Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԻՆ ԵՂԱՆԱԿ
       Տիկ. Ա. Թէոդիկին
       Այս գիշեր երգ մը հոգեցունց
Հովին մէջէն՝ հեռուէն հեռու՝
Ձիւնոտ տրտում ճամբաներու
Խոր անրջանքը արթնցուց։
       Ես մենաւոր ու տրտմունակ ,
Քեզ կ’ունկնդրեմ պատուհանէս
Որ աղօթքի մ’ոլորքին պէս
Կ’արձագանգես, հի՜ն եղանակ։
       Արուեստ չունիս, իմաստ չունիս ,
Կը կրկնուիս դուն անդադրում ,
Ու ձիւնին հետ դանդա՜ղ, տրտո՜ւմ ,
Դուն տարուբեր կը տատանիս։
       Շնչատ մարմինդ կը դողդոջէ…
Վանկերուն մէջ տժգոյն, վտիտ ,
Ու յանկերգիդ մէջ միամիտ
Ապրելուն խուլ մահերգը չէ՞…։
       Կը կրկնէ հովն աննպատակ
Աղաղակներդ ծառին, սարին ,
Ի՞նչ կը պատմես դուն գիշերին
Որ կու լայ մայթը հեւքիդ տակ։
       Այս իրիկուն, ձի՜ւն իրիկուն ,
Հին եղանակ մը հոգեցունց ,
Ծոյլ երազանքը արթնցուց
Մութ ամայի ճամբաներուն։
       Երգը մեռա՜ւ հեռու անհետ.
Բայց ա՛յդ չափով, այդ յանկերգով ,
Պատուհանիս գիշերին քով ,
Հոգիս կու լայ դեռ երգին հետ…։
       [1908]