Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

114. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

Փարիզ, 15 յուլիսի, 1908

 

Սիրելի զաւակս,

Ահաւասիկ վերադարձայ Փարիզ, ուր, ինչպէս երեւում է, կ՚անցկացնեմ դարձեալ մի քանի օր, գուցէ մէկ շաբաթ: Այլեւս չիջայ, «Կօնտինենտալ», քանի որ շատ թանկ է նստում: Ապրում եմ հիւրանոցում, իսկոյնեւեթ ասեմ՝ աւելի շատ համեստ մի պանդոկում, որի անունը տեսնում ես այս նամակի վրայ: Այսուհետեւ նամակներդ կը հասցագրես այս պանդոկին: Չգիտես, թէ որքան անհամբեր եմ քեզ համբուրելու համար: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ քեզ հասակակից ու քեզ նման երիտասարդների, նրանց կրծքիս սեղմելու խենթ ցանկութիւն եմ ունենում:

Կ. Պոլիս վերադառնալու փոխարէն եթէ երկարաձգեցի այստեղ գտնուելս, պատճառն այն է որ Օստենդէից դարձիս, ուր մնացի միայն մէկ օր, գտայ մայրիկիդ հեռագիրը: Նա ինձ հաղորդում էր, որ ճանապարհ չընկնեմ: Ի՞նչ է տեղի ունեցել Կ. Պոլսում, ի՞նչ վտանգ է սպասում ինձ այնտեղ, չգիտեմ: Հասկանում ես, թէ որքան անհանգիստ եմ, քանի դեռ բացատրութիւններ չեմ ստացել: Ինձ թւում է, թէ փորձութեան օրերն ինձ համար դեռ չեն աւարտուել: Յոյս ունեմ, որ վաղը մայրիկիցդ մի նամակ կը գայ, որն ինձ իրազեկ կը դարձնի իրողութեանը եւ որի մասին անմիջապէս տեղեակ կը պահեմ քեզ: Երեւում է, որ խեղճ մայրիկիդ սփոփիչ նամակներ չես գրում: Դու ազնիւ տղայ ես: Շարունակիր քաջալերել նրան: Ես անհանգիստ ու նեարդային վիճակում եմ եւ չեմ կարող նրան ուրախալի բաներ գրել:

Սեղմում եմ կրծքիս`

Գ. ԶՕՀՐԱՊ