Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԷՏԸԼՎԷՅՍ
       Պատիս վըրայ անխօսուկ, մունջ ,
Գամ մը մէջքիդ՝ կը մտածես ,
Կը տժգունիս, կու լաս կարծես ,
Էտըլվէյսի ո՜վ վըտիտ փունջ։
       Թառամե՜ր են թերթերդ բոլոր ,
Հիւծեր է ցօ՛ղըդ տրտմօրէն ,
Ո՞ր դժբախտ հո՛վը սարերէն
Քեզ հոս նետեց քայլամոլոր։
       Ծաղիկներուդ գոգը վայրի
Ու թերթերուդ մէջ գալարուն ,
Անհա՜ս, հըպա՜րտ բարձունքներուն
Հիւանդ կարօ՜տն է որ կ’այրի։
       Ու կ’երազե՜ս դուն անշշունջ ,
Գամ մը մէջքիդ, ու կ’ոլորի ,
Գունատ թաւի՛շըդ մոխիրի ,
Էտըլվէյսի ո՜վ նիհար փունջ։
       [1908]