ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

! ԱՐԴՅՈՔ ԽԱԿԱՆԻ՞Ն Է ՖՐԻԿՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ *

Ֆրիկի « Դիվանի » հայատառ պարսկերեն քառյակը վերջին տարիների ընթացքում իր վրա հրավիրեց բանասերների ուշադրությունը. հրապարակվեցին մի քանի հոդվածներ, որոնք հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում քառյակի հեղինակային պատկանելիության վերաբերյալ, նպաստում գծելու քառյակի անցած ուղին գրականության մեջ, այլ կերպ՝ ստեղծելու նրա պատմությունը։ « Պատմություն » ենք ասում, որովհետև հրապարակի վրա եղած նյութերը արդեն տվել են յոթ տարբերակ, իսկ քառյակի հեղինակ են համարվել չորս տարբեր բանաստեղծներ։

Լույս տեսած վերջին հոդվածներից երկուսը պատկանում են ամերիկահայ իրանագետ Միհրդատ Թիրյաքյանի գրչին, իսկ մեկը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիս Շահսուվարյանին։

Մ. Թիրյաքյանը Նյու Յորքի « Լրաբերի » 1963 թ. հուլիսի 30-ի և օգոստոսի 1-ի համարներում տպագրած իր հոդվածում նախ հաղորդում է, որ դեռևս 1953 թ. ինքը ամբողջությամբ վերծանել է Ֆրիկի « Դիվանի » պարսկերեն քառյակը, ապա՝ Ռևզա Կուլի խան Հեդայաթի « Մաջմա ոլ-ֆոսահա » ժողովածուի հիման վրա դրա հեղինակ է համարում 17-րդ դարի բանաստեղծ Սարմադ Քաշանուն և ժխտում քառյակը Ֆրիկի կողմից թարգմանված լինելու հանգամանքը։

Ֆրիկի « Դիվանը » հրատարակվելիս (1952) Տիրայր արքեպիսկոպոսի խնդրանքով Մ. Թիրյաքյանը վարպետորեն վերծանել էր ողջ քառյակը, բացի սկզբի երեք աղավաղված բառերից։ Քառյակը հարգելի բանասերը ամբողջապես վերծանում է միայն 1953 թ., որը և հրապարակում է « Դիվանի » մասին իր գրած հանգամանալի ու արժեքավոր գրախոսականում [1] ։ Թիրյաքյանի այս վերջին աշխատանքին տեղյակ չեն եղել ո՛չ Վ. Ավթանդիլյանն ու Հ. Փափազյանը, որոնք 1956 թ. կարողացել էին կարդալ քառյակի չվերծանված առաջին բառերը [2], և ո՛չ մենք, որ 1957 թ. առաջին անգամ պարսկական աղբյուրներում հանդիպել էինք քառյակի պարսկերեն տարբերակին։ Այդ աղբյուրներում քառյակի հեղինակ էին համարվում Ֆազլոլլահ Նաիմիի աղջիկը (15-րդ դար) և Նասիմին (վախճ. 1417 թ. Այս կապակցությամբ լույս ընծայած մեր հոդվածում (1959) Ֆրիկի ստեղծագործությունների և քառյակի հայերեն միջնադարյան թարգմանության լեզվա-ոճական ընդհանրությունների հիման վրա եզրակացրել էինք, որ քառյակի թարգմանիչը Ֆրիկն է, և նրա հեղինակ կարող էր լինել մինչև Ֆրիկը (13-րդ դար) կամ նրա ժամանակ ապրած մի որևէ բանաստեղծ [3] ։

1962 թ. « Տեղեկագրի » 11-ում ֆրիկյան պարսկերեն քառյակի մի նոր հեղինակի մասին հետաքրքիր հաղորդումով հանդես եկավ Ա. Շահսուվարյանը։ Նա՝ ելնելով Խականու երկերի Նուլքիշվարի 1907 թ. հրատարակության մեջ այս քառյակի առկայության փաստից, վճռականորեն հայտարարում է, որ Խականին է դրա հեղինակը։ Հաղորդման խորագիրը՝ « Ֆրիկը Խաքանու քառյակի թարգմանիչ », ինքնին այդ վճռականության ու որոշակիության վկայությունն է, չնայած հաղորդման եզրակացության մեջ ինչ-որ վերապահության երանգ է նկատվում « եթե հաստատ է » արտահայտությամբ։

1963 թ. լույս տեսած մեր « Հայ-իրանական գրական առնչություններ » ուսումնասիրության մեջ, անդրադառնալով Ա. Շահսուվարյանի հրապարակած ուշագրավ փաստին, նշել էինք, որ Խականուն վերջնականապես քառյակի հեղինակ համարելու համար անհրաժեշտ է լրացուցիչ և ավելի ամուր կռվաններ ունենալ, որովհետև լոկ մի փաստով որևէ ստեղծագործության, այն էլ տարբեր բանաստեղծների անունով հասած քառյակի հեղինակի հարց դժվար է լուծել [4] ։ « Ա. Շահսուվարյանը,   գրել էինք մենք, հրապարակելով այս փաստը, պետք է բանասերի կասկածամտություն հանդես բերեր և ցույց տար, թէ Խականու մյուս դիվաններում այս քառյակը հրապարակվա՞ծ է արդյոք և, ի վերջո, քառյակը բովանդակության ու լեզվա-ոճական ինչպիսի աղերսներ ունի Խականու մյուս ստեղծագործությունների հետ » [5] ։

Իրանագետ Մ. Թիրյաքյանը՝ ծանոթանալով Շահսուվարյանի հաղորդմանը, ինչպես ինքն է ասում, տարակուսանքի մեջ է ընկնում, չէ՞ որ նրա ձեռքում եղած աղբյուրը Սարմադ Քաշանուն էր համարում քառյակի հեղինակ։ Հարգելի բանասերը ծանոթ չի եղել Մատենադարանի « Բանբերում » հրատարակված մեր հոդվածին, որտեղ վկայակոչված աղբյուրներում քառյակի հեղինակ են հիշվում Ֆազլոլլահ Նաիմի աղջիկը և Նասիմին, այլապես նրա տարակուսանքները ավելի մեծ կլինեին։ Հարցի պարզաբանման համար Մ. Թիրյաքյանը դիմում է պարսիկ անվանի գրականագետ պրոֆ. Սաիդ Նաֆիսուն, որը և մի նամակով հայտնում է, թե քառյակը կա « Էմիրը Քեբիր գրավաճառատան տպագրած Խաղանիի Դիվանում 681-րդ էջի վրա և տարակույս չկա, որ Խաղանիեն է [6] »։

Սաիդ Նաֆիսու հեղինակությամբ վկայված գրական որևէ իրողություն ինքնին չափազանց գայթակղիչ է, բայց « թերահավատ » բանասերը նորից հարցեր է առաջադրում. Ամիր Քաբիրի հրատարակությունը ձեռագրական ինչպիսի՞ աղբյուրներ է օգտագործել և որքանո՞վ է գիտական. ինչպիսի՞ ընդհանրություններ կան այս և Նուլքիշվարի հրատարակության միջև. արդյոք երկուսն էլ չե՞ն օգտվել միևնույն աղբյուրից. հարցեր, որոնց պատասխանը չի տալիս պրոֆ. Նաֆիսու նամակը։

1964 թ. աշնանը Իրանագետների համամիութենական 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար մենք եղանք Տաշքենտում։ Միջին Ասիայում գտնվելը մեզ պատեհ առիթ տվեց լինելու Տաշքենտի ու Դուշանբեի, մեր երկրի արևելագիտական այդ կարևորագույն կենտրոնների հարուստ ձեռագրատներում ու գրադարաններում և ուշադրությամբ ստուգելու Խականու ստեղծագործությունների գրչագիր ու տպագիր մատյանները՝ հուսալով վերջնականապես պարզել քառյակը Խականուն պատկանելու հարցը։ Մեր պրպտումների արդյունքը եղավ հետևյալը.

Ա. Խականու երկերը, այդ թվում և քառյակը Նուլքիշվարի հրատարակությամբ լույս են տեսել 1878, 1892 և 1907 թվականներին։ Նույն հրատարակությամբ ավելի վաղ՝ 1876 թ. հրապարակված Խականու երկերում քառյակները չկան։ 1878, 1892 և 1907 թվականների հրատարակությունների մեջ ֆրիկյան քառյակը տպագրված է էջ 1297-ում . Շահսուվարյանը ծանոթ է միայն 1907 թ. հրատարակությանը, բայց էջը թյուրիմացաբար նշել է 1292)։ Քառյակի այս օրինակը բավականին տարբերություններ է տալիս մեզ ծանոթ տարբերակներից. այսպես՝

در مسلک عشق هر نکو را بکشید

لاغر صفتان زشتی خو را   بکشید

گر عاشق صادقی زکشتن مگریز

مردار بود هر آنکه او را بکشید [7]

 

Դար մասլաք-ե էշղ հար նքու րա բեքոշիդ.
Լաղարսեֆաթան զեշթիխու րա բեքոշիդ.
Գար աշեղե սադեղի զեքոշթան մագորիզ,
Մորդար բովադ հար անքե ու րա բեքոշիդ։

Թարգմանությունը՝

Սիրո ճանապարհին ամեն մի լավ մարդու սպանեք.
Աննկարագիր վատաբարո մարդկանց սպանեք.
Եթե անկեղծ սիրահար ես, զոհվելուց մի խուսափիր,
Պիղծ կլինի այն, որին սպանեք։

Համեմատության համար բերենք քառյակի ֆրիկյան տարբերակը և նրա բառացի թարգմանությունը.

Դար մուտպախի էշղ ջուզ նէքու րա նաքուշանդ.
Լաղարսիֆաթան ու զիշտխու րա նաքուշանդ.
Գար աշիղի սադեղի զիքուշտան մագրէզ,
Մուրդար պուաթ հար անչի վաի րա նաքուշանդ։

Սիրո խոհանոցում լավից բացի ոչ մեկին չեն զոհում.
Աննկարագիր ու վատաբարո մարդկանց չեն զոհում.
Եթե անկեղծ սիրահար ես, զոհվելուց մի խուսափիր,
Պիղծ կլինի այն, որին չեն մորթում։

Շահսուվարյանը քառյակի նուլքիշվարյան տարբերակում սխալմամբ մասլաք ( مسلک «ճանապարհ » ) կարդացել է մուլք ( ملک «իշխանություն, երկիր, կալվածք » Նրա մոտ քառյակի մեջ երեք անգամ կրկնված բեքոշիդ ( بکشید «սպանեք » ) դարձել է նաքուշանդ ( نکشند «չեն զոհում, չեն զենում » ), հար անքե ( هر آنکه հար անչի ( هرآنچه ), լաղարսեֆաթան ( لاغرصفتان « աննկարագիր » ) բառից հետո ավելացված է ու ( و և), իսկ ուրա «նրան, որին » բառից առաջ ավելացված է քե ( քե ուրա «որ նրան » ) [8] ։ Նուլքիշվարյան բնագրից կատարված այս խոտորումները աղճատում են բնագիրը և ուսումնասիրողներին ապակողմնորոշում, որովհետև խախտված բնագիրը բռնազբոսիկ կերպով մոտեցվում է ֆրիկյան տարբերակին, որը միանգամայն հստակ ու ճշգրիտ ընթերցումներ ունի և բնագիրը անաղարտ է մեզ հասցրել [9] ։ Նուլքիշվարի օրինակի խաթարված լինելու հանգամանքն է, հավանաբար, թելադրել հրատարակիչներին կամ հիմք-ձեռագրի գրչին նույն էջի լուսանցքում իրենց համար իմաստազուրկ քառյակին կցելու հետևյալ անհստակ մեկնաբանությունը.

میگوید که در راه رهزنان مالداران را میکشند و مفلسان و صاحبان امتاع و مال از هر را هی که خواهند بگذرند مگر مسلک عشق یعنی سالک طریق محبت را خواه خصلت نیک خواه زشت باشد فربه باشد خواه لاغر هر گونه قطاع الطریقان این راه از کشتن وتیغ زدن دست را باز ندارند پس اگر عاشق صادق هستی از کشتن نگریزی چندانکه صید مردار را درین راه هم از کشته شدن زیانی و رها نیست. [10]

«Ասում է, որ ճանապարհին ավազակները ապրանքատերերին սպանում են։ Չքավորներն ու ունևորները ո՛ր ճանապարհից որ ցանկանան՝ կանցնեն, բացի սիրո ճանապարհից, այսինքն՝ սիրո ճամփի ուղևորին՝ լինի նա լավ թե վատ բնավորության տեր մարդ, գեր կամ նիհար, այս ճանապարհի ուղևորները սպանելուց չեն հրաժարվի։ Եթե անկեղծ սիրահար ես չես խուսափի սպանվելուց, որովհետև այս ճանապարհին անգամ պիղծ որսի սպանվելը վնաս կամ փրկություն չունի » ։

Բ. Խականու դիվանի Թեհրանի 1336/1957 թ. Սեադաթ տպարանի հրատարակությունը քառյակը ունի հետևյալ խմբագրությամբ.

 

در مسلخ عشق هر نکو را نکشید

لاغر صفتان زشت  خو را نکشید

گر عاشق صادقی زکشتن مگریز

مردار بود هر آنکه اورا نکشید [11]

Դար մասլախե էշղ հար նեքու րա նաքոշիդ.
Լադարսեֆաթան զեշթխու րա նաքոշիգ.
Գար աշեղե սագեղի զեքոշթան մագորիզ,
Մորդար րովաղ հար անքե ու րա նաքոշիդ։

Այստեղ արդեն ֆրիկյան մուտբախ «խոհանոց » ( նուլքիշվարյան տարբերակի մասլաք «ճանապարհ » ) բառի դիմաց ունենք մասլախ «սպանդանոց », ինչպես Սարմադ Քաշանու տարբերակում է [12], իսկ ֆրիկյան նաքուշանդ «չեն զոհում, չեն զենում » (=նուլքիշվարյան բեքոշիդ «սպանեք » ) դիմաց՝ նաքոշիդ «մի սպանեք, մի զոհեք, մի զենեք » ։

Գ. Ինչպես վերը հիշվեց քառյակը կա նաև Խականու « Դիվանի » Սաիդ Նաֆիսու վկայակոչած Ամիր Քաբիրի հրատարակության մեջ։ « Դիվանի » քննությունը ցույց է տալիս, որ՝

1. Այս հրատարակության մեջ և ոչ մի տեղ չի նշված, թե բնագրի համար ի՛նչ ձեռագրեր են հիմք ընդունվել, կամ ո՛ր հրատարակություններից են օգտվել. մի հանգամանք, որ չափազանց նվազեցնում է նրա գիտական արժեքը, հատկապես այն դեպքում, երբ նկատի ենք առնում, որ Ամիր Քաբիրի հրատարակությունից երկու տարի հետո՝ 1338/1959 թ. Զիա ադ-Դին Սաջջադիի աշխատասիրությամբ Թեհրանում լույս է տեսել Խականու « Դիվանի » գիտա-քննական բնագիրը չորս հնագույն ձեռագրերի համեմատությամբ։

2. Քառյակի այս հրատարակությունը ավելի մոտ է Սարմադ Քաշանուն վերագրվածին։

3. Տողատակում քառյակի համար որպես տարբերակ բերված է մի խմբագրություն, որը համընկնում է Սաեդաթ տպարանի օրինակին, չնայած վերջինս որպես աղբյուր չի հիշատակվում։

4. Տողատակում քառյակի 2-րդ տողի զեշթխու «վատաբարո » բառի դիմաց բերված է գորգխու «գայլաբարո » տարընթերցումը, որը ինքնին ինչ-որ մի նոր տարբերակի առկայություն է վկայում։

5. Նուլքիշվարի հրատարակությունը այս գրքում հաշվի չի առնված, այլապես նրա տարընթերցումներն էլ կնշվեին տողատակում։

Դ. Քառյակը չկա Թեհրանում 1338/1959 թվականին Զիա ադ-Դին Սաջջադիի աշխատասիրությամբ հրապարակված Խականու « Դիվանի » գիտա-քննական հրատարակության մեջ, որի համար հիմք են հանդիսացել Լոնդոնի, Փարիզի և Թեհրանի ձեռագրատներում ներկայումս պահվող Խականու հնագույն հետևյալ չորս ձեռագրերը [13] ։

1. Բրիտանական թանգարանի հեջրի 664 թ. (1265-1266) հնագույն ընդօրինակությունը։

2. Թեհրանում Սադեղ Անսարուն պատկանող ձեռագրի դիվանը։

3. Իրանի պառլամենտի գրադարանի 976 գրչագիր դիվանը, որը հեջրի 6-րդ դարի վերջերի (13-րդ դարի սկզբների) գրչություն ունի։

4. Փարիզի ազգային մատենադարանի 1816 ձեռագիր դիվանը, որը մոտ հեջրի 800 թ. (1397-1398) գրչություն է։

Աշխատասիրողը ձեռքի տակ ունեցել է նաև Սաեդաթ տպարանի վերը Բ. կետում հիշված հրատարակությունը, որի մասին նա հետևյալ ուշագրավ դիտողությունն է անում. « Այլ ընդօրինակությունների համեմատությամբ հավելումներ էլ ունի, այդ թվում 5 կասիդե, 17 կաթե, 20 գազել և մի քանի քառյակներ » [14] (ընդգծումը մերն է Բ. Չ. Նշանակում է ֆրիկյան քառյակի առկայությունը Սեադաթ տպարանի հրատարակության մեջ, որը վկայակոչում է պրոֆ. Սաիդ Նաֆիսին, Սաջջադին համարում է հավելում և ոչ-բնագրային։

Ե. Ֆրիկյան քառյակը չկա նաև Խականու քառյակների պետերբուրգյան 1875 թ. հրատարակության մեջ [15] ։

Զ. Ի վերջո ֆրիկյան քառյակը չունեն մեր ստուգած հետևյալ 7 գրչագիր դիվանները.

1. Տաջիկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի արևելագիտական բաժնի ձեռագրատան №№ 491, 775, 1337 և 1892 դիվանները։

2. Դուշանբեի Ֆիրդուսու անվան պետական գրադարանի ձեռագրատան բաժնի №№ 198 և 797 դիվանները։

3. Ուզբեկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի արևելագիտական ինստիտուտի ձեռագրատան 354 դիվանը։

Մինչ այժմ եղած հրապարակումների տվյալների հիման վրա ֆրիկյան քառյակի հեղինակ են համարվում.

1. Խականին (1120-1199)՝ըստ նրա մի քանի տպագրված դիվանների։

2. Ֆազլոլլահ Նաիմիի աղջիկը (15-րդ դարի սկիզբ)՝ ըստ Անկարայի համալսարանի պատմության ու լեզվի ֆակուլտետի գրադարանի 1297 ձեռագրի [16] և Մոհամադ Ալի Թարբիաթի « Ազերբայջանի գիտունները » գրքի [17] ։

3. Իմադ էդ-Դին Նասիմին (վախճ. 1417 թ. ըստ Նասիմիի « Դիվանի » [18] ։

4. Սարմադ Քաշանին (17-րդ դար)՝ ըստ Ռզա Կուլի խան Հեդայաթի « Մաջմա ալ-ֆոսահա » գրքի։

Համաձայն վերը բերված բոլոր փաստերի, ստացվում է, որ Խականու դիվանների 3 տպագիր հրատարակություններ (Նուլքիշվարի, Ամիր Քաբիրի և Սեադաթի) ունեն ֆրիկյան քառյակը, իսկ Զիա ադ-Դինի կազմած գիտա-քննական բնագիրը, պետերբուրգյան հրատարակությունը, ինչպես նաև 11 գրչագիր դիվաններ (7 միջինասիական ու 4 արտասահմանյան) չունեն քառյակը։

Այս բոլոր փաստերը մեզ իրավունք են տալիս եզրակացնելու, որ վճռականորեն չի կարելի հայտարարել, թե Խականին է ֆրիկյան քառյակի հեղինակը, ինչպես և չի կարելի պնդել հակառակը։

Ձեռագրական այս վերապահելի տվյալներով Խականուն վերջնականապես քառյակի հեղինակ հայտարարելով՝ մենք փակում ենք հետագա պրպտումների դուռը. մինչդեռ անհրաժեշտ է հարցը այնպես դնել, որ շարունակվեն փնտրտուքները, հետախուզումները։ Այդ ուղղությամբ ծավալված աշխատանքը նոր նյութեր կարող է ընձեռել հետազոտողներին, նոր անակնկալների առջև կանգնեցնել նրանց։

***

Ստորև բերում ենք քառյակի քննական բնագիրը՝ հիմք ընդունելով Անկարայի պատմության ու լեզվի ֆակուլտետի գրադարանի 1297 ձեռագիրը, որը միայն մի տարընթերցումով ( وی<او ) է տարբերվում ֆրիկյան օրինակից։

1       در مطبخ عشق جز نکو را نکشند

2      لاغر صفتان زشتخو را نکشند

3      گر عاشق صادقی زکشتن مگریز

4     مردار بود هر آنچه او را نکشند

Աղբյուրներ՝

A Ամիր Քաբիրի հրատ. տարբերակ خاقانی شروانی، دیوان، مو. سسه مطبوعاتی امیر کبیر، تهران، 1336، ص. 671

Նույնի տողատակի տարբերակ։

F Ֆրիկյան տարբերակ Ֆրիկ, Դիվան, Նյու Յորք, 1952, էջ 353։

N Նուլքիշվարյան տարբերակ دیوان خاقانی، جلد دوم، طبع نول کشور، 1907، ص 1297

M Սարմադ Քաշանու տարբերակ رضا قلی خان هدایت، مجمع الفصحا، جلد 1295، ص 20

S Սեադաթ տպարանի հրատ. տարբերակ خاقانی شروانی، دیوان، شرکت چاپخانه سعادت، تهران، 1316، ص 904.

1 AMS   مسلخ N مسلک NS هر نکو N بکشید S نکشید

2 F لاغرصفتان و N زشتی خو - A ՛   گرگخو N   بکشید S نکشید

3 M شود ANS هرآنکه F   ویرا N   بکشید S نکشید

 

ОБ АВТОРЕ ЧЕТВЕРОСТИШИЯ ИЗ « ДИВАНА » ФРИКА
Резюме

В «Диване» армянского поэта XIII века Фрика сохранилось одно персидское рубаи четверостишие, написанное армянскими буквами. После расшифровки этого четверостишия М. Тирякяном (США, 1953), а затем полностью А. Папазяном и В. Автандиляном (Ереван, 1956) в разных источниках нами был обнаружен и его персидский вариант (см. «Банбер Матенадарани», 1959, 4, стр. 111-119, на арм. яз. ).

В 1962 г. А. Шахсуварян в «Диване» Хакани (изд. Нулкишвара, 1907 г. ) встретил это рубаи и, основываясь лишь на данное издание, автором четверостишия обявил Хакани.

В целях решения вопроса об авторе четверостишия мы тщательно исследовали все рукописи Хакани в Ташкенте и Душамбе, а также изданные «Диваны» Хакани (изд. Нулкишвара 1878, 1892 и 1907 гг., изд. типографии Саадат 1316/1937 г., изд. Амир Кабира 1336/1957 г., изд. Зиа эд-Дина Саджади 1338/1959).

В вышеупомянутых рукописях и в научном издании Саджади, который использовал четыре древнейшие рукописи Хакани, данное четверостишие не встречается, поэтому и мы считаем, что нельзя окончательно решить вопрос об авторстве в пользу Хакани. Для такого вывода нужны дополнительные и более убедительные факты.

В конце статьи приводится научно-критический текст четверостишия.

 


 



!      Տե՛ս «Տեղեկագիր հասարակական գիտությունների, Երևան 1965, 10, էջ 79-86։

*     Օտար հատուկ անունների տառադարձման ժամանակ նպատակահարմար ենք գտնում առաջնորդվել հայ գրականության մեջ այդ անունների ավանդական ուղղագրության պահպանման սկզբունքով. այսպես՝ ق տառադարձում ենք կ և ոչ գ, ղ կամ ք, ինչպես Խա կ անի և ոչ Խա գ անի, Խա ղ անի Խա ք անի, Ռեզա Կ ուլի խան և ոչ Ռեզա Ղ ուլի խան, չնայած վերջին ձևերի օգտագործումը ևս ճիշտ է։

[1]     Տե՛ս «Հայաստանի կոչնակ», 1953, փետրվարի 28։

[2]     Վ. Ավթանդիլյան, Հ. Փափազյան, Ֆրիկի «Դիվանի» պարսկերեն քառյակը, Հայկական ՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» (հաս. գիտ. ), 1956, 3, էջ 87-92։

[3]     Այս փաստը, ի թիվս այլ նյութերի, հրապարակեցինք 1957 թ. Տաշքենտում կայացած Արևելագետների համամիութենական առաջին կոնֆերանսում կարդացած մեր զեկուցման մեջ, իսկ այնուհետև առանձին հոդվածով՝ Մատենադարանի «Բանբերում», 1959, 4, էջ 111-119։

[4]     Զգուշավորության մեր այդ պահանջը «Տեղեկագրի» խմբագրությունը որակել է « թերահավատություն» («Տեղեկագիր», 1964, 6) որ մեր կարծիքով տեղին չէ։

[5]     Բ. Լ. Չուգասզյան, Հայ-իրանական գրական առնչություններ (5-18-րդ դդ. ), Հետախուզումներ, Երևան, 1963, էջ 127։

[6]     «Տեղեկագիր», 1964, 6, էջ 92։

[7]     دیوان خاقانی، جلد دوم، طبع نول کشور، لکنهور، 1907، ص 1297. ( Խականի, Դիվան, հ. բ. Նուլքիշվարի հրատ., Լակնհոր, 1907, էջ 1297) ։

[8]     Ա. Հ. Շահսուվարյան, Ֆրիկը Խաքանու քառյակի թարգմանիչ, «Տեղեկագիր», 1962, 11, էջ 87։

[9]     Մ. Թիրյաքյանը «Տեղեկագրի» իր հոդվածի վերջում առաջարկում է «Խաղանիի զանազան տպագրությունները իրարու հետ բաղդատել և լավագույն բնագիրը ընտրել ֆրիկյան քառյակին»։

Քառյակի մեզ հայտնի պարսկերեն տարբերակների համեմատությունը համոզիչ ցույց է տալիս, որ ֆրիկյան տարբերակը ամենաճշգրիտն է և անթերին, նամանաւանդ որ պարսկերեն աղբյուրներում կա միանգամայն նույն տարբերակը՝ Ֆազլոլլահ Նաիմիի աղջկան վերագրվածը։ Կարծում ենք՝ նման հանգամանքներում խոսք անգամ չի կարող լինել ֆրիկյան օրինակը խմբագրելու մասին։

[10]   Խականի, Դիվան, հ. Բ., Նուլքիշվարի հրատ., 1907, էջ 1297։

[11]   دیوان حسان العجم افضل الدین ابراهیم بن علی خاقانی شروانی، بتصحیح و تحشیه وتعلیقات علی عبدالرسولی استاد ادبیات فارسی، چاپخانه سعادت، تهران، 1316، ص 904. (Հոսան ոլ-Աջամ Աֆզալ ադ-Դին Իբրահիմ իբն Ալի Խականի Շիրվանի, Դիվան, պարսից գրականության պրոֆ. Ալի Աբդուլոասուլիի ճշգրտումներով, ծանոթագրություններով ու լրացումներով, Թեհրան, Սեադաթ տպարանի հրատ. 1316/1937, էջ 904) ։

[12]   رضا قلی خان هدایت، مجمع الفصحا، صلد 1295، ص. 20.   (Ռզա Կուլի խան Հե դ այաթ, Մաջմա ոլ-ֆոսեհա, հ. 2, 1295/1878, էջ 20)։

[13]   دیوان خاقانی شروانی، بکوشش دکتر ضیاء الدین سجادی، تهران، 1338. (Խականի Շիրվանի, Դիվան, դոկտոր Զիա-ադ-Դին Սաջջադիի աշխատասիրությամբ, 1338/1959) ։

[14]   Անդ, ներածություն, էջ 70։

[15]   رباعیات خاقانی بانتخاباتی که از بعضی تذکره بسعی و اهتمام کارل زالمان سنه 1292/1875، پطرسبورغ. (Խականու քառյակները, Կառլ Զալեմանի աշխատասիրությամբ, Պետերբուրգ, 1292/1675) ։

[16]   دکتر صادق کیا، آگاهیهای تازه حروفیان، مجله دانشکده ادبیات دانشگاه تهران، شماره 2 سال دوم، 1333، ص. 40. ( Դոկտ. Սադիկ Քիա, Նոր տեղեկություններ հորուֆյանների մասին, «Թեհրանի համալսարանի գրականության ֆակուլտետի հանդես», հ. 2, 2, 1954, էջ 40։

[17]   محمد علی تربیت، دانشمندان آذربایجان، تهران، 1314، ص. 387-388. ( Մոհամադ Ալի Թարբիաթ, Ազերբայջանի գիտունները, Թեհրան, 1935, էջ 387-388)։

[18]   Դոկտ. Սադիկ Քիա, նշվ. աշխ., էջ 63։