ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՂԻԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ !

18-րդ դարի առաջին կեսի վաճառական ու դիվանագետ, միաժամանակ բանահավաք, բառարանագիր ու թարգմանիչ Եղիա Մուշեղյանի (Կարնեցի) գործունեությունը բացահայտվել է միայն վերջին տասնամյակներում։

Մոսկվայում Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվի, «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները» ֆոնդում պահվող Եղիա Մուշեղյանի գրական ու նամակագրական ժառանգությունը, հաշվեմատյաններն ու առևտրական գործարքների վերաբերյալ փաստաթղթերը, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի սեփականությունը հանդիսացող նրա ընդարձակ «Հուշամատյանը» հնարավորություն են տալիս ամբողջական գաղափար կազմելու ոչ միայն ուշ միջնադարի այս հետաքրքիր ներկայացուցչի գործունեության մասին, այլեւ վերահասու լինելու Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ժամանակի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքի իրադարձություններին։

Եղիա Մուշեղյանի ժառանգության ուսումնասիրությամբ առավել կամ նվազ չափով վերջին 60 տարիների ընթացքում զբաղվել են Հ. Ոսկյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Աբրահամյանը, Մ. Սեիդովը, Ա. Երևանլին և Բ. Հովակիմյանը։

Եղիա Մուշեղյանը ծնվել է 1689 թ. և հավանաբար ապրել է մինչև 1750-ական թվականները։ Նա դեռևս պատանեկան տարիներից գիր ու գրականության նկատմամբ մեծ հակումներ է ունեցել, հրապուրվել է լեզուների ուսումնասիրությամբ (սովորել է լատիներեն, ֆրանսերեն, մասամբ պարսկերեն, լեհերեն ու ռուսերեն, մայրենի լեզվի պես իմացել է թուրքերեն)։ 1717 թ. հետո, երբ նա հաստատվում է Թավրիզում, ավելի հետևողականորեն է սկսում զբաղվել գրականությամբ. ձեռնամուխ է լինում թուրքերեն (արևելյան) - հայերեն բառարանի կազմությանը, գրի է առնում հայ և ադրբեջանական բանահյուսության առանձին արժեքավոր նմուշներ՝ վիպական զրույցներ, առակներ, տաղեր, կազմում է առօրյա կարիքների համար անհրաժեշտ գիտելիքների և ժամանցային բնույթի հնարամիտ թվաբանական խնդիրների ժողովածու։ Ուշադրության է արժանի նրա կազմած տաղարանը, որտեղ հավաքված նյութերի մեծ մասը ադրբեջաներեն է և հիմնականում սուֆիական աղանդավորական բովանդակություն ունի։ Ըստ երևույթին տաղարանում ընդգրկված բանաստեղծությունների ընդվզողական բնույթը համահունչ է եղել Եղիայի այդ տարիների տրամադրություններին։ Այս տաղարանի շնորհիվ կորստից փրկվել են հայազգի Միրանի, ադրբեջանական բանաստեղծներ Նասիմիի, Խաթայիի, Ղովսիի և այլոց արժեքավոր առանձին ստեղծագործությունները, Քյորօղլու վիպասքի հնագույն տարբերակներից մեկը։

Եղիա Մուշեղյանի թուրք-հայերեն անտիպ բառարանը, թեկուզ թերի վիճակում հայ լեզվաբանական գրականության ուշադրության արժանի էջերից է և տասնյակ նոր բառերով հարստացնում է հայերենի բառապաշարը, գաղափար է տալիս 18-րդ դարի առաջին քառորդում հայ արհեստավորական, առևտրական շրջանակների հայերենի բառապաշարի վիճակի մասին։

Միջնադարյան հայ գրականության պատմության համար հետաքրքրություն է ներկայացնում նաև Ե. Մուշեղյանի առակագրական գործունեությունը։ Նոր ժամանակներում նա առաջինն է եղել, որ Եզոպոսի առակները ֆրանսերենից թարգմանել է ժամանակի խոսակցական արևելահայերենով։ Մի քանի ինքնատիպ ու գեղեցիկ առակներ նա գրի է առել իր «Հուշամատյանում»։

Եղիա Մուշեղյանի գրական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի նրա կյանքի հուշագրությունը՝ շարադրված 1747-1749 թվականներին։ Օժտված լինելով վիպելու անժխտելի ձիրքով, Ե. Մուշեղյանը իր կյանքի ոդիսականը շարադրել է աշխույժ ու կենդանի լեզվով, համեմված ժողովրդական բառ ու բանով, առակներով ու ասացվածքներով։ Դեպքերի նկարագրությունները հաճախ վերաճում են փոքրիկ զրույցների ու ակնարկների, իսկ պատմական իրական գործող անձինք՝ ընդհանրացված գեղարվեստական կերպարների։

 


 



!      Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով, Երևան, 1986, էջ 161-162։