Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

285. [ԹԱԼԷԱԹԻՆ]

Թարգմանութիւն

  [Գոնիա, մայիսի 27/9 յունիսի, 1915]

Նորին մեծութիւն ներքին գործոց նախարարին

Յատուկ հարցաքննութեան համար ինձ ուղարկում են Դիարբէքիր: Յօդուածիս ի՛նչ լինելը չգիտեմ: Ըստ տարածուած լուրերի, իբր կառավարութեան հանդէպ հակագործունէութիւն եւ անբարեացակամութիւն եմ ցոյց տուել: Այս մեղադրանքը բոլորովին չեմ ընդունում:

Եթէ անհրաժեշտ է որեւէ գործի քննութիւն, այն լրիւ եւ արդարացի վարելու համար հարկ է, որ քննուողը տեղեակ լինի լրիւ ընթացքին: Ես ոչ մի խմբաւորման ու կուսակցութեան չեմ պատկանել: Երեսփոխանական ժողովում պետութեանը ծառայելուց բացի այլ գործունէութիւն չեմ ունեցել:

Պատերազմը յայտարարուելուց ի վեր միշտ պետութեան հանդէպ հաւատարմութիւն, գործօն հաւատարմութիւն եմ ցուցաբերել: Ստորեւ մատնանշում եմ իմ կատարած ծառայութեան հետ կապուած վայրերը, ժամանակն ու վկաները: Աղաչում եմ Ձեզ նկատի առնել, որ անկարելի է վկաներին Ստամբուլից բացի որեւէ այլ վայրում քննել, եւ այդ քննութիւնը պէտք է կատարուի Ստամբուլի ոստիկանութեան կողմից ու յայտնուի Դիարբէքիր: Կասկածի տակ գտնուող անձի քննութիւնը յանձնարարւում է տուեալ անձի բնակավայրի ոստիկանութեանը. այն Դիարբէքիրում անցկացնելը առանձնապէս տեղին չէ:

Հաստատ համոզուած լինելով անմեղութեանս մէջ, խնդրանքիս համաձայն գործիս քննութիւնը անհրաժեշտ է յանուն արդարութեան:

Առաջին. պատերազմը յայտարարուելուց անմիջապէս յետոյ պետութեանը` Հայերի հաւատարմութեամբ ու պատուով ծառայելը ապահովելու համար երեսփոխաններին յատուկ հրահանգներ ուղարկելու նպատակով քանի ու քանի անգամ դիմել եմ Զաւէն Պատրիարքին եւ դօկտ. Դաւիթեանին: Յիշեալ կարգադրութիւնները եւ հրահանգները ուղարկել եմ տուել: Վկաներս են՝ 1. Զաւէն Պատրիարք էֆէնդին. 2. դօկտ. Դաւիթեանը. 3. Բ. Դռան վերակացու Գամէր էֆէնդին:

Երկրորդ. Ստամբուլի հայութեան կողմից մեր պետութեանը նիւթական ծառայութիւն մատուցելու նկատառումով, մօտաւորապէս 50 մահճակալով մի հիւանդանոցի կարիքները հայթայթելու համար անհրաժեշտ միջոցներ եմ ձեռնարկել: Յիշեալ հիւանդանոցի կարիքների համար պահանջուած գումարը ձեռք բերելով, ինձ յաջողուել է այն յանձնել պետութեանը: Վկաներս են` 1. առեւտրական բանկի վարչութեան խորհրդից Արսէն Արսէնեանը. 2. բանկիր Էդուարդ Գարակէօզեանը. 3. վաճառական Յակոբ Եսայեանը. 4. Արշակ էֆէնդին. 5. գործարանատէր Լեւոն Ֆնդկլեանը:

Երրորդ. մեր բանակի վիրաւորներին եւ հիւանդներին բժշկական օգնութիւն ցոյց տալու համար Բերայում, Ստամբուլում եւ Իւսկիւտարում հայ բժիշկների միջոցով հայ կանանց եւ աղջիկների բժշկական դասընթացներ հիմնելու նպատակով [թելադրութիւններս] Զաւէն Պատրիարք էֆէնդիին եւ դօկտ. Դաւիթեանին յայտնել եմ գրաւոր: Իմ ջանքերով այս դասընթացներում պատրաստուել են մօտ 100 աղջիկներ, հիւանդապահութիւն են սովորել, աւարտել եւ մինչեւ այժմ էլ ծառայում են: Այս ձեռնարկումիս մասին յայտնել եմ նաեւ բժիշկ Սիւլէյման Մուխան փաշային: Վկաներս են` 1. Զաւէն Պատրիարք էֆէնդին. 2. դօկտ. Դաւիթեանը. 3. բժիշկ Սիւլէյման Մուխան փաշան:

Չորրորդ. Անատօլուի մէջ որոշ հայերի` իրենց զինուորական ծառայութիւններում թերանալու, խռովութիւններ սերմանելու եւ տէրութեան հանդէպ դաւադրութիւններ կազմակերպելու մասին տարածուած լուրերը ես լսել եմ Ստամբուլում, Պատրիարք էֆէնդիից: Անմիջապէս նրան դիմելով յայտնեցի, որ Երեսփոխանների ու Պատրիարքարանի ներկայացուցիչների մեծ ժողով գումարուի եւ մի քանի հայ ընտանիք հեռացուելով` ապահովուի պետութեան հանդէպ ընդհանուրի հաւատարմութիւնը: Ինչ օգտակար ձեռնարկում որ հնարաւոր է, գործնականօրէն պէտք է կատարել: Միջոցների մասին մտածելու անհրաժեշտութիւնը ես եմ յայտնել թէ Պատրիարք էֆէնդիին, թէ (2 ա. անձ. ): Ստամբուլում կատարուած ձերբակալութիւններից 4 օր առաջ Ղալաթիոյ եկեղեցում (1 ա. ) գումարուած ժողովում 2 այս հանգամանքները իմ կողմից բացատրուելուց յետոյ, միաձայն [որոշում] ընդունուեց եւ այս առթիւ յիշատակագրի կազմումը ինձ յանձնարարուեց: Այդ ժողովում Շապին-Գարահիսարի պատուիրակի` կայսերական կառավարութեան հրամանին հակառակուելու եւ հարցը նոյն ձեւով թողնելու համար նոյնիսկ խստօրէն յանդիմանել եմ Պատրիարքարանի ժողովին: Կիրակի օրը տեղի ունեցան ձերբակալութիւններ: Գրի առած յիշատակագիրս ես ուղարկել էի Պատրիարք էֆէնդիին: Պատրիարք էֆէնդին ձերբակալութիւններին վերաբերող [խնդիրներում] մի շարք փոփոխութիւններ մտցնելով, յիշատակագիրը ներկայացրեց կայսերական կառավարութեանը: Ես եւս միացայ Պատրիարքի խնդրանքին ու պնդումներին: Կայսերական կառավարութեան հրամանը, ինչպիսին էլ որ լինի, հայերը պարտաւոր են կատարել: Ես դա յայտնեցի մեծ եպարքոս էֆէնդիին եւ նորին մեծութիւն ներքին գործոց նախարարին: Վկաներս են` 1. Տիլպէր էֆէնդին, 2. (1 ա. անձ. ), 3. (1 ա. անձ. ), 4. Զաւէն Պատրիարք էֆէնդին, 5. նախկին Պատրիարք Դուրեան էֆէնդին, 6. Պատրիարքական ժողովի անդամ, Բ. Դռան վերակացու Գամէր էֆէնդին:

Հինգերորդ. միեւնոյն ժամանակ իթթիհատական կուսակցութեանը խիստ համամիտ մի անձնաւորութեան` անտառային վարչութեան տնօրէն Էքշեան էֆէնդիի հետ ունեցել եմ 3-4 տեսակցութիւն հայերի` խաբկանքներին չենթարկուելու, ինչպէս նաեւ խռովութիւնների տարածումն արգելելու եւ կառավարութեան խորհուրդներով շարժուելու նկատառումներով: Օգտակար համարելով յատուկ յանձնաժողովների ուղարկումը Անատօլու, այս մտադրութիւններս յայտնել եմ Պատրիարք էֆէնդիին:

Վկաներս են` 1. Էքշեան էֆէնդին, 2. Պատրիարք էֆէնդին, 3. Բ. Դռան վերակացու Գամէր էֆէնդին:

Վեցերորդ. Անգամ ձերբակալութեանս օրը, չորեքշաբթի, մի քանի հայերի թշնամական շարժումները կասեցնելու ու կառավարութեան հրամանը, ինչպիսին էլ որ այն լինի, ուրախութեամբ կատարելու եւ մեր հանդէպ կասկածները վերացնելու համար Հալաճեան, Տիլպէր, Ոսկան էֆէնդիների հետ Փոքր ակումբում անց ենք կացրել խորհրդակցութիւններ եւ այդ հարցերի կապակցութեամբ մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել: Վկաներս են` Հալաճեան, Տիլպէր եւ Ոսկան էֆէնդիները:

Եօթներորդ. Տեղեկանալով ռազմական մի շարք պիտոյքների` Ռումինիայով անցկացնելու դժուարութիւնների մասին, ինչ-որ չափով օգտակար լինելու մտահոգութեամբ, տղայիս ուղարկեցի Բուխարէստ, եւ ինձ յաջողուեց դրանց որոշ մասը փոխանցել զինուորականութեանը: Վկաներս են` 1. Թալէաթ բէյ, 2. ելեւմտական գործերի խորհրդական Թահսին բէյ եւ 3. (1 ա. անձ. ):

Վերը թուարկածս եօթն պարագաները մանրամասն քննելուց յետոյ խնդրում եմ ստացուած արդիւնքները յայտնել Դիարբէքիրի կենտրոնին եւ ցուցաբերել արդարութիւն ու ճշմարտութիւն:

[ԶՕՀՐԱՊ]