ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՈՐԱՅԱՅՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ՝ ՁԻԱԲՈՒԾՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ !

Մեծանուն հայագէտ Փրոֆ. Հրաչեայ Աճառեանը 1906 թուին Իրանի Թաւրիզ քաղաքում տեսել ու նկարագրել է 13-րդ դարի մի եզակի անասնաբուժական մատեան, որը հիացմունքով բնութագրել է որպէս «Նիւթով ու գրութեամբ պատուական ձեռագիր»։ Փրոֆ. Աճառեանը, ինչպէս տեղեկանում ենք նրա յիշողութիւններից, ժամանակի սղութեան պատճառով «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» կոչուող այս յուշարձանին ծանօթացել է հպանցիկ, ուստի միայն կարողացել է կատարել դրա նկարագրութիւնը եւ ընդօրինակել յիշատակարանը։

Դեռեւս 50-ական թուականներից Մաշտոցի անուան Մատենադարանի տնօրէնութիւնը սկսել էր հետաքրքրուել այս ձիամատեանի ճակատագրով։ Ստացուած կցկտուր տեղեկութիւնները ձեռագրի հետքերը տանում էին Ամերիկայի Միացեալ Նահանգներ։ Եւ ահա 1972 թուին Լոս Անճելըս քաղաքի բնակիչ Զարեհ Սարաջեանի մօտ մեզ բախտ վիճակուեց ձեռագիրը տեսնել եւ ստանալ դրա մանրաժապաւէնը։

Երեւան վերադառնալուց յետոյ մանրաժապաւէնի հիման վրայ միջնադարեան այս անասնաբուժական երկը պատրաստեցինք հրատարակութեան, որը մանրամասն առաջաբանով ու ստուգաբանական բառարանով հրատարակեցինք 1980 թուականին։

Այս բժշկարանը հայ-արաբական մշակութային կապերի դրսեւորման առաւել կարեւոր երեւոյթներից է, զոր 1296-1298 թթ. կիլիկեան հայոց արքայ Սմբատի կարգադրութեամբ կազմել է ասորի բժիշկ Ֆարաճը քահանայ Թորոսի աջակցութեամբ։ Ըստ Ֆարաճի թողած յիշատակարանի, նա իր աշխատանքի համար օգտուել է հնդկական ու արաբական աղբիւրներից, ինչպէս ինքն է գրում՝ «ի բազում իմաստասիրաց՝ Ճնա, Ապի Ուսուֆին եւ Ըռաշիտայ եւ այլ բազում հնդկաց եւ Պաղտատայ իմաստասիրացն»։

13-րդ դարի երկրորդ յիսնամեակում շարունակւում էր կիլիկեան հայոց պետականութեան առաջընթաց զարգացումը, ընդարձակւում էին նրա քաղաքական ու տնտեսական կապերը հարեւան եւ հեռաւոր երկրների ու իշխանութիւնների հետ։ Երկրի քաղաքական ու ռազմական հզօրութիւնը ամրապնդելու, ուժեղացող արտաքին վտանգին դիմագրաւելու համար հայ իշխանաւորները ինքնաբերաբար աւելի մեծ ուշադրութիւն էին դարձնում երկրի տնտեսութեան, մասնաւորաբար գիւղատնտեսութեան վերելքին, եւ արտաքին ու ներքին առեւտրի ծաւալմանը։

Այս ժամանակներում է, որ արաբերէնից հայերէնի են թարգմանւում միջնադարի կարեւորագոյն գիւղատնտեսական երկերից «Գիրք վաստակոց»-ը, ինչպէս նաեւ աստղագիտութեան, քիմիաբանութեան, ձիադարմանութեան, պողպատաձուլութեան եւ թրագործութեան վերաբերեալ գրքեր։

Հայաստանը վաղուց անտի ճանաչուած էր որպէս ձիաբուծութեան կարեւոր կենտրոն։ Փոքր Ասիայի արեւելքում ձին արդէն մ. թ. ա. 1900-1700 թուականներին օգտագործւում էր ե՛ւ ռազմակառքերում, ե՛ւ որպէս լծկան։ Յետագայում եւս, արդէն ուրարտական ժամանակաշրջանում, ձիաբուծութիւնը եղել է երկրի տնտեսութեան հիմնական ճիւղերից մէկը։

Հին Հայաստանում ձիաբուծութեան զարգացման մասին են վկայում Քսենոփոնն (430-354 մ. թ. ա. ) եւ Ստրաբոնը . դար մ. թ. ա.

Հայ եւ օտար աղբիւրները վկայում են, որ մինչ արաբական արշաւանքները, Հայաստանը յատկապէս Արշակունիների ժամանակ, ունեցել է հզօր հեծեալ բանակ։

Ձիաբուծական աւանդները Հայաստանում շարունակուել են նաեւ յետագայ դարերում. Կիլիկիայի ձիերը նոյնպէս մեծ համարում ու ճանաչում են ունեցել ներքին եւ արտաքին շուկաներում։ Եւ դա հասկանալի է. մարտական ու տոկուն ձիերի ու գրաստների մեծ կարիք ունէր հայկական հեծելազօրը, միաժամանակ դրանք եկամտի կարեւոր աղբիւր էին եւ արտահանւում էին շատ երկրներ։ Հետեւաբար պատահական չէր, որ Կիլիկիայում ձիաբուծական ձեռնարկներ էին կազմւում։

Բժիշկ Ֆարաճի կազմած ձիագիտական երկից ամբողջական միայն մէկ ձեռագիր է հասել՝ Զարեհ Սարաջեանի օրինակը, մինչդեռ ըստ մատենագիտական տեղեկութիւնների միջնադարում գործածութեան մէջ են եղել դրա այլ ընդօրինակութիւնները եւս, որոնցից մէկը 18-րդ դարում հիմք է հանդիսացել վրացական թարգմանութեան համար։

Հայ հեղինակների ինքնուրոյն ձիագիտական երկեր մեր մատենագրութեանը յայտնի չեն, բայց պէտք է ենթադրել, որ Հայաստանի հարուստ արօտավայրերում սփռուած տասնեակ հազարների հասնող ձիերը խնամուել եւ բուժուել են գործնական գիտելիքներ ունեցող ձիապանների ու ձիաբուժների միջոցով։

Հայերէն սոյն ձիամատեանի համեմատութիւնը մեզ մատչելի արաբերէն ու պարսկերէն ձիագիտական մի քանի ձեռնարկների հետ ցոյց է տալիս նրանց կառուցուածքի եւ բովանդակութեան որոշ ընդհանրութիւն, բայց կան եւ բացայայտ տարբերութիւններ ու հեղինակային միջամտութիւններ, մի հանգամանք, որ խորհել է տալիս, թե բժիշկ Ֆարաճը, թերեւս հետեւելով արաբական ձիամատեաններին, որոնք «ասացեալ» են «ի բազում իմաստասիրաց» եւ դրանց երկերի նմանողութեամբ կազմել է պարզ ու համառօտ, դիւրըմբռնելի շարադրուած իր ձիամատեանը։

Բժիշկ Ֆարաճը իր առջեւ դրուած խնդիրն ի կատար է ածել մասնագէտի ամենայն բարեխղճութեամբ, ինչպէս մեծն բժշկապետ Մխիթար Հերացին, նա եւս վկայակոչում է իր աղբիւրները՝ յանուանէ յիշատակում դրանց հեղինակներին թէ՛ երկի յիշատակարանում եւ թէ՛ բնագրում, անգամ մատեանի սկզբում դրել է հնդիկ Ճնա իմաստունի գծանկարը։ Ձեռնարկը դիւրըմբռնելի դարձնելու նպատակով Ֆարաճը վարպետութեամբ նկարել է նաեւ մի ձի՝ մարմնի իւրաքանչիւր անդամի մօտ գրելով նրա դրական ու մերժելի յատկութիւնները։ Ինչպէս Մխիթար Հերացին իր «Ջերմանց մխիթարութիւնը» գրել է «գեղջուկ եւ արձակ բարբառով զի դիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց», այնպէս եւ յետագայ 13-րդ դարի գործնական մի շարք երկեր Գիրք Վաստակոցը, Քիմիաբանութիւնը, այդ թւում եւ Ֆարաճի Բժշկարանը շարադրուած են ժողովրդին հասկանալի խօսակցական լեզուով։ Ի միջի այլոց ասենք, որ սրանով պիտի բացատրել մեր բառարաններին անծանօթ բազմաթիւ հայերէն բարդութիւնների եւ օտար, հիմնականում արաբերէն եւ իրանական ծագում ունեցող, անգամ ֆրանսերէն մի քանի բառերի ձեւագիտական տերմինների առկայութիւնը Բժշկարանում։

Վերը թուարկած առաւելութիւններն են, ըստ երեւոյթին, թելադրել, որպեսզի 1298-1299 թուականներին Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի մեծ իշխան Հուսամ ալ-տին Լաճինի բանակները հայոց արքայի գանձատունը թալանելու ժամանակ ուշադրութիւն դարձնեն այս ձիադարմանական երկին եւ անմիջապէս այն թարգմանել տան արաբերէնի։

Պատմական ու մշակութային այս կարեւոր փաստին մենք իրազեկ դարձանք վերջերս՝ Քլիվլենտի (ԱՄՆ) համալսարանի Փրոֆ. հայագէտ Ճոն Կրեփինի օգնութեամբ։ Ուաշիկթընի գրադարաններից մէկում պահւում է հայերէնից արաբերէնի թարգմանուած մի ձեռագիր անասնաբուժական մատեան։ Մեր խնդրանքը այդ գրադարանին՝ ուղարկելու ձեռագրի ժապաւէնը, շուտով կատարուեց։ Հետազօտութիւնից պարզուեց, որ այս մատեանի աւելի լրիւ ընդօրինակութիւնները պահւում են Բրիտանական գրադարանում եւ Կոթայի (ԳԴՀ) Հերցոկլիխէն ձեռագրատանը։ Շուտով ստացուեցին նաեւ սրանց մանրաժապաւէնները, որոնց համեմատութիւնը Ֆարաճի Բժշկարանի հետ հաստատեց, որ արաբերէնը թարգմանուած է այս իսկ հայերէն Բժշկարանից. արաբերէնը ունի 132 գլուխների նոյն ցանկը, ինչ հայերէնը, բնագիրը նոյնութեամբ, բացի առաջին փոքրիկ գլխից, համընկնում է հայերէնի հետ, տերմինները համարեա նոյնն են։ Արաբերէն թարգմանութեան մանրամասն առաջաբան յիշատակարանում քանիցս շեշտւում է հայերէնից թարգմանուած լինելու հանգամանքը։

Արաբերէն այս հետաքրքիր յուշարձանի մանրամասների հաղորդակից լինելու համար մեր խնդրանքով պատմական գիտութիւնների դոկտոր, արաբագէտ Արամ Տէր-Ղեւոնդեանը թարգմանեց այդ առաջաբանը. ահա դրա մի մասը ։

«Սա մի գիրք է, որ պարունակում է ձիու նկարագրութիւնը եւ նրա հիւանդութիւնների բուժումը։ Սա հայերէն գրով էր եւ վերածուել է արաբերէն գրի։ Բանն այն է, որ մեծ իշխան Հուսամ էլ-տին Լաճինը, որը ծանօթ է Սարխատի անուամբ եւ աստուծապահ Եգիպտոսի մեծամեծ ամիրներից է (իշխել է 1297-1298 թթ. ), հայերէն բժշկարանը վերցրել է հայոց թագաւորի գանձապահարանից գտնելով այն այլ գրքերի մէջ, երբ թշնամին (այսինքն՝ հայերը) ջարդուել եւ խեղճացել էր աստուածապահ Հոմս յայտնի քաղաքից այն կողմում (տեղի ունեցած ճակատամարտում), Մանսուրի (իմա՝ Լատինի) տիրակալութեան օրերին, աստուած փառաւորի նրա իշխանութիւնը։ Նա գիրքը տուել էր իր խոնարհ ծառայ Իպրահիմին, որը յայտնի է բանակի քարտուղար անուամբ, դրօշների պահեստում, երբ այնտեղ ձերբակալուած էր։ Նրա մօտ բերուեցին մի խումբ հայ գերիներ, որոնք գիտէին այդ գիրքը։ Նա՝ Իպրահիմը, ստուգեց եւ վերածեց արաբերէն բառերի, հետեւեց նրանց իմաստին եւ ուղղեց, որ հասկանալի լինի, եւ իւրաքանչիւր հատուածը համապատասխանի հայերէնին։ Գիրքը բովանդակում էր գիտելիքներ ընտիր ձիերի մասին, նրանց նշանները, եւ վատ ձիերի նշանները, հիւանդութիւնները, ախտերը, դրանց բուժումը դեղերով, դեղաբոյսերով, քրտնեցումով եւ այլն։ Դեղերի ու դեղաբոյսերի անունները եւ տերմինները յաճախ արաբերէն անհասկանալի էին եւ բարձրեալն Աստուած օգնեց հայ գերիների մէջ արհեստին գիտակ մի վիրաբոյժ գտնել, որը անհասկանալի բառերը բանիմացօրէն բացատրեց, քանզի այդ գիրքը բովանդակում էր այն, ինչ նա ստուգել էր փորձով, իսկութիւնը ճշդել եւ ճշմարտութիւնը իմացել էր»։

Հայկական եւ արաբական աղբիւրները Լաճինի յարձակումը Կիլիկիայի վրայ որոշակիօրէն 1296 թ. են նշում։ Յայտնի է, որ այդ ժամանակ Կիլիկիայում թագաւորական գահի վրայ պայքար էր սկսուել երկու եղբայրներ Սմբատի եւ Կոստանդինի միջեւ, իսկ Եգիպտոսի սուլթան Լաճինը, առիթը պատեհ գտնելով, հրամայում է իր զօրաբանակներին մտնել Կիլիկիա։ Ինչպէս գրում է Սամուէլ Անեցու Պատմութեան շարունակողը՝ «Մսրցին (այսինքն՝ եգիպտացին) եմուտ ի Կիլիկէ եւ առհասարակ այրեաց զգեօղ եւ զքաղաք եւ բազումս եսպան եւ զայրս վարեաց։ Եւ այլք զայս ՁԽԷ (1298 թ. ) ամին ելեալ եւ ճիշդն այն է»։

Օտարերկրեայ ներխուժողների կողմից հայկական միջնադարեան մատենադարանների կողոպուտների մասին մեր աղբիւրներում բազմաթիւ տեղեկութիւններ են պահպանուել։ Ֆարաճի Բժշկարանի արաբական սոյն թարգմանութիւնը վկայում է մի այլ՝ ցարդ որեւէ այլ տեղ չյիշատակուած, կիլիկեան գանձատան աւերման մասին, որտեղ եւ որպէս թանկարժէք մասունք, պահել են եւ այդ ձիադարմանութեան երկը։ Չի բացառւում, որ սրա հետ մէկտեղ հայոց արքայի գանձապահարանում բազում արժէքաւոր այլ մատեաններ եւս եղած լինեն, որոնք մամլուքները աւարի են ենթարկել։ Այն, որ օտար ներխուժողները գանձատունը թալանելիս ուշադրութիւն են դարձրել գրչագիր մատեաններին, վկայում է որ նրանք շատ լաւ գիտակցում էին գրաւոր, յատկապէս գանձատանը պահւող, յուշարձանների արժէքը, որոնցից նրանք օգտուել են յօգուտ իրենց մշակոյթի։

Կիլիկեան Բժշկարանի արաբերէն նորայայտ թարգմանութիւնը թոյլ է տալիս խորհելու, որ հաւանաբար հայերէնից արաբերէնի թարգմանուած այլ երկեր եւս լինեն, որոնք ցարդ յայտնի չեն հայագիտութեանը, ուստի այս նկատառումով պէտք է հետախուզուեն արաբական գրչագիր մատեանները։

Հայերէնից արաբերէնի թարգմանուած միջնադարեան մեր գրականութեան մէջ յայտնի են Ագաթանգեղոսի պատմութիւնը եւ Աղուեսագիրքը։ Այժմ յայտնի է դառնում նաեւ երրորդ յուշարձանը՝ Կիլիկեան Ձիամատեանը, որը մի նոր էջ է բացում հայ-արաբական յարաբերութիւնների պատմութեան մէջ։

 

 


 



!      Հրապարակվել է «Արեւ» ամսագրում, Կահիրե, 1986, 20493, դեկտեմբերի 24-25, էջ