Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵԿՈ՜ՒՐ
       Եկո՜ւր, եկո՜ւր ճամբաներէն անուրջիս ,
Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդէ՜ս.
Վերջի՜ն անցորդ տառապանքի կամուրջիս ,
Երգի մը պէս, քրոջ մը պէս՝ մօր մը պէս
Եկո՜ւր, եկո՜ւր, ճամբաներէն անուրջիս…։
       Եկո՜ւր, ես քո՛ւկդ եմ, քեզ արքա՛յ ու գերի՛.
Ե՛ս մեղապարտ անօթը սո՜ւրբ համբոյրիդ.
Հեւքս աղօթքի՛ պէս դէմքիդ շուրջ դեգերի ,
Պաշտամունքիդ ես խնկանօ՜թ միամիտ.
Եկո՜ւր, ես քո՛ւկդ եմ, քեզ արքա՛յ ու գերի՛…։
       Քու տաճարիդ ես քուրմ֊երգիչն եմ դողդոջ ,
Ու դուն մարմի՜նն ես անմարմին երգերուս ,
Խենթեցընող յաւերժահա՛րսը բողբոջ ,
Ցօ՜ղ՝ մահացնող սրտի հազա՜ր վէրքերուս ,
Սուրբ տաճարիդ ես քուրմ֊երգիչն եմ դողդոջ…։
       Քո՛ւ անունովդ պատանքեցի ծե՜ր հոգիս.
Քե՛զ երգելէն արիւնեցան , խենթեցան
Եօթը վէրքերն իմ բարունակ սրինգիս ,
Սրտիդ ճամբուն վրայ մերկ ոտներս այրեցան.
Քու անունո՛վդ պատանքեցի ծե՜ր հոգիս…։
       Բա՛ց ինձ կարմի՜ր շրթներդ. կարմի՜ր վէրքի պէս ,
Բա՛ց ինձ թեւերդ, յաւերժակա՜ն բանտ անո՜ւշ .
Բա՜ց ինձ հոգւոյդ հրաշքներուն մուտքն անտես
Ու տո՜ւր ինձ հոն անէանալ լո՜ւռ, անյո՜ւշ ,
Բա՜ց ինձ կարմիր շրթներըդ, լա՜յն վէրքի պէս…։
       Ահա՛ թօշնած շուշաններովս քեզ կու գամ.
Ահա՛ ոտքի՛դ տակ փառքիս խե՜ղճ սարդենին.
Ահա՛ սրտիս խոպան դաշտն ուր մի՛ անգամ
Չը ծաղկեցաւ սիրոյ նիհա՜ր վարդենին ,
Ահա իմ սեւ շուշաններովս քեզ կու գամ…։
       Եկո՜ւր, եկո՜ւր, եկո՜ւր սիրենք կաթոգին.
Ո՛վ չի սիրեր պիտի մեռնի առ յաւէտ.
Սէրը պէ՛տքն է, երա՛զն է, կեա՛նքն է կեանքին.
Սէրը Մահուան մէջ Անուրջն է արփաւէտ.
Եկո՜ւր, եկո՜ւր, եկո՜ւր սիրենք կաթոգին։
       [1911]