Պատմութիւն Հայոց, Հատոր Գ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Քանզի բազում եղեն Գրիգոր անուամբ կաթուղիկոսք, շփոթեցին ոմանք զգործս սոցա ընդ միմեանս, մանաւանդ զգործ Գրիգորի Վկայասիրի եւ Գրիգորի Պահլաւունւոյ եղբօր Շնորհալւոյն: Եւ պատճառն է. զի որովհետեւ Պահլաւունին եւս ըստ Վկայասիրին թարգմանեաց եւ շարագրեաց բազում ինչ ՚ի վարուց սրբոց, եւ զհաւաքեալսն ՚ի Վկայասիրէն մասամբ իւիք ՚ի մի ամփոփեաց, ինքն եւս կոչեցաւ Վկայասէր Փոքր. որպէս յայտնի գրէ Կարապետ վարդապետ ՚ի յիշատակարանս Սարգսի. յորմէ առեալ գրեն եւ ոմանք ՚ի նորոց. որպէս եւ Յակոբ Նալեան ՚ի մեկնութեան Նարեկ ԻԸ. երես 212. եւ ԼԴ. երես 290. ըստ որում է տեսանել եւ ՚ի տպագրեալ Տօնացոյցս ինչ եւ ՚ի Շարակնոցս: Եւ այս թէպէտ ճշմարիտ է, ըստ որոյ եւ մեք եդաք ՚ի յառաջաբանութեան, բայց սակայն վասն Վկայասէր կոչելոյ սորա` ոմանք զգործս Վկայասիրին բովանդակ սմա են տուեալ. որպէս առնէ եւ նախայիշեալ Կարապետ վարդապետ յօրինակս ինչ. եւ այսու խանգարեալ երեւի նաեւ կարգ պատմութեան երկոցունց նոցա: Այլ մեր զգուշութեամբ քննեալ, եւ զճշմարիտն ստուգեալ ՚ի բանից Ուռհայեցւոյն, Շնորհալւոյն, Լամբրոնացւոյն, եւ այլոց, որոշ եդաք ՚ի պատմութեան:
       Այսպիսի իմն է եւ այն` որ դնի ՚ի գիրս Հարանց վարուց ՚ի վախճան պատմութեան Ոնոփրիոսի սուրբ հօրն, յասելն. *«Զնորոգօղ եւ զթարգմանիչ սրբոյ պատմութեանս զտէր Գրիգոր Հայոց կաթուղիկոս յիշեցէ'ք ՚ի Քրիստոս. եւ թարգմանեցաւ ՚ի թուականութեանս Հայոց ՇԾԹ. ամին` յաշխարհիս եգիպտացւոց »: Այլ յայս բան *տէր Գրիգոր Հայոց կաթուղիկոս » ասելով` ո'չ իմացեալ լինի սա ինքն Գրիգոր Պահլաւունի, զի սա յայնմ թուականի չեւ էր նստեալ. եւ ոչ Գրիգոր Վկայասէրն` զի նա յառաջմնէ վախճանեալ էր. այլ` իմացեալ լինի առանձին հայրապետ Հայոց ՚ի կողմանս Եգիպտացւոց. որ այն ինքն է հօրեղբայր նախասացեալ Գրիգորի Պահլաւունւոյ եւ Ներսէսի Շնորհալւոյ , կարգեալ ՚ի Գրիգորէ Վկայասիրէ յայն աշխարհ իբր ՚ի սեպհական Աթոռ. ուր արար եւ թարգմանութիւնս վարուց սրբոց եւ ճառից: Եւ զի իբր փոխանորդ կաթուղիկոսի նստաւ, վասն այն կաթուղիկոս անուամբ յիշի:
       Իսկ վասն ժամանակի կաթուղիկոսութեան Գրիգորի Պահլաւունւոյ` գիտելի է. զի Յայսմաւուրս ՚ի յուլիսի 30. դնի լինել ՚ի թուին Հայոց ՉԽԲ. զի ասի անդ` թէ նախընթացն այսր Գրիգորի տէր Բարսեղ վախճանեալ իցէ յայնմ ամի: Իսկ ՚ի պատմութեան ժողովոյն Հռոմկլայու դնի` թէ նստեալ իցէ Գրիգոր ՚ի թուին Հայոց ՇԾԹ. բայց երկաքանչիւրն եւս է վրիպակ գրչաց. զի պարտ էր դնել ՇԿԲ: Եւ այսմ չիք տարակոյս, զի երկոքին ականատես վկայք` Ուռհայեցին եւ Սամուէլ այսպէս դնեն, մանաւանդ զի նա ինքն Սամուէլ ՚ի խնդրոյ սորին Գրիգորի կաթուղիկոսի արար զժամանակագրութիւն իւր. եւ զիա՞րդ կարէր այդչափ վրիպիլ: Այլ գիտելի է, զի որովհետեւ մօտ ՚ի վախճան ՇԿԲ. ամի մեռաւ Բարսեղ. առաջին ամ Գրիգորի կարէ համարեալ լինիլ ոչ միայն նոյն ամն ` յորում մեռաւ նա ինքն Բարսեղ. այլ եւ յաջորդն այնր ամի. ուստի եւ յաղիւսակս Սամուէլի. ՚ի ՇԿԲ. ամի դնի մահ Բարսղի. եւ ՚ի ՇԿԳ. դնի առաջին ամ Գրիգորի, որ ոչ հեռանայ ՚ի ճշմարտութենէ:
       Զայս մի ինչ եւս արժան համարիմ յիշատակել աստ. զի ՚ի բանս Կարապետ վարդապետի` Գրիգոր Պահլաւունի եւ եղբայր նորա Ներսէս Շնորհալի կոչին եղբօրորդիք Վահրամայ, այսինքն Գրիգորի Վկայասիրի. բայց այս յայտնի վրիպակ է. զի ոչ թէ եղբօրորդիք էին, այլ` որդիք քեռորդւոյ նորա. որպէս յայտնի գրեն Ուռհայեցին եւ Վարդան եւ այլք. եւս եւ նա ինքն Ներսէս Շնորհալի` որոյ վկայութիւն քան զամենայն է յարգոյ:
       Այլ վասն եղբօրորդւոյ եւ յաջորդի Շնորհալւոյն` որ կոչի Գրիգոր Տղայ` գիտելի է, զի ոմանք ՚ի յետնոց` նոյն առնեն զնա ընդ Գրիգորի Գահավիժի, որպէս առնէ եւ Ղազար Ջահկեցին. գլուխ Ի. երես 600. եւ ոչ այսչափ միայն, այլեւ զոր ինչ արար Գրիգոր Տղայ, զայն ամենայն տայ Գահավիժին, զոր կոչէ քեռորդի Շնորհալւոյն. եւ զոր ինչ գովութիւն տան պատմիչք Գրիգորի Տղային, Գահավիժին ընծայէ. եւ յաւելու ասել` թէ մախանօք այլոց արկաւ ՚ի բանտ բերդին: Դնի եւս ուրեք ՚ի գրուածս յետնոց` թէ Գրիգոր Գահավէժն իցէ Գրիգոր Ապիրատն. եւ ուրեք եւս թէ Գրիգոր Ապիրատն իցէ Գրիգոր Տղայն. բայց յայտ է թէ ամենեւին այլազգ է. զի Գրիգոր Տղայ նստաւ յամի Տեառն 1173. Գրիգոր Գահավէժ նստաւ յամի Տեառն 1193. իսկ Գրիգոր Ապիրատ նստաւ յամի Տեառն 1195. եւ զայսր ամենայնի ունիմք վկայութիւն եւ ՚ի Լամբրոնացւոյն` որ ժամանակակիցն էր եւ ականատես, ապա զիա՞րդ իցեն նոյն:
       Դարձեալ վասն Գրիգոր Տղայի գրի ՚ի պատմութեան իմիք Կիւլիկեցւոց այսպիսի ինչ. *«Այս տէր Գրիգորս արկանէ հիմն ՚ի Կլայն. եւ շինէ հոյակապ եկեղեցի ՚ի նմանութիւն արեւելից տաճարացն, պատրաստեալ ՚ի նմա զգիրս երկուց Լուսաւորչացն զհօրեղբարց իւրոց` տէր Գրիգորիսի եւ Ներսէսի. հանէ եւ ՚ի ծովուցն (այսինքն ՚ի Ծովք դղեկէն ) զնշխարս մեծին Գրիգորիսի զքեռւոյն Ապիրատայ հաւուն իւրոյ զտէր Վահրամայ (Վկայասիրի ). եւ դնէ ընդ երկուց Լուսաւորչացն: Եւ զկնի ինքն եւս փոխի մահուամբ առ Քրիստոս. եւ կայ հանգուցեալ ՚ի սուրբ Ուխտն Դրազարկ »: Այս բանք եթէ ստոյգ իցեն. պա'րտ է ասել` թէ մարմին Գրիգորի Վկայասիրի` որ ըստ գրելոյ Ուռհայեցւոյ ականատես պատմագրի եւ Շնորհալւոյն, եւ այլոց` թաղեցաւ ՚ի Կարմիր վանս մօտ ՚ի Քեսուն. փոխադրեալ իցէ նախ ՚ի Ծովք դղեակ ՚ի Գրիգորիսէ յեղբօրէ Շնորհալւոյն եւ անտի վերաբերեալ ՚ի Հռոմկլայ յաւուրս Գրիգոր Տղայի: Իսկ զոր ասէ` թէ Գրիգոր Տղայ թաղեցաւ ՚ի Դրազարկ, պարտ է իմանալ վասն Գրիգորի Գահավիժի. զի նա անդ եղաւ. իսկ Գրիգոր Տղայ ըստ ասելոյ ոմանց` յիւրում հանգստարանի ՚ի Հռոմկլայ թաղեցաւ:
       Գիտելի է եւս, զի Գրիգոր Գահավէժ կոչի եւ Քարավէժ. այլ զի յընտիր օրինակս Գահավէժ դնի, մեք եւս այնպէս եդաք եւ այս` վասն գահավիժելոյ նորա ՚ի պարսպէ ՚ի վայր: