Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

42) Բ) ՇԱՀԱՊԻՎԱՆԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (447 Թ. )

 

Շահապիվանի ժողովը հայոց ամենափառաւոր ժողովներից մէկն է: Շահապիվանը գտնւում է Բագրեւանդ գաւառում, Մասիսի ստորոտներում, այժմեայ Հին Բայազիդի շրջակայքում, ուր ամէն Նաւասարդին ժողովւում էին նախարարներ, իշխաններ, հոգեւորականներ, բազմաթիւ ժողովուրդ եւ մեծ փառքով տօնում էին տարեմուտը: Ահա այսպիսի տեղում, գուցէ հէնց տօնի ժամանակ եղել է այս բառի բուն նշանակութեամբ Ազգային-եկեղեցական ժողովը: Այստեղ գտնւում էր կաթուղիկոսը, «քսան եպիսկոպոս, շատ երէցներ, սարկաւագներ եւ եկեղեցու համօրէն ուխտը, իշխաններ, գաւառապետներ, գաւառակալներ, պետեր, բռնաւորներ, զօրագլուխներ, հարիւրապետներ, ազատներ, կուսակալներ, բոլոր նախարարները, Վասակ մարզպանը, Վահան հազարապետը, Վարդան Մամիկոնեանը... »: Բոլորը միաձայն դիմում են ժողովի ղեկավարներին. «Սուրբ Գրիգորի, Ներսէսի, Սահակի եւ Մաշտոցի դրած (կանոնները) կարգերը հաստատեցէք եւ մենք ախորժելով յանձն ենք առնում, Առաքելական եւ Նիկիական կանոնները հաստատուն մնան մեզ համար» եւ ինչ որ ի լրումն այս կանոնների անհրաժեշտ է, միասին սահմանենք:

 

Ամբողջ տիեզերական քրիստոնեայ ժողովների մէջ այսպիսի փառաւոր ժողով չի եղել, ուր մասնակցէին հոգեւորականները իրանց դասերով եւ իշխանները աշխարհական զանազան դասակարգերով: Ռուս ուսուցչապետ Պաւլով ամէն միջոց գործ է դնում ապացուցելու, որ եկեղեցին պատկանում է ոչ լոկ հոգեւորականներին, այլ եւ աշխարհականներին, որ բոլոր եկեղեցական ժողովներում պիտի մասնակցեն աշխարհականներ. դժբախտաբար քրիստոնեայ աշխարհի եկեղեցական պատմութեան մէջ բացի մի քանի աննշան դէպքերից, ծանրակշիռ փաստեր չի կարողանում գտնել. սա եթէ ծանօթ լինէր մեր եկեղեցական ժողովների հետ, կարող էր փառաւոր փաստերով ապացուցանել իւր խնդիրը, քանի որ մեր այսպիսի ժողովները գոյութիւն են ունեցել նախկին դարերում, երբ դեռ եւս դաւանաբանական պառակտում չէր եղել:

 

Այս կանոնադիր երկրորդ ժողովը վաւերացրեց փաստական կերպով Ա ժողովի ընդունած սկզբունքները ժողովի հրաւիրելու եւ ժողովի կառավարութեան արտաքին ձեւերի վերաբերմամբ:

 

ա) Այս ժողովը հրաւիրեց եւ ժողովում նախագահեց կաթուղիկոսը, որը, ըստ Փարպեցու, քահանայական աստիճան ունէր:

 

բ) Այս ժողովում եւ ինչպէս եւ նախընթացում մասնակցում էին հոգեւորական եւ աշխարհական տարրը ամէն տեսակ դասակարգերով:

 

գ) Այս ժողովը հաստատեց իրանից առաջ եղած բոլոր ժողովները եւ հայրապետական կանոնները, որոնք մինչեւ այդ օրը ազգի կողմից թէեւ ընդունուած  էին բայց  ժողովական  հաստատութեամբ  չէին  վաւերացրած: Այսպէս հաստատուեցին Նիկիայի, Պօլսոյ, Եփեսոսի ժողովների եւ Լուսաւորչի, Ներսէսի, Սահակի ու Մեսրոպի եւ ապա Առաքելական կանոնները: Այս ժողովը իւր այս օրէնսդրական եւ նախկին ժողովների կանոնների ընդունելութեամբ եւ հաստատութեամբ փառաւոր սկզբունք է սահմանում, որը դժբախտաբար հետակայ դարերում բոլորովին մոռացութեան է տրւում:

 

դ) Այս ժողովում երեւում է բուն ժողովրդական կեանքը, արտաքին կանոնները ընդունւում են եւ բոլորովին ազգային գոյնի տակ տրւում, այսպէս ասած` յայտնում են, եկեղեցական կանոնները ստանում են քաղաքացիական օրէնքի պարտաւորական ոյժը, պատժի եւ տուգանքի տակ ձգելով օրինազանցներին:

 

ե) Այստեղ սահմանւում են մարմնական պատիժներ ամենախիստ աստիճանի, մինչեւ անգամ, որ բոլորովին համապատասխան չէ Աւետարանի ոգուն, եւ որոնք չեն երեւում նոյն ժամանակուայ օտարների կանոններում:

 

Այդ կանոնները պարզ հայելի են Հայաստանի ծանր դրութեան, եւ հայերի անտանելի կացութեան: Հայոց թագաւորութիւնը վերացել էր, երկիրը ընկել էր Պարսից ձեռքի տակ, պարսիկ կառավարիչները եւ ասորի անառակ կաթուղիկոսները տակն ու վրայ էին արել Հայաստանը, խախտել էին բազմերախտ հայրապետների կարգերը, մտցրել էին օտարը, վատը եւ անկարգը: Բազմացել էին, ըստ պատմագրաց, կնահանների, պոռնիկների, գողերի, չարագործների, հաւատուրացների, ազգատեացների թիւը, ամենաթեթեւ ծառայութիւններով ստանում էին ահագին պատիւներ եւ պարսիկ դառնալով` կեղեքում էին ժողովրդին, քանդում եւ պղծում էին եկեղեցիները եւ հաւատացեալ հայերին ստիպում էին փոխել կրօնը: Ահա այս պատճառները ստիպել տուին բոլոր ժողովականները միաձայն նշանակել այնպիսի կարգ ու կանոններ եւ պատիժներ, որոնք տեսնուած չէին եւ չեն էլ տեսնուել հայոց եկեղեցական պատմութեան մէջ:

 

Դժբախտաբար այսպիսի ժողովի մասին ոչ մի յիշատակութիւն չենք գտնում մեր Ե դարու պատմագրների գրուածներում, մանաւանդ որ ինչպէս ժողովի նախաբանից երեւում է, ժողովում մասնակցում էին հայոց հոգեւորականութեան Ե դարու աստղերը, բոլոր թարգմանիչները եւ գրական երկեր թողած անձինք: Արդեօ՞ք Վարդանանց պատերազմը եւ շարունակուող անտանելի դրութիւնը գրաւել է պատմիչների ուշադրութիւնը եւ թողել անուշադիր այս ժողովը, թէ՞ ուրիշ մի որեւէ պատճառ անյայտութեան է մատնել այս ժողովի արածը, դժուար է որոշել. միայն փաստն այն է որ պատմագրերը ոչինչ չեն յիշում այս մասին: Սակայն մեր բոլոր կանոնագրքերում գրուած են  այս  կանոնները  փառաւոր  յառաջաբանով  եւ  վերջաբանով, գրուած են մի առ մի ժողովի մասնակցողների դասակարգերը, գլխաւորների անունները, այնպէս որ ընթերցողի վրայ ոչ մի կասկածի տեղիք չի մնում ենթադրելու, որ այս ժողովս կարող է չեղած լինել եւ հնարովի: Յովհան Օձնեցուց սկսած մինչեւ այսօր բոլորը ընդունել են եւ ընդունում են, որ Շահապիվանի ժողովը եղել է Վարդանանց ժամանակ, նախաբանի մէջ նշանակած բոլոր անձանց ներկայութեամբ եւ մասնակցութեամբ, մենք էլ ոչ մի կասկածի հիմք չունենալով, կընդունենք իբրեւ երկրորդ կանոններ սահմանող ժողով եւ կարձանագրենք նրա կանոնները բացատրութիւններով:

 

1. Եթէ եպիսկոպոսը պղծութեան, պոռնկութեան կամ մի ուրիշ վատթար գործի մէջ գտնուի, եւ վկայութեամբ հաստատուի, աթոռից եւ իշխանութիւնից մերժուի եւ քահանայութիւն չանի. 1200 դրամ եկեղեցուն տուգանք տայ կարօտեալներին բաշխելու համար:

 

Այս եւ հետեւեալ կանոնները մեր եկեղեցական միւս կանոններից (Լուսաւորչի, Սահակի) տարբերւում են նրանով, որ արտայայտուած են կտրուկ ձեւով, աւելի իբրեւ օրէնք, քան խրատ, նշանակում են պատիժ եւ տուգանք եւ ո՛չ ներողամտաբար խրատում կամ նզովում:

 

Հետաքրքիր էր իմանալ, արդեօ՞ք յանցաւորների ըմբոստութեան դէպքում մարմնաւոր իշխանութեան էին դիմում, թէ՞ իրանց ձեռքով դատը կտրում. իսկ Կարթագենի ժողովի հոգեւորականների ըմբոստութեան եւ հոգեւոր իշխանութեան պատուէրը չկատարելու դէպքում, պէտք է մարմնաւոր իշխանութեան ձեռքով ստիպէին անհնազանդներին կատար ածելու հրամանը եւ պատիժը կրելու: Մեր այս կանոնը համեմատաբար աւելի զիջողութեամբ է վերաբերուել պոռնկութեան համար, քան արտաքին կանոնները, որոնք  պատուիրում  են  այդպիսի  հոգեւորականներին  կարգալոյծ  անել  (տե՛ս Բ առ. 25, Բարսեղի 3, 32, 51, 70, Նէո. 1):

 

2 ա) Եթէ  քահանան  պղծութեան պոռնկութեան վատթար գործի  մէջ գտնուի եւ վկայութեամբ հաստատուի, քահանայութիւն չանի. 300 դրամ տուգանք տայ յօգուտ աղքատների եւ դպիրների շարքում կանգնի: Եթէ այստեղ էլ անառակութիւնը շարունակի, կարգից էլ՝ դպրութիւնից էլ ելնի, մինչեւ որ ապաշխարութեամբ կուղղուի. եպիսկոպոսը երբ կտեսնի նրա զղջալը, կարող է մտցնել դպիրների շարքը:

 

բ) Իսկ եթէ ամուսնացած երէցը նոյն յանցանքներում բռնուի եւ վկայութեամբ հաստատուի, կարգալոյծ լինի եւ եկեղեցու բաժնից զրկուի. 300 դրամ տուգանք հատուցանի կարօտեալներին. եկեղեցում զինուորների հետ կանգնի եւ հարկատուների կարգը մտնի եւ եկեղեցու պաշտօնեաների հետ չխառնուի: Նոյն պատիժը ստանայ եւ ամուսնացած սարկաւագը:

 

գ) Իսկ եթէ երէցի կամ սարկաւագի կինը շնութեան մէջ բռնուի եւ հաստատուի, դրանք կամ մեղադրուող կանանց արձակեն ապաշխարանքի ենթարկելով, կամ իրանք թողնեն քահանայական կարգը:

 

դ) Իսկ եթէ քահանայի դուստրը պոռնկութեան մէջ բռնուի, քահանայական տնից ելնի, ապաշխարանքի տակ ընկնի եւ զրկուի եկեղեցու բաժնից, նոյն պատժին ենթարկուի եւ երէցի տղան՝ եթէ նոյնպիսի յանցանքի մէջ կբռնուի:

 

ե) Եթէ երէցը մեռնի, տէրտէրակինը մարդու չգնայ, ոչ էլ երէցը կնոջ մահից յետոյ կին առնի:

 

զ) Պոռնիկ աղախին քահանայի տանը չպէտք է լինի:

 

Այս կանոնը ունի 6 առանձին դէպքեր, որոնք բաժանուած են մի քանի որոշ կարգերի. այն է՝ յանցանքներ, որ կատարում են կուսակրօն հոգեւորականները, յանցանքներ, որ կատարում են ամուսնացած հոգեւորականները եւ յանցանքներ, որ կատարում են քահանայի ու սարկաւագի կինը եւ քահանայի ընտանիքի անդամներն ու աղախինը: Կուսակրօն հոգեւորականների (եպիսկոպոսի, քահանայի, սարկաւագի) պատիժները նոյն յանցանքների համար աւելի մեղմ են, քան ամուսնացած հոգեւորականների (քահանայի եւ  սարկաւագի): Անառակութեան համար կուսակրօնը զրկւում է պատուից, պաշտօնից, բայց կարգալոյծ չի լինում: Իսկ ամուսնացած հոգեւորականը կարգալոյծ է լինում, եկեղեցու բաժնից զրկւում է, դառնում է հարկատու եւ եկեղեցում էլ զինուորների շարքում կանգնում, 300 դրամ տուգանք վճարելով` աղքատներին բաժանելու. կանոնադիրների կարծիքով՝ երեւի նրա համար, որ ամուսնացած հոգեւորականները ոչ մի կարիք չունին գայթակղուելու եւ պոռնկութիւն անելու, դրա համար աւելի խիստ պատիժ է նշանակում, քան կուսակրօններին, թէեւ Բ առաքելական եւ Բարսեղի կանոնները համարեա հաւասար պատիժներ են նշանակում երկուսին էլ: Այստեղ ի միջի այլոց պիտի նկատել, որ ամուսնացած հոգեւորականների շարքում նշանակուած են քահանան եւ սարկաւագը, եպիսկոպոսը յիշւում է միայն կուսակրօնների վրայ խօսելիս. այս ցոյց է տալիս, որ 447-ին ամուսնացած եպիսկոպոսները վերացած էին, որ ասել է թէ` հայերի մէջ կուսակրօնութիւնը մտած եւ հաստատուած էր շատ առաջ, քան ընդհանուր քրիստոնեայ եկեղեցիներում, որոնց մէջ եօթներորդ դարու վերջերին է միայն պաշտօնապէս ժողովի վճռով հաստատուել:

 

Զինուորների դասակարգը համարւում է թէ մեր եւ թէ շրջակայ ազգերի մէջ իբրեւ անգութ եւ անբարոյական դասակարգ. դրանց մասին «Առաքելական կարգադրութիւնները» խօսում է իբրեւ անգութ, անարգ դասակարգի մասին, որից մինչեւ անգամ պտուղ առնել յօգուտ եկեղեցու արգելում է. նրանք եկեղեցում կանգնում էին ջոկ տեղ եւ չէին խառնւում միւսների հետ: Մեր այս կանոնները աւելի մեղմ են, քան արտաքինները (տե՛ս Բ. առ. 11, 13, 28, Նէո. 10, Անտ. 4, Սարդ. 14, Բարս. 70, 88):

 

Նոյն կանոնը պատժում է հոգեւորականների անառակ կանանց, որոնց պիտի կամ արձակեն, կամ իրանց ամուսինները կարգալոյծ լինեն: Նոյնը հաստատւում են եւ արտաքին կանոններով (տե՛ս Նէո. 8, Բ. առ. 18, Բարս. 6, 8, 32):

 

Քահանաների յանցաւոր որդիներին պատժում է ապաշխարանքի ենթարկելով, եկեղեցու բաժնից զրկելով: Բարսեղի 59 կանոնը անառակին 7 տարուայ ապաշխարանքի է ենթարկում (60 կ. ): Կանոններս շատ նմանութիւն ունին եւ Բարսեղ Մեծի կանոնների հետ: Այս կանոններում գործ է ածւում իբրեւ տուգանք դրամը, թէ ո՞րքան արժէ` ճշտութեամբ յայտնի չէ, թէեւ երկդրամեանը հաշւում են 50 կոպ., դրամը` 20-25 կոպէկ, բայց հաստատ որոշել ամենեւին չի կարելի, քանի որ այժմեայ կարծուած չափերը բոլորը տարբեր գներ եւ չափեր ունին զանազան տեղերում: Մեր մէջ գործ է ածւում թուման, որ արժէ մի տեղում` 5 րուբլի, երկրորդ տեղում` 3 րուբլի եւ երրորդ տեղում` 10 րուբլի: Սօմարը մի տեղ կշռում է 3 փութ, մի երկրորդ տեղում` 2 փութ. խալուարը մի տեղ` 40 փ, մի ուրիշ տեղ` 30 եւ 24: Այնպէս որ դրամի համար մօտաւորապէս կարելի է որոշել 15-25 կոպէկ, իսկ ճիշտ յայտնի չէ:

 

3. ա) Եթէ ամուսնացած մարդը շնութիւն անի եւ ամուսնական կարգը սրբութեամբ չպահի, այդպիսին ենթարկուի խիստ պատժի: Այդպիսի մարդուն գլխաւոր անձինք կշտամբեն օգտակար խօսքերով եւ ծեծով, եկեղեցուց հեռացնեն եւ տուգանք առնեն յօգուտ աղքատների: Եթէ ազատ է, ծեծի փոխարէն տուգանքը շատ առնել եւ ապաշխարանքը երկարացնել. 200 դրամ առնել եւ 2 տարուայ ապաշխարանքի ենթարկել: Եթէ գիւղացի է, շատ ծեծ ուտի, 100 դրամ տուգանք տայ եւ մի տարի ապաշխարի: Նոյն կանոնը լինի թէ մարդու եւ թէ կնոջ համար:

 

բ) Եթէ ամուսնութիւնից առաջ մէկը պոռնկութիւն արաւ կամ իւր նշանածի կամ օտարի հետ, անարգութեան համար տուգանք տայ` ինչքան կպահանջեն աղջկայ հայրն ու մայրը: Եթէ կամենայ նոյն աղջիկը կնութեան առնել, առաջ թող երկուսով ապաշխարութեամբ սրբուեն եւ ապա ամուսնանան. պսակը լինի ոչ կոյսի, այլ երկակների` միայն խաչակնքելով: Եթէ պոռնկութիւնը եղել է աղջկայ կամքով, այն ժամանակ 100 դրամ տղան եւ 50 դրամ աղջիկը տան եկեղեցուն` աղքատներին բաշխելու համար:

 

գ) Իսկ եթէ մէկը կուսան է, միւսը պոռնկութիւն արած, կուսանի պսակը օրհնուի օրինաւոր կերպով, իսկ միւսինը իբրեւ երկակի, այսինքն` խաչակնքել ուռը եւ դնել գլխին իբրեւ նշան թշնամու յաղթութեան:

 

Առաջին մասը վերաբերում է անխտիր մարդուն եւ կնոջ, որոնք միեւնոյն պատժին են ենթարկւում. պատիժն էլ տուգանքն է եւ խիստ ծեծը «գան յոլով»: Երբ համեմատում ես այս պատիժները Բարսեղի եւ օտար ժողովների սահմանածների հետ միեւնոյն յանցանքի համար, տեսնում ես, որ օտարներում  նշանակուած  են  երկար  ապաշխարանքներ  զանազան  աստիճաններով, մերում տեսնում ես կարճ կտրուկ` տուգանք եւ ծեծ. կարծես թէ Շահապիվանի ժողովում ժողովականները ասած լինեն. «Օտարների երկար ու բարակ ապաշխարանքները իրանց մնան, այդպիսի մեղմ եւ չգործադրուող միջոցներով ոչ մի արդիւնքի չենք հասնիլ, մեր անտաշ եւ կոպիտ գիւղացիների համար հարկաւոր է ծեծ, ճիպոտ եւ տուգանք, այն ժամանակ միայն մերոնք կվախենան եւ կկատարեն Աւետարանի եւ եկեղեցու սահմանած կարգերը»: Մարմնական պատիժը բոլորովին դուրս է եկեղեցական իրաւական սահմանից եւ մտնում է քաղաքացիական օրէնքների շրջանի մէջ. այդ բանը լաւ են հասկացել մեր ժողովական հարք եւ այդ հիմքով ծեծելը եւ տուգանք առնելը թողել են գիւղապետների, իշխանների վրայ: Պէտք է ի միջի այլոց նկատել, որ ծեծը մտած էր եւ հետակայ դարերում օտար եկեղեցիների մէջ էլ, մանաւանդ Ռուսաց, որի մասին Բ գրքում կխօսենք:

 

Ծեծից ազատւում էին  միմիայն  ազատները, այսինքն  ոչ  շինական տարրը, քաղաքացիք եւ ազնուականներ: Բարսեղի 22, 38, 59 կանոններով այդ յանցանքները ենթարկւում էին 3, 4, 9 տարուայ ապաշխարանքի: Գիւղացիները մինչեւ այսօր էլ նոյն այս կարգերով են առաջնորդւում. անպսակ կին պահողին, երկրորդ կին պահողին, նման յանցանքներ կատարողին եկեղեցուց դուրս են անում, պատարագ չեն թողնում, տանուտէրը ծեծում է եւ նոյն իսկ գիւղից հեռացնում: Տանուտէրից մի անգամ հարցնում են, ի՞նչու ես թողնում գիւղումդ անպսակ կին պահեն, պատասխանում է. «Թող պահում է պահի, մինչեւ այսօր օրը երկու անգամ կանչում եմ եկեղեցու դուռը եւ փառաւոր ծեծ տալիս, երեւի մի օր ցաւ կզգայ եւ կպսակուի»: Գիւղական հասարակական կարծիքը ամենալաւ կարգապահն է, աւելի լաւ, քան ամէն տեսակ ապաշխարութեան կանոնները. դժուար է ենթադրել, որ ապաշխարութեան բոլոր կարգերն այն ժամանակ պահւում եւ գործադրւում լինէր: Ի հարկ է կոպիտ ոյժը Աւետարանի թշնամին է, Աւետարանը պահանջում է խօսքի, համոզմունքի միջոցով փրկել եւ վերանորոգել մարդկանց, եկեղեցու ամենամեծ պատիժն է հեռացնել իսպառ եկեղեցուց եւ մեռնելիս հաղորդութիւն չտալ:

 

Մեր այս եւ հետակայ շատ կանոններում շատ մեծ առաւելութիւն է տրւում կոյսերի պսակին եւ երկրորդական տեղ` երկակների պսակին, մինչեւ անգամ եթէ աղջիկը կոյս է, տղան երկակ, հրամայում է կանոնս մէկին պսակել օրինաւոր կերպով, իսկ միւսի գլխին խաչակնքած ուռ դնել: Նոյն հայեացքը կոյսի եւ երկակի ամուսնութեան վրայ մինչեւ այսօր էլ մեր ժողովուրդը պահպանում է, ազատ տղան միշտ յարգի է, քան երկակը (կուսանների մասին տե՛ս Բարս. 2, 18, 60, Գան. 9, 10, 21):

 

4. Եթէ մարդը շնաբարոյ է եւ ուրիշ կնոջ վրայ աչք ունի եւ կարձակի կնոջը, որը որդիների տէր է, առանց պոռնկութեան կամ մարմնոյ արատի, այն ժամանակ նա պարտաւոր է ամէն բան բաժանել, կէս անել, որդիները, տունը, հողը, ջուրը կնոջ հետ հաւասար. կինը իրաւունք ունի մարդու գնալու, միայն այս պայմանով` որ բաժինը պիտի արքունի գանձարանին տայ: Իսկ մարդը 7 տարի ապաշխարի եւ եկեղեցուն տուգանք տայ, թէ ազատ է` 300 դրամ, թէ շինական է՝ ծեծուի եւ 100 դրամ տուգանք վճարի: Եթէ ուրիշ կին այս կնաթող մարդուն գայ տարին չլրացած եւ յայտնուի, որ այս կնոջ պատճառով է մարդը առաջին կնոջ արձակել, երկրորդ կնոջ բռնեն եւ ուրկանոց տանեն մի տարի աղալու, եթէ ազատ է, ուրկանոց չի գնալ, 100 դրամ տուգանք տայ եկեղեցուն:

 

Կանոնս շատ խառնաշփոթ է եւ իրաւաբանական տեսակէտից բոլորովին անորոշ: Փորձենք պարզել որոշը եւ անորոշը քննենք. կանոնս անուղղակի կերպով թոյլ է տալիս կնոջ արձակել երկու պատճառով. 1) պոռնկութեան համար եւ 2) մարմնական արատի (մի քանի ձեռագրերում արատը չկայ): Իսկ եթէ ուրիշ դիտաւորութեամբ է արձակում կնոջ, օրինակ՝ ուրիշ կնոջ վրայ պսակուելու համար, մեր կանոնը ընդմիշտ չի արգելում, այլ ընդհակառակը` թոյլ է տալիս երկու կողմին էլ պսակուելու, կնոջը իսկոյն եւ եթ, իսկ մարդուն երեւի թէ 7 տարուց յետոյ, որովհետեւ 7 տարուայ ապաշխարանք է նշանակում նրա համար. արդեօ՞ք ապաշխարանքը կրելուց յետոյ, թէ՞ առաջ էլ կարող է ամուսնանալ, յայտնի չէ: Կանոնը ասում է` եթէ առաջին տարին ամուսնացաւ մարդը եւ նոր կինը նախկին կնոջ արձակման պատճառ համարուեց, այն դէպքում այս կնոջը բռնեն, եթէ շինական է, բորոտանոց տանեն ալիւր աղալու, եթէ ազատ է, 100 դրամ տուգանքի ենթարկել. շատ լա՛ւ, իսկ եթէ 100 դրամը տուաւ եւ էլի եկաւ մարդու մօտ, ի՞նչ պիտի անել, յայտնի չէ՛, կամ կարո՞ղ է գալ, էլի անյայտ է. կամ մի տարի բորոտանոցում աղաց եւ ապաշխարանքը կրեց, յետոյ կարո՞ղ է նորից գալ մարդու մօտ, էլի անորոշ է: Բացի այդ, բաժինը եթէ կինը ստացել է եւ իրաւունք ունի մարդու գնալու, ի՞նչու պիտի բաժինը արքունի գանձարանը տայ եւ ոչ եկեղեցու, կամ բաժանի աղքատներին. կամ հէնց՝ ի՞նչ հիմքով արդար կինը բաժինը յանձնի տէրութեան, քանի որ անմեղ է: Անորոշ է նոյնպէս այն կէտը, թէ արդեօ՞ք որդիները ինչպէս պիտի բաժանեն, տղայքը հայրը վերցնի, աղջիկները մայրը, թէ վիճակով հաւասար կբաժանեն, իսկ եթէ որդիքը չուզեցին մէկն ու մէկի մօտ մնալ, այն դէպքում ի՞նչպէս պիտի վարուել, այս բոլոր կէտերը անորոշ է եւ խառն: Բացի դրանից շատ խիստ է պատիժը` ուղարկել առողջ մարդկանց վարակիչ հիւանդանոցները բանելու համար, այդ տաժանելի չարչարանքից ազատելով ազատների կանանց, որոնք միայն պիտի վճարեն 100 դրամ (մօտ 20 րուբլի) բոլորովին անարդար եւ խղճի հակառակ պատիժ է, որ վայել է միայն Ե դարու կոպիտ բարքերին:

 

Յուստինիանոսի նովելլայով եւ ուրիշ քրիստոնեայ թագաւորների օրէնքներով ամուսնալուծութիւն թոյլատրւում է 5 դէպքի համար (տե՛ս Բարս. 9 կ. ): Մեր Շահապիվանի թէ այս եւ թէ յաջորդ կանոնը թէեւ խճճուած եւ անորոշ, բայց եւ այնպէս առաջի կանոնն է ամբողջ քրիստոնեայ եկեղեցիների կանոնների մէջ, որ բացի պոռնկութեան դէպքից թոյլ է տալիս եւ մարմնական արատի համար արձակել  կնոջ:

 

5. Եթէ մէկը կնոջը արձակի ամլութեան պատճառով, կինը կարող է վերցնել բոլոր կարասին, որ բերել է, նոյնպէս եւ հանդերձը, արծաթ, աղախին, անասուն. եթէ բացի ամլութիւնից ուրիշ արատ չունենայ կինը, մարդը թող տուգանք վճարի անարգանքի համար, եթէ ազատ է` 1200 դրամ, եթէ շինական է` 700 դրամ: Եթէ մի տարի չանցած ուրիշ կին այդ մարդուն գայ եւ իմացուի, որ կնահանութեան պատճառը այդ կինն է, բռնեն այդ կնոջը եւ ուրկանոց տանեն մի տարի աղալու եւ աղախնութիւն անելու, 100 դրամ էլ եկեղեցուն տայ, եթէ ազատ է` 100 դրամ ուրկանոցին տայ: Իսկ եթէ մարդն է արձակման գլխաւոր պատճառը, որ ուրիշին առնի, 100 դրամ տուգանք վճարի եկեղեցուն եւ 3 տարի ունկնդիրների հետ ապաշխարի, մի տարի էլ ներսում:

Իսկ եթէ մէկը կարձակի որդու տէր կնոջ կամ ամուլ կնոջ, առանց պոռնկութեան պատճառի կամ ուրիշ արատի, նոյն կանոնն լինի եւ նրա համար:

 

Կանոնից երեւում է, որ իբր թէ արգելում է ամլութեան համար արձակելը եւ ո՛չ մի դրական արգելք չի սահմանում. թէ կինը կարո՞ղ է մարդու գնալ, թէ ո՛չ, այդ մասին ոչինչ չի խօսում. սակայն այստեղ յանցանքը աւելի քիչ էր, քան 4-րդ կանոնի մէջ, եթէ այնտեղ թոյլատրւում էր մարդու գնալ, այստեղ աւելի շուտ պիտի թոյլատրի այդպէս վարուել: Այս կանոնս իւր կազմութեամբ եւ անորոշութեամբ նման է նախորդ կանոնին. պարզ չէ այն հարցը, թէ եթէ ամլութիւնը արգելուեց, ամլութեան պատճառով արձակուած կինը եւ արձակող մարդը եթէ նորից ամուսնանան, նրանց ամուսնութիւնը անվաւե՞ր է, թէ՞ ոչ. վճռական եւ ոչինչ չկայ այս կանոնումս այդ մասին:

 

6. Եթէ կինը մարդուց հեռանում է, բռնուի եւ տարուի նորից մարդու մօտ, եթէ անառակ լինի եւ բարի խրատ լսող, թող սիրով ապրեն. իսկ եթէ մարդը լինի շնաբարոյ եւ կամ պոռնիկ, արբեցող, թող նրան լաւ ծեծեն եւ կարգի բերեն. եթէ ազատ է, թող խրատով եւ տուգանքներով ճանապարհ բերեն. եթէ մարդը հեշտութեամբ կուղղուի, թող կինը նրան հնազանդի եւ ապրեն միասին:

 

Այս կանոնս նախընթացների նման դրական կողմ չունի. ի՞նչպէս հասկանաս, եթէ կինը անառակ է եւ փախչում է, զօրով պիտի բերել մարդու մօտ, ենթադրելով, որ մարդը ընդունում է եւ սիրով պիտի վարուի կնոջ հետ. իսկ եթէ միւս օրը էլի փախա՞ւ, մի՞թէ ուժով հնար կլինի պահել: Կանոնը ասում է` եթէ մարդը դիւրութեամբ փոխուի, կինը ապրի հետը, լա՛ւ, իսկ եթէ դիւրութեամբ չփոխուի, այն ժամանակ ի՞նչ անեն: Կանոններս իբրեւ օրէնք կեանքի մէջ չեն կարող գործադրուել, որովհետեւ իրաւաբանական որոշ սահմաններ եւ յայտնի չափեր չունին, սրանք ոչ թէ օրէնք, հապա եօլա գնալու, մի կերպ կառավարուելու ձեւեր են: Այսպիսի կարգեր մինչեւ այսօր էլ գոյութիւն ունեն գիւղերում այսպիսի ձեւով. մէկը գալիս է գանգատ անում ծերերին, թէ` «մարդս ծեծում է, կամ մարդս ինձ չի պահում». մարդն էլ գանգատ է անում, թէ` «կինս անզգամ է, նրա հետ ապրել չի կարելի»: Ծերերը վճռում են` «դու էլ ես ղալաթ անում, դու էլ, ամօ՛թ է, գնացէք եւ հաշտ ապրեցէ՛ք». կամ թէ մի երկու կխփեն մարդուն, կբարկանան վրան եւ երկուսին էլ ճանապարհ կդնեն տուն. այս կերպով էլ խօսում է մեր Շահապիվանի կանոնը:

 

7. Եթէ բռնութեամբ եւ անիրաւութեամբ մէկը առեւանկութիւն կատարի, խլեն նրանից կնոջը եւ յանձնեն իւր ծնողներին, եթէ ազատ է` 1200 դրամ, եթէ շինական  է`  700  դրամ առնեն  նրանից  անարգանքի համար: Առեւանկին  օգնող անձինք վճարեն 100 դրամ, կէսը` եկեղեցուն, կէսը` կարօտեալներին: Եթէ առեւանկողը առանց պսակի պոռնկեցաւ  աղջկայ  հետ եկեղեցուն  տուգանք տայ 100 դրամ եւ 3 տարի էլ ապաշխարի: Եթէ այդ խռովութիւնից յետոյ էլի ծնողների եւ աղջկայ համաձայնութիւնը պսակուելու համար առնուի, այն ժամանակ պսակը օրհնեն իբրեւ երկակի՝ ուռը խաչակնքեն եւ գլխին դնեն, իսկ եթէ կոյս են մնացել, օրինաւոր պսակ անեն: Եթէ առեւանկութեան ժամանակ քահանան գաղտնի կերպով պսակի նրանց առանց ծնողների հաճութեան, քահանայագործութիւնից զրկուի, 100 դրամ կարօտեալներին տայ, պսակն էլ անվաւեր լինի:

 

Կանոնս արգելում է առեւանկութիւնը, արգելում է պսակ անել առանց աղջկայ ծնողների հաճութեան, պատժում է թէ առեւանգողին եւ թէ նրան օգնողներին: Բարսեղի 42 կանոնով հակառակ կամքի պսակը անառակութիւն է: 38 կանոնով արգելում է առանց ծնողաց կամքի պսակուել, ապաշխարանքի ենթարկուելու սպառնալիքով: 30 կանոնով առեւանկողը եւ օգնողը երեք տարի ապաշխարանքի են ենթարկւում: Տես եւ 22 կանոնը:

Թէ այս, թէ նախընթացները կարծես հետեւողութիւն են Բարսեղ Կեսարացու կանոնների, այն տարբերութեամբ, որ ծեծ եւ տուգանք է աւելանում մերի մէջ եւ զանազան դէպքեր է մէջ բերւում խնդիրը իբր թէ բազմակողմանի լուծելու համար (տե՛ս եւ Բ. առ. 67, Անկ. 11):

 

8. Ով որ, մարդ թէ կին, կախարդութիւն անի, ուրանայ հաւատը, կամ չարագործութիւններ կատարի, եթէ չզղջայ եւ չապաշխարի, ըստ գրոց հրամանի` քարկոծուի: Եթէ խոստովանելու գայ, մինչեւ մահ ապաշխարի, 12 տարի ունկնդիրների հետ եկեղեցուց դուրս կանգնի, 3 տարի` ապաշխարողների հետ, կարօտեալներին միշտ օգնի եւ ողորմութիւն տալով մեղքերը քաւի ու մեռնելիս հաղորդուի:

 

Այս կանոնը չտեսնուած պատիժ է սահմանում կախարդութեան եւ հաւատուրացութեան համար, այն է` մահուան պատիժ, որը բոլորովին հակառակ է Աւետարանի սկզբունքներին եւ գաղափարներին, ճիշտ է, կանոնս յենւում է հին օրէնքի վրայ, բայց հին օրէնքի այդպիսի կարգերը վերացան Քրիստոսի փրկարար քարոզներով եւ առաքելական ժողովի վճռով: Այս խիստ պատիժը միմիայն ապացուցանում է, թէ ի՜նչ սարսափելի վիճակում էր  Հայաստանը ի՜նչպիսի  հաւատուրացներով    եւ  չարագործներով  լցուել էր, որոնց դէմ կռուելու միակ զէնքը մնացել էր մահուան պատիժը (թէ ապաշխարանքի եւ թէ կախարդութեան ու հաւատուրացութեան համար տե՛ս Պետ. Աղէք. 12 կ., Բարս. 65, 72, 73, 83, Նիկ. 10, 11, Անկ. 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 12):

 

9. Ով դիւթերի, հարցուկների մօտ կերթայ, եթէ ազատ է, 200 դրամ տուգանք վճարէ կարօտեալներին, թէ շինական է, 30 հարուածով (15 կրկին) ծեծ ուտի եւ 100 դրամ կարօտեալներին բաժանի եւ 3 տարի էլ, ազատ, թէ շինական, ապաշխարեն եւ ապա հաղորդուեն:

Իսկ եթէ եպիսկոպոս կամ երէց գնան հարցուկների մօտ եւ այդ բանը երկու-երեք վկայով հաստատուի, եպիսկոպոսը եպիսկոպոսութիւնից ընկնի, երէցն էլ քահանայութիւնից լուծուի: 1000 դրամ` եպիսկոպոսը, 500 դրամ` երէցը կարօտեալներին բաժանեն:

Իսկ եթէ եկեղեցու ստորին պաշտօնեաներից եւ աբեղայական ուխտից գնան հարցուկների մօտ, աշխարհականների պատիժը կրեն: Այս կանոնը անխտիր լինի թէ տղամարդկանց, թէ կանանց համար:

 

Հարցուկները նրանք են, որոնք ձեռքին նայելով, արմունկներով, կամ ջրի միջոցով, զանազան հարցեր տալով գուշակութիւններ են անում: Դիւթիչները զանազան ձայներով իբր թէ դեւեր են բերում, գայլերի, գազանների բերանը կապում, որ հանդերում տնային կենդանիներ չուտեն: Յովհան Մանդակունին «Վասն հմայից դիւթականաց» ճառի մէջ հետեւեալ անուններով է թւում հմայութիւնները. «Դիւթութիւն, թովչութիւն, հատահարցութիւն, հաւահմայութիւն, մաղաբախութիւն, քուահարցութիւն, հեղահարութիւն, հմայութիւն, միջագիտութիւն, գրարարութիւն, յաստեղագիտութիւն, դիւահարցութիւն, օրահմայ, գեղահմայ, սննիկոն, յուռութ, բախտ, ճակատագիր, գիր պահարանի, շարժմակ բժժանաց, հմայք, դիւթք, «յորս կոչեն զդեւսն յաղ, յերկաթ, ի ջուր, ի նարօտ, յիւղս, ի գարի, ի յուլունս, ի մոմ, ի հեր գլխոյ» (194 եր. ):

 

10. Որոնք միայն դիւթում են, բայց չեն կախարդում, թէ այր, թէ կին լինեն, 30 հարուածով ծեծ ուտեն, խանձուեն, մրուեն եւ ուրկանոց տարուեն. 2 տարի աղան եւ ծառայեն, եթէ ազատ է, 500 դրամ ուրկանոցին տայ եւ երկու տարի ապաշխարելուց յետոյ հաղորդուեն (տե՛ս Ա. առ. 15, Լաւ. 36, Անկ. 24, Կես. 8, Բարս. 65, 72):

 

Օտարների կանոններում ծեծ եւ տուգանք չկան, այնտեղ միմիայն ապաշխարանքներ են սահմանուած:

 

11. Եթէ հեթանոսների նման լաց ու կոծ անեն մեռելների վրայ, չեն լսիլ առաքելական կանոնիս եւ հնազանդիլ, նզովեալ լինեն, մի տարի եկեղեցի չմտնեն, եթէ ազատ է` 100 դրամ, թէ շինական` 50 դրամ տան աղքատների (տե՛ս Աշտ. 2 կ. ):

 

12. Եթէ որդին՝ հօրը կնոջն առնի, եկեղեցի չմտնի, բոլոր ժողովներից նզովեալ լինի, մինչեւ որ ապաշխարի 7 տարի ունկնդիրների հետ, 3 տարի ներսի ունկնդիրների հետ, 50 դրամ աղքատներին, 50 դրամ` եկեղեցուն տայ եւ եթէ փոխուի ու վարքը ուղղուի, հաղորդուելու իրաւունք ստանայ:

Իսկ եթէ հայրը որդու կինն առնի, կամ եղբայրը` եղբօր կինը, նոյն պատիժը եւ նզովքը վրան թափուի:

Ոչ ոք ջերմ հարազատի եւ ազգականի կինը կնութեան չառնի, կամ շնութիւն չանի նրանց հետ. եթէ կնոջ ցանկութեամբ լինի, նոյն պատիժը եւ տուգանքը կրի, նա եւ բացի դրանից 10 տարի ուրկանոցում աղայ, եթէ ազատ է, ուրկանոց չգնայ, 300 դրամ ուրկանոցին տուգանք վճարի:

 

Արիւնակցական առաջին եւ երկրորդ աստիճաններում ամուսնութիւնը բոլոր եկեղեցիների կանոններով խստիւ արգելւում է, բայց աւելի խիստ, քան մեր այս կանոնն է պատուիրում եւ որը հետակայ եւ նախընթաց կանոնների համեմատութեամբ շատ մեղմ է: Բարսեղի կանոնով խորթ մօր կամ քրոջ հետ մեղանչողը սպանողի պատժին է ենթարկւում, այսինքն 20 տարուայ ապաշխարանքի: Արգելուած ամուսնութիւն մտնելը նա շնութիւն է համարում եւ 15 տարուայ ապաշխարանքի ենթարկում (տե՛ս Բարս. 56, 58, 68, 79):

 

13. Ոչ ոք չհամարձակի ամուսնանալ քեռորդու, եղբորորդու կամ հօրաքրոջ, կամ ազգականի հետ մինչեւ չորրորդ ծնունդը: Ով հաղորդ կլինի այսպիսի պսակին, պսակը կօրհնի կամ հարսանիքը կերթայ, եթէ եպիսկոպոս է կամ երէց, աթոռից եւ քահանայութիւնից ընկնեն եւ պաշտօնեաների հետ չխառնուեն: Իսկ եթէ ամուսնացածները պիղծ ամուսնութիւնից դառնան եւ միմեանցից բաժանուեն, թող իրենց ունեցածի կէսը կարօտեալներին տան, իրանց կեանքը ապաշխարանքով անց կացնեն, մեռնելիս միայն հաղորդուեն: Պսակ օրհնող եպիսկոպոսը` 500 դրամ, երէցը` 200 դրամ տուգանք աղքատներին բաժանեն եւ ապա իրանց պաշտօնի մէջ հաստատուեն: Իսկ եթէ պսակուողները չեն բաժանուիլ, պսակող պաշտօնեայք քահանայութիւն չանեն: Իսկ եթէ հակառակեն եւ ասեն` ի՞նչու Նիկիական կանոններում այդպէս ծանր պատիժ չէ նշանակուած, նրանք սխալւում են այդպէս մտածելով, որովհետեւ այնտեղ ի նկատի չունէին, թէ այսքան չարիք եւ ոճիրներ մեր աշխարհում պիտի գործուէին:

 

Այս նախորդ կանոնի մէջ հետեւողութիւն չկայ, 12-րդ կանոնով Ա եւ Բ աստիճանի ամուսնութեան համար ամենաշատը տասն տարուայ ապաշխարանք է նշանակում, իսկ այստեղ մինչեւ չորրորդն՝ եղած ամուսնութեան համար ցմահ: Բացի այս, մահուան պատիժ նշանակող ժողովը կարծես անզօր է գտնւում քակել միմեանցից ամուսնացողներին եւ թոյլ չտալ միասին ապրելու. ա՛յդ թողնում է ամուսնացածների կամքին, եւ սրանց բաժանումից կախումն ունի պսակադիր հոգեւորականների պատժուելը կամ չպատժուելը: Այս խնդիրների վրայ աւելի պարզ եւ որոշ են Բարսեղի 6, 7, 75, 87, Նէո. 2:

 

14. Եպիսկոպոս, երէց կամ սարկաւագ, կամ պաշտօնեաներից կամ ուխտականներից որեւէ մէկը չհամարձակի տանտիկին պահել, ինչպէս մծղնէից սովորութիւնն է. եթէ յայտնուի այդ ու հաստատուի, կարգալոյծ լինի յանցաւորը:

 

Այս կանոնս շատ նման է Նիկիական 3-ին, որը մեր ձեռագրերից դուրս է ձգուած. տե՛ս եւ Բարսեղի 88 կ.: Մծղնեայի մասին տե՛ս 20-րդ կանոնը:

 

15. Ով կամենում է միայնակեաց լինել եւ կոյս մնալ, աբեղայութիւն է յանձն առնում, պէտք է ճշմարիտ եւ բարեպաշտ ընկերների հետ ապրի եւ իւր ուխտը սրբութեամբ պահի, եւ պիտի լինի «մարդ կատարեալ եւ երկրի հրեշտակ երեւելեալ»:

 

Կանոնս շատ երկար խրատ է տալիս վանական եղողներին` մի առ մի յիշելով բոլոր մեղքերը, որոնցից պիտի հեռու կենան: Վանականութեան մասին տե՛ս Բ գիրքը:

 

16. Առանց աշխարհի գլխաւոր եպիսկոպոսին` ոչ ոք եպիսկոպոս-առաջնորդ չլինի. առանց գաւառի եպիսկոպոսի էլ՝ անապատաւոր կամ վանաց երէց չնշանակուեն: Եթէ եպիսկոպոսը, երէցը, ազատ (ազնուական) դատաւորը եւ շինականը կամենում են առաջնորդներ կարգել, եկեղեցու հովիւներ պատրաստել, ժողովրդապետներ եւ օրէնսդիրներ նշանակել, պիտի կաշառք չառնեն, ճշմարտութեամբ ընտրութիւն պիտի անեն եւ օրէնքի ու սրբութեան նախանձախնդիր  մարդկանց  պիտի  ջոկեն:

 

Այս կանոնը երկար է, կցկտուր եւ անկապ, ընդհանուր միտքը որքան կարելի է ամփոփեցի այս մի քանի նախադասութիւնների մէջ: Կանոնս խօսում է Նիկ. 6 կանոնի համաձայն` գլխաւոր եպիսկոպոսի իրաւունքների մասին եւ հետեւողութիւն է արտաքին կանոնների, որովհետեւ հայոց կանոններում «գլխաւոր եպիսկոպոսի» փոխարէն գործ է ածւում կաթուղիկոս բառը, որը գործածութեան մէջ էր հէնց Դ դարից սկսած: Գուցէ թէ այս կանոնը գրում է այն հայ եպիսկոպոսների մասին, որոնք ապրելով յունաց Հայաստանում կամ Կեսարիայի սահմաններում, շարունակում էին գնալ, ինչպէս Փաւստոսն է վկայում, Կեսարիայի եպիսկոպոսից ձեռնադրութիւն ստանալու:

 

Ներսէս Մեծի կարգադրութեամբ վանքերը եւ անապատները ենթարկւում էին ոչ եպիսկոպոսի, հապա մի քանի կառավարիչների հսկողութեան` Խադ սարկաւագի գլխաւորութեամբ: Այս կանոնովս գաւառի վանքերը, վանաց երէցները եւ անապատաւորները ենթարկւում են գաւառի եպիսկոպոսի, այսինքն առաջնորդի հսկողութեան: Վանաց երէց կարող է ունենալ երկու նշանակութիւն. մէկը` վանքի քահանայ, միւսը` վանքի մեծ-վարդապետ-արխիմանդրիտ Որովհետեւ  այն  ժամանակները  վանականները  առանց եկեղեցական աստիճանի կրօնականներ էին, ուստի եւ իրաւունք չունէին քահանայագործութիւն անելու. այդ պաշտօնի համար հրաւիրւում էին քահանաներ, կամ վանականներից մէկն ու մէկը ստանում էր ձեռնադրութիւն եւ քահանայագործութիւն անում. սրանք կոչւում էին վանքի քահանայ կամ վանաց երէց. գուցէ եւ սրանց էր յանձնւում վանքի վանահայրութիւնը եւ տեսչութիւնը:

 

Այս կանոնի երկրորդ պարբերութիւնը, որ ժողովրդական ընտրութիւնները կատարուեն անաչառութեամբ եւ ոչ կաշառքով, անորոշ է ասուած. չի հասկացւում ժողովրդապետ եւ օրէնսդիր բառերի պարզ նշանակութիւնը, արդեօ՞ք ժողովրդապետ ասելով պիտի գիւղապետ կամ այժմեայ գործածութեամբ` տանուտէր հասկանալ եւ օրէնսդիր ասելով՝ գիւղի մէջ նշանակուած դատաւորներ, որոնք պիտի դատերը կտրէին եւ կառավարէին գիւղերը, թէ հէնց դատաւորը եւ ժողովրդապետը հոգեւորականներ էին, որոնց ընտրում էր ժողովրդի բոլոր դասակարգը. այս խնդիրը անորոշ է: Հանգուցեալ Հ. Բաստամեանը Գօշի յառաջաբանում թեթեւակի խօսելով այս կանոնների վրայ, ճգնում է հաստատել, որ դատաստանը, նոյն իսկ քրէական յանցանքների դատը գտնւում էր հոգեւորականների ձեռքին: Արդեօ՞ք կանոնովս կարելի է նոյն առարկութիւնը հաստատել, կամ առհասարակ վերոյիշեալ կարծիքը կարելի է հաւաստի ընդունել, այս մասին մանրամասն կխօսուի Բ գրքում. միայն այստեղ նկատելի է, որ «առաջնորդ կարգելու եւ եկեղեցու հովիւներ պատրաստելու» խօսքերը պարզ է, որ ասւում են եպիսկոպոսի, երէցների, սարկաւագների ընտրութեան մասին. «ժողովրդապետներ եւ օրէնսդիր» ասելով պիտի հասկացուի տանուտէր եւ դատաւոր, որոնք ոչ թէ հոգեւորականներից էին, այլ աշխարհականներից. որովհետեւ ինչպէս եւ Շահապիվանի միւս կանոններից երեւում է, գիւղի մէջ մեղաւորներին պատժողը, ծեծողը, մրողը, մինչեւ իսկ քարկոծ անողը «գլխաւորներն էին», այսինքն այժմեայ գործածութեամբ` գիւղի իշխանները, համփաները, աղսախկալները, մանաւանդ որ հէնց մեր եկեղեցական կանոնները խստիւ արգելում էին հոգեւորականներին, ոչ միայն ծեծել, հապա խօսքով վիրաւորել աշխարհականին:

 

17. Եթէ մէկը մարտիրոսի նշխարներ է բերում եւ մատուռ շինում, այդ պիտի անի եպիսկոպոսի թոյլտւութեամբ: Իսկ եթէ սուրբ տեղերից մարտիրոսի նշխարներ է բերում, պիտի այդ անի տեղական եպիսկոպոսի թղթերով եւ վկայութեամբ եւ ամփոփի իւր գաւառի եպիսկոպոսի թոյլտւութեամբ եւ սրբոց յիշատակը ամէն  տարի տօնախմբութեամբ  կատարի:

Ոչ ոք իրաւունք չունի առանց եպիսկոպոսի հրամանի տէրունական խորհրդի սեղան կանգնեցնել (այսինքն այնպիսի աղօթատուն շինել, որտեղ կարելի լինի պատարագ անել):

 

Այս կարգերը որոշւում են եւ արտաքին կանոններով, շատերը երազ տեսնելով, կամ ուրիշ միջոցներով ձեռք բերելով մարտիրոսների նշխարներ, առանց եպիսկոպոսի թոյլտւութեան շրջեցնում էին եւ դրամ ժողովում, կամ թէ զանազան տեղերում սեղան էին կանգնեցնում, նշխարը ամփոփում այնտեղ եւ ուխտատեղի դարձնում ու ինքնագլուխ պատարագ մատուցանում: Այդպիսի դէպքերը արգելւում են այս կանոնով (տ՛ես Բ. առ. 31, Անտ. 5 կ. ):

 

18. Եթէ վարդապետը նզովել կամ բանադրել է որեւէ մի քահանայի, աշակերտի կամ աշխարհականի, ուրիշ  տեղի վարդապետ, կամ եպիսկոպոս, կամ երէց չհամարձակի նզովուածին օրհնել կամ բանադրուածին բանադրութիւնից արձակել. հապա պիտի բանադրուածին ուղարկել իւր վարդապետի մօտ ներողութիւն խնդրելու եւ բանադրանքը վերացնելու:

 

Նոյնը հաստատւում է եւ արտաքին կանոններով, միմիայն նրանց մէջ անմեղ բանադրուածին թոյլ է տրւում գանգատով դիմել աւելի բարձր պաշտօնեայի` գործքը քննելու եւ վճիռ կայացնելու (տե՛ս Բ. առ. 32, Նիկ. 5, Անտ. 6):

 

19. Եթէ մէկը, երէց, սարկաւագ կամ աբեղայ մծղնէութեան մէջ գտնուի, թող կարգալոյծ լինի, ճակատին աղուէսադրոշմ դրուի, եւ ճգնաւորի տեղերում ապաշխարի: Եթէ երկրորդ անգամ նոյնը գործի, երկու ջիլերը կտրեն եւ ուրկանոց տանեն. նոյն պատուհասին եւ աբեղան ենթարկուի:

Իսկ եթէ մարդիկ կանանցով եւ որդիներով նոյն աղանդում գտնուեն, թէ արանց, թէ կանանց, թէ իրագէտ մանկանց ջիլերը կտրեն, աղուէսադրոշմ ճակատին դնեն եւ ուրկանոց տանեն ապաշխարելու. իսկ անգէտ մանուկներին յանձնեն Աստուծոյ պաշտօնեաների ձեռքը կրթելու եւ սովորեցնելու:

 

Թէ ի՞նչ բան է այս աղանդը, որ մծղնէութիւն է կոչւում, յայտնի չէ, այս կանոնովս ամենածանր պատիժն է նշանակւում եւ այն էլ մարդկանց սեռական անդամների`  ջիղերի կտրումը, որ իւրատեսակ եւ բարբարոսական պատիժ է, ո՛չ յատուկ Աւետարանի եւ եկեղեցու ոգուն: Որքան խիստ է պատիժը, նոյնքան զզուելի է յանցանքը: Եւ որովհետեւ պատիժը կեդրոնացած է արակաքի վրայ, ուստի ենթադրելի է, որ անբարոյականութիւն եւ վարքերի ապականութիւն տարածող աղանդ է, որի առաջն առնելու համար հրամայւում է ոչ միայն մարդկանց, այլեւ կանանց եւ տղայոց ջղերը կտրել. իսկ անգէտ-փոքրիկ մանուկներին քահանաներին տալ կրթելու:

 

Բացի այդ պատժից յանցաւորի ճակատին դրւում է աղուէսադրոշմ, այդ կատարւում է այսպէս. շիկացած երկաթի ձողով խարում են յանցաւորի ճակատը եւ այդ դրոշմով նրան ցմահ պատժում: Ռուսաստանում խարել թոյլ էր տրւում երեք անգամ գողութեան համար. 1845-ի կարգադրութեամբ խարելու պատժին ենթարկւում էին տաժանակիր աշխատանքի դատապարտուած աքսորականները եւ Սիբիրից փախած բոլոր դատապարտուածները ու թափառաշրջիկները: 1863-ին բոլորովին վերջացաւ այդ կարգը:

 

20. Եթէ երէցը իմանայ, որ ժողովրդի մէջ մծղնեայ կայ եւ չի յայտնի եպիսկոպոսին, եւ եթէ քննելուց յետոյ ապացուցուի, որ քահանան ամիսներ առաջ գիտէր եւ չէր բողոքում եպիսկոպոսին (19 կ. ), մծղնէից պատիժը կրի եւ ցմահ քահանայագործութիւնից զրկուի, որ միւսներին խրատ լինի: Իսկ եթէ կհաստատուի, որ երէցը յայտնել է եպիսկոպոսին եւ վկայութեամբ ցոյց տուել մծղնեայ եղողներին, եւ եպիսկոպոսը կաշառ առնելով, կամ աչառութիւն անելով, այդ բանը ծածկել է, աթոռից ընկնի եւ պատուից զրկուի այդպիսի եպիսկոպոսը: Իսկ եթէ եպիսկոպոսը ուշադրութիւն դարձնելով բողոքին` կամեցաւ յանցաւորին պատժել, բայց չարագործը յայտնելով մարմնաւոր իշխանութեան` գաւառի իշխանին, նախարարին, կամ գիւղի գլխաւորին, նրանց օգնութեան դիմելով` կամեցաւ պատասխանատւութիւնից ազատուել, իսկ սրանք պաշտպան կանգնելով, եթէ կամենան շնացողներին ծածկել, կաշառառութեամբ կամ ակնառութեամբ, թող նզովեալ լինեն, եկեղեցի չմտնեն, մինչեւ որ պղծագործին չտան եպիսկոպոսի  ձեռքը:

Իսկ եթէ նախարարի տունը, կինը, կամ դուստրը, կամ որդին, կամ հէնց ինքը պղծագործութիւն կատարեն, եւ նախարարը չհեռանայ այդ յանցանքը գործելուց, կամ եպիսկոպոսին չտայ ընտանիքը պատժելու, ինքնապաստան լինի, թող տնով, որդիներով նզովեալ լինի, հրապարակ չդուրս գայ, ոչ ոք նրա հետ յարաբերութիւն չունենայ, մինչեւ որ ուղղութեան չգայ:

Իսկ եթէ ինքը պղծութիւնից հեռու կլինի, թող ընտանիքը եւ ժառանգներին յանձնէ  գլխաւոր  եպիսկոպոսին  կշտամբելու:

Իսկ եթէ ոստիկանին (թագաւորազն) տանը լինի պղծութիւնը կամ ինքը, կամ ընտանիքը մասնակցեն, ընտանիքը կշտամբուի եւ այն պատուհասը կրի, որը գրեցինք: Իսկ իրան (ոստիկանին) վերցնեն պղծագործ ընտանիքի հետ միասին եւ հրապարակ բերեն, գլխաւոր եպիսկոպոսի, մեծամեծ իշխանների եւաւագ դատաւորների առաջ Աստուծոյ օրէնքի վրէժխնդիրը լինեն: Որպէս զի ուրիշները տեսնելով` սրբութեամբ եւ երկիւղով պաշտեն Արարչին, կատարեալ լինեն աստուածպաշտութեան կարգի, սրբերի եւ օրէնքների յարգելուն մէջ եւ ճշմարիտ ծառաներ լինեն Աստուծոյ՝ խօսքով եւ գործով:

 

Երկու կանոններովս երեւում է, որ մծղնէից աղանդը կրօնական էր, չէր յարգում եւ սուրբերին, եւ եղած օրէնքները, եւ եկեղեցու կարգերը: Թէ ի՞նչ էր քարոզում մծղնէից աղանդը, որոշ եւ պարզ ոչինչ չի յայտնում այս կանոնս, բայց երեւում է պատիժների սահմանումներից, որ աղանդի գլխաւոր եւ զզուեցնող նշաններից մէկն էր պղծագործութիւնը, իւրատեսակ անբարոյական խառնակութիւնը, որը դժբախտաբար դժուար է լինում պարզել ընդհանուր բառերի եւ  մտքերի գործածութեամբ: Թէ ինչքան անբարոյական եւ զզուելի պղծութիւններ էին կատարում այդ աղանդաւորները, երեւում է նրանից, որ բոլոր ժողովականները միահամուռ՝ շինականից սկսած մինչեւ թագաւորական տները եւ հասարակ դպրից մինչեւ եպիսկոպոսը, ենթարկւում էին ամենախիստ պատժի:

 

Մծղնէից աղանդի մասին տե՛ս 1895 թ. «Արարատի» յունուարի Կ. Վ. յօդուածը, ուր ասում է. «Մծղնեայ «մցըլլին» անունը, որ Մեսսաղեանի նախնական ձեւն է եւ աղօթողներ է նշանակում:

 

«Այր եւ կին միասին խմբով ման էին գալիս նոքա եւ ողորմութիւն էին հաւաքում. մկրտութիւն, հաղորդութիւն եւ այլ եկեղեցական կարգեր աւելորդ էին համարում եւ մշտական աղօթքներով աշխատում էին արտաքսել, իրենց կարծիքով, ամեն մարդու մէջ ի ծնէ բնակուող չար դեւին: Միւստիքական պարով նոքա յափշտակութեան մէջ էին ընկնում եւ այդպէս ձգտում էին այս աշխարհից կտրուած ցնորքների գրկում երջանիկ ժամեր գտնելու» (տե՛ս եւ Ե Դւ. 32 կանոն` Օձնեցու օրով եղած եւ սահմանուած: Տե՛ս մեր կանոնագրքերը):