Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

97. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ], 12 յունիսի, ուրբաթ, [1908]

 

Շատ սիրելի զաւակս,

 

Հերակլէ Երէկ նամակ ստացայ պ. Ռէօսլէրից` Բեռլինի գերմանական ազգային բանկից: Նա Ռումինիայում էր, դրա համար էլ ուշ է պատասխանել:

Այդ պատասխանը նպաստաւոր չէ: Պ. Ռէօսլէրը գրում է, որ Գերմանիայի տնտեսական արդի լարուած վիճակը թոյլ չի տալիս մի կուռ խումբ ստեղծել` Հերակլէի նման երեւելի մի գործ նախաձեռնելու համար:

Դա սխալ գաղափար է: Նկատի ունենալով Հերակլէի Ֆրանսիական ընկերութիւնը, որն այդ գործում երեսուն միլիոն է ներդրել, պ. Ռէօսլէրը գուցէ կարծում է, թէ նոյնքան գումար էլ հարկաւոր է գերմանական խմբի համար: Մինչդեռ ես վեց միլիոնով կարող եմ գերմանացիների համար ձեռք բերել այդ աւազանի ամենահարուստ մասը (20 ածխահանք), որը ունի առնուազն քսան անգամ աւելի պաշար, քան Հերակլէի ընկերութեան երկու ածխահանքերը: Եւ ապա, գործն անհրաժեշտ չէ ձեռնարկել մեծ մասշտաբով: Այս պահին այնտեղ կարելի է դիրք գրաւել մի քանի կամ մէկ ածխահանքով:

Իմ տրամադրութեան տակ ունեմ տարբեր կարգի ածխահանքեր:

Օրինակ, ունեմ շատ փոքր մի ածխահանք կամ 150000 ֆրանկ, որով կարելի է անմիջապէս շահել 400000 ֆրանկ: Կարելի է սրանից սկսել:

Ըստ իս՝ գերմանական մեծ բանկերն այս գործում չեն կամենում տեղից շարժուել, քանի որ չեն ուզում ֆրանսիական խոշոր բանկի հակառակորդը դառնալ: Ուրիշ պատճառ չկայ: Այս պարագաներում հարկաւոր է Հերակլէի գործով շահագրգռել մասնաւոր վաճառատներին եւ, եթէ հնարաւոր է, ածխահանքերի ընկերութիւններին: Հարկաւոր է նրանց հասկացնել այն, ինչ ասացի վերեւում եւ ինչի մասին գրել եմ իմ առաջին նամակում:

 

Հալէպ Զարմանալի է, որ Վիեննայից դեռ չեն պատասխանել քեզ:

Քնքշօրէն համբուրում եմ:

 

Գ. ԶՕՀՐԱՊ