Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

76) ԳԷՈՐԳ Դ-Ի ԿԱՆՈՆՆԵՐԸ (1866-1882 ԹԹ. )

 

Գէորգ Դ, բազմելով կաթուղիկոսական գահի վրայ, առաջին ուշադրութիւնը եկեղեցու խանգարուած վիճակի վրայ դարձրեց: Նա, հետեւելով նախնեաց կանոններին եւ աւետարանական սկզբունքներին, պահանջեց բոլոր կուսակրօններից երդմամբ եւ ստորագրութեամբ հրաժարուել սեպհականութիւնից եւ բոլոր ունեցածը համարել վանքի եւ եկեղեցու սեպհականութիւն: Այդ կարգադրութիւնը, որը միանգամայն համապատասխան է եկեղեցու ոգուն եւ մոռացուած էր բոլոր կուսակրօններից, զետեղում ենք այստեղ իբրեւ փաստ Գէորգ Դ-ի սկզբունքների, որոնք շարունակութիւն էին Սահակի եւ Շնորհալու կարգերին:

 

1. «Պայման եւ ուխտ միաբանութեան Արարատեան մայր ս. աթոռոյն ս. Էջմիածնի ի ներկայութեան Վեհ. կաթուղիկոսի Ամենայն Հայոց Գէորգայ Դի»: «Ամենայն անձն որ նուիրէ զինքն ի վանականութիւն, պարտաւոր է ըստ հրամանի Փրկչին Յիսուսի թողուլ զաշխարհ եւ զամենայն ինչս իւր եւ անձնուրացութեամբ  հետեւիլ  նմա  կատարելով միանգամայն  զպայման  սրբազան երդմանն զոր երդնու առաջի ս. սեղանոյ ի ժամ ձեռնադրութեան. եւ քանզի ամենայն  կուսակրօն հոգեւորականք սկսեալ յեպիսկոպոսաց անտի ցաստիճան դռնապանութեան ոչ գոլով տեարք գոյից իւրեանց չունին իրաւունս բաժանելոյ զայնս ըստ հաճոյից բարեկամաց իւրեանց եւ ազգականաց, եւ նոքին իսկ ազգականք ոչ ունին իրաւունս իբրեւ ժառանգ ներկայանալ եւ պահանջել զգոյս հանգուցելոյն, այլ յետ մահուան կուսակրօնից գոյք իւրեանց արժան է մնալ ի սեպհականութիւն Էջմիածնի գանձարանին, եւ այլոց վանօրէից միաբանիցն՝ վանուց իւրեանց. իսկ վանահարք որք ըստ տնօրէնութեան հոգեւոր ծայրագոյն իշխանութեան կարգին ի պաշտօնն, նոյնպէս գոյք նոցա պատկանին ս. էջմիածնի, եւ ոչ ոք ազգականաց հեռաւորաց եւ մերձաւորաց նոցա ունին իրաւունս յարուցանելոյ առ այն զվէճ. իսկ եթէ իցեն հանգուցելոյն աստուածահաճոյ կտակ յօգուտ ս. աթոռոյն, վանօրէից կամ վանական դպրոցաց՝ մնասցեն նոքա անփոփոխ նոյնութեամբ. քաջ գիտելով զայս մեր ի ներքոյ ստորագրելոցս, ըստ ամենայնի համաձայն գտանեմք եւ ոչ երբէք տամք ի մերս կողմանէ իրաւունս ազգականաց մերոց մերձաւորաց եւ հեռաւորաց յետ վախճանի մերոյ իբրեւ ժառանգորդ մեր հանդիսանալ եւ պահանջել զմնացեալ գոյս մեր կամ մասն ինչ ի գոյից մերոց. մեք ի սուրբ խղճէ շարժեալ խոստովանիմք, զի յետ վախճանի մերոյ ուր երբ եւ յոր պաշտօնի գտանիցիմք ժառանգ եւ ժառանգորդ մեր է գանձարան Ս. Էջմիածնի, եւ ոչ այլ ոք ի մերձաւորաց մերոց եւ ազգականաց եւ եթէ նոքա կամիցին իբրեւ ժառանգ ներկայանալ ընդդէմ մերոց կամաց եւ խղճի, չունիցին բնաւ իրաւունս ոչ ի հոգեւորական եւ ի քաղաքական դատարանս եւ ոչ յայլուր գանգատիլ եւ բողոքել, եւ եթէ յանդգնիցին մի լուիցեն նոցա ամենեւին, զի մեք ըստ մեր խղճի մտաց յօժարակամ ստորագրեմք աստանօր»: Ստորագրութիւն բոլոր միաբանների, 1868 թուին (տե՛ս նրա կոնդակները) (տե՛ս այս մասին Սահ. 35, 38, Շնորհ. 1, 2, 3, 4, 5, 6, 7):

 

Յարմարութեան համար նրա բոլոր կանոնները համարներով կնշանակենք:

 

Այս կարգադրութիւնից առաջ, դեռ եւս 1867-ին, յունիսի 8-ին 223 համար կոնդակով հրամայեց Սինոդին կանչել միաբանութիւնը եւ հետեւեալ կարգերը պարտադիր անել միաբանութեան համար:

 

2. ա) Վանքում գինեմոլութիւն, զեղխութիւն եւ վատշուեր կենցաղավարութիւն չլինի. ծխել, արբեցնող ըմպելիքներ գործ ածել, տարադէպ զբօսանք անել, դատարկաշրջիկ լինել չի կարելի. առանց իւր եւ նշանակուած վերակացուների հրամանի վանքից դուրս չգնալ Վաղարշապատ. միաբանները պարապեն գիտութեամբ, գրականութեամբ: Զգեստի մէջ լինեն պարկեշտ եւ համեստ, սիրով եւ ընկերաբար վարուեն միմեանց հետ: բ) Բոլորը միշտ եկեղեցի յաճախեն: գ) Միասին ճաշեն, ոչ ոք առանձին խոհանոց չունենայ: դ) Մանկահասակ տղայ ծառայ չպահեն, այլ հասակաւոր անձինք:

 

Կանոնական կոնդակը 1868, համարաւ 562

 

Գէորգ Դ, տեսնելով քահանաների ընտրութեան անկանոն լինելը, դեկ. 21-ին, 1868 թուին արձակեց կոնդակ Սինոդի անունով` հրամայելով անխախտ պահել հետեւեալ կանոնները. տպել տուեց եւ ցրուեց ամէն տեղ ի հրահանգութիւն:

 

Ահա կանոնների աշխարհաբար թարգմանութիւնը:

 

3. Եպիսկոպոսներից ոչ ոք չհամարձակի քահանայ ձեռնադրել անարժան մարդկանց կաշառքով, մեր  նախնեաց հետեւելով` իսպառ դատապարտում ենք արծաթասէր եկեղեցականներին (տե՛ս Բ առ. 29, Սսի 1, Լուս. 26):

 

4. Ոչ ոք չհամարձակուի քահանայ դառնալ առանց եկեղեցու ընտրութեան, այսինքն քահանաների եւ ժողովրդի, այն էլ ոչ կողմնապահութեամբ կամ աչառութեամբ, հապա հանրադրութեամբ, որը պիտի ներկայացնել վիճակային ատեանին (տե՛ս Լաւ. 13, Սար. 6, Շահ. 16, Դ Դւ. 9, 10, Սիս. 1, 3, Երուս. 3, 9):

 

5. Վիճակային ատեանը, ստանալով հանրագիրը, պէտք է քննի նախ՝ ընծայեալը ունի՞ Սուրբ Գրքի հմտութիւնը եւ ուղղափառ հաւատ, երկրորդ՝ ունի՞ իրան աստիճանի համապատասխան բարոյականութիւն ժողովրդին օրինակ լինելու համար:

 

6. Քաղաքի համար ձեռնադրուող քահանան պիտի լաւ հայերէն իմացող լինի, որ հոգեւոր դպրոցներում կարողանան դասաւանդել գրաբառը: Գիւղերում ոչ ամէն տեղ դեռ եւս դպրոց չկայ, բայց եւ այնպէս գիւղի քահանաները պիտի լաւ իմանան եկեղեցու բոլոր պաշտամունքները, քրիստոնէական վարդապետութիւնը եւ եկեղեցու բոլոր խորհուրդները:

 

7. Եթէ ամէն տեղ չգտնուեն տեղացի արժանաւոր ընծայացուներ, ուրիշ տեղերից թող ընտրեն. բայց տեղացիք պարտաւոր են ընտրելի անձին բոլոր ընտանիքով, կահ-կարասիքով փոխադրել  քահանայանալու  տեղը իսկ  հոգեւոր իշխանութիւնը քննելուց յետոյ, պիտի երդումնագիր պահանջի ձեռնադրուողից ցմահ մնալ նոր տեղում քահանայ:

Նոյնպէս էլ ժողովրդից պիտի պահանջել պայմանագիր պահելու ապահով կերպով քահանային եւ ընտանիքը:

 

8. Այն քահանաները, որոնք ուրիշ տեղերի անունով կձեռնադրուեն, եւ ապա կը տեղափոխուեն կամ իրանց քաղաքը, կամ ուրիշ տեղ, եւ տեղիք կտան զուր տեղից խռովութիւն առաջանալուն, կարգալոյծ լինեն: Առաջնորդները խստիւ արգելեն այդպիսի տեղափոխութիւնը (տե՛ս Բ առ. 15, 16, Նիկ. 15, 16, Անտ. 3):

 

9. Հոգեւոր կառավարութիւնը անպարկեշտ եւ խռովարար քահանաներին պատժելու նպատակով չտեղափոխէ ուրիշ տեղ, հապա նոյն տեղում ապաշխարանք նշանակէ, որ ամաչի եւ ուղղուի, եթէ ուրիշ քահանայ չլինի նոյն տեղում, մօտ տեղերից նրա պաշտօնը կատարող մէկը բերուի: Պատժուած քահանայի ընտանիքը ստանայ ծխական արդիւնքի մի մասը, իսկ մնացած 3 մասը յանձնուի այրեաց եւ որբոց կամ Աթոռի արկղին:

 

10. Վատ է այն սովորութիւնը, որ մի քանի սակաւաբնակ գիւղեր յանձնւում են մի քահանայի հովւութեան, չմտաբերելով այն առակը, «թէ ցրուեալքն առ բազումս տկարանան առ մին». սրանից ծագում են հոգեւոր գործերի եւ աստուածային պաշտամունքների մատակարարութեան դժուարութիւններ, այս հիմամբ թող սահմանուեն ամէն մէկի համար մի քահանայ, թէեւ գիւղը սակաւաթիւ լինի, եթէ եօթանասուն տանից աւելի է՝ երկու քահանայ, իսկ եթէ բազմամարդ է գիւղը, ամէն մի 100 տան՝ մի քահանայ: «Թէեւ սակաւաթիւ սահմանեսցի նոցա յատուկ սեպհական քահանայ, եւ եթէ առաւել իցէ քան զեօթանասուն՝ երկուս քահանայս, իսկ եթէ բազմամարդ առ հարիւր տունն մի քահանայ» (տե՛ս Ներսէս Ե, Սինոդի կարգադրութիւն):

 

11. Քահանայի որդիքը, որոնք եկեղեցականների կարգում են գրուած, պիտի լինեն օրինակելի վարք ու բարքի տէր մարդիկ, ուսումնասէր եւ եկեղեցասէր: Եթէ ոչ, անբարոյական կեանք վարողներին պիտի հարկատուների կարգը մտցնել` հանելով եկեղեցականների ցուցակից: Սոյն կարգը գործադրուի եւ դպիրների վերաբերմամբ (տե՛ս Ներսէս Ե, Սահ. 23):

 

12. Ծեր քահանաները, որոնք ընչասիրութեան եւ ագահութեան պատճառով չեն թողնում քահանայագործութիւնը, որը անկատար ձեւով են անում զգայարանների թուլութեան պատճառով, հետեւելով նախնեաց գրած օրէնքներին, դրանք զրկուեն քահանայագործութիւնից եւ նրանց  փոխարէն  նշանակուեն նոր քահանաներ, որոնք ստանան ծխական հասոյթների մի մասը, 3 մասը թողնելով ծերացած քահանային:

 

13. Նորընծայ քահանաները պիտի քառասունքը անխափան պահեն: Մեր եկեղեցական կարգերով 3 քառասունք պիտի պահեն` գիշեր եւ ցերեկ եկեղեցում աղօթք անելով եւ պաս պահելով: Առաջի քառասունքին ծոմապահութիւն պիտի կատարեն՝ օրը մի անգամ պասուայ կերակուր ուտելով: Երկրորդ քառասունքին միայն կաթնեղէն, ձկնեղէն եւ ձուեղէն գործ ածել, կարելի է տուն գնալ եւ ճաշել ու եկեղեցի գալ յետոյ: Երրորդ քառասունքին միս կարելի է ուտել կիրակի օրերը: Այս է մեր նախնական կարգը եւ այսպէս էլ պիտի վարուել:

Քառասունքի մասին այսպիսի խիստ կանոններ մեր եկեղեցական կանոններում չկայ, այս կանոնս վերցրած է Փիլիպպոս առաքեալի կանոններից. տե՛ս նրա գրաբառը (տե՛ս Փիլ. 1):

 

14. Նախնեաց սահմանած կարգը ճշտութեամբ պիտի կատարեն ամուսնացեալ քահանայք, որ պատարագից երեք օր առաջ եւ երեք օր յետոյ պիտի եկեղեցում անց կացնեն սրբութեամբ, աղօթքով, հեռու մնալով ամուսնական յարաբերութիւններից Որտեղ  եկեղեցու  մօտ  սենեակ  չկայ պիտի  անպատ-

ճառ կառուցանելու հոգ տանեն առաջնորդները (տե՛ս Թադէոս 12 կ. ):

 

15. Առաջնորդները, նոյնպէս եւ վարդապետները ամէն կիրակի եւ  տօն  օրերը պիտի քարոզեն եկեղեցիներում:

 

16. Շատ գիւղերում տարին 5 անգամ պատարագ հազիւ են անում քահանաները. պատուիրում ենք առաջնորդներին հսկել, որ քահանաները ամէն կիրակի եւ շաբաթ օր, նոյնպէս եւ նշանաւոր տօներին պատարագ մատուցանեն: Եթէ քահանան միայն է, գոնէ կիրակի եւ տէրունական օրերին կատարի (տե՛ս Ա առ. 2, 5, Բ Դւ. 6, 7, Ե Դւ. 6):

 

ՆՇԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ (1869 Թ. ԿՈՆԴԱԿ)

 

17. Պաշտօն գործակալ քահանայի. գործակալի պաշտօնն է նշանադրութեան եկողներից տեղեկանալ գանձապետի հետ, թէ երկուսն՝ տղան եւ աղջիկը, հաւա՞ն են միմեանց, քանի՞ տարեկան են, կամ չափահա՞ս են, մերձաւոր ազգականութեան, խնամութեան, կամ կնքահայրութեան, կամ ուրիշ արգելք չկա՞յ, ծնողները համաձա՞յն են, ե՞րբ են հարսանիք անելու, երաշխաւոր կամ վկայ կա՞յ, ուրիշ օրինական արգելք չկա՞յ եւ այլն, եւ այլն (տե՛ս Երուս. 12):

 

18. Գանձապետի պաշտօնը. նախ՝ նշանադրութեան օրը անպատճառ ներկայ գտնուել եկեղեցու սենեակում գործակալի մօտ եւ միասին քննել նշանադրութեան պարագաները: Երկրորդ՝ աթոռահաս արդիւնքը եւ ննջեցեալի հոգեբաժինը ամենայն հաւատարմութեամբ գրել ժապաւինեալ տումարում: Երրորդ՝ ամէն ամիս գոյացած գումարը Սինոդ հասցնել:

 

19. Նշանադրութեան վերաբերմամբ.

 

ա) նախ՝ քահանաները, լսելով նշան դնելու լուրը, ամէն մէկը պիտ գնայ իւր խոստովանորդու մօտ եւ ջոկ-ջոկ լսի նրանց ցանկութիւնը ամուսնանալու: Ապա քահանաները ազգականներին ժողովելով մի տեղ` պիտի քննեն, նշանադրութեան համար օրինաւոր արգելքներ չկա՞ն, եւ ապա գնան գործակալի եւ գանձապետի մօտ:

 

բ) Նշանը լինում է փեսացուի կողմից մի մատանու նուիրմամբ հարսնացուին:

 

գ) Ծխատէր քահանաները կառնեն մատանին, եւ երկու-երեք անձինք երկու կողմից սահմանուած օրերը կգնան գործակալի եւ գանձապետի մօտ նշան դնելու:

 

դ) Նշանադրութեան համար յատուկ օր նշանակւում է ուրբաթ, երբ գանձապետը եւ գործակալը պիտի պատրաստ լինեն եկեղեցու սենեակում նշանադրութեան տումարով անունները գրելու համար:

 

ե) Գործակալը գանձապետի հետ քննելով պարագաները, երբ կտեսնեն ոչ մի եկեղեցական արգելք չկայ, գործակալը տղայի քահանայից մատանին կառնի եւ կտայ հարսնացուի քահանային աղջկան տանելու համար, «ի հաստատութիւն նշանեալ լինելոյ նորա», որից յետոյ անունները գրւում են տումարում: Վերջում կստորագրեն քահանաները եւ վկաները, ապա կնշանակեն միջոցը մինչեւ հարսանիքի օրը: Այդ արձանագրութեան համարը պիտի տալ փեսացուի քահանային, որ պահի իւր մօտ եւ հարսանիքի աթոռահասն հատուցանելիս ներկայացնի գանձապետին, որ հեշտութեամբ գտնի տումարի մէջ եւ նշանակի այսպէս` պսակեցաւ ընդ Բ-ի...

 

զ) Նշանադրութիւնից մինչեւ հարսանիք նշանակւում է 6 ամսուայ ժամանակամիջոց, օրինաւոր պատճառ եղած դէպքում կարելի է երկարացնել:

 

է) Նշանադրութիւնը քանդելու համար պիտի դիմել առաջնորդին եւ կամ յաջորդին, եթէ օրինաւոր պատճառ կգտնեն, յօգուտ այրեաց եւ որբոց եւ ուսումնարանի կամ եկեղեցու նուէր առնելուց յետոյ, որ պիտի իսկոյն տումար մտցնուի, թոյլ տալ եւ յայտնել գործակալին ու գանձապետին, որ ջնջի նշանադրութեան տումարից նրանց անունները:

 

ը) Եթէ բացի նշանից, մինչեւ հարսանիքի օրը ուրիշ իրեր կտան հարսնացուին եւ յայտնուեն, այդ նուէրները յանձնուեն այրեաց ու որբոց եւ միմեանցից յետ պահանջելու իրաւունք չունենան:

 

թ) Առաջնորդները հոգ տանեն, որ զուր աւելորդ ծախսեր չլինեն երկու կողմից, բաշլղ անուանուած պահանջը վերանայ, որովհետեւ շատ խռովութիւնների տեղիք է տալիս եւ նշանդրէքի քակտման պատճառ դառնում:

 

ժ) Հարսանիքից 4-6 օր առաջ քահանաները պատրաստում են վկայականը եւ ստորագրում են իրանք ու գիւղի երեցփոխանը. ապա տանում են գանձապետի մօտ աթոռահասը վճարելու եւ անդորրագիր  ստանալու  (ստորագրում են երկու կողմի քահանաները եւ երեցփոխանը):

 

ժա) Քահանաները եթէ առանց անդորրագիր ստանալու պսակ անեն, պատժի եւ տուգանքների ենթարկուեն:

 

Կանոններիս նպատակն է թէեւ կանոնաւորել նշանադրութիւնը եւ աւելի հաստատ հիմքերի վրայ դնել այդ իբրեւ պսակի նախնական պատրաստութիւն, բայց այնքան բարդացնում են գործողութիւնը, որ շատ մեծ դժուարութեամբ կարելի կլինի կեանքում գործադրել:

 

Պսակի կանոնները 1875 թուին հրատարակած

 

20. Նշանադրութեան ժամանակ խոստովանահայր քահանան պիտի ուշ դարձնի, թէ յօժարամիտ եւ ազատ կամքո՞վ են ցանկանում ընկերանալ հարսն ու փեսան, թէ՞ այլ եւ այլ արտաքին պատճառներից եւ բռնութիւնից ստիպուած (տե՛ս Բարս. 42, Շնորհ. 29):

 

21. Ամուսնացածները պիտի չափահաս լինեն (տե՛ս Բ Դւ. 24, Սահ. 27, Շնոր. 28):

 

22. Պէտք է ուշ դարձնեն երկուսի առողջութեան վրայ, որ յետոյ ապագայում տարաբախտութեան պատճառ չդառնայ, որովհետեւ «անլուծանելի է պսակն մինչեւ ցմահ միաբան կենակցութեամբ»:

 

23. Մեր եկեղեցին արգելում է արիւնակիցների եւ մերձաւորների ամուսնութիւնը, «քանզի եւ ըստ փիզիգական պայմանաց առողջութեան ի վնաս յոյժ. համարի որդւոց եւ սերնդոց նոցա»:

 

«Հրահանգ վասն աւագ քահանայից եւ պարտուց պաշտաման նոցա» (Արարատ, 1882 թ. ):

 

24. Աւագ քահանան կամ աւագերէցը հայոց եկեղեցու վաղեմի կարգերի համաձայն, կարգւում է Ամենայն հայոց կաթուղիկոսի հրամանով, ի դիմաց առաջնորդի իբրեւ հսկող թէ եկեղեցու բարեկարգութեան եւ թէ պաշտօնեաների եւ քահանաների վարք ու բարքի վրայ (տե՛ս Սահ. 15, Բ Դւ. 14, 13, 19):

 

25. Աւագ քահանայութիւնը տիտղոս կամ պատիւ չէ, ըստ օտարամուտ կարծեաց, այլ եկեղեցու կառավարչական պաշտօն:

 

26. Եթէ քաղաքներում եւ վիճակներում եկեղեցիների շատութեան պատճառով շատ աւագերէցներ կլինեն, այն ժամանակ առանձին կառավարիչներ կարելի է նշանակել գործակալ անունով, տալով նրան մի աշխարհական օգնական գանձապետ անունով:

 

27. Աւագ քահանայի պարտքն է հսկել, որ եկեղեցում հայոց ծէսերի եւ աւանդութիւնների հակառակ բան չլինի, սպասները, անօթները եւ եկեղեցական հանդերձները մաքուր ու անթերի լինեն բոլոր խորհուրդների կատարման համար, պահանջուելիք եկեղեցական մատեանները լրիւ լինեն, լուսամուտները երկաթեայ վանդակներ ունենան դռները  ամրապինդ փականքներ եւ  գիշերասրահ լինի եկեղեցու մօտ:

 

28. Եթէ եկեղեցին հանդերձեղէնի կամ նորոգութեան պէտք ունենայ, աւագ քահանան, ժողովրդին յորդոր կարդալուց յետոյ, երեցփոխանի հետ առաջնորդից ժապաւինեալ մատեան խնդրեն կամաւոր նուէրներ ժողովելու եկեղեցու պէտքերը հոգալու համար:

 

29. Եկեղեցի շինելու դէպքում աւագ քահանան պիտի միտ դնի, որ շէնքը լինի հայոց եկեղեցիների ձեւով եւ վայելուչ, դադարման դէպքում իսկոյն իմացնի  առաջնորդին:

 

30. Աւագ քահանան պիտի ուշ դարձնի եւ հսկի, որ քահանաները, սարկաւագները եւ դպիրները միշտ եկեղեցի գնան, դատարկապորդ չլինեն, խաղերով չզբաղուեն, եթէ անկարգութիւն անող կտեսնի, նրան երկու անգամ խրատի եւ անուղղայ գտնելուս, առաջնորդին կամ թեմական ատենին հաղորդի:

 

31. Աւագ քահանան պիտի աշխատի, որ ժողովրդականք տարին երեք անգամ հաղորդուեն՝ Զատկին, Ծննդեան եւ Վերափոխման:

 

32. Պիտի հսկեն որ հաղորդութիւնից ութ օր առաջ խոստովանուեն եւ հաղորդութեան օրը արձակուեն եւ ո՛չ նոյն օրը ըստ օտարամուտ սովորութեան` թէ խոստովանուեն եւ թէ հաղորդուեն: Մեծ պասին երբ վարագոյրը բաց չէ, հաղորդուել չի կարելի, բացի հիւանդութեան եւ երկար ճանապարհորդութիւն անելու դէպքերից:

 

33. Աւագ քահանան միտ պիտի դնի, որ անպակաս կատարուեն ժամասացութիւնները, շաբաթ եւ կիրակի պատարագ լինի անխափան, նոյնպէս եւ տօնական օրերը: Ժամերգութիւնը շտապով կամ համառօտելով, կամ եղանակները փոփոխելով չերգուեն, այլ հարց աւանդածին նման (տե՛ս Ե Դւ. 17, 25, Սահ. 3):

 

34. Եթէ մէկը, աշխարհական, թէ հոգեւորական, եկեղեցում անկարգութիւն անի, շփոթ բարձրացնի գործով կամ խօսքով եւ խափանի ժամերգութիւնը, աւագ քահանան իսկոյն ծանուցանի առաջնորդին:

 

35. Աւագ քահանան չպիտի թողնի, որ խէթ եւ հակառակութիւն ունեցող քահանաները եւ սարկաւագները պատարագ անեն, մինչեւ չհաշտուեն, եթէ չլսեն նրան, թող առաջնորդին իմացնի:

 

36. Աւագ քահանան ուշ դարձնի, որ հաղորդութիւնը պատուով եւ զգուշութեամբ պահուեն արծաթի ոսկեզօծ մասնատփով ընծայարանի մէջ, եւ չթողնեն շատ հնանայ, այլ շուտ-շուտ նորոգեն:

 

37. Ուշ դարձնի, որ նորածնի մկրտութիւնը կատարուի ութ օրուայ ընթացքում եւ եկեղեցում, սարկաւագների եւ դպիրների մասնակցութեամբ (տե՛ս Ա առ. 12):

 

38. Զգոյշ լինի, որ հանգուցեալները ժողովրդական եկեղեցիներում երկու ժամից աւելի չպահուեն, եւ հանգստեան պաշտօն կատարելուց յետոյ տանեն թաղելու, իսկ եթէ գերեզմանատան առանձին մատուռ լինի, այնտեղ կարելի է պահել միայն  առողջապահական կանոնների  համաձայն:

 

39. Զգոյշ լինի, որ ոչ ոք հոգեւորականներից առանց կօշիկը հանելու եւ մաքուր հողաթափ հագնելու բեմ դուրս չգայ:

 

40. Չթողնել, որ մեր եկեղեցիներում նոր թափօրներ եւ հանդէսներ հնարուեն կամ խորաններ եւ մատուռներ շինուեն` հակառակ Հայոց եկեղեցու ձեւի:

 

41. Որ Զատկի եւ Ծննդեան տնօրհնէքը կատարեն վայելչապէս առանց անկարգութեանց  եւ  արբեցողութեան:

 

42. Կիրակի եւ տօն օրերին պիտի խրատներ տան ժողովրդին եւ խոստովանութեան համար փող չվերցնեն (տե՛ս Սիս. 11):

 

43. Աւագ քահանան զգոյշ  լինի որ քահանաները սարկաւագներին եւ դպիրներին չզրկեն եւ կամ խփեն, եթէ յանցանք կգործեն, թող քահանաները դիմեն աւագ քահանային, եւ եթէ շարունակեն, առաջնորդին յայտնեն:

 

44. Սարկաւագները եւ դպիրները պիտի մեծարեն քահանաներին եւ հնազանդին, եւ խօսքով ու գործով չանարգեն. եթէ նեղութիւն կրեն քահանաներից, դիմեն աւագին, եթէ աւագ քահանայից նեղուեն՝ առաջնորդին:

 

45. Աւագ քահանան պիտի զգուշացնի քահանաներին եւ սարկաւագներին, որ աչքածակութիւն չանեն, չնեղեն եւ չզզուացնեն ժողովրդին` տուրքերի կամ արծաթի չափից աւելի պահանջելով եւ սակարկութիւն չանեն ս. խորհուրդների՝ մկրտութեան, պսակի, պատարագի, թաղման եւ այլն կատարման համար (տե՛ս Ներսէս Ե, Սահակ):

 

46. Քահանաները եւ սարկաւագները առանց աւագ քահանայի իրաւունքի 25 վերստ հեռաւորութեամբ տեղ չպիտի գնան մինչեւ իսկ մի օրով, իսկ կարեւոր դէպքերում նրա իրաւունքով կարող են հեռու տեղեր էլ գնալ միայն իրանց վիճակում:

 

47. Քահանայի կամ սարկաւագի մեռնելու դէպքում աւագը պէտք է իսկոյն իմացնի թեմական ատենին, տեղեկութիւն տալով մնացած ընտանիքի մասին ու մատուցանելով նրա պաշտօնական թղթերը եւ մեռածի ունեցածի ցուցակը:

 

48. Քահանայի մահից յետոյ, աւագ քահանան պիտի գնայ նրա ծուխը, ստուգի եկեղեցական ստացուածքը եւ գրուածները, եւ յանձնի նորին կամ նշանակուած քահանային երեցփոխանի մօտ: Նոյնը կանի եւ երեցփոխանի մահուան դէպքում, եթէ պակաս բան գտնի, կորածի գինը եւ կորցնողի անունը յայտնի առաջնորդին:

 

49. Նա պիտի հսկի, որ քահանաները, սարկաւագները եւ դպիրները իրանց  աստիճանին  վայել  զգեստներով  լինեն  եւ  մանաւանդ  միատարազ գլխարկ ունենան բարեձեւ ու վայելուչ եւ աշխարհականներից զանազանուեն իրանց բարեվայելուչ զգեստներով (տե՛ս Բ Դւ. 12):

 

50. Աւագ քահանան իրանից բարձր իշխանութիւնից հրաման ստացած ժամանակ, առանց երկբայական եզրակացութեան եւ ինքնակամ բացատրութիւնների, իսկոյն կատարի, ուրիշ եկեղեցականների տարակուսանքը ինքը փարատի, իսկ ինքը տարակուսելիս թող դիմի առաջնորդին կամ թեմ` ատեանին:

 

51. Նա պիտի զգոյշ լինի, որ չհաս եւ ապօրինի պսակ չանեն իւր եկեղեցու քահանաները, ապօրինութիւն նկատած ժամանակ անյապաղ գրութեամբ պիտի յայտնի առաջնորդին եւ թեմ` ատեանին, պսակը խափանելով:

 

52. Նա պիտի զգոյշ լինի, որ ուրիշ ծխականին չպսակեն իւր քահանաները, խստիւ արգելւում է նաեւ այն դէպքերում պսակել, երբ նշանածներից մէկը եկուոր է. սա պէտք է անպատճառ իւր առաջնորդից, որտեղացի էլ լինի, վկայական բերել տայ եւ օրինաւոր արգելք չեղած դէպքում պսակուելու իրաւունք ստանայ:

 

53. Նա պիտի ուշ դարձնի, որ արձանագրական (մետրիքական) մատեանները տարուայ սկզբին տրուեն քահանային, տարին երկու երեք անգամ վերահայի գրուածքները եւ իւր ստորագրութեամբ վաւերացնի ու պահանջի, որ միօրինակ լինեն:

 

54. Նա պիտի միտ դնի, որ եկեղեցու պահարանում անկորուստ պահուեն եկեղեցու անօթների, սպասների եւ եկեղեցական իրերի ցուցակը: Զգուշութեամբ պահուեն եկեղեցու հրամանագրերը, արձանագրական եւ հաշուեմատեանները անցած տարիների եւ այլն, եւ այլն:

 

55. Քահանաները միմեանց ծուխ չյափշտակեն` պաշտամունք կատարելով միմեանց փոխարէն (տե՛ս Շնոր. 18):

 

56. Նա պիտի հսկի, որ երեցփոխանները աչալրջութեամբ գրեն հաշուեմատեաններում ելեւմտից հաշիւը. նշանաւոր ծախքեր չանեն առանց իրան եւ ժողովրդի հաւանութեան:

 

57. Նա պիտի հսկի, որ ծխական երկսեռ դպրոցներում կրօնի ուսուցիչները լինեն հմուտ ու ուղղափառ եւ աջակցեն հոգաբարձութեան:

 

58. Նա չթողնի օտարական վարդապետներին եւ քահանաներին փիլոն առնել իւր եկեղեցում, մինչեւ որ չունենան Սինոդից յանձնարարական գիր (տե՛ս Բ առ. 12, 13, Անտ. 7, 11, Լաւ. 41):

 

Ահա եւ Գէորգ Դ-ի 1868-ի կոնդակի գրաբառ պատճէնը` 15 երես փոքրադիր տպած գրքոյկով

 

Գէորգ ծառայ Յիսուսի Քրիստոսի եւ անհասանելի կամօքն Աստուծոյ եպիսկոպոսապետ եւ կաթուղիկոս Ամենայն Հայոց Ծայրագոյն Պատրիարք համազգական նախամեծար Աթոռոյ Արարատեան Առաքելական Մայր Եկեղեցւոյ Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի, հայրապետական օրհնութեամբ ծանուցանեմք Սինոդի մերոյ, եւ ամենայն Թեմակալ Ատենից գերապատիւ արք եպիսկոպոսաց, վարդապետաց եւ քահանայից եւ ամենայն ուխտի մանկանց սրբոյ Եկեղեցւոյս Հայաստանեայց:

 

Ըստ աստուածային նախասահման տնօրէնութեան ամբարձեալ Մեր ի գահ Հայրապետական ամենայն Հայոց՝  ակնունէաք արդարեւ տեսանել ի Մայր Աթոռս Սրբոյ Էջմիածնի եւ յամենայն վիճակս նորա զամենայն կարգս ուղղութեան յանփոփոխ պայմանի, զորս երանաշնորհ նախնիք յառաքելական աւանդութեանց առեալ եւ հաստատեալ՝  պատկառ կացին երկիւղած իմն բարեպաշտութեամբ կանոնացն այնոցիկ. սակայն ցաւ եւ մեզ ասել, թէ՝ տեսաք զոմանս տարօրինակ իմն գնացիւք օտարացեալս ի գեղեցիկ շաւղաց կառավարութեանց սուրբ Եկեղեցւոյ մերոյ, որ իւրով անարատութեամբ եւ բարոյական կանոնադրութեամբ ի վաղուց հետէ նախանձելի հանդիսանայ առաջի օտարազգաց: Քանզի ի բաց թողեալ զայլ եւ այլ կարգադրութիւնս զորոց ունիմք յետոյ գրել, առ այժմ յակնարկեալ զբարոյական հանգամանս Հոգեւորական դասուց, յորոց առաւել կախին բարոյական կենդանութիւն Ազգին մերոյ եւ զարգացումն նորա ի կրօնական Աստուածպաշտութիւնս, գտաք զբազումս բազմօք շեղեալս յառաջնոցն Հոգեւորավայել քաղաքավարութեանց: Քահանայք՝ որ ըստ աստուածային սուրբ պատգամաց պարտին լինել գիտակք երկնային օրինաց եւ զարդարեալք կենցաղօգուտ ուսմամբք, տեսաք ածեալ յայն բարձր եւ երկնաւոր սուրբ կոչումն՝ զտգէտս, զանարժանս եւ զարատաւորս իսկ, որոց իսպառ արգելուն օրէնք Եկեղեցւոյ մատչիլ ի սպասաւորութիւն սրբոյ սեղանոյն: Իսկ եկեղեցական տեսչութիւն, որ օրինադրեալ է ի սրբոց Առաքելոց կարգել ըստ բազմութեան հաւատացելոց զկարեւոր թիւ երիցանց, ի տեղիս տեղիս նշմարեցաք զթիւ նոցին անցեալ զանցեալ քան զսահմանեալ չափն: Արդ՝ նկատելով զայսպիսի զեղծմունս նախնական կարգաց ի Հոգեւոր եւ յԵկեղեցական կառավարութեան մերում, զորս յառաջ եկեալ համարիմք յանհոգութենէ հովուաց եւ ի շահասիրութենէ եպիսկոպոսաց ոմանց. վասնորոյ ըստ սեպուհ պարտաւորութեան մերում հարկ անհրաժեշտ մեզ վարկաք առ ժամանակ մի արգելուլ զձեռնադրութիւն  քահանայից  եւ  այլոց  եկեղեցական  պաշտօնէից  մինչեւ զվաղնջուց ի մեզ հաստատեալ կարգս եւ կանոնս նորոգելով, գրով աւանդել ձեզ ամենից բարձրաստիճան Եկեղեցականացդ եւ առ հասարակ լրութեան Ազգիս եւ ամենայն վիճակային Հոգեւոր Ատենից:

 

Ա. Այլ արդ աղաչեմք զամենեսին զձեզ սիրովն Յիսուսի Քրիստոսի Փրկչին մերոյ՝ որով կարգեցայք հաւատարիմ տնտես Տանն Աստուծոյ առ ի մատակարարել ի ժամու զարբումն շնորհաց Հոգւոյն Սրբոյ: Մի՛ ոք այսուհետեւ  յԵպիսկոպոսաց  յօժարեսցի  ածել  յաստիճան  քահանայութեան զարս անարժանս, եւ զրկեալս ի գեղեցիկ իմաստից Հոգւոյն Սրբոյ, մանաւանդ զարատաւորս եւ զանբարոյականս զակատեալս զհետ զօշաքաղութեան: Քանզի Քահանայութիւնն, որ ի Քրիստոսէ հաստատեցաւ յեկեղեցւոջ ի հազարապետութիւն խորոց խորհրդոցն Աստուծոյ, պարտ է զայնպիսիս ընտրել յայն սուրբ աստիճան, որք բաւական իցեն զայլս խրատել եւ զանձինս իւրեանց ապրեցուցանել յանխուսափելի պատասխանատուութենէ Աստուծոյ: Արդ յայս Աստուածային աւանդից լսեմք խոտորիլ ոմանց Եպիսկոպոսաց մերոց եւ առաւել եւս վիճակային Հոգեւոր Ատենից, որք բազմիցս յընտրութեան անդ որ եւ իցէ անձանց ի հոգեւորականութիւն, առաւել միտ եդեալ են օգտի իւրեանց, քան արժանաւորութեան ընտրելոցն: Եւ թէ քանի խոտելիք են եւ դատապարտելիք այսպիսի արարք, վկայեն մեզ վճիռք նախնի սրբոց Հարց, որք ընդ նզովիւք արկեալ են եթէ՝ զնա, որ ձեռնադրէ արծաթով զանարժանս, եւ եթէ՝  զնա, որ անարժան գոլով յանդգնի արծաթով գնել զշնորհս Հոգւոյն Սրբոյ: Թէեւ սովորութիւն էր նախնեաց մերոց ընդունել զկամաւոր նուէրս ըստ չափու կարողութեան իւրաքանչիւրոց ի բերոյ երկրի նոցին եւայլն, զոր մատուցանէին սիրայօժար կամօք եւ բարեպաշտութեամբ, զորս եւ մեզ ո՛չ ի դէպ է խափանել, համարելով զայնս պտուղ բարեպաշտութեան հաւատոց նոցա, բայց վաճառաշահ լինել գնահատութեամբ նախ քան զկատարումն տիրահաստատ խորհրդոցն՝ արգելումք իսպառ Հոգւովն Աստուծոյ, եւ դատապարտեմք զարծաթասէր եկեղեցականս որպէս եւ նախնիք մեր դատապարտեալ են իրաւամբ:

 

Բ. Մի՛ ոք այսուհետեւ ձեռներէց լինիցի ընծայել զանձն առաջի Աստուծոյ առանց ընտրութեան Եկեղեցւոյ. զի քահանայացուք որք լինելոց են ի տիրացուաց սպասաւորողաց եկեղեցւոյն, պարտին ընտրիլ նախ ի քահանայից եւ ի ժողովրդոց այնր եկեղեցւոյ համահաճութեամբ եւ սիրով, եւ մի աչառութեամբ եւ կողմնակցութեամբ, եւ ապա հանրագրութեամբ ամենեցուն ներկայացուցանել վիճակային Հոգեւոր իշխանութեան:

 

Գ. Վիճակային Հոգեւոր իշխանութիւնն յետ ընդունելոյ զհանրագրութիւն ժողովրդոց ի վերայ այնր ընտրեալ անձին ի քահանայութիւն, պարտի առնել զքննութիւն նախ՝ թէ ունի զուղղափառութիւն հաւատոյ եւ զուսումն Աստուածային գրոց, զի կարող լինիցի ըստ օրինի պաշտել զկարգ Եկեղեցւոյ: Երկրորդ՝ թէ ունի զբարոյականութիւն կատարեալ, զի կարող լինիցի ըստ կոչման պարտաւորութեանն՝ կառավարել զժողովուրդս օրինակաւ անձին: Քանզի ո՛չ սակաւ վտանգեսցի եկեղեցին Աստուծոյ յայնմանէ, որ գոլով զուրկ ի յիշատակեալ բարոյական հանգամանաց՝ կարգեսցի հովիւ եկեղեցւոյ եւ կառավարիչ հօտին Քրիստոսի: Զեղծմունք բարեպաշտութեան եւ թուլութիւն կրօնից՝ որ ի յետին ժամանակս զգալի իմն օրինակաւ տեսանին ի կենցաղավարութեան մերոցս, անտի յառաջ եկեալ համարիմք, զի որ ընտրեալք են լոյս լինել աշխարհի եւ աղ համեմիչ բարոյական կենաց մարդկան սրբութեամբ եւ աստուածահաճոյ քաղաքավարութեամբ յառաջ վարելով զպաշտօն իւրեանց հոգեւորականացն դասք, զեղխ եւ աշխարհասէր կենօք կենցաղավարելով վատութեան հեղինակ լինին ժողովրդոց մերոց: Եւ ահա յայս միտս Առաքեալն Պօղոս խստիւ պատուիրէ. «Վաղվաղակի ձեռս ի վերայ ուրուք մի՛ դնել, զի մի՛ կցորդ լինիցին մեղաց օտարաց»:

Արդ զայս եւ մեք նկատելով կանխաւ, պատուէր տամք ամենայն Հոգեւոր Ատենից եւ Առաջնորդաց Եկեղեցւոյ՝ զգոյշ լինել յամենայնի, եւ մի՛ վաղվաղել առաջի կացուցանել Սինոդի զամենայն ընտրեալս ի ժողովրդոց առանց կանխաւ հասու լինելոյ ներքին արժանաւորութեան նոցա, եթէ հաւատոյն՝ որ առ Աստուած, եւ եթէ ջերմեռանդն կրօնասիրութեան եւ պարկեշտ վարուց նոցին եւ ուսման:

 

Դ. Վասն եկեղեցւոյ քաղաքաց ձեռնադրելի անձն ի քահանայութիւն՝ պարտի ունել զուսումն հայկաբանութեան, այնպէս զի լինիցի վարժ ի գրել եւ ի բացատրել զգրաբառ լեզու հայոց, եւ եւս հմուտ առարկայիցն, զորս սովորաբար աւանդեն ի Հոգեւոր ուսումնարանս. իսկ ձեռնադրեալքն վասն գիւղօրէից եկեղեցեաց, որովհետեւ դեռ եւս չեն հաստատեալ յամենայն գիւղօրայս բարեկարգ դպրոցք, եւ ուսեալքն ի նմին անկատար են ըստ մեծի մասին, թէեւ առ չմնալոյ նոցա առանց քահանայի թոյլատրեմք առ այժմ ձեռնադրել զայնպիսիսն բայց պարտ է պահանջել եւ ի նոցանէ գոնեա զգիտութիւն շարականաց եւ առ հասարակ ամենայն եկեղեցական պաշտամանց եւ կարգաց եւս քրիստոնէական վարդապետութեան հաւատոց եւ ամենայն խորհրդոց եկեղեցւոյ:

 

Ե. Եւ քանզի նկատմամբ հանգամանաց ժամանակիս չէ հնար ամենայն ուրեք գտանել զարս արժանաւորս այսր սուրբ եւ աստուածային կոչման, վասն այսորիկ պատուիրեմք: Եթէ չգտանիցի ի տեղւոջ ուրեք արժանաւոր տիրացու, ընտրեսցի յայլ տեղեաց, բայց նախ՝ պարտին տեղացիք զընտրելի անձն ամենայն ընտանեօք եւ կահիւք եւ կարասեօք փոխադրել ի տեղին, ուր լինելոց է քահանայ. եւ հոգեւոր իշխանութիւնն յետ կանոնաւոր քննութեան, զոր ի վեր անդր յիշատակեցաք պարտ է պահանջել զերդմնագիր ի ձեռնադրելոյն վասն կալոյ եւ մնալոյ անդ ցվախճան կենաց իւրոց անբաժանելի յեկեղեցւոյ եւ ի ժողովրդոց: Նոյնպէս եւ ի ժողովրդոց հարկ է պահանջել   զպայմանագիր   վասն  ապահովապէս  պահպանելոյ   զքահանայն եւ զընտանիս նորին:

 

Զ. Լսեմք, զի տիրացուք քաղաքաց եւ կամ երեւելի գիւղօրէից տեսանելով՝ եթէ ոչ կարեն լինել քահանայ ի տեղւոջն, ընտրեն զմի ի մասնաւոր գիւղօրէից անտի՝ եւ խոստանան մնալ անդ մշտնջենաւոր քահանայ, եւ ապա յետ ձեռնադրութեան գուն գործեն որեւ իցէ կերպիւ փոխադրիլ ի քաղաքս իւրեանց, կամ այլուր, իսկ հոգեւոր իշխանութիւնն զանազան պատճառանօք առնէ զհաճոյս նորա, եւ ի տեղի նորա նշանակէ զայլ ոք ի քահանայ:

Այլ քանզի այսպիսի ուխտազանցութիւնք չեն տարբեր ի յանցուածոց, եւ քան  զյանցանս  առաւել  դատապարտելի, ուստի  պատուէր  տամք Առաջնորդաց եւ վիճակաւոր Ատենից, եթէ դէպ լինիցի այսուհետեւ, մի իշխեսցին տեղափոխել. սակայն եթէ գռգռելով զժողովուրդն՝ յարուսցէ աղմուկ եւ խռովութիւն, լուծցի ի քահանայական կարգէ, փոխանակ զի ուխտազանց գտանի:

 

Է. Են ոմանք ի քահանայից, որ բնաւորեալ գոլով ի չարիս եւ հակառակասէր ունելով բնութիւն ընդ դէմ պարկեշտ վարուց՝ զօշաքաղութեամբ, յիշոցօք եւ ազգի ազգի անվայել բանիւք եւ ընթերցիւք գայթակղութիւն տալով ժողովրդոց երկպառակտեն, որոց առ խաղաղելոյ հոգեւոր իշխանութիւնն տեղափոխէ զքահանայն այլուր ի քահանայագործութիւն իբրեւ պատիժ յանցաւորութեան. զայնպիսիս պատուիրեմք առ տեղեաւն, ուր էր՝ ընդ ապաշխարութեամբ արկանել, ի նմին իսկ եկեղեցւոջ ի ներկայութեան ժողովրդոց իւրոց ի խրատ եւ ի զգուշութիւն: Եւ եթէ միայն իցէ եւ չունի զայլ ոք պաշտօնակից ենթարկեալն ապաշխարութեան, կարգեսցի ժամանակաւորապէս այլ քահանայ ի պաշտօնակատարութիւն, եւ ի ծխական արդեանց մի մասն ի չորից սահմանեսցի ի սնունդ ընտանեաց արգելեալ քահանային, եւ երեք մասն արկցէ ի հաշիւ որբոց եւ այրեաց կամ Աթոռապատկան հասութից:

 

Ը. Ո՛չ սակաւ եպերելի դատեմք եւ զայս սովորութիւն, զոր որպէս լսեմք ի տեղիս տեղիս առնեն առաջնորդք եւ վիճակային ատեանք, իբր այն զի սակաւաբնակ գիւղք երկու կամ երեք, յանձնին ի հովուութիւն միոյ քահանայի չմտաբերելով ըստ հասարակաց առածին թէ` «ցրուեալքն առ բազումս տկարանան առ մին». այլ ըստ որում՝ յայսպիսի տնօրէնութեանց անտեղութեանց բազմաց յառաջ զայն անուրանալի է նկատմամբ հոգեւոր գործոց մատակարարութեան ժողովրդոց եւ  աստուածային պաշտամանց, ըստ այսմ օրինադրել արժան համարիմ այսուհետեւ՝ իւրաքանչիւր գիւղ որ ունի եկեղեցի, թէ եւ սակաւաթիւ, սահմանեսցի նոցա յատուկ եւ սեպհական քահանայ, եւ եթէ առաւել իցէ քան զեօթանասունն՝ երկուս քահանայս, իսկ եթէ բազմամարդ՝ առ հարիւր տունն՝ մի քահանայ:

 

Թ. Այլ որ՝ քան զամենայն ցաւալին է եւ ուշադրութեան արժանաւոր, իբրեւ արմատ ուղղութեան կարգաց եւ օրինաւորութեան հոգեւորականութեանս մերում, որդիքն են քահանայից, որ յաղագս ծագման ազատ համարեալ ի հարկատու կարգաց, սահմանեալ եւս են ի պատիւ քահանայութեան ելանել ի ժամանակին եւ ընդ տեսչութեամբ հոգեւորականութեան գրեալ ի կարգս եկեղեցականաց: Վասն սոցա լսեմք բազմիցս՝ թէ փոխանակ ուսման պարապելոյ եւ ի վարժս եկեղեցականութեան, պարապորդութեամբ անցուցանեն զժամանակ կենաց իւրեանց. եւ բազում այն է, որք անբարոյապէս կեան ի գայթակղութիւն ժողովրդոց եւ յուսան եւս ձեռնտուութեամբ օժանդակելոց յապագային ընդունիլ զաստիճան Քահանայութեան, եւ եթէ յազգի մերում օր քան զօր աճին թիւք վատշուէր դատարկաշրջիկ եւ գինեմոլ քահանայից անտարբեր եղելոց առ ստանձնեալ պաշտօն եկեղեցականութեան իւրեանց, յայսպիսեաց կենցաղավարելոց ընկալեալ են զաճումն: Ուստի առ ի կարճել զապականութեան որոմնս այս, որ խանգարէ զբարեզարդութիւն ուղղափառ եկեղեցւոյ, եւ անուան հոգեւորականութեան նախատինս առ բերէ ի մէջ ազգաց օտարաց. զայս կանոն աւանդեմք: Որդիք քահանայից, որք չունին զուսումն, կամ անբարոյական են ըստ վկայութեան ժողովրդոց, տնօրինեսցէ իշխանութիւնն արձակել զնոսա ի հոգեւորական ծագմանէ, եւ արկցէ ի թիւս հարկատուաց: Այս օրէն լիցի եւ վասն այնպիսի դպրաց, որք գոլով ծնունդք հարկատուաց, ըստ խնդրոյ ժողովրդեան արձակեալ են ի հարկատուութենէ եւ մտեալ են ի կարգս եկեղեցական պաշտօնէից, որք եթէ չունին զուսումն եւ ծոյլ են ի պաշտման եկեղեցւոյ եւ ուսման՝ եւ վատաբարոյ, զրկեսցին յեկեղեցական կարգաց եւ վերստին ընդ հարկատուս գրեսցին: Քանզի զինչ օգուտ ունիցի առ յապայն յայնպիսեաց ազգ մեր եւ եկեղեցի սուրբ, բայց եթէ անկարգութեամբ օրինակ չարեաց հանդիսանալով ի պարզամիտ ժողովրդեան ունին ի վերջոյ արատս բերել անուան հոգեւորականութեան եւ սուրբ կրօնիս մերոյ:

 

Ժ. Են Քահանայք՝ որք ի խոր ծերութեան հասեալ են եւ կամ վատնեալ ի զգայարանացն զօրութենէ, բայց առ ագահութեան կամ ընչաքաղցութեան չկամին հրաժարիլ կամաւորապէս ի պաշտամանց իւրեանց, եւ յանդգնին անկատար իմն եղանակաւ կատարել Քահանայագործութեան զծանր պաշտօն, ի նախնեաց կանոնադրեալ է զտկարութեամբ զգածեալ ծերոց եւ զառամելոց լռել ի պաշտօնակատարութենէ, վասնորոյ եւ մեք զնոյն տնօրինեալ պատուիրեմք, եթէ ծերասցի եւ անկարող եղիցի Քահանայագործել եւ միայն իցէ յեկեղեցւոջ, ի տեղի նորա ձեռնադրեսցի այլ ոք. եւ ծխական հասոյթքն, որ ի ժողովրդոց, բաժանեսցին ի չորս մասն, երեք մասն լիցի ծերացեալ քահանային, եւ մի մասն նորոգ ձեռնադրելոյն:

 

ԺԱ. Յիշեմք եւ զայս, զի ձեռնադրեալ նորընծայք ի տեղիս տեղիս չպահեն զքառասունքն ամբողջ, զոր եկեղեցի մեր օրինադրեալ է պահել նորընծայից զերիս քառասունս՝ մնալով յեկեղեցւոջ զտիւ եւ զգիշեր հսկմամբ աղօթից եւ պահօք: Յառաջնում քառասունքի ծոմապահութեամբ զպահոց կերակուրս ճաշակելով յօրն մի նուագ. յերկրորդումն՝ յաւուրս ուտեաց զնաւակատեաց կերակուրս, այս է, զկաթնեղէնս, ձկնեղէնս եւ ձուեղէնս ճաշակելով, օրինադրելով յայս երկրորդ քառասնորդս գնալ ի տունս իւրեանց եւ ճաշել եւ անդրէն յեկեղեցին վերադառնալ, եւ յերրորդումն՝ ի կիւրակէս միայն զմսեղէնս ճաշակելով: Այս է նախնական սովորութիւն մերս եկեղեցւոյ, եւ ըստ այսմ վարիլ հարկ է:

 

ԺԲ. Յայտնի է բազմաց մերազնէից զի նախնիք մեր հաստատեալ են բարենպատակ դիտաւորութեամբ յառաջ քան զաւուրս երիս նախ քան զօր պատարագի՝ ամուսնացեալ  Քահանայից  մեկուսացեալ  յընտանեկան  կենաց առանձնասցին ի սենեակ եկեղեցւոյ՝ աղօթից եւ ընթերցման Սուրբ Գրոց պարապել, եւ յետ պատարագին այլ եւս յաւուրս երիս, եւ զի նշմարեցաք ի բազում տեղիս բարձեալ այս սովորութիւն, պարտաւորութիւն դնեմք ամենայն Առաջնորդաց հաստատել խնամով զնոյն, եւ եթէ չունին սենեակս եկեղեցիք ոմանք՝ հոգ տարցին կառուցանել յարդեանց եկեղեցեաց, զի մի՛ ուղղութիւն կարգաց, յորում գերազանց օրինակաւ փայլի անարատութիւն եւ սրբութիւն կրօնիս Քրիստոնէութեան, խանգարումն առցէ:

 

ԺԳ. Այլ ի վերայ այսր ամենայնի հարկ է վիճակաւոր առաջնորդաց, որք կարգեալ են ի Հոգւոյն Սրբոյ լինել տեսուչ եկեղեցւոյ եւ Հօտին Քրիստոսի, յամենայն  կիւրակէս  եւ  ի  տօնական աւուրս  անխափան քարոզել. զնոյն հարկադրել առնել նաեւ ամենայն վարդապետաց ընդ տեսչութեամբ իւրեանց եղելոց. քանզի ճշմարտութիւն հաւատոյ, որ ըստ առաքելոյն ի լուր բանին հաստատեալ է, աճումն առնէ ի հաւատացեալս յայնժամ, յորժամ ողջամիտ մտօք բացատրեսցին ամենայն մասունք նորա:

 

Այս են գլխաւոր պարտիք որոց զաթոռն ունին առաքելական, ըստ որում եւ Առաքեալն Քրիստոսի Պօղոս յետ առաջի առնելոյ ամենայն հանգամանօք զպարտաւորութիւն իւրաքանչիւրոց պաշտօնէից Աւետարանին, որ է լինել հեզ, պարկեշտ, անարատ, հիւրասէր, բարեսէր, սուրբ, ժուժկալ եւ այլն. յարէ ի նոյն թէ` «վերակացու լինիցին բանին վարդապետութեան»:

 

ԺԴ. Ունել պատուիրեմք եւ արթնութիւն եւ հոգս. եւ վասն այսորիկ զի ի գիւղօրայս ոմանս որպէս լսեմք, հազիւ ի տարին հինգ անգամ եւ եթ պատարագ մատուցանեն քահանայք, որով եւ ժողովուրդքն զուրկ է ի հոգեւոր այնր շնորհաբաշխութենէ, սառնանան ի ճշմարիտ յաստուածպաշտութենէ եւ ի կրօնասէր ջերմեռանդութենէ, առ որ հարկադրեմք զամենայն Առաջնորդս տնօրինել, զի քահանայք այնպիսի գիւղօրէից անխափան յամենայն կիւրակէս եւ ի շաբաթ աւուրս նաեւ յամենայն երեւելի տօնախմբութեան մատուսցեն զսրբազան խորհուրդ պատարագի, իսկ եթէ միայն իցէ քահանայն, գոնէ ի կիւրակէս եւ ի տօնս տէրունականս. եւ մի հեղգացեալ յաննահանջելի պարտուց. հեղգութեան լիցին պատճառ եւ ժողովրդոց աստուածպաշտութեան եւ կրօնական պարտաւորութեանց:

 

Արդ զայս ամենայն ի պայծառութիւն սրբոյ եկեղեցւոյ մերոյ կարեւոր համարելով հաստատել եւ հրատարակել, խստիւ պատուէր տամք ամենայն առաջնորդաց կօնսիստորիայից եւ գաւառական հոգեւոր ատենից կառավարութեանց այսուհետեւ ըստ բառական կանոնադրութեանս վարել զտեսչութիւն եկեղեցւոյ. որոյ օգուտք անտարակուսելի են. իսկ մեք աղօթս առնեմք առ Այն՝ որ գիտէ լնուլ զպէտս Եկեղեցւոյ իւրոյ սրբոյ, սուրբ եւ անարատ կենօք պահեսցէ զամենեսին զձեզ ընդ հովանեաւ գթութեան իւրոյ յօրինակ բարի հաւատացեալ հօտին Քրիստոսի, եւ ի շինութիւն Հայաստանեայցս ամենամաքուր ուղղափառ Եկեղեցւոյ: Ամէն:

 

  (Տեղի ստորագրութեան)

 

Տուաւ ի Մայր Աթոռս Սրբոյ Էջմիածնի ի 5 աւուր դեկտեմբերի 1868 ամի, եւ ի մերում թուականութեանս ՌՅԺԸ