ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇՆՈՐՀԱԼԻ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ !

«Գուցե դժվար լինի ձեզ համար հասկանալ այն խոր թախիծը, որ զգում են սփյուռքի մտավորականները, իրենց մեկուսացած զգալով հայրենիքի վերածնության աշխատանքից։ Մեզ տրված է հեռվից հիացողի և ծափահարողի կրավորական և անօգնական դերը, մինչդեռ մեր բուռն ցանկությունն է լինել ասպարեզի վրա, մասնակցել ստեղծագործ վերելքին և գտնվել երջանիկ հաղթանակների շքերթի մեջ»։

Հոգու խորքում սուր ցավ ես զգում, երբ ստիպված ես լինում համակերպվելու այն դաժան իրողությանը, որ այս տողերի հեղինակը բազմաշնորհ Զորայր Միրզայանը (1916-1964), պարսկահայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ այլևս չկա, որ նրա կյանքի թելը կտրվել է անժամանակ։

Թեհրանում է իր ողջ կյանքն ապրել նա։ Ծնվելով հայտնի թարգմանիչ, հայ գրականության երախտավորներից մեկի՝ Հովսեփ Միրզայանի ընտանիքում, նա հասակ է նետում գրականությամբ հագեցված միջավայրում, սնվում հայրենի և օտար դասականների ստեղծագործություններով և ինքն էլ դառնում գրող ու թարգմանիչ։

Արևելքի ու արևմուտքի բախման կիզակետերից է Թեհրանը, հինավուրց Իրանի մայրաքաղաքը. փշրվում են դարերով սրբագործված բարքերն ու սովորությունները, կյանքի հակասությունների ծայրահեղ բևեռացում է տեղի ունենում։ Պայքարի ալիքն այստեղ մերթ դեպի վեր է խոյանում, մերթ սուզվում խորխորատները։

Ահա այս պայմաններում է ապրում կյանքի սիրով արբած, լույսի և արևի կարոտ գրողը, մարդը՝ մտահոգված մարդու և աշխարհի ճակատագրով, հոգում անթեղած իր աստանդական ժողովրդի ծանր բախտը, նրա հույսերն ու իղձերը, անսահման կարոտը՝ նորոգ հայրենիքի նկատմամբ։ Դեռևս պատանի՝ Զորայրը հրապուրվում է Թագորով, թարգմանում նրանից և 1932 թվականին, երբ մեծ գրողն այցելում է Իրան, հանդիպում ունենում հետը։ Երբ հասունանում է, տարվում է Արևելքի մեծ բանաստեղծներով, թարգմանում Օմար Խայամ ու Բաբա Թահեր, սիրահարվում Տերյանին ու Չարենցին և  գրում բանաստեղծություններ։ Հայրենի ու համաշխարհային գրականության դասականները թևավորում են նրան, և նա փնտրում է, որոնում։

Զորայրի սիրտը բաբախում էր հայրենասիրությամբ։ «Նամակ Հայաստան գտնվող բարեկամիս՝ բանաստեղծ Դևին» բանաստեղծության մեջ նա գրում է.

Ես չգիտեմ ո՛րն ասեմ, ես չեմ եղել մեր երկրում,
Չի ճաճանչել աչքիս մեջ նրա լույսը անհատնում,
Բայց երանի աչքերիդ, քո բիբերին երանի,
Ուր Մասիսն է ժայռացել փարթամությամբ ծիրանի։

Բեղուն է եղել Զորայր Միրզայանի գրիչը, նա գրել է բազմաթիվ խոհական ու սիրային բանաստեղծություններ, փորձել է արձակի միջոցով թափանցել կյանքի հատակը և ցույց տալ տնտեսական կարիքի ճիրաններում խարխափող երիտասարդներին («Եվ կիսել պատառը»), հեղձուցիչ իրականության մեջ տապալվող մարդուն («Մի մկան մասին»)։

Քաջ տիրապետելով պարսկերեն, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներին, նա մեծ վարպետությամբ թարգմանել է Ֆիրդուսի ու Սաադի, Ջալալ Էդդին Ռումի ու Հաֆեզ, Խաքանի ու Նիզամի, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական ու ռուսական հանրահռչակ գրողներին։ Նա քաջատեղյակ էր ժամանակակից համաշխարհային գրականությանը, որի լավագույն ներկայացուցիչներից կատարած վարպետ թարգմանությունները հաճույքով են կարդացվում «Նոր էջի» հատորներում։

Նա երկար տարիների ընթացքում գրել է պարսից գրականության պատմությունը՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը, որի առանձին հատվածներն են միայն հրատարակվել սփյուռքահայ մամուլում։

Զորայր Միրզայանի ստեղծագործություններից ու թարգմանություններից առանձին գրքերով լույս են տեսել «Թաց մայթը» բանաստեղծությունների ժողովածուն, «Աբու Ալի Սինայի կյանքը» ուսումնասիրությունը, Բաբա Թահերի «Քառյակները», Դոստոևսկու «Հնդիկը», Մարկ Տվենի «Պատմվածքները» եւ այլն. իսկ որքա՛նն է անտիպ մնացել…

Վերջերս Զորայրի գրչակիցները սիրով ու խնամքով ի մի են հավաքել ու հրատարակել նրա բանաստեղծությունների ու պատմվածքների մի մասը՝ առանձին գրքով։ Դա հարգանքի պսակ է նրա թարմ հողաթմբին։


 



!      Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1965, 4, օգոստոսի 22, էջ