Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

90. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ, 1 յունիսի, 1908], երկուշաբթի

 

Սիրելի զաւակս,

Ստացայ նամակներդ. վերջինը շաբաթ օրուանն էր:

Շարունակ սպասում եմ Հալէպի գործին վերաբերող նորութեան: Ոչ մի նորութիւն, ոչ մի լաւ բան: Քանի որ, եթէ Բեռլինի «Գէզէլշաֆթ» էլեկտրական [ընկերութիւնից] յետոյ «Սիմէնս եւ Հալսկէն» իրենց հարցերն են կարգաւորում այդ, թեկուզեւ հրաշալի, գործի մէջ մտնելու համար, ապա ես Գերմանիայում որեւէ մէկին չեմ տեսնում, որ կարողանայ ձեռք զարկել դրան:

Միւս կողմից, եթէ հնարաւորութիւն չկայ վաճառելու տրամուայների ու էլեկտրականութեան արտօնագիրը, որ կարելի է անմիջապէս գնահատել, ապա ինչպէ՞ս են գլուխ հանելու [հանքաքարերի] արտօնագրերից, որոնցում պատահականութիւնները մշտական են:

Ես խիստ տարակուսանքի մէջ եմ այդ գործի կապակցութեամբ: Քեզ կ՚ուղարկեմ ծծմբասնդիկին վերաբերող տեղեկագրերը, եթէ պատասխանեն, թէ տրամադիր են սկզբունքօրէն այդ գործն սկսել:

Այսպիսով, դու զգոյշ չէիր «Սիմէնս եւ Հալսկէ» վաճառատան հետ էլեկտրականութեան եւ տրամուայների գործի տեղեկագրի ու կարծիքների առումով, քանի որ այդ վաճառատունը քեզ դեռ չէր պատասխանել, թէ հետաքրքրւում է դրանով: Նման ձեւով, ինչպէս դու ես գործում, զուր տեղը հրապարակում ես փաստաթղթեր, որոնք պէտք է ներկայացնել միայն այն անձանց, ում հետ սկզբունքային համաձայնութիւն է կայացուել:

Ինչեւէ, եղածը եղած է: Ցանկանք, որ վաճառատունը հետաքրքրուի այդ գործով:

Քնքշօրէն համբուրում եմ`

Գ. ԶՕՀՐԱՊ

 

Յ. Գ. Պ. [արոն] Յ. Ռէօսլէրը Բեռլինի «Արեւելագերմանական բանկի» տնօրէնն է: Հինգ օր է, ինչ նրան նամակ եմ ուղարկել եւ դեռ պատասխան չեմ ստացել: Դա ինձ շատ է զարմացնում: Կարո՞ղ ես ստուգել, բայց շատ քաղաքավարի, նրբանկատ ձեւով, թէ արդեօք այդ պարոնն է բանկի տնօրէնը եւ իմ նամակը հասե՞լ է նրան, թէ ոչ:

Գ. Զ.