Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

41) Ա) ԱՇՏԻՇԱՏՈՒ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (365 Թ. )

 

Առաջի պաշտօնական եկեղեցական-ազգային ժողովը, գոնէ ըստ պատմագրաց վկայութեան, է Աշտիշատի այս ժողովը, որ եղաւ Ներսէս Մեծի նախագահութեամբ 365 թուին, հոգեւորականների եւ աշխարհականների մասնակցութեամբ: Խորենացին ասում է գլ. Գ. Ներսէսը «ժողով արարեալ եպիսկոպոսաց, եւ համօրէն աշխարհականօք, կանոնական սահմանադրութեամբ հաստատեաց... »:

 

Փաւստոսը ասում է 63-64 եր. «Ժողովեցան ի գեղն Աշտիշատ, ուր զառաջինն զեկեղեցին էր շինեալ, զի մայր եկեղեցեացն, եւ ի տեղի լեալ նախնեացն ժողովոց Սիւնհոդոսին»: «Եւ ամենայն աշխարհին պատուիրէր (Ներսէս Մեծ), եւ գլխովին թագաւորին, առ հասարակ ամենայն մեծամեծացն եւ ամենեցուն... »:

 

Այս ժողովը որովհետեւ պաշտօնական կանոններ սահմանող ժողովների հիմքն է դնում Հայաստանում, ուստի տեսնենք ի՞նչպէս է սկսուել ժողովը, ո՞վ է բացել, ո՞վ է նախագահել, ո՞վքեր էին մասնակցում ժողովում:

 

Երկու պատմիչների խօսքից երեւում է, որ ժողովը հրաւիրել է ինքը` կաթուղիկոսը, թէ հոգեւորականներին եւ թէ աշխարհականներին, մինչեւ իսկ «գլխովին թագաւորին»: Նախագահութիւն անում էր ինքն Ներսէսը, թագաւորը ժողովում ներկայ էր, թէ ո՛չ, յայտնի չէ:

 

Ժողովին հրաւիրուած էին երկու դասակարգն էլ, հոգեւոր եւ աշխարհական, այս փառաւոր սկզբունքը մնաց իբրեւ հիմնական կէտ մեր պատմութեան մէջ հետակայ դարերի բոլոր ժողովներում. մինչեւ անգամ ոչ թէ կարգադրական, հապա դաւանաբանական հարցեր որոշող բոլոր մեր ժողովներում մասնակցել են աշխարհականները. շեշտելի է այս սկզբունքը այն տեսակէտից, որ միւս եկեղեցիները կարող են նախանձով նայել այս բանիս վրայ եւ ձգտել նոյն դրութեան հասնել, քանի որ եկեղեցի ասելով հասկանում ենք հաւատացեալների ժողով, որը երկու դասակարգի մասնակցութեամբ միայն կարող է վճռել բոլոր եկեղեցական հարցերը եւ խնդիրները:

 

Ժողովի կանոնները թէեւ որոշ գլուխներով բաժանուած չեն եղել, կարգադրութիւնները գրուած են մատենագրների մէջ առանց դասաւորութեան եւ յօդուածների, բայց հետակայ ժամանակներում 6 գլխի է վերածած եւ 6 գլխում ամփոփուած բոլոր կարգադրութիւնները, որոնք արուած են եղել 365-ի այդ ժողովում: Մինչեւ անգամ եթէ Փաւստոսի ցիրուցան տեղեկութիւններին նայենք, Ներսէսը բացի այդ 6 կանոններից, սահմանել է եւ շատ կանոններ զանազան խնդիրների վերաբերմամբ, որոնցից շատերը յիշում է, բայց դրանք դուրս են մնացել կանոններից, երեւի թէ Խորենացուն համարելով ճշմարտապատում պատմիչ՝ հետեւել են նրա տուած տեղեկութիւններին այս ժողովի վերաբերմամբ, քան շատ խօսող Փաւստոսին:

 

Նկատելի է եւ այս, որ մեր ձեռագիր կանոնագրքերում այս ժողովի մասին ոչ մի խօսք չկայ, ի՞նչու, դժուար է պատասխանել. այդ պակասութիւնը չպէտք  է  այս  ժողովի  արժէքը  ձգի քանի  որ  այդ  կանոնագրքերում  կան խառնուշփոթ ամէն տեսակ կանոններ, յայտնի եւ անյայտ թէ ժողովների եւ թէ անձանց, որոնք դարերի ընթացքում սպրտել են այդ ժողովածուների մէջ:

 

1. Ժողովը արգելեց նախարարներին, որ իրանց տոհմական ժառանգութիւնը պահպանելու համար՝ մերձաւոր ազգականների մէջ խնամութիւն չանեն:

 

Մերձաւոր ազգականների ամուսնութիւնը շատ արմատացած էր ազնուական դասի մէջ, մանաւանդ իրանց կալուածատիրական իրաւունքը ժառանգաբար պահելու համար: Ժողովս թէեւ արգելում է մերձաւորների ամուսնութիւնը, բայց որոշ աստիճաններ չի նշանակում այդ մասին: Սոյն խնդրի վիճակը փնտռելով միւս քրիստոնեայ ազգերի մէջ եւ համեմատելով միմեանց հետ, կարելի է մօտաւորապէս որոշել, թէ Ներսէսի ժողովը մինչեւ քանի աստիճանն է արգելում.   մանաւանդ որ Խորենացու վկայութեամբ` Ներսէսը իւր կրթութիւնը ստացել էր Պօլսում, լաւ ծանօթ էր յունաց եկեղեցական գործերին եւ նրանց նմանութեամբ էլ մտցնում էր Հայոց մէջ այս բոլոր կարգերը:

 

Նէոկեսարիայի 2, Բարսեղ Մեծի 23, 78, 87, Տիմոթէոսի 11 կանոնները արգելում են ամուսնութիւնը եղբօր եւ եղբօր աղջկայ (3 աստիճան), հօր ու խորթ աղջկայ, որդու եւ խորթ մօր (1 աստիճան), հօր ու որդու եւ երկու քրոջ մէջ (3 աստիճան), մօր ու աղջըկայ եւ երկու եղբօր մէջ (3 աստ. ), երկու եղբօր եւ մի կնոջ (2 աստ. ), մի մարդու եւ երկու քրոջ մէջ (2 աստ. ): Բարսեղի կանոնով այսպիսի պսակները լուծվում են եւ ապաշխարանքի են ենթարկում յանցաւորները: Մեր ժողովի կանոնի մէջ պատիժ չկայ, երեւի նախարարներին պատժելը դժուար է համարուել ժողովականների աչքում: Փաւստոսը պատմում է, որ Ներսէսը ստիպում էր ոչ միայն նախարարներին, հապա եւ թագաւորին, որ ճշտութեամբ հետեւեն այդ կարգերին, բայց թագաւորը բոլորովին հակառակն էր անում: 2. Ժողովը արգելեց լաց ու կոծ անել մեռելների վրայ, անկարգ շարժումներով եւ ոճրագործութիւններով սուգ կատարել յուղարկաւորութեան հանդէս    կատարելիս:

 

Հեթանոսութեան ժամանակից հայերի մէջ սովորութիւն էր՝ սիրելու մահից յետոյ մազերը փետել, երեսը չանկռտել, մոխիր ածել, լաց ու կոծ անել, կուրծքը եւ գլուխը ծեծել, եղերամօր սկսելով խմբովին սուգ ու շիվան անել, ծափ տալ, պարել, նուագել զանազան նուագարանների վրայ (Փաւստ., Ե գլ. ): Շատերն էլ ողջ-ողջ ձգում էին իրանց դիակի վրայ եւ այդպէս թաղւում. ահա այսպիսի տգեղ երեւոյթների համար է սահմանում այս կարգադրութիւնը երկրորդ կանոնս:

 

3. Վարակիչ հիւանդութիւնների ծաւալման առաջն առնելու համար կառուցանել բորոտների համար` ուրկանոցներ, տկարների համար` հիւանդանոցներ, կաղերի եւ կոյրերի համար` անկելանոցներ. այդ հաստատութիւնները խնամելու համար գիւղերից ու քաղաքներից հասեր եւ տուրքեր սահմանել, խնամատար ու սպասաւորներ նշանակել եւ բոլորի ղեկավարութիւնը յանձնել Խադ սարկաւագին:

 

Մովսէսի ժամանակուանից բորոտները իրաւունք չունէին բնակուած տեղերում ապրել, նրանք թափառում էին եւ քաղցած ու ծարաւ շրջելով` անց կացնում իրանց թշուառ օրերը: Առաքեալների ժամանակ խնամում էին ոչ միայն դրանց, այլ եւ բոլոր չքաւորներին եւ աղքատներին: Եպիսկոպոսների ամենամեծ պարտականութիւններից մէկն էր, եկեղեցական կանոններով որոշուած, խնամել եւ կերակրել բոլոր աղքատներին, պահել նրանց ընտանիքը: Սրանցից մինչեւ այսօր մնացել է յօգուտ այրեաց եւ որբոց գանձանակը եւ մեծ վանքերում հիւրանոցներ: Սրանց համար խօսում է հետեւեալ կանոնը:

 

4. Որբերի եւ այրիների համար որոշեց կառուցանել որբանոցներ եւ այրիանոցներ, դրանց պահելու համար` առանձին տուրքեր եւ հասեր:

 

Բարսեղի 24 կանոնով այն այրին, որ մարդու կերթայ, կզրկուի եկեղեցու բաժնից. եկեղեցուց խնամք ստացող այրիների դասը մեծ մասամբ պառաւներ էին, մինչեւ իսկ 60 տարեկանից վեր:

 

Թէ ի՞նչպէս էին ժողովում այդ հասերը եւ տուրքերը, ի՞նչպէս էին բաժանում գիւղերի եւ քաղաքների վրայ. պարտաւորակա՞ն էր, թէ՞ կամաւոր, յայտնի չէ, այդ մասին ոչինչ չկայ:

 

5. Օտարների եւ հիւրերի համար քաղաքներում եւ գիւղերում հիւրանոցներ  որոշեց  շինել որովհետեւ  դրսեւը  մնալով`  չարագործութեամբ  կարող էին պարապել:

Բ-առաքելական 41 եւ Անտիոքի 25 կանոնները պատուիրում են եպիսկոպոսին օտարներին եկեղեցու եկամուտներով կերակրել. որպէս զի միայն հաւատացեալները օգտուէին այդ իրաւունքից, նրանք պարտաւոր էին իրանց վկայաթուղթը ներկայացնել եւ ապա ընդունուել (Անտ. 7 կ. ):

 

6. Ժողովը որոշեց երեք տեսակ բնակութեան տեղեր կառուցանել կրօնաւորների համար, որոնք դատարկ շրջում էին ամէն տեղ, օթեւանելով աշխարհականների տանը, գիւղերում ապրելով իբրեւ վանքի մէջ: Անապատներում` եղբայրանոցներ, առանձնակեացների համար` միայնանոցներ եւ խրճիթներ՝ որոշ կանոններով:

 

Վանական կեանքը սկսուել է շատ վաղ եւ զարգացել է աստիճանաբար: Պօղոս առաքեալը այդպիսի խստակեաց կեանքի առաջի օրինակն է քրիստոնէութեան շրջանում Կորնթ. Թ 4, 5, 25, 27, Փիլ. Գ 7-17): Բ առ. 51 եւ 53 կանոնները մատնացոյց են անում այն կեանքը, որը վայել է աշխարհից հեռացած կրօնաւորներին. չափաւորութիւն կերակրի մէջ, ժուժկալութիւն ամուսնութեան մէջ: Հալածանքների ժամանակ այդպիսի մարդիկ ստիպուած էին քաշուել թաքուն տեղեր, անտառներ, մաղարաներ, լեռներ եւ ազատ կերպով նուիրել իրանց Աստծուն, մինչեւ անգամ ցմահ մնալով այդ միայնակ տեղերում եւ չվերադառնալով հայրենի ծննդավայրեր: Դրանք հոգեւորականութեան հետ կապ չունէին, հոգեւորականի ոչ մի աստիճան չունէին եւ ոչ մի եկեղեցական պաշտօնակատարութիւն չէին անում. հապա իրանց սրբակեաց կեանքով եւ մաքրութեամբ օրինակ էին դառնում ժողովրդին եւ փրկութեան ճանապարհ ցոյց տալիս:

 

Դ դարուց սկսած եկեղեցին դրանց վանքերը իրա իշխանութեան տակ առաւ, եպիսկոպոսներն էին հսկում վանքերի եւ վանականութեան վրայ: Վանականութեան մէջ մտնողը Բարս. 19 կանոնով պիտի կուսութեան խօսք տար եւ որոշ ժամանակ փորձի ենթարկուէր: Վանքի կառավարիչն էր վանահայրը, որ արխիմանդրիտ էր կոչւում, պատասխանատու էր վանքի միաբանութեան համար: Վանականները առանց վկայաթղթի իրաւունք չունէին վանքից դուրս գալու, ինչք եւ կալուածք ունենալու, ունեցածը վաճառում էին կամ վանքին յանձնում, կամ ժառանգներին թողնում: Եղբայրանոց վանքերը նրանք էին, որտեղ միասին աղօթում, միասին ապրում էին հանրավարական սկզբունքով, միայնակեաց վանքերում իւրաքանչիւրը փակւում էր խուցում եւ աղօթքով անցնում իւր սենեակում: Երրորդ տեսակ կրօնաւորները ճգնաւորներն էին, որոնք քարաժայռերում, անտառներում եւ սիւների գլխին ճգնում էին եւ կերակրւում կանաչեղէնով: Փաւստոս դրանց այսպէս է նկարագրում. «Աշխարհից հեռացած, անապատներում, քարանձաւներում, այրերում, քարածերպերում, միահանդերձք, բոկագնացք, խոտաճարակ, լեշկամաշկով, եւ այծու մորթով» (ԺԶ գլ. ): Վանականութեան հիմքը դրին Եգիպտոսում Պօղոս եւ Անտոն ճգնաւորները. եղբայրանոցների հիմնադիրն էր Պաքոմը 292-ին ծնուած. ութ վանք շինեց 3000 վանականներով (աւելի մանրամասն տե՛ս Բ գրքում): Մեր մէջ վանականութիւնը սկսուեց Լուսաւորչով. «Եւ դարձեալ բազում եւ անհամար գունդս վանականաց ի շէնս եւ յանշէնս, դաշտական շինակեացս եւ լեռնակեացս, անձաւամուտս եւ արգելականս հաստատէր» (Ագաթ. 487):

 

Վանականութիւնը մեծ զարկ ստացաւ Բարսեղ Մեծի օրով, մեր մէջ` Ներսէսի եւ Սահակի օրերով: Կազմեցին կանոնադրութիւններ, պարապման ժամեր որոշուեցին: Աղօթքից ազատ ժամերում նրանք գրում էին, ձեռագործով, նկարչութեամբ պարապում, վաճառում էին իրերը եւ ընդհանուր գանձարանը ձգում: Հռիփսիմեանք յուլունք էին շինում Վաղարշապատում եւ դրա վաճառքով ապրում: Արեւմտեան եկեղեցում ուխտեր կարգեր առաջանում են Դ դարուց սկսած` ընդարձակ ծրագրներով ու նպատակներով եւ ստանում են մեծ ծաւալ եւ ահագին ոյժ (Բենեդիկտեան եւլն, եւլն):