ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՐԱՆԱԿԱՆ ՎԻՊԱԿԱՆ ՀԵՐՈՍ ԶԱԼԻ ԱՌԱՍՊԵԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՄԷՋ !

Դարաւոր հարևաններ Հայաստանի ու Իրանի քաղաքական վաղ կապերի մասին հարուստ տեղեկութիւններ են պահպանուել թէ՛ հայկական և թէ՛ օտար աղբիւրներում, մինչդեռ շատ սուղ են տուեալները նրանց մշակութային յարաբերութիւնների վերաբերեալ, որոնք սկիզբ են առել դեռևս հայ և իրանական ժողովուրդների կազմաւորման ժամանակներից և հիմնականում իրենց հետքերն են պահպանել նրանց վաղ շրջանի հաւատալիքներում։

Քրիստոնէութիւնը Հայաստանում պաշտօնական կրօն հռչակուելուց (301 թ. ) և հայ իշխանաւորների կողմնորոշումը դէպի Բիւզանդիա փոխուելուց յետոյ գաղափարական մեծ անջրպետ է ստեղծւում երկու հարևան երկրների միջև, սակայն ինչպէս վկայում է Մովսէս Խորենացին, մի ամբողջ հարիւրամեակ՝ մինչև հայկական գրերի ստեղծումը (405 թ. ), Հայաստանի պետական ու հասարակական կեանքում որպէս գրաւոր հաղորդակցման միջոց, հունարէնին զուգահեռ, շարունակւում է նաև պարսից գրի ու լեզուի օգտագործումը։ Իսկ այդ ժամանակներում պարսից մատենագրութեան մէջ եղել են այնպիսի երկեր, որոնք հարուստ տեղեկութիւններ են պարունակել հայ ժողովրդի պատմութեան ու մշակոյթի վերաբերեալ։ Այդ կապակցութեամբ Խորենացին գրում է. «Եւ ընդ այս մի՛ ոք զարմասցի, եթէ բազում ազգաց լեալ մատենագիրք, որպէս ամենեցուն է յայտնի, մանաւանդ Պարսից և Քաղդէացւոց յորս առաւել ազգիս մերոյ գտանին բազում ինչ իրաց յիշատակք…», կամ «Եւ զայս ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմ Հանւոյ, գրող մեհենական պատմութեանց, և զայլ բազում գործս՝ զոր ասել կայ մեզ առաջի, որում Պարսից մատեանքն վկայեն և Հայոց երգք վիպասանաց»։ [1]

Հայ-իրանական վաղ շրջանի գաղափարական տարաձայնութիւնները արտացոլուած են հայ մատենագիրների (Եզնիկ, Եղիշէ, Խորենացի և այլք) երկերում, որոնք քրիստոնէութեան ջատագովութեան դիրքերից խիստ քննադատութեան են ենթարկել զրադաշտականութեան այլատեսակութիւններից մէկի՝ զրուանիզմի, սկզբունքները։ Այդ հաւատքի ուսումնասիրութեան առումով հայկական աղբիւրները իրենց հաղորդած տեղեկութիւններով եզակի արժեք են ներկայացնում։ Իրանում մահմեդականութեան յաղթանակը (7-րդ դար) աւելի է խորացրել հայերի ու պարսիկների գաղափարական անջատուածութիւնը, որով և պէտք է բացատրել հայ մատենագրութեան մէջ իրանական մշակոյթին վերաբերող սուղ փաստերի առկայութիւնը։ Սակայն այս բոլորը չի խանգարել, որպէսզի ժողովրդի մէջ բանաւոր կերպով շարունակեն ապրել հնօրեայ հարևանութեան սերտ յարաբերութիւնների հետևանքով Հայաստան ներթափանցած իրանական վիպական երգերն ու զրոյցները, որոնք դարեր են հարատևել։ Սա են վկայում հայ մատենագիրների երկերում, ինչպէս նաև միջնադարեան տաղերգուների ստեղծագործութիւններում առկայ իրանական վիպական զրոյցների արձագանքները և մինչև վերջին տասնամեակներս պատմուող հայ-իրանական «Ռոստամ-Զալ» վէպը։ Այսպէս, Պարսկաստանում Արշակունեան հարստութեան անկման և Սասանեանների յաղթանակի վիպական զրոյցի մի արժեքաւոր պատումը պահպանուել է Ագաթանգեղոսի (4-րդ դար) յունարէն թարգմանութեան Լավրենտեան տարբերակում և Մովսէս Խորենացու Պատմութեան մէջ (5-րդ դար)։ Այս զրոյցի առկայութեամբ իսկ պիտի բացատրել Շապուհ Բ. Որմզդեանի (309-379 թթ. ) հրամանով Ագաթանգեղոսի Պատմութեան թարգմանութիւնը պարսկերէնի, որի մասին վկայել է Պետրոս Սիւնեցին (6-րդ դար)։

Արևելքի փառաբանուած հերոսներից Ռոստամի անուան ամենավաղ յիշատակութիւններից մէկի պատիւը պատկանում է Մովսէս Խորենացուն։ Նրա Պատմութեան մէջ շատ համառօտ շարադրուած է նաև Պարսկաստանում Սասանեան հարստութեան իշխանութեան գալու վիպական զրոյցների, իսկ փոքր-ինչ աւելի մանրամասն՝ նաև Բիւրասպի Աժդահակի առասպելը, որը կարևոր սկզբնաղբիւր է զրոյցի պատմա-դիցաբանական ակունքների ճշգրտման առումով։

Հայ մատենագիրներից Սեբէոսը (7-րդ դ. ) իր պատմութեան մէջ յիշատակել է իրանական էպոսի կարկառուն հերոսներից Սպանդիատին (Սպանդիարին) և Խոսրով ու Շիրին զրոյցը. արևելեան գրականութիւնների մէջ Սեբէոսը առաջիններից է, որ արձանագրում է այս պատմութիւնը։ Հետագա դարերում է, որ զրոյցը մեծ տարածում է ստանում Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում ու Հնդկաստանում և բազմաթիւ գրական մշակումներ ունենում։

Իրանական վիպական հերոսներ Ռոստամի, Սպանդիարի, Աժդահակի վերաբերեալ զրոյցների սուղ արձագանքներ են պահպանուած նաև Գրիգոր Մագիստրոսի (11-րդ դ. ) «Թղթերում»։ Իսկ աւելի ուշ Հայաստանում տարածւում է «Շահ-նամէի» հռչակը, այնպէս որ Կոստանդին Երզնկացին (13-14-րդ դդ. ) անգամ նրա չափով յատուկ ոտանաւոր է գրում։

Իրանական վիպական զրոյցների արձագանքները իւրովի հասել են մինչև Սայեաթ-Նովա ու մեր օրերը։ Այս բոլորը պերճ ապացոյց են, որ չարի պարտութիւնը և բարու յաղթանակը իրանական վիպական զրոյցներում ոգեշնչել է նաև հայ ժողովրդին, որը իրանցի հերոսներին հետագայում փոխադրելով Հայաստան, ամբողջապէս հարազատացրել է, հարմարացրել իր աշխարհըմբռնմանը, իր էպոսի ոգուն և ստեղծել «Ռոստամ-Զալ» հայ-իրանական վէպը՝ «Սասնա ծռեր» ժողովրդական վէպի կողմնակի ճիւղերից մէկը։ [2]

Հայ և եւրոպական բանասիրութեան մէջ աւելի քան մէկ դար է, որ տարբեր առիթներով անդրադառնում են Մովսէս Խորենացու Պատմութեան մէջ առկայ իրանական վիպական զրոյցների անդրադարձներին, սակայն դեռևս Խորենացու մօտ կան այնպիսի տեղեկութիւններ, որոնք կարիք ունեն աւելի յստակման ու մեկնաբանութեան։

Պարսկաստանում Սասանեան հարստութեան իշխանութեան բարձրանալու վերաբերեալ իր տեղեկութիւնները Խորենացին քաղել է Բարսումա, պարսիկների կողմից Ռաստսոհուն կոչուող հեղինակի երկից, որ յունարէնի է թարգմանել Խոռոհբուտ պատմիչը։ Ըստ պատմիչի հաղորդման, վերջինս եղել է պարսից Շապուհ թագաւորի քարտուղարը և, յունա-պարսկական պատերազմի ժամանակ գերի ընկնելով յոյներին, սովորել է նրանց լեզուն, ընդունել քրիստոնէութիւն և ստացել է Եղիազար անուն։ Ահա Խորենացու վկայութիւնը.

«Այս Խոռոհբուտ դպիր եղեալ Շապհոյ թագաւորին Պարսից, և ի ձեռս Յունաց անկեալ, յորժամ Յուլիանոս, որ և Պառաբատոսն, զօրու հանդերձ ի Տիզբոն չոգաւ, և ի մեռանելն նորա անդ, ընդ Յոբիանու ի Յոյնս ընդ արքունական սպասաւորսն եկն. և մերոյ հաւատոյս դաւանեալ՝ անուանեցաւ Եղիազար. և յոյն լեզու ուսեալ՝ պատմագրեաց զգործս Շապհոյ և Յուլիանու։ Ընդ նմին թարգմանեաց և զառաջնոցն պատմութիւնս, մատեան մի, որ գերեկից իւր լեալ Բարսումայի ուրումն անուամբ, զոր Պարսք Ռաստսոհուն կոչեն. յորմէ մեր ուսեալ՝ երկրորդեմք այժմ ի գիրս յայսմիկ, թողլով զառասպելաց նոցա զբարբաջմունս։ Քանզի անտեղի է մեզ այժմ երկրորդել զառասպելսն յաղագս երազոյն Փափագոյ, և արտադատութեան հրոյն մանուածոյ՝ որ ի Սասանայ, և պատումն զհօտիւն, և լուսնակն, և ախտարմողացն յառաջասացումն՝ որ են քաւդեայք, և որ ինչ զկնի այսորիկ. և պոռնկական խորհուրդն Արտաշրի հանդերձ սպանութեամբք, և անմիտ հանճարաբանութիւն մոգին դստեր վասն նոխազին, և որ ինչ այլ ամենայն։ Նա և այծին դիեցումն մանկանն ընդ հովանեաւ արծւոյն, և գուշակումն ագռաւուն, և գերապանծին պահպանութիւն առիւծուն հանդերձ արբենականութեամբ գայլուն. և մի միայնամարտութեանն առաքինութիւն, և որ ինչ այլաբանութեանն բերէ կարգ։ Այլ մեք ասասցուք միայն զստոյգն, որ ինչ ճշմարտութեանն վայել է պատմութիւն»։ [3]

Գրիգոր Խալաթեանցը «Հայկական Արշակունիներ» իր աշխատութեան մէջ մերթ մերժում է Բարսումայի աղբիւրի գոյութիւնը՝ պնդելով, որ Խորենացին թաքցնում է իր աղբիւրը այս անգոյ անուան տակ և մերթ էլ հաւանական համարում [4] ։ Աւելի ուշ, 1934 թ., Կարօ Մելիք-Օհանջանեանը «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիւները «Շահնամէ»-ում ու հայ մատենագրութեան մէջ» իր արժեքաւոր ուսումնասիրութեան մէջ, չնայած ըստ ամենայնի համեմատում է Խորենացու այդ հատուածը գիրք, գլ. Հ), Արտաշիր Պապականի Կարնամակի հետ և շատ ընդհանուր տեղիներ, միաժամանակ նաև որոշակի անհամաձայնութիւններ մատնանշում, բայց ըստ երևոյթին չկարողանալով ձերբազատուել Խորենացուն քննադատողների ու մերժողների բացասական ազդեցութիւնից, եզրակացնում է, որ «Խորենացու տեղեկութիւններն Իրանի այդ դարաշրջանի իրադարձութիւնների մասին այնքան վայրիվերոյ են, մակերեսային, այնքան նուազ պատմական-իրական, ժամանակագրութիւնն այնքան խանգար, որ դժուար է ընդունել միայն գրաւոր, այն էլ համարեայ ժամանակակից, ինչպէս կարելի է եզրակացնել իր «պատմութիւնից» գիրք, գլ. Հ) որևէ աղբիւր։ Խորենացին կամ նրա Ռաստսոհուն աղբիւրն Իրանի 224-379 թթ. ժամանակաշրջանի պատմութիւնը բոլորովին աղճատ է նկարագրում։ Այդտեղ խանգարուած են և դէպքերն ու դէմքերը, և փաստերն ու իրադարձութիւնները։ Դժուար է երևակայել, որ «ճշմարտախօս» (Ռաստսոհուն) կոչուող պատմութեան մի մատեան այդքան անծանօթ լինէր դարաշրջանի Իրանի պատմութեան [5] ։

Բանասիրութեան մէջ առանձին փորձեր են եղել Խորենացու վերոյիշեալ հատուածը համեմատելու Ֆիրդուսու «Շահ-նամէի» հետ (Գուդշմիդ, Նոլդեկէ) և եկել են այն եզրակացութեան, որ «ինչ որ նա (Խորենացին) յայտնապէս Բարսումայի գրքից է հաղորդում Արտաշրի երիտասարդութեան ժամանակի մասին, բոլորովին համաձայն է Ֆիրդուսիին, թէպէտ շատ աւելի իսկական և վաղեմի գոյնով» (Գուդշմիդ) [6] ։

Ցավօք, պրոֆեսոր Մելիք-Օհանջանեանի եզրակացութիւնը Խորենացու ձեռքի տակ եղած աղբիւրի մասին, որ շատ թանձր գոյներով է ներկայացւում, կտրուկ է ու վճռական, և ընդունելի չէ։ Նման աղբիւր գոյութիւն ունեցել է, բայց Բարսումա-Ռաստսոհուն, թէ մի այլ անունով տուեալ դէպքում այնքան էլ կարևոր չէ։ Ասենք, որ Ֆիրդուսին, որ «Շահ-նամէում» ընդարձակ տեղ է տուել Սասանեանների սկզբնաւորման պատմութեանը, նոյնպէս յիշատակում է հնօրեայ մի մատեան, որ հնարաւորութիւն է տուել իրեն մանրամասն պատմելու Արտաշիրի վիպասքը։

Խորենացին Պատմութեան Բ գրքի «Եթէ զինչ առասպելք Պահլաւկաց» խորագրով 70-րդ գլխում, կարելի է ասել հանելուկային լեզուով է խօսում այդ առասպելների մասին, որոնք շատ մանուածապատ են և մեկնութեան կարօտ։ Պրոֆ. Մելիք-Օհանջանեանը վերոյիշեալ իր աշխատութեան մէջ Խորենացու այս գլխի մասին գրում է, որ այն «Իր աղճատ տեսքով առհասարակ մի կատարեալ փորձաքար է դարձել թարգմանիչների համար» [7] և վերծանելու նպատակով մանրակրկիտ համեմատում է Արտաշիր Բաբականի «Կարնամակի» [8] հայերէն թարգմանութեան հետ և լուսաբանում է շատ հարցեր, սակայն, այդուհանդերձ, մնացել են որոշ անհասկանալի տեղիներ։ Փորձենք Ֆիրդուսու օգնութեամբ վերծանել դրանցից մի քանիսը։

Խորենացին գրում է. «անտեղի է մեզ այժմ երկրորդել զառասպելն յաղագս երազոյն Փափագոյ»։

Իսկ ի՞նչ երազ է եղել դա։

Ըստ Ֆիրդուսու՝ Դարեհի որդիներից Սասանի տոհմի ժառանգորդներից հովվապետ Բաբաքը (նոյն ինքը Փափագը), երազում տեսնում է իր նախապապ Սասանին՝ թուրը ձեռքին փղի վրայ նստած, յաջորդ գիշեր երազը շարունակւում է. Սասանի առջև է ելնում մի հրպետ ձեռքին երեք վառուող ջահ [9] (ըստ Խորենացու՝ «հրոյն մանւածոյ՝ որ ի Սասանայ»)։

Ֆիրդուսին պատմում է, որ Բաբաքը դիմում է աստղագուշակներին (ըստ Խորենացու՝ «ախտարմողացն յառաջասացումն»), որոնք կանխատեսում են, թէ մի նոր թագաւոր երևան պիտի գայ ու կործանի Արշակունի Արտաւանին, դա հովիւ Արտաշիրն է, որ նոյնպէս Սասանի ցեղից է։ Սա Արտաւանի արքունիքում մեծ անուն էր վաստակել իր խիզախ ու համարձակ արարքներով։ Արտաշիրը հրապուրւում է Արտաւանի հարճով՝ Գոլնարով, փախցնում է նրան և այնուհետև սպանում է Արտաւանին (Խորենացու «պոռնկական խորհուրդն Արտաշրի՝ հանդերձ սպանութեամբք» մթագնուած ձևակերպումը առնչւում է իսկ և իսկ այս զրոյցին)։ Ֆիրդուսին այնուհետև պատմում է, որ Գոլնարին փախցնելիս մարդիկ տեսնում են, թէ ինչպէս նրա ձիան ետևից սլանում էր լուսանման ֆարրը (հայերէն՝ փառքը). սա հին պարսկական հաւատալիքներում աստուածային ընտրութեան խորհրդանիշն է, որ երբեմն հանդէս է գալիս այծի կամ խոյի (Խորենացու մօտ՝ նոխազի) տեսքով։

Խորենացու պատմութեան այս գլխի իմաստային առումով մութ հատուածներից է և հետևեալը. «…այծին դիեցումն մանկան ընդ հովանեաւ արծւոյն», որ Խորէն Ստեփաննէն (1889 թ. ) թարգմանել է. «…այծի կաթ տալը մանուկին արծուի հովանուն տակ, և ագռաւի գուշակութիւնը, և գերապանծ առիւծի պահպանութիւնը գայլի օգնութեամբ, և մենամարտութեան քաջութիւնը և բոլորն, ինչ որ այլաբանութիւնը պատմում է կարգով» [10], իսկ Ստեփանոս Մալխասեանը (1940 թ. «…այծի ծիծ տալը երեխային արծուի հովանու ներքև, ագռաւի գուշակութիւնը, գերապանծ առիւծի պահպանութիւնը գայլի սպասաւորութեամբ, և քաջ մենամարտութիւնը, և ինչ որ այլաբանութեան կարգին է պատկանում» [11], Ռոբերտ Թոմսոնը անգլերէն նոր թարգմանութեան մէջ՝ «…the goat’s suckling of her kid under the shade of an eagle the prediction of the crow, the guarding of the illustrious lion with the service rendered by wolf, the valor of the single combat, and whatever has the character of allegory» [12], իսկ Գագիկ Սարգսեանը ռուսերէն նոր թարգմանութեան մէջ՝ « как коза вскармливала младенца под сенью крыльев орла и прорицании ворона, об охране великолепного льва при прислужничестве волка и доблести в единоборстве и обо всем… » [13].

Ի՞նչ այծի և ի՞նչ արծւի մասին է խօսքը։

Այս բեկորը ամենայն հաւանականութեամբ, իրանական առասպելաբանութեան մի գողտրիկ զրոյցի սկզբնամասի արձագանքն է, որ վերաբերում է Ռոստամի հօր Զալին, Իրանի պատմութեան դիւցազնական ժամանակաշրջանին և ոչ մի կապ չունի Սասանեանների իշխանութեան հիմնադիր Արտաշիրի իշխանութեան բարձրանալու հետ, որին և հիմնականում նուիրուած է Խորենացու Պատմութեան խնդրոյ առարկայ Հ. գլուխը։

Այս առասպելը Խորենացուց հինգ դար յետոյ գեղարուեստական մեծ վարպետութեամբ մշակել է Ֆիրդուսին «Շահ-նամէի» դիւցազնական արքայ Մանուչէհրի թագաւորութեան բաժնում։ Ըստ Ֆիրդուսու, Զալը ծնուել էր ձիւնի պէս սպիտակ մազերով և կարմիր դէմքով։ Հայրը՝ Սամը, որդու կերպարանքից ահաբեկուած ու նուաստացած, հասարակութեան աչքում խայտառակ չլինելու համար, կարգադրում է իր ծառաներին «ահրիմանածին» որդուն կորցնել Ալբորզ լեռան ամայի բարձունքներում։ Աստուած խնայում է նորածնին. երեխան սկզբում սնւում է այդ կողմերում թափառող էգ առիւծի կաթով (Խորենացու մօտ՝ «գերապանծին պահպանութիւն առիւծուն»), այնուհետև նրան նկատում է Ալբորզ լեռան վրայ իր բունը դրած հեքիաթային Սիմորղ թռչունը, որ պարսկական աւանդոյթում միշտ արծուատեսք է։ Գիշատիչ Սիմորղը նրան իր հովանաւորութեան տակ է վերցնում և սնում է իր ձագերի հետ միասին (ուշադրութիւն դարձնել Խորենացու «ընդ հովանեաւ արծւոյն»)։ Անցնում են տարիներ, Սամը երազ է տեսնում, որ որդին կենդանի է, ուստի հրամայում է գտնել նրան։ Երբ Զալը բերւում է հօր առաջ, անմիջապէս այլակերպւում է, դառնում սև աչք ու ունքով վայելչագեղ, առնական պատանի։

Ֆիրդուսու այս տարբերակը իրաւունք է տալիս մեզ Խորենացու վերոյիշեալ հատուածում ա) իմանալ, որ մանուկը որոշակի անձ է՝ իրանական դիւցազներգութեան յայտնի Զալը, բ) նախադասութեան մէջ հովանին ոչ թէ շուք կամ թևերի տակ վերցնել իմաստներով պիտի ընկալել (ինչպէս ռուսերէն ու անգլերէն թարգմանութիւնների մէջ), այլ հասկանալ հովանաւորութիւն, խնամակալութիւն առումով, գ) սխալ համարել անգլերէն թարգմանութեան մէջ այծի դիեցումն մանկան արտայայտութիւնը այծի կաթ տալը սնումը իր ձագին (her kid) թարգմանելը, դ) նախադասութեան շարունակութեան մէջ գերապանծ յարգալից ածականը պէտք է վերագրել ոչ թէ առիւծին այլ մանկանը, իմա՝ Զալին, որ իրանական աւանդութիւնում գեր (չափազանց) պանծացուած ու գովերգուած հերոս է. անգամ բառի քերականական ձեւը տրական հոլովով լինելը՝ գերապանծին, յուշում է, որ այն ոչ թէ առիւծին է վերաբերում, այլ նախորդ նախադասութեան գործող անձին, այսինքն՝ մանկանը (Զալին)։ Այստեղ առայժմ չեն մեկնաբանւում «ագռաւի գուշակութիւնը», «գայլի օժանդակութիւնը առիւծին» և «միայնամարտութեան առաքինութիւնը»։ Կարելի է ենթադրել, որ Խորենացու ժամանակներում Արևելքում պահպանուած է եղել հնդեւրոպական աւանդներում «կորսուած երեխաների ստնտու կենդանիների» մասին գոյութիւն ունեցող զանազան առասպելներ, որոնք տուեալ դէպքում արտացոլուել են Խորենացու վկայակոչած մանկան (Զալի) առասպելում։ Մանկան պահպանութեան գործում Առիւծին օժանդակող գայլի համար կարելի է զուգահեռ անցկացնել Հռոմի հիմնադիր Ռոմուլուսի և նրա եղբօր Ռէմի ստնտու գայլի առասպելը։

Այս բոլորից յետոյ առաջարկում ենք քննութեան առարկայ հատուածի թարգմանութեան մեր տարբերակը «…արծուի հովանաւորութեան ներքոյ այծի սնուցումը մանկան, և ագռաւի գուշակութիւնը, և գեր պանծացուած [մանկան] պահպանութիւնը առիւծի կողմից գայլի օժանդակութեամբ, և միամարտութեան առաքինութիւնը, և ինչ որ այլաբանութեան կարգին է պատկանում…»։ Միաժամանակ արծուի հովանաւորութեան ներքոյ սնուող մանկան համար պէտք է ծանօթագրել, որ երեխան պարսկական դիւցազներգութեան հերոսներից Զալն է։

Կատարուծ համեմատութիւնները մեզ իրաւունք են տալիս եզրակացնելու, որ եթէ Խորենացու վերոյիշեալ տեղիները իրենց զուգահեռները ունեն իրանական գրականութեան մէջ, ապա մէկ անգամ ևս հաստատւում է նրա ճշմարտապատում պատմիչ լինելը, բայց որովհետև իրանական առասպելները նա «բարբաջանքներ» է համարել և հրաժարուել է հաւաստի պատմութեան շարադրման ժամանակ մանրամասն վերապատմել, հետևաբար այս հատուածի շարադրանքը հանելուկային է ստացուել, որ մեզ համար ներկայումս անհասկանալի, բայց, ամենայն հաւանականութեամբ, ընկալելի ու ծանօթ են եղել Պատմութեան պատուիրատու Սահակ Բագրատունուն ու ժամանակակիցներին։

Տարիներ առաջ Խորենացու պատմութեան «Ի պարսից առասպելաց» բաժնի մեր քննութիւնը, նրա համեմատութիւնը առկայ իրանական աղբիւրների հետ մեզ բերել էր այն եզրակացութեան, որ Խորենացին հարազատօրէն է հաղորդել Բիւրասպի Աժդահակի զրոյցը և հաւատարիմ է մնացել իր ձեռքի տակ եղած աղբիւրներին [14] ։ Ներկայումս քննելով նաև Սասանեանների հարստութեան իշխանութեան գալու վիպական զրոյցները, աւելի քան համոզւում ենք մեր պատմիչի ազնւութեանն ու ճշմարտացիութեանը, որով կարող ենք ասել, որ Խորենացու վկայութիւնը ցարդ չյայտնաբերուած Բարսումա՝ Ռաստսոհուն կոչվող աղբիւրի գոյութեան մասին պէտք է միանգամայն հաւաստի համարել։

 


 



!      Տե՛ս «Իրան նամե», 1993, հ. 2, էջ 114-117։

[1]     Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց ։ Աշխատութեամբ Մ. Աբեղեան և Ս. Յարութիւնեան, Տփղիս, 1913, էջ 7, 176։

[2]     Մանրամասն տե՛ս Չուգասզեան Բ., Հայ-իրանական գրական առնչութիւններ (5-18-րդ դդ. ), Երևան, 1963։

[3]     Մովսէս Խորենացի, Անդ 206-7։

[4]     Халатянц Г., Армянские Аршакиды в Истории Армении Моисея Хоренского, ч. 1, М., 1903, стр. 117-8.

[5]     Մելիք-Օհանջանեան Կ., Ֆիրդուսին և Իրանի վիպական մօտիւները «Շահ-նամէում» ու հայ մատենագրութեան մէջ, տե՛ս «Ֆիրդուսի»։ Բանաստեղծի ծննդեան հազարամեակին նուիրուած ժողովածու, Երևան, 1934, էջ 53։

[6]     Տե՛ս Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն ։ Թարգմանութիւն, ներածութիւն և   ծանօթութիւններ դոկտ. Ս. Մալխասեանի, Երևան, 1940, էջ 305։

[7]     Անդ, էջ 31։

[8]     Արտաշիր Բաբական Կարնամակ ։ Պահլաւ բնագրէն թարգմանեց հանդերձ ծանօթագրութեամբք դոքտ. Հ. Թիրեաքեան, Փարիզ, 1907։

[9]     Ֆիրդուսի, Շահ-նամէ, Մոհամէդ Ռամազանիի համեմատութեամբ ու ուղղումներով, հ. 1, Թեհրան, 1311-12/1932-33 (պարսկերէն)։

[10]   Մովսէս Խորենացու Հայկական Պատմութիւն։ Աշխարհաբար թարգմանեց և լուսաբանեց Խորէն ծայրագոյն վարդապետ Ստեփանէ, Ս. Պետերբուրգ, 1889, էջ 190։

[11]   Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն։ Թարգմանութիւն, ներածութիւն և ծանօթութիւններ դոկտ. Ստ. Մալխասեանի, Երևան, 1940, էջ 139։

[12]   Moses Khorenatsi, p. 217-8.

[13]   Мовсес Хоренаци, История Армении, перевод с древнеармянского языка, введение и примечания Гагика Саркисяна, Ереван, 1990, стр. 118.

[14]   Տե՛ս Չուգասզեան Բ., Հայ-իրանական գրական  առնչութիւններ, էջ 62-90։