտնելով, ձերբակալությունից երեք տարի հետո նրան ևս վերադարձնում են Աստրախան և պահում տնային կալանքի տակ։

Ինչպես հետագայում, 1747-1749 թթ. գրել է Եղիան, Ռուսաստանում իրեն մեղադրել են որպես պարսկական լրտեսի, իսկ զրպարտողը եղել է պատվիրակության ղեկավարներից լեհ կապուցին պատրի Հովհաննես Մկրտիչը, ճանապարհորդության ժամանակ իր խոստովանահայրը, իսկ սրան դրդողն ու հրահանագողը եղել է Թավրիզի կապուցինապետ Բեռնարդոսը, որի հրահրումներով Եղիայի պատվիրակության մեկնումից հետո նրան զրպարտող բազմաթիվ նամակներ են ուղարկվել ռուսական պաշտոնական մարմիններին, թե իբր Եղիա Մուշեղյանը ռուսների թշնամին է և դեմ է նրանց կողմից հայերի ազատագրմանը։

Իր ողջ կյանքում վաճառականությամբ և  գրական աշխատանքով զբաղված «նորընծա» դիվանագետ Եղիա Մուշեղյանը մերթ միամտաբար կարծում է, որ պատրի Հովհաննես Մկրտիչը իրեն զրպարտել է լոկ փառամոլական դիտավորությամբ, որպեսզի այն պատիվներն ու հարգանքը, որ Եղիան պիտի ստանար ուղերձների հասցեատերերից, տրվեին իրեն՝ Հովհաննես Մկրտչին [29] և մերթ էլ, որ ավելի հավանական է, իր ռուսական կողմնորոշումն է համարում իր առաքելության ձախողման պատճառը [30] ։

Եղիա Մուշեղյանը, որ երիտասարդական անփորձ տարիներին միամտաբար համոզված է եղել՝ թե ողջ քրիստոնյա աշխարհը, այդ թվում և Ռուսաստանը, միասնական ծրագիր ունեն Արևելքի քրիստոնյաներին մուսուլմանական լծից ազատագրելու համար, ռուսներին համակրելու և Պետրոս Առաջինին հանդիպելու իր ծրագրերի մասին անզգուշաբար հայտնել էր իր խոստովանահայրերին, սկզբում Թավրիզում պատրի Բեռնարդոսին, իսկ ուղևորության ընթացքում՝ պատրի Հովհաննես Մկրտչին, չնայած սա արդեն Ռեշտից սկսում է իր թշնամանքը բացահայտել Եղիայի նկատմամբ։

Կյանքի վերջին տարիներին Եղիա Մուշեղյանը, երբ արդեն ծեր էր և հիվանդ և «Հուշամատյանում» քննության է առնում իր ձախողումների պատճառները, գրում է. «Ես թագաւորի պէս կապրէյի ի յերկիրն Պարսից, հաշուէ թէ ես էյի թագաւոր։ Արդ ընդէ՞ր թողի և գնացի։ Կամէյի գնալ, որ անդ առաւել մեծութիւն գտանե՞մ։ Ո՛չ։ Քանի Աստուած զիս մեծացուցել էր յոյժ այնքան, որ ոչ ոք նախարարացն բազմէր ընդ շահին, բացի յինէն։ Վասն սիրոյ և վասն բարեացն նոցայ, մանաւանդ վասն օգտին ազգին իմոյ (ընդգծումը մերն է Բ. Չ. ) թողի զայն փառքն, պատիւն և մեծութիւն, գնացի անդ, քանզի այնպէս կհաւատայի, թէ իմ թագաւորք են։ Եթէ ոչ համարէյի նոցայ թագաւորք իմ՝ ոչ գնայի» [31] ։

XVIII դարի սկզբներին հայերի, այդ թվում և իր ռուսական կողմնորոշման մասին Եղիա Մուշեղյանը արժեքավոր վկայություններ է տալիս «Հուշամատյանում», որ գրի է առել 1747-1749 թթ., այն օրերին, երբ նա հայրենի Խոտրջրում կյանքի վերջին օրերն էր ապրում և կարիք չուներ, և պարտավորված էլ չէր, իր հայացքների մասին որևէ մեկին հաշիվ տալ։ Թվում է, որ դրանով նա ցանկացել է իր ժողովրդի և պատմության առաջ պարզերես ներկայանալ։ «Թէպէտ վաղուց գիտէյի,   գրում է Մուշեղյանը, թէ Պետրոս թագաւորն գալոց է փրկել զազգն մեր, բայց առաչի անգամն, որ գնացի Շամախի և հաստատութեամբ լսեցի, թէ ամենևին ռուստ թագաւորն գալոց է առնուլ յերկիրն Պարսից, վասն փրկելւոյ զմեզ, առժամայն ուխտ եդի յանձին իմոյ ասել ամենայն յաւուր հինկ «Հայր մեր» և հինկ «Ողջոյն Մարիամ»՝ յիշատակաւ սրբազանից հնկից վիրացն Յիսուսի Քրիստոսի, այսու դիտաւորութեամբ, թէ՝ «Տէ՜ր Աստուած, զմի ի տասանց կենացն իմոց հա՛տ յինէն և դի՛ր ի վերայ կենացն Պետրոս թագաւորին։ Տէ՜ր, տո՛ւր նմա առաւել կարողութիւն, զօրութիւն, որ ամենայն յաջողութեամբ գայ և ազատէ զմեր ազգն» [32] ։ Այս բոլորից հետո Մուշեղյանը իր «Հուշամատյանի» ապագա ընթերցողին հարց է տալիս. «Այր ոք, որ այսքան ջերմեռանդ սէր ունենայ ընդ ումէք, գլնի՞ հաւատալ, որ հակառակ գործէ ընդդէմ սիրելոյն այն։ Եթէ ես այլ ազգ լինէյի և ոչ հայ, կարելի յէր աւատալ, թէ ես հակառակ նորայ գործէյի, այլ ես էյի ազգաւ հայ և որ վաղուց գիտէյի այդ գործն, թէ ռուս թագաւորն կամի ազատել զազգն իմ տառապեալ, զիա՞րդ կարէյի զայդ գործ գործել, որ չէր արժան, ևս անհնար վասն իմ։ Ոչ թէ միայն ես գիտէյի զայդ գործն, այլև ամենայն ազգն իմ, այր և կին, ծեր և տղայ և ամենեքեան յայտնապէս խոսէյին և ոչ ի ծածուկ։ Որպէ՞ս զօրէյի գործել հակառակ ռուստաց, որ ամէն օր տեսանէյի զտառապանն, զթշուառութիւնն և զգերիլն ազգին իմոյ» [33] ։

Եղիա Մուշեղյանը համոզված է, որ եթե չլիներ իր «վասն ռուստաց բարի կամիլն և բարի խորհիլն», իրեն «ոչ մատնէր քափուչինն», «նա տեսաւ, ավելացնում է Եղիան, իմ փառքն, իմ զօրութիւն և իմ իշխանութիւն, որ ետ ինձ Աստուած և ստուգիւ զգաց, թէ իմ ձեռամբն լինելոց էր փրկութիւն ազգին իմոյ, նախանձեցաւ, աճապարեց ոչ լինիլ։ Այս բան յայտնի յէ ամենայն հմուտ արանց և որպէս արեգական ճառագայթէ ամենեցուն» [34] ։

Եղիայի աստրախանյան կյանքի տարեգրության մասին շատ աղոտ տեղեկություններ կան «Հուշամատյանում», չի պահպանվել նաև նրա հիշողությունների մի այլ մատյանը, որը վերնագրված է եղել «Գիրք ճանապարհաց»։ «Հուշամատյանի» մեջ արված նշումներից տեղեկանում ենք, որ Աստրախանում նա երբեմն գաղտնի կերպով հանդիպել է պատրի Հովհաննես Մկրտչին, մի քանի նամակներ են փոխանակել, բայց սերտ հարաբերություններ չեն ունեցել։ Երբ 1736 թ. Եղիան իրավունք է ստանում դուրս գալ Ռուսաստանից, նրան նորից ուղեկից է դառնում պատրի Հովհաննես Մկրտիչը, իսկ Լեհաստան հասնելուց հետո լքում է նրան, մեկուսանում ինչ-որ վանքում։ Այս կապակցությամբ Եղիան գրել է. «Յամի տեառն 1736, յունիսի 24, յելինք ի Հաշթարխանու, 1737 փետրվար 22 մտինք ի Վարշաւ, արքայանիստ քաղաքն լեհաց։ Անդ մեկնեալ յինէն վերոյ ընկերն իմ քափուչին Օվանէսն» [35] ։

Եղիա Մուշեղյանին բանտից և կալանքից ազատելու մասին ոչ մի ձևով չեն մտածում նրան դեսպանության ուղարկող պարսիկ իշխանավորները։ Պարսիկների այս անտարբեր վերաբերմունքը Եղիան իր «Հուշամատյանում» բացատրում է նրանով, որ նրանց մոտ ևս իրեն ամբաստանած են եղել որպէս Պարսկաստանի թշնամի, թե իբր նա ուղերձները կամավոր է հանձնել ռուսներին, շահին հայտնել են, թե «Յեահիյէ բեկն (Եղիա Մուշեղյանը Բ. Չ. ) ապստամբեցաւ և դառցաւ ի քէն և միաբանեցաւ ընդ ռուստաց և քոյ տված նամայնքն (նամակները) մատուց ռուստաց թագաւորին» [36] ։

Երկու տարի Լեհաստանում մնալուց հետո Եղիա Մուշեղյանը Դանիայի ու Հոլանդիայի վրայով ուղևորվում է Ֆրանսիա, այնուհետև Իտալիա՝ հույս ունենալով, որ իր եվրոպացի բարեկամները՝ Արևելահնդկական ընկերության Փարիզի կենտրոնը, կաթոլիկական հաստատությունները, ինքը Հռոմի պապը կհասկանան նրա գլխավորած դեսպանության ձախողման պատճառները, կօժանդակեն իրեն և կփոխհատուցեն իր կրած նյութական ու բարոյական վնասները։ Սակայն ամենուրեք նա քար անտարբերության է հանդիպում և, խորը հիասթափություններ ապրելով, ստիպված նորից բռնում է Պարսկաստանի ճամփան։ Այդ տարիներին իշխանությունը արդեն անցել էր Նադիր Շահին։ Եղիան ցանկանում է հանդիպել երկրի նոր տիրոջը, պահանջել պետական գանձատանը ավանդ թողած իր հարստությունը, բայց նրան խորհուրդ են տալիս այդ մտքից հրաժարվել, քանզի նոր շահը թշնամանքով էր վերաբերվում Շահ Թահմազի նախկին բարեկամներին։ Եղիան ստիպված ապավինում է կաթոլիկ կղերին, որոշ ժամանակ ապրում է Մեշհեդում, ապա գնում է Սպահան, այնտեղից էլ Թավրիզ, իսկ կաթոլիկ կղերականները իրենց վանքերում դժկամությամբ են նրան օթևան տալիս։ Այս բոլորը ծանր է անդրադառնում Եղիայի առողջության վրա և նա 1743 թ. վերադառնում է իր ծննդավայրը, որտեղ արդեն մահացել էին մայրն ու եղբայրները։ Այստեղ էլ նա ապրում է հալածական վիճակում. հայերը մեղադրում են նրան, որ իբր նա է պատճառ դարձել ռուսների առաջացման ձախողմանը, իսկ Արևելահնդկական ընկերության Կարինի պարտատերերը պետական իշխանությունների առաջ հայց են հարուցում նրանից գանձելու իրենց պահանջները։ Եղիա Մուշեղյանը Կարինից խույս է տալիս հայրենի գյուղ՝ Խոտրջուր, որտեղ ապրում է նյութական ծանր ու անապահով պայմաններում։ Այստեղ էլ նա գրի է առնում իր կյանքի համառոտ տարեգրությունը, որտեղ պատմում է հիմնականում կաթոլիկ միաբանությունների հետ ունեցած հարաբերությունների, Արևելահնդկական ընկերության մեջ իր պաշտոնավարության և դեպի Եվրոպա կատարած ուղևորության ձախողման մասին, ինչպես նաև տալիս է Ռուսաստանում ձերբակալվելու պատճառները։

ЕВРОПЕЙСКОЕ ПОСОЛЬСТВО ЕГИИ МУШЕГЯНА
Резюме

С целью установления связей с европейскими государствами шах Тахмасп II в 1723 году отправляет со специальным посольством послания Карлу VI, Людовику XV и папе римскому. Посольство, направляющееся из Тавриза в Европу через Россию, было арестовано в городе Касымове по обвинению в шпионаже. Были конфискованы документы и личные архивы руководителей посольства, в том числе и Егии Мушегяна. Ныне все эти материалы хранятся в Архиве внешней политики России, в фонде «Сношения России с Арменией». В числе документов сохранилась копня послания Карлу VI на персидском языке, сравнение которой с другими документами, содержащимися в деле Егии Мушегяна, и его мемуарами (Библиотека Конгрегации Мхитаристов а Вене, рук. 980) проливает новый свет на историю дипломатических отношений Персии с Россией и европейских государств в первой четверти XVIII века.

 


 



!      Տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 1987, 4, էջ 82-91։

[1]     Mary Lucille Shay. The Ottoman Empire from 1720 to 1734 as Reavealed in Despatches of the Venetian Baili. Westport (Connecticut), 1978, p. 108.

[2]     Եղիա Կարնեցու Դիվանը, առաջաբանը և ծանոթագրությունները պրոֆ. Ա. Գ. Աբրահամյանի, Երևան, 1968, էջ 213 (այսուհետև՝ Դիվան)։ Տե՛ս նաև Եղիա Մուշեղյան Կարնեցի, Թուրքերեն-հայերեն բառարան, աշխատասիրությամբ Բ. Լ. Չուգասզյանի, Երևան, 1936, էջ 9-18։

[3]     «Պատմութիւն իմն կարճառօտ ի վերայ անձկութեանց Եղիայիս Աստուածատուրեան Մուշեղանց, զորս կրեցի ի ազգէն Ֆռանկաց, մանաւանդ ի խաբեբայ կրօնաւորացն նոցայ և ի սուտ եխպայրց և բարեկամ կոչեցելոց», Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. 980, էջ 41ա (այսուհետև՝ Հուշամատյան) ։

[4]     Նույն տեղում, էջ 55բ։

[5]     Նույն տեղում, էջ 7ա։

[6]     Историко-дипломатическое управление МИД СССР, Архив внешней политики России (АВПР), ф. Сношения России с Арменией, 1724 г., «В», д. 15, л. 5.

[7]     Դիվան, էջ 225, 272-273, 284-285։

[8]     Հուշամատյան, էջ 83ա։

[9]     Նույն տեղում, էջ 24բ։

[10]   Նույն տեղում, էջ 226ա-226բ և 44ա-45բ։

[11]   Դիվան, էջ 213։

[12]   Նույն տեղում, էջ 218։

[13]   Նույն տեղում, էջ 239։

[14]   Նույն տեղում, էջ 281։

[15]   Նույն տեղում, էջ 238։

[16]   Նույն տեղում, էջ 283։

[17]   Մեկ թումանը այդ ժամանակ 1000 կոպեկ էր (տե՛ս Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ և դրամից բոլոր աշխարհի, Ամստերդամ, 1699, էջ 27), որ անում է 432 ոսկի ռուբլի։

[18]   Հուշամատյան, էջ 85բ։

[19]   Նույն տեղում, էջ 225։

[20]   Դիվան, էջ 269։

[21]   Նույն տեղում, էջ 277։

[22]   Հուշամատյան, էջ 225ա։

[23]   Դիվան, էջ 287։

[24]   Նույն տեղում, էջ 287։

[25]   Հուշամատյան, էջ 30։

[26]   Դիվան, էջ 297։

[27]   Հուշամատյան, էջ 278բ-279ա։

[28]   Նույն տեղում, էջ 51ա-51բ։

[29]   Նույն տեղում, էջ 242ա։

[30]   Նույն տեղում, էջ 75բ-76ա։

[31]   Նույն տեղում, էջ 226ա։ Շահ Թահմազի հետ ջերմ հարաբերություններ ունենալու մասին Եղիա Մուշեղյանի այս խոսքերը լոկ հետին թվով հպարտանալու հայտարարություններ չեն։ Շահի հետ նա այնքան մտերիմ է եղել, որ տարբեր առիթներով ընծաներ է մատուցել նրան։ Դրա մասին նա նշել է դեռևս «Հուշամատյանը» գրելուց շատ տարիներ առաջ (1723 թ. ) կազմած իր ունեցվածքի ցուցակում. այսպես.

«Յամի տեառն 1723, յուլիսի 21. Թարվէզ։ Գրեցի ինչ որ տան ապրանք ունէյի։ Յետ երկրաշարժէն և գողն տարածէն ինչ որ յետ էր մնացել ամենն մի ըստ միոջէ գրեցի։... »:

«Մին փոքր թուճ թօփ իր կառօվն։ Այս թօփն պարսից Շահ Թահմազին յընձայեցի իրան կառօվ, Թարվէզ».

Բ (2) ֆռանկի չախու, որ հնարիուք բանան և խփեն։ Այս Բ (2) չախուն ես յընծայեցի Շահ Թահմազին, Թարվէզ։

Մին երկաթէ պուռնօթու ղութի (քթախոտի տուփ) ներկած։ Այս պուռնօթու ղութին ևս յընծայեցի Շահ Թահմազին... » (АВПР, ф. Сношения России с Арменией, 1724, «А», оп. 100/1, д. 10, л. и 16а).

[32]   Նույն տեղում, էջ 226ա։

[33]   Նույն տեղում, էջ 226բ-227ա:

[34]   Նույն տեղում, էջ 227բ:

[35]   Նույն տեղում, էջ 56բ։

[36]   Նույն տեղում, էջ 232բ։