Համով֊հոտով

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԳՈՎԱՍԱՆՔ ԲԻՒԼԲԻՒԼԻՆ ԵՒ ՎԱՐԴԻՆ
       Ակա՛նջ դրէք բանիս, որ պատուական է,
Հոգւոյ այլ եւ մարմնոյ ուրախական է.
Գովեմ զգոյնըն վարդին, որ աննման է։
Զբլբուլն ի հետ նորա որ քաղցրաձայն է։
Բլբուլն ի վարդն ասաց. սէ՜ր քո ես եկի,
Զի սէր քեզ աւետեմ, սիրով քու տո՛ւր տեղի,
Եւ սէրն սրբութեան ի քեզ բնակի,
Սիրով քո զարդարին ծաղկունքն ի յերկրի։
Վարդն ի բլբուլն ասաց. -Թռչո՜ւն գովելի.
Որպէ՞ս միտք իմ բանից քոց հաւան լինի.
Դու ես հաւք երկնից, եւ ես՝ բոյս երկրի,
Զիա՞րդ իմ սէրս եւ քոյդ միաբանեսցի։
Բլբուլն ի վարդն ասաց. -Իմ բանիս լսէ՜,
Որ քո սիրտն իմ սիրոյս վկայէ,
Ես ցօղ բերեմ յերկնից, որ զքեզ զարդարէ,
Յայնժամ իմ սէրս եւ քոյդ միաբանեալ է։
Վարդն բլբուլին զայս պատասխան առնէ.
-Վախե՜մ, թէ հետ ցօղոյն կայծակ իջանէ.
Եւ զիմ պայծառ տերեւս հրով տոչորէ,
Ծաղկանց ամենայնի նախատինք զիս առնէ։
Բլբուլն ի վարդն ասաց. -Խօսից իմ դու լո՜ւր,
Որ ես քեզ ցուցանեմ սիրոյ մեծ աղբիւր,
Որ զքեզ յիւր ակն պահէ կանանչ եւ մաքուր,
Եւ ամենայն ծաղկանց արբուցանես ջուր։
Վարդն բլբուլին յայնժամ զայս ջուղաբս ետուր.
-Ե՜ս բանից քոյին ոչ հաւանիմ դիւր,
Վախեմ, թէ որդ խաղայ այն աղբիւրին ջուր,
Տերեւներէս առնէ զիս թափուր։
Բլբուլն ի վարդն ասաց.
-Քե՜զ ամբ լինիմ եւ հովանի ես,
Արեգական տօթոյն պահեմ զքեզ,
Եւ քաղցրագոյն օդով սնուցանեմ զքեզ։
Վարդն ի բլբուլն ասաց. քէն վախե՜մ ես,
Զի մի՜ որոտալովդ ինձ ահ արկանես,
Ի գեղեցիկ գունոյս թառամեցուցանես,
Եւ ամենայն ծաղկանց զրոյց լինիմ ես։
Բլբուլն ի վարդն ասաց. -Ես առաւօ՜տ եմ,
Զլոյսն արեգական վերայ քո ծագեմ,
Ազգի ազգի գունով զքեզ զարդարեմ,
Ծաղկանց ամենայնի պարծանք ցուցանեմ։
Վարդն ի բլբուլն ասաց. -Ես դիմակա՜ց չեմ,
Ի ծագմանէ լուսոյն դողալով սարսեմ,
Վախեմ, թէ զարեգակն առ իս տեսանեմ,
Կոկոնն իմ գեղեցիկ յինէն թօթափեմ։
Բլբուլն ի վարդն ասաց. -Դու գովելի՜ ես,
Զի ամենայն ծաղկանց ցանկալի ես,
Տեսով քո արբեցայ զերդ ըզգինով ես,
Արարիչն Աստուած կանանչ պահէ զքեզ։
Վարդն ի բլբուլն ասաց. -Գեղեցկաձա՜յն ես,
Որ զամենայն մարդիկ դու ուրախ առնես,
Ազգի ազգի գունով դու եղանակես,
Թռչնոց ամենայնի գեղ պարծանաց ես։
Բլբուլն ի վարդն ասաց. -Դու դեղ ցաւո՜ց ես,
Որ զամենայն հիւանդ սիրով բժշկես.
Ո՞վ ոք ցաւ ունիցի եւ ոչ յիշէ զքեզ,
Յետոյ փոշիմանի, ’ւ ոչ գտանէ զքեզ։
Վարդն ի բլբուլն ասաց. -Թռչո՜ւն դու աղւոր,
Ուստի՞ ունիս զայս ձայն քաջ եւ զօրաւոր,
Զիս զարմացուցիր խօսիւքդ ահաւոր,
Կարծեմ, թէ այլ չկայ քեզ նմանաւոր։
Բլբուլն ի վարդն ասաց. -Մեզ թագաւո՜ր կայ,
Որ ամենայն թռչնոց պարգեւք նա կուտայ
Եթէ հաւան լինիս գալստեան նորա,
Նա՛ երկինք եւ երկիր քեզ երանի՜ տայ։
Վարդն ի բլբուլն ասաց. -Քեզ երանե՜մ ես,
Որ այն թագաւորին դու սպասաւոր ես,
Եւ ի նմանէ այնցեղ շնորհք առնես,
Որ ի քո տեսութիւնդ զիս մոռացընես։
Բըլբուլն ի վարդն ասաց պատասխանելով.
-Եթէ՜ լսող լինիս բանից իմ սիրով,
Նա ամենայն երկիր հոգւով եւ մարմնով,
Ծառայ քեզ լինիցին, երանի՜ տալով։
Վարդն ի բլբուլն ասաց. -Խօսի՜ր զոր ինչ եւ կամիս,
Զի խօսից քոյին փափաքի հոգիս,
Յինէն մի՜ թագուցաներ զինչ բան որ ունիս,
Եթէ կամիս սիրով հաւան առնել զիս։
Բլբուլն ի վարդն ասաց. -Տա՛մ քեզ աւետիս,
Զի մեծ թագաւորի դարպաս դու լինիս,
Եւ ի ձայնէ իմմէ հանապազ գովիս,
Եւ յամենայն թռչնոց միշտ փառաբանիս։
Վարդն ի բլբուլն ասաց. -Հոգիս իմ ցանկա՜յ,
Որ այն թագաւորին լինիցիմ ծառայ.
Այլ երկնչիմ յահէ փառաց նորա,
Զոր դու ինձ ասացեր, նա՛ ո՞վ դիմանայ։
Բլբուլն ի վարդն ասաց. -Դու մի՛ վախնար,
Զի նա կամենայ զքեզ իւրեան դադար.
Այլ ուրախացի՛ր սիրով ծածկաբար,
Եթէ նորա կամիս լինել տեղի եւ տաճար։
Վարդն ի բլբուլն ասաց. -Քեզ հաւա՜ն եղէ,
Այլ գործ քո թագաւորին դու ինծի պատմէ՛,
Թէ ի՞նչ արուեստ ունի, կամ ո՞ր ձեւով է,
Քան զքեզ է քաղցրաձայն, թէ այլ փառաւոր է։
Բլբուլն զայս ետուր պատասխան վարդին.
-Չկա՜յ այլ նըմանակ իմ թագաւորին.
Ոչ ոք կարէ գիտել ըզգործս նորին,
Ոչ ի յերկրաւորաց եւ ոչ երկնային։
Վարդն ի բլբուլն ասաց. -Դու զա՜յս ինձ ասա,
Երբ գայ այն թագաւորն, ինձ իմա՛ց արա,
Որ ես տեղ պատրաստեմ արժանի նորա,
Որ ընդունիմ սիրով, եւ իմ սրտին մէջ հանգչի նա։
Բլբուլն ի վարդն ասաց. -Քեզ ասե՜մ, լսէ,
Քան զքո ծաղկիլն յառաջ նա զքեզ ընտրեալ է,
Եւ իւր բնակութեան տեղ պատրաստեալ է,
Որ այժմ ի քեզ իջեալ գործ մեծ կատարէ։
Բըլբուլն Գաբրիէլ հրեշտակապետն է,
Վարդն՝ Մարիամ Աստուածածինն է,
Թագաւորն երկնաւոր Յիսուս Քրիստոս է,
Որ անթառամ վարդէն մարմին առեալ է։
Ես Առաքել մեղօք լցեալ յաշխարհի,
Որ ըզբլբուլն ընդ վարդն սակաւ գովեցի,
Եւ Գաբրիէլ հրեշտակն օրինակեցի,
Եւ ի կոյսն Մարիամ ծընողն Յիսուսի։
Զձեզ աղաչեմ, ով ոք բանիս հանդիպի,
Եղանակէ սիրով ձայնիւ բերկրալի,
Յիշեսցէ զիս եւ ասասցէ՝ Աստուած ողորմի ։