Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

250. ԿԼԱՐԱ ԶՕՀՐԱՊԻՆ

[Էքս լէ Պէն], 24 օգստ., 1912 շաբաթ առտու

 

Անուշիկ, շիրին, մարդ հաւասի կնիկս,

Երէկ ցորեկ օթէլը չի ճաշեցի, դուրսը կերայ կերակուրս. table d՚hôtesէն [1] զզուեցայ. մէյ մըն ալ սա դուրսի ճաշարաններէն մէկը փորձիմ, ըսի: Բաղդէս դուն ալ ինծի թէլէֆօն ըրեր ես. ժամը 2ին պանդոկն էի, ես ալ քեզի թէլէֆօն ըրի: Արամը գտայ եւ իմացայ որ Արաքսին քովդ է եւ գոհ եղայ:

Հոս օդը բացուեցաւ. հարկաւ հոդտեղն ալ աղուոր է: Ես այս traitementէն [2] բան մը հասկցած չունիմ. տաք deuche [3] եւ massage [4]. հոգիս կ՚ելլէ կոր, բայց կը շարունակեմ կոր. միտքս 8-10 օր ալ Vichy երթալ է:

Երէկ առտու պանքօէս վերջը քալելով պտոյտ մը [ըրի] լեռին կողմերը. շատ մը 4 թերթով trefleներ [5] գտայ. շատ մը ըսածս՝ 4-5 հատ բոլորը. 3 հատը կը խրկեմ քեզի, Արաքսիին եւ Սիմոնին՝ իմ բոլոր souhaitներով [6]: Դուք պիտի գտնայիք, ինծի խրկէիք. ես ձենէ (2 ա. ) հասկցուր հանըմներին, դուն էրիկդ (1 ա. ) է:

Երէկ իրիկուն կ՚սպասէի որ Նուրէդդին Ֆէրահ պէյը գար հոս. չեկաւ. անոր հետ խօսելիքներ ունիմ: Ուստի է՛ն քիչը հոս 4-5 օր դեռ պիտի մնամ. նայինք, դեռ որոշում չունիմ:

Պարկեշտութեան գալով, վանք մտնալու չափ անմեղ կեանք մը կ՚անցնեմ կոր. կնիկներ շատ կան, բայց յայտնի բոզեր: Մէկ երկու distinguéeներ [7] կան, անոնք ալ ինծի չեն նայեր կամ ես անոնց նայելու չափ ստակ չունիմ կամ թէ խըյմիշ չեմ ըներ: Աս ալ չափխընութեան chronique [8]:

Շատ մը պաչիկներ. մէջէն աղուորներէն մէկը` Արաքսիին: Չի՛ նախանձիս, հա՜:

Գ. ԶՕՀՐԱՊ

Հէմ մէկ հատը 5 feuillesով [9] է:



[1] Ընդհանուր ճաշասեղան

[2] Բուժում

[3] Ցնցուղ

[4] Մերսում

[5] Երեքնուկ

[6] Մաղթանք

[7] Աչքի ընկնող, երեւելի

[8] Ժամանակագրութիւն

[9] Թերթիկ