Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յետ այսորիկ Յովհաննէս վարդապետն Խուլ զմեզ վարելն յեկեղեցոյն կու լսէ, կուրախանայ եւ կու ցնծայ յոյժ անճառ խնդութեամբ եւ բերկրալից ուրախութեամբ` թէ յիւր կողմն անկելոց եմք յոչ կամաւ: Աստուծոյ է գիտելի, որ զնա բնաւ չէի ուզեր` զԽուլն` վասն բազում պատճառաց: Թէ զմեզ ի մեր հալն էր թողէր Կեսարացին, նա մեծ տաւիճին ես էի Խլուն. յոչ կամայ ընկեր արար զմեզ նորա: Այլ որպէս ասացի` թէ ուրախացեր է Յովհաննէսն, եւ Եղիկ աբեղայ մի կայր Յերզնկացի ի մօտն` զնա ուղարկեր էր առ մեզ ի յողջունել եւ ի հարցանել զորպէս մեր եւ բազում ստայօդ բանս կարկատունս, եւ ունկնդիր ոչ եղէ նմա: Յետ այնորիկ զմեր Սարգիս սուտիկն իւրեանց նման եւ զՄարկոսն կու տանի մօտ առ Յովհաննեսն, նա բազում աղաչական զրուց կառնէ նոցա, եւ կու պարծի ունել բազում գանձս ոսկոյ եւ արծաթոյ, եթէ միաբանիք ընդ իս, եւ զվարդապետն առ իս դարձուցանէք: Նոքա այլ կու հաւատան սուտակայ բանից նորին եւ յանձն կառնուն զմեր սիրտն առ նա դարձուցանելն, որպէս արարին իսկ հնարական կերպիւ:

Օր մի եկին երկոքին` Մարկոսն եւ Սարգիսն թէ` այս անուն մարդ այս ինչ գեղջէ քանի օր է որ կու աղաչէ զմեզ թէ` զվարդապետն բերէ'ք ի մեր տունն, որ գայ մէկ աղ եւ հաց ուտենք եւ զմեր տունն օրհնէ. եւ ելեալ գնացի հաւատալով նոցա: Ընդ նոսա գնացաք շատ մի, եւ ասացի. այս ի՞նչ շատ յերկարեաց ճանապարհն. նա' ասացին` ահա' մօտեցաք: Եւ գնացաք սակաւ մի այլ, եւ ես յառաջ անցի եւ նոքա կացին եւ ասացին ինձ. դարձի'ր յետ, ահա' աստ է տուննոր մտանելոց եմք: Յորժամ մտաք ի ներս եւ հանին ի վերնատուն մի, նա' այս Խլուն տունն է եղեր, եւ ես ոչ գիտէի, ապա գիտացի: Նա յոտն եկաց եւ համբուրեցաք զմիմեանս եւ տարեալ նստոյց եւ առ ժամն ոչինչ խօսեցաւ վասն անցիցն եւ կամ վասն ծածուկ խորհրդոցն, զոր ինչ առնելոց էր: Եւ յետ քանի ժամուց զինչ տեսաք` որ մեծագլուխ շեխ մի ի վեր ելաւ ի ներքուստ բազում աշակերտովք եւ ամենեքեան յոտն կացին եւ մեք ընդ նոսա, եւ նստուցին ի վերայ բազմոցի, եւ ես զահի հարայ եւ ասացի` ո՞վ է սա. եւ ինքն ասաց Յովհաննէսն թէ` մեզ հայրագիր է. եւ սկսաւ հարցանել զիարդն եւ զորպէսն մեր. եւ յետ հարցմանն ասաց զմեզ թէ` լուեալ եմ որ դու Խուցիշարիֆն կերթաս եղեր. ասացաք` այո': Ասաց. ձեր ինճիլ ի՞նչ կու հրամայէ, վասն ընկերի թշուառութեանն օգնելն շատ խեր չէ՞ քան զԵրուսաղէմայ գնալն, եւ այլ շատ ինչ բան խօսեցաւ վասն նորա, մինչ զմեզ յօժարեցոյց ի կամս նորա եւ ելեալ գնաց: Եւ ապա այլոք եկին յիւրոց բարեկամացն` ըստամբօլցիք եւ շատ ինչ պաղատանաց բանք խօսեցան, եւ ես ասացի. ահա' կամ եղեւ մեզ յոչ կամաց եւ ի հարկէ, բայց ես մէկ ստակի զենեհար չունիմ, ի սիլայէն նոր դեռ եմ եկած: Նա' ասացին թէ` ի քէնէ մէկ ստակ չեմք ուզեր, այլ կամք քո ընդ մեզ եղիցի, մեք ստակ շատ կու գտնումք, եւ զայլ ինչ բանք շատ խօսեցան հնարական եւ մեր ելեալ բարովեցաք եւ գնացաք յօթեւանս մեր: