ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՅ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
(ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏՑՈՒ ՄԱՀՎԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
!

Մինչև անցյալ դարի վերջերը հեռավոր Կոստանդնուպոլսի Էտիրնե-Գաբուի հայկական գերեզմանատանը եղել է մարմարակերտ մի շիրիմ-հուշարձան, որի վրա մեսրոպատառ ձոն է քանդակված եղել անխոնջ մանկավարժ ու գիտնական Գեորգ Դպիր Պալատցու հիշատակին։

Նրա գրական հարուստ ժառանգությունից հետմահու հրատարակվել է միայն մի աշխատություն՝ պարսկերեն-հայերեն բառարանը, հայ բառարանագրության մեջ եզակի տեղ ունեցող մի ծավալուն ու օգտաշատ հուշարձան, որ իր կատարումով կանգնած է եղել ժամանակի եվրոպական բառարանագիտության ամենաբարձր մակարդակի վրա։ Նրա մահվանից անցել է ամբողջ մեկ ու կես դար և մեծանուն գիտնականը հիշվել է միայն այս աշխատանքով։ Սակայն շատ ավելի մեծ է եղել նրա վաստակը. վերջին տարիներս հրապարակված մի քանի հոդվածներ նոր լույս են սփռում նրա գրական ժառանգության վրա, որը ձեռագիր վիճակում պահպանվում է Վենետիկում, Պոլսում, Երուսաղեմում և մեզ մոտ՝ Երևանում։ Ապրելով ու ստեղծագործելով 18-րդ դարի երկրորդ կեսին, այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ միտքը նոր վերածնունդ էր ապրում, Գեորգ Դպիրը ծավալել է մանկավարժական ու գիտա-թարգմանչական բուռն գործունեություն և իր լուման մուծել լուսավորական շարժման գործին։

Տիրապետելով բազմաթիվ լեզուների (եբրայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն և թուրքերեն), Գեորգ Դպիրը ոչ միայն թարգմանություններ է կատարել այդ լեզուներից, դրանց համար կազմել քերականական ձեռնարկներ, գրել պատմական ուսումնասիրություններ՝ մեծ չափով օգտվելով օտար սկզբնաղբյուրներից, այլև զբաղվել է գրչությամբ՝ ճշգրտելով ու սրբագրելով միջնադարյան հայկական առանձին հուշարձաններ։

Հատկապես բեղմնավոր է եղել նրա թարգմանչական գործունեությունն իր գիտական գործունեության առաջին տասնամյակներում։ Այդ տարիներին, հավանաբար գործնական նպատակներով, պարսկերենից նա թարգմանել է 13-րդ դարի հեղինակ Աբդուլագիզ Աբդուլռահման Թաբրիզիի «Բանալի աստղաբաշխության…» (1768 թ. ), «Գիրք մեծագին և պատուական ականց…», որը տպագրված է 1807 թ. Կոստանդնուպոլսում, իսկ հունարենից թարգմանել է «Բան յաղագս նաւապետաց՝ գափուտան կոչեցելոյ…» (1769 թ. ) և շատ ուրիշ աշխատություններ։ Նրա գրական թարգմանություններից կարևոր է հիշատակել «Հայելի գրոցն Հոմերոսի, որ է արձակ պատմութիւն Իլիականին, թարգմանեալ ի յոյն բնագրէ, յամին 1783 թ. », որը «Իլիականի» մեզ հայտնի առաջին հայերեն թարգմանությունն է։

Գեորգ Դպիրի պատմագրական կարևոր ուսումնասիրություններից է «Գիրք պատմութեան արքայից Օսմանեան զարմին…», որը ժամանակին օգտագործել է Գաբրիել Այվազովսկին իր «Օսմանյան պատմության» համար։

Գեորգ Դպիրը հայ այն մտավորականներից է եղել, որ խորը գիտակցել է հնագույն գրչագրերի արժեքն ու նշանակությունը մեր ժողովրդի պատմության ու մշակույթի համար և մասնակցել է դրանց փրկության աշխատանքին՝ թե անձամբ արտագրելով և թե՛ հավաքելով։ Ղալաթիայի մատենադարանի ձեռագրերի մեջ եղել են Խորենացու և Եղիշեի պատմությունների դպիրյան այնպիսի արտագրություններ, որոնց հիմք-օրինակները եղել են ընտիր, Եղիշեինը՝ 1167 թվականից։ Չպիտի մոռանալ նաև, որ Գեորգ Դպիրի ջանքերով է վերջնական կորստից փրկվել ու համաշխարհային գիտական հասարակայնության սեփականություն դարձել Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնի» աշխարհում միակ հայերեն թարգմանության օրինակը։ Նրա արտագրությամբ է նաև պահպանվել, իսկ Ղևոնդ Ալիշանի ջանքերով հրատարակվել հռչակավոր «Գիրք վաստակոցը»։

Սակայն Գեորգ Դպիրի գլուխգործոցը նրա պարսկերեն-հայերեն բառարանն է, որը «Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից» խորագրով լույս է տեսել 1826 թվականին, Կոստանդնուպոլսում, Հակոբ Տյուզյանի հմուտ առաջաբանով և անմիջական հսկողությամբ։ Այս բառարանը ոչ թե սոսկ «բառգիրք» է, ինչպես անվանել է ինքը Դպիրը, այլ իրանական մշակույթի մի հանրագիտարան, որտեղ կարելի է ամփոփ տեղեկություններ գտնել իրանական դիցաբանության, առասպելաբանության, ժողովրդական ասացվածքների ու առածների, սովորությունների ու բարքերի, վիպական հերոսների, ականավոր գիտնականների ու բանաստեղծների մասին և շատ այլ հետաքրքիր նյութեր։ Բառարանում յուրաքանչյուր բառահոդվածի համար տրված են ոչ միայն մի քանի իմաստներ, այլև հայատառ պարսկերենով բերված են բազմաթիվ վկայակոչումներ իրանա-տաջիկական դասական գրողներ Ռուդաքիից, Ֆիրդուսուց, Օմար Խայամից, Սաադիից, Հաֆըզից և շատ ուրիշներից, անգամ առանձին դեպքերում այդ վկայակոչումները թարգմանված են հայերեն, որով բառարանը էլ ավելի է հարստանում և արժեքավորվում, մի բան, որ իր նմանը և նախատիպը չի ունեցել մեր գրականության մեջ։

Իհարկե պարսկերեն-հայերեն բառարաններ ձեռագիր վիճակում եղել են և Դպիրից շատ առաջ, դեռևս խոր միջնադարում, բայց մեզ ծանոթ այդ բառարաններից ոչ մեկը Դպիրի աշխատանքի ո՛չ ծավալը, ո՛չ որակը և ո՛չ հարստությունը չի ունեցել։

Մոտ երեսուն տարվա գիտա-մանկավարժական ու թարգմանչական գործունեությունից, ինչպես և բազմաթիվ բառարանների ու ձեռնարկների համակողմանի ուսումնասիրությունից հետո է միայն Գեորգ Դպիրը լծվում իր հոյակապ բառարանի ստեղծման աշխատանքներին։ Նախաձեռնելով այս դժվարին գործը, Դպիրը առաջին հերթին ուսուցողական նպատակներ է հետապնդել։

Գեորգ Դպիրի բառարանը հարուստ է իր քերականական գիտելիքներով։ Բառարանում կան նաև պարսկերեն բառերի բազմաթիվ ստուգաբանություններ, որոնք հիմնականում ճիշտ են։

Բառարանը իր հրապարակվելու օրվանից մինչև այսօր ամենուրեք օգտագործվում է մեծ սիրով։ Դա գրական այնպիսի մի կոթող է, որից դեռևս շատ երկար ժամանակ կարող են օգտվել և՛ պարսկերենը ուսումնասիրողը, և՛ ազգագրագետն ու բանագետը, և՛ լեզվաբանն ու գրականագետը։

Գեորգ Դպիրի պարսկերեն-հայերեն բառարանը, փաստորեն փակելով հին և միջին դարերի հայ և իրանական ժողովուրդների գրական կապերի պատմությունը, միաժամանակ նոր ժամանակների մշակութային նոր փոխհարաբերությունների սկիզբը դարձավ, իսկ ինքը՝ Գեորգ Դպիր Պալատցին, հանդիսացավ հայ արևելագիտության հիմնադիրը։

 


 



! Հրապարակվել է  «Գրական թերթում», 1963, 2, հունվարի 11, էջ