Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՍՏՂԻ ՄԸ
       Ամէն իրիկուն արեւն երբ չքնաղ,
Արեան մէջ կարծես՝ կը սուզի դանդա՜ղ,
Ու ստուերի մէջ սարեր կը հեւան,
Ես քե՛զ կը նայիմ, ո՜վ Աստղ իրիկուան։
       Չեմ գիտեր, ո՜վ Աստղ, անունըդ գոնէ ,
Դեռ ինծի ոչի՛նչ չեն պատմած քենէ.
Գիտեմ միայն որ մանուկ հասակէս ,
Ո՜վ Աստղ իրիկուան, ես կը նայիմ քեզ։
       Մանուկ հասակէս նոյն կէտն ես դողդոջ ,
Անհունին մէջ նոյն ժպիտը բողբոջ։
Ի՜նչ փոյթ, թէ անգին դեռ բիւր աստղեր կան ,
Ես քե՜զ կը նայիմ, ո՜վ Աստղ իրիկուան։
       Անոնք շատ բարձր են, անհաս, յաւակնոտ ,
Դուն վարն ես, մերին հորիզոնին մօտ .
Մինակը՛դ տժգո՜յն, տժգո՜յն, ոսկեգէս ,
Ո՜վ Աստղ իրիկուան, ես կը նայիմ քեզ։
       Դուն կաս ու չկաս . խաբկանքը լոյսին ,
Դուն յոյսն ես հեռուի, յոյսը անյոյսին…
Ու երբ արցունքոտ բիբերս կը հեւան ,
Ես քեզ կը նայիմ, ո՜վ Աստղ իրիկուան։
       Կեանքը երգ մ’է՜ քեզ… Ու ի՞նչ կեանք Աստուա՜ծ ,
Միշտ յոյսին յառած ու միշտ ալ խաբուա՜ծ ,
—Ծեր է սիրտս, բայց աչերս սիրակէզ ,
Ո՜վ Աստղ իրիկուան, դեռ կը նայի՜ն քեզ…։
       Օգոստ. 20/Սեպտ. 3, 1909