Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

288. ՆԷՋՄԷԴԴԻՆ ՄՕԼԼԱՅԻՆ, ՀԻՒՍԷԻՆ ՋԱՀԻԴԻՆ, ԲԱՐՍԵՂ ՀԱԼԱՃԵԱՆԻՆ ԵՒ ԶԱՐԵՀ ՏԻԼՊԷՐԻՆ


Թարգմանութիւն

[Գոնիա, մայիսի 28/10 յունիսի, 1915]

 

Սիրելի եղբայրներս` Նէջբէդդին էֆ., Հիւսէին Ջահիդ բէյ, [Հալաճեան էֆ. եւ Տիլպէր

  էֆ. ],

Մեզ հեռացնելով Ստամբուլից` մեր գործունէութեանը եւ շարժումներին ծանօթ միջավայրից, չգիտեմ ինչու, հարցաքննութեան համար ուղարկում են Դիարբէքիր: Քանի որ ես Ստամբուլից երբեք դուրս չեմ եկել, իմ հանդէպ ի՛նչ գործ էլ որ յարուցուի` պէտք է լինի Ստամբուլում: Ուստի անհրաժեշտ է, որ հարցաքննութիւնս էլ կատարուի Ստամբուլում: Այնպէս չէ՞:

Ուզում են հարցաքննութիւնս Դիարբէքիրում անցկացնել:

Ապաւինելով բարձրեալն Աստծուն, մեր զաւակներին, ելնելով իրենց տարիքից, յանձնում ենք ձեր ապահովութեանը: Մի՞թէ ապահովութեան կարիք կայ… Պատերազմն սկսուելուց դեռ շատ առաջ հայերը տէրութեան հանդէպ դրսեւորել են հաւատարմութիւն, չեն խառնուել խարդաւանքներին եւ ցոյց են տուել հնարաւոր ամեն կարգի օգնութիւն: Ես եւս շարունակ աշխատել եմ այդ ուղղութեամբ:

Կարդացէք ուղարկած աղերսագրիս օրինակը: Ահա ձեր հոգսերին աւելացնում եմ պատուոյ մի աւանդ եւս: Ընտանիքս եւ զաւակներս ձեզ եմ յանձնում: Գնացէք այդ խեղճերի մօտ եւ ցոյց տուէք անհրաժեշտ օգնութիւն: Եթէ յաջողուի մեր` Ադանա կամ Հալէպ գնալն ու մնալը, աշխատէք որ հարցաքննութիւնը այդտեղ կատարուի:

Դիարբէքիրի կուսակալին եւ հրամանատարին նախապէս յանձնարարականներ ուղարկէք` իրաւունքի ու արդարութեան պահպանման եւ մեր վիճակին համապատասխան վերաբերմունք ցոյց տալու համար, քանի որ երկուսս էլ հիւանդ ենք:

Եթէ անհնար լինի կասեցնել մեզ Դիարբէքիր տեղափոխելը, քննէք ներփակ աղերսագիրս եւ ջանացէք ուղարկել ոստիկանութեանը, քանի որ նման քննութիւն այդտեղ էլ կարող են կատարել:

Դիարբէքիրի փոխարէն [քննութիւնը] անպայման Ստամբուլում կատարել [տալով] թող ուշացնեն:

Եթէ չորսդ էլ ձեռք ձեռքի տուած աշխատէք, անպատճառ կը յաջողացնէք, որովհետեւ ես անարդար ու ապօրինի բան չեմ ուզում: Ես շատերին եմ օգնել, լաւութիւն արել, դուք էլ ինձ այս լաւութիւնն արէք: Արագ գործէք: Խալիլ բէյն ու Շէյխ իւլ Իսլամ էֆէնդին թերեւս ինձ բոլորովին չեն մոռացել: Տեսէք, աշխատէք: Համբուրում եմ ձեր աչքերը.

ԶՕՀՐԱՊ

 

Առ ի զգուշութիւն ձեզ եմ ուղարկում աղերսագրիս պատճէնը, իսկ բնագիրը իմ ստորագրութեամբ այստեղից յղել եմ տուել ներքին գործոց նախարարութեանը: Բայց կարող է եւ չհասնել: Միայն խօսք են տալիս եւ չեն ուղարկում:

Ուղարկում եմ նաեւ դիտողութիւններով պատճէնը, որպէսզի կինս իմ փոխարէն ստորագրի ու ուղարկի