Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

74) ՆԵՐՍԷՍ Ե-Ի ԿԱՆՈՆՆԵՐԸ (1843-1857 ԹԹ. )

 

(Աւագ քահանաներին, Տփղիսի Ղազար քահանայ Տէր-Ղազարեանի անունով)

 

 

1. Եկեղեցում ունենալ երկու ձեռք մետրիքական մատեան, եւ վերահասու լինել, որ իւրաքանչիւր քահանայ ամէն օր առանց զանցառութեան խորհրդակատարութիւններից յետոյ գրի այն մատեաններում ծնուած, մկրտուած, պսակուած եւ մեռած անձանց, եւ մի օրինակը իւրաքանչիւր տարուայ լրման ուղարկել կոնսիստորիան եւ միւս օրինակը մշտապէս պահել եկեղեցում:

 

2. Որ մկրտութիւնից, պսակից, ննջեցեալների պատարագից գոյացած յօգուտ եկեղեցու լուսագինները ամբողջութեամբ յանձնուեն եկեղեցու երեցփոխանին:

 

3. Իւրաքանչիւր շաբթուայ լրման վերահասու լինել երեցփոխանի տոմարագրութեան, եթէ անուղղութիւն կամ սխալանք գտնուի՝ ուղղել եւ հաշուեմատեանում ստորագրել եւ եթէ երեցփոխանը անգրագէտ լինի, քահանաներից կամ դպիրներից մէկը պարտաւոր լինեն գրելու երեցփոխանի հաշուեմատեանում բոլոր ելքը ու մուտքը:

 

4. Իւրաքանչիւր վեց ամսուայ լրման վերահասու լինել երեցփոխանի մոմավաճառութեան, թէ երեցփոխանը մոմավաճառութեան աւագ պահարանից ո՞րքան մոմ է գնել, ո՞րքան վաճառել եւ ո՞րքան է մնացել:

 

Տես Պօլօժէնիա

 

5. Ունենալ մատեան եկեղեցական անօթների եւ զարդերի համար, աւագ քահանան վերահասու լինի եկեղեցական անօթների, զարդերի, արծաթեղէնների, ոսկեղէնների եւ թանկագին ու արժանագին հանդերձեղէնների ամբողջութեան եւ մաքրութեան, որովհետեւ սրբութիւնը Աստուծոյ տան մաքրութիւն է պահանջում:

 

6. Եկեղեցու սպասները եւ հանդերձեղէնները  կոտրած, պատառուած, կամ աղտեղուած չլինեն:

 

7. Ուշադրութիւն դարձնել, որ քահանաները եւ միւս պաշտօնեաները լինեն զգաստ եւ եկեղեցուն հաւատարիմ, անհոգների վերաբերմամբ զանցառութիւն չանել, այլ պահանջել, որ կատարեն իրանց պարտքը:

 

8. Անվայել գործերում գտնուող պաշտօնեաներին երեք անգամ խրատով զգուշացնել յամառութեան  դէպքում  յայտնել  կոնսիստորիային իսկ  սա՝ Սինոդին:

 

9. Քարոզել եւ յորդորել ժողովրդին, որ ժամերգութեան ժամանակ երկիւղածութեամբ կանգնեն, չխօսին եւ չծիծաղեն եւ Աստուծուն չբարկացնեն:

 

10. Բոլոր կիւրակի օրերին, երեւելի տօներին եւ մեծ պասին քարոզը չպակասեցնել եկեղեցիներում:

Կատարեցէք այս բոլորը ճշտութեամբ, պատասխան պիտի տաք Աստուծուն եւ հոգեւոր կառավարութեան:

 

(Տփղիսի եկեղեցիներին)

 

11. Քահանայք պիտի զգուշանան, որ եկեղեցիներում անվայելչութիւն եւ տգեղութիւն ամենեւին չլինի:

 

12. Քահանաները եւ դպիրները չհամարձակեն առանց մաքուր սռնապանի (չուլկի) սեղան բարձրանալ, բարձրացողը պիտի լինի մաքուր սռնապանով եւ   հողաթափով:

 

13. Վերաբերութիւն անող քահանան ունենայ փորուրար եւ շուրջառ եւ ոչ շապիկ եւ ուրար, անվայել է նրան դպրի զգեստով երեւալ:

 

14. Քահանաների փիլօնը եւ լօդիկը, նոյնպէս եւ դպիրներինը լինեն առանց կարկատանի, գլուխները սանրած եւ նրանց ձեռներն ու երեսը լուացած:

 

15. Բոլոր քահանաները, բացի ծանր հիւանդութեան դէպքից, միշտ պիտի եկեղեցում գտնուեն ժամերգութեան սկզբից մինչեւ վերջը, չպիտի ել ու դուրս անեն, կամ խորանում նստեն:

 

16. Մկրտութիւնը, պսակը, թաղումը եւ մնացած եկեղեցական պաշտամունքները քահանաները չհամարձակեն կատարել առանց խաչի, Աւետարանի, բուրվառի, մոմերի, եկեղեցական զգեստների եւ առանց սարկաւագի կամ դպրի:

 

17. Քահանայք յորդորեն, որ ժողովրդականները մկրտութիւնը կատարեն մինչեւ ութերորդ օրը ծնուելուց յետոյ եւ միշտ եկեղեցում, բացի ծանր հիւանդութեան դէպքից:

 

18. Քահանաները չհամարձակուեն որեւէ օրինակատարութեան, մկրտութեան, պսակի, կամ թաղման համար նուէր կամ վարձ պահանջել եկեղեցում, այլ դրսեւում քաղցր եւ յորդոր խօսքերով, առանց բռնադատութեան ընդունեն կամաւոր նուէրները եւ շնորհակալութեամբ օրհնեն նուիրատուներին:

 

19. Թոյլ չտալ թէ եկեղեցականներին, թէ ժողովրդականներին գտակը գլխին եկեղեցում կանգնել, խօսել, կռուել կամ անպատկառ կերպով ս. սեղանում նստել:

 

20. Արթուն լինէք, որ ձեր ժողովրդականները գոնէ տարին մի անգամ խոստովանուեն եւ հաղորդուեն, առանձին խրատել կանանց, որ շպարեալ երեսով չգան եկեղեցի, հաղորդութեան օրը փոխանակ արտասուքով լուանալու երեսը, դեղում են:

 

21. Քահանաները չհամարձակուեն ս. մասնատուփը իրանց տանը պահել, այլ միշտ եկեղեցում. պատարագիչը ամէն անգամ նորոգի սրբութիւնը հիւանդների համար, եւ հարկաւորութեան ժամանակ, թէ գիշեր լինի, թէ ցերեկ, քահանան մտնի եկեղեցին, երկիւղածութեամբ տանի հաղորդութիւնը հիւանդին եւ էլի յետ բերի եւ դնի սեղանի վրայ:

 

22. Քահանաներից ոչ ոք առանց կաթուղիկոսի եւ առաջնորդի չհամարձակի թասակ եւ կերպասեայ, ծաղկաւոր կամ անծաղիկ փիլոն կրել: Բոլոր թասակաւոր  քահանաները  Աւետարանը  կարդալուս  եկեղեցում  կամ  դրսում,

գլուխները բանան ի պատիւ Աւետարանի:

 

Տես Գէորգ Դ-ի եւ Մկրտիչ I-ի կանոնները

 

23. Քահանան առանց ծանր հարկի չթափառի վաճառատեղերում, շուկաներում, փողոցներում եւ կամ դատաստանատան դռներում:

 

24. Քահանաներին արգելուած է առանց վիճակաւորի գիտութեան ննջեցեալի վրայ քարոզ կամ ծանուցումն անել:

 

25. Քահանաները հիւսեալ մազերով, ցուպը ձեռին, կամ փիլոնով դրսում, թէ եկեղեցում եկեղեցական պաշտօն չկատարեն, միմեանց բերանից չխլեն երգելիքները:

 

26. Քահանաները եւ դպիրները հնազանդ լինեն աւագ քահանային, պսակ, թաղում պատահելիս աւագ քահանային իմացնեն, որը լուսագինը առնելով կյանձնի երեցփոխանին եւ նուիրողի անունը, եւ նուէրի որքանութիւնը կգրի իւր առանձին տումարում:

 

27. Բոլոր քահանաները եւ ժողովուրդը օրհնութիւն տալիս եւ ստանալիս բաց գլխով լինեն, որովհետեւ օրհնութիւն տալիս է քահանան յանուն Քրիստոսի, ստացողը առնում է Քրիստոսի փոխանորդից բացի կանանցից, որոնք ծածկած գլխով են:

 

28. Ուրիշ եկեղեցուց քահանային հրաւիրելիս թաղման եւ այլ պաշտամունքների համար, նա պիտի փիլոնով եւ շուրջառով գնայ ու իւր տեղը կանգնի եւ ոչ առանց փիլոնի գայ ու ժողովրդի մէջ կանգնի:

 

29. Ուշադրութիւն դարձնեն, որ երգեցողութիւնը եկեղեցում լինի պարզ, մաքուր, հասկանալի. ժամերգութիւնը` յստակ ու դիւրալի, եւ ամենայն երկիւղածութեամբ   ու   պատկառանքով:

 

(Ղարաբաղի կոնսիստորիային)

 

30. Պատուիրել բոլոր քահանաներին, որ պատարագի ժամանակ Նարեկի աղօթքը կարդան «Ի յարկի սրբութիւն»-ից յետոյ, ինչպէս խորհրդատետրումն է:

 

31. Նուիրանաց հացը սպիտակ ալիւրից լինի, եփած եւ ջերմ:

 

32. Հացը բեկանել միայն «Լրումն Հոգւոյն Սրբոյ» ասելիս:

 

33. Վերաբերողից սկիհը առնելիս երկու վարկեան պահել հանդէպ ժողովրդեան:

 

34. «Ի սուրբ, ի սուրբ» ասելիս չխաչակնքել, որովհետեւ խօսքի միտքը չեն թելադրում խաչակնքել ժողովրդի վրայ:

 

35. Պատուէր լինի քահանաներին, որ եղունգները կտրած, ձեռքերը լուացած  պատարագ մատուցանեն:

 

36. Քահանայք բերան իմանան աղօթքները:

 

37. Պատարագից յետոյ ասեն «Որ օրհնես զայնոսիկ» աղօթքը, ապա ցած իջնեն եւ Աւետարանը կարդան:

 

38. Խստիւ արգելում ենք պատարագից յետոյ տները չշրջել՝ նշխարներ բաժանելու ագահութիւնից դրդուած:

 

39. Արգելւում է քահանային հինգ նշխարքից աւելի չգործել եւ ժամատիրոջ միայն մի նշխար տալ:

 

40. Պատուիրել բոլոր քահանաներին անխափան խաղաղական աղօթքները ասել երեկոյան ժամերգութեան կից՝ բացի մեծ պասի, յինանց կիրակամտից եւ կիւրակի օրերից ու տէրունական տօներից:

 

41. Մասնատուփը եւ մեռոնը սեղանի վրայ դնել եւ յարգել սրբութիւնը:

 

42. Խստիւ արգելել, որ քահանաները փայտ չգործածեն, այլ բթաւ դրոշ-

մեն:

 

43. Սեղանի վրայ դնեն մի տէրունական պատկեր, մի Աւետարան եւ մի խաչ:

 

44. Սովորեցնել քահանաներին որ «յանուն Հօր», «եւ Որդւոյն», «Հոգւոյն Սրբոյ» ասելիս երեք անգամ երախան ընկղմեն ջրի մէջ, ինչպէս եւ Մաշտոցումն է գրուած:

 

45. Քահանայք հացկերոյթներին եւ խնջոյքներում երկար չնստեն, չհարբին, երեք բաժակ խմելուց յետոյ վեր կենան եւ պատուով հեռանան, արբեցող քահանան զրկուի քահանայագործութիւնից մինչեւ որ կքաւի ապաշխարութեամբ մեղքը:

 

46. Քահանայք շատաշրջիկ չլինեն առանց բանաւոր պատճառի:

 

47. Պատուիրում ենք քահանաներին, որ յորդորեն կանանց  եկեղեցում չլալ եւ չճչալ, որովհետեւ սուգը հեթանոսաց գործ է. արգելում ենք նոյնպէս եկեղեցում «գանձ» ասել, որ տրամադրում է դէպի լացը:

 

48. Պատուիրում ենք քաղաքի բարեկարգութեան վերատեսուչներին գիւղական քահանաների քաղաք գալուս անցագիր պահանջել, չունեցած դէպքում կոնսիստորին  ներկայացնել:

 

49. Մոլեբնի օրը բոլոր քահանաները շուրջառով եւ խաչով ժողովուեն եկեղեցի, իրանց տեղերում կարգով կանգնեն եւ միասին կատարեն մաղթանքը` երգելով իրանց պատկանած երգերը, իսկ դպիրները` իրանցը:

 

Պարտաւորութիւն հերթակալի

 

50. Պատարագի հերթակալը պարտաւոր է մնալ եկեղեցու խցում, գիշերուայ եւ երեկոյեան զանկը խփելիս պիտի մտնի եկեղեցին եւ սաղմոսը սկսի մինչեւ ժամերգութեան սկսուելը:

 

51. Պատարագի օրը փողոցները, տները չշրջի պատարագիչը եւ ոչ էլ խնջոյք գնայ, մնայ խուցում եւ աղօթի, եթէ մէկը հոգեւորական հացկերոյթ ունենայ, ժամարարի համար նաւակատեաց սեղան ուղարկի առանց գինու եւ մսի:

 

52. Հերթակալութիւնը այսպէս լինի. պատարագիչը չորեքշաբթի օրը գնայ եկեղեցու խուցը եւ մնայ այնտեղ մինչեւ հերթակալութեան աւարտումը եւ ապա գնայ տուն:

 

 

Պարտաւորութիւն աւագ քահանայի

 

53. Աւագ կամ ժամօրհնող քահանան եթէ տկար չէ կամ օրինաւոր արգելք չունի, հերթակալից յետոյ պիտի եկեղեցի գնայ եւ ժամը սկսի:

 

54. Աւագ կամ ժամօրհնող քահանան հսկի միւս քահանաների վրայ, որ նրանք առանց օրինաւոր պատճառի չուշանան եկեղեցուց:

 

55. Պարտաւորեցնում ենք աւագ եւ ժամօրհնող քահանաներին ամէն օր զննել մետրիքական մատեանները. հսկեն, որ քահանաները հէնց նոյն օրը հոգեւոր պիտոյքը կատարելուց յետոյ գրեն մատեաններում ծնուած եւ մկրտուածներին, պսակուածներին եւ ննջեցեալներին, գրութեան կարգը չիմացող քահանայի փոխարէն կարող է գրել ուրիշ քահանայ կամ դպիր:

 

56. Պարտաւորեցնում ենք աւագ եւ ժամօրհնող քահանաներին, որ օրինակատարութիւնների օրը գրեն երեցփոխների մատեաններում մկրտութեան, պսակների, ննջեցեալների պատարագների լուսագինները, եկեղեցու գանձանակը, մոմի արդիւնքը եւ ուրիշ նուիրադրամները, եւ քահանաների հետ միասին ամսէ ամիս ստուգեն այդ մատեանները մետրիկների հետ, եւ եթէ թաքնուած փող երեւի, մէկին երկու առնեն եւ գրեն մատեանի մէջ:

 

57. Վերատեսուչները եւ աւագ եւ ժամօրհնող քահանաները դիտեն եւ հսկեն ժառանգաւորների վարք ու բարքի վրայ, որ պարկեշտ լինեն, եկեղեցի յաճախեն, եթէ մի որ եւ է յանցանքի մէջ կամ ծուլութեան մէջ նկատուեն, այնպիսիներին երեք անգամ խրատեն եւ չորրորդ անգամ յայտնեն կոնսիստորին եւ սա տեղեկանալով գործին` առաջարկի Սինոդին հանելու նրանց հոգեւորականների ցուցակից` զրկելով բոլոր իրաւունքներից:

 

58. Կոչունքներում եւ հացկերոյթներում հոգեւորականները չափաւոր ուտեն եւ խմեն, կռուող, արբեցող, ցոփաբան, խռովարար, շատաշրջիկ չլինեն, ցոփաբան եւ արբեցող քահանան կարգալոյծ լինի:

 

59. Աւագ եւ միւս քահանաները ուշադրութիւն դարձնեն, որ լուսարարները մաքուր պահեն եկեղեցին, սեղանը, բեմը, խաչկալը, մոմակալը, եւ մնացած եկեղեցական անօթները եւ զգեստները:

 

60. Քահանայք յորդորեն, որ ժողովուրդը նորոգէ հանդերձեղէնները, որպէսզի ինքեանք կեղտոտ եւ պատառոտուած շորերով պատարագ չմատուցանեն:

 

61. Եկեղեցում լուռ եւ պարկեշտ կանգնել, չխօսել, չտեղափոխուել, երկիւղածութեամբ  ու  պատկառանքով աղօթել:

 

62. Քահանաները իբրեւ հայր եւ ծնող ժողովրդեան, ամէն ժամանակ պարտական են հոգեւոր խրատներ տալ ժողովրդին թէ եկեղեցում, թէ դրսում եւ թէ ամէն տեղ:

 

Քահանաների պարտաւորութիւնները

 

63. Քահանաները հնազանդ լինեն աւագ քահանաների բոլոր օրինաւոր առաջարկութեանց:

 

64. Քահանայք առանց յարգելի պատճառի յետ չմնան եկեղեցուց:

 

65. Գիշերուայ եւ երեկոյան ժամը անխափան կատարել:

 

66. Հիւանդին հաղորդութիւն տալու կանչուելուս իսկոյն պիտի գնան քահանաները, առանց պատճառ բերելու, թէ իրանց ծուխը չէ:

 

67. Առանց խոստովանեցնելու եւ հաւատքը իմանալու, հաղորդութիւն չպէտք է տալ, եթէ քահանան հաղորդութիւնը ջրի կամ գինու հետ խառնած կածի հիւանդի բերանը վերջինիս անզօրութեան պատճառով, կարգից լուծուի եւ մինչեւ մահ ապաշխարի, որովհետեւ անարգեց խորհրդի սրբութիւնը:

 

68. Քահանան չհամարձակուի առանց առաջնորդի, կոնսիստորի կամ գործակատարի գրաւոր անցաթղթի ուրիշ տեղ գնալ, զանցառուն տուգանքի կենթարկուի:

 

69. Առանց առաջնորդի կամ կոնսիստորի կամ գործակատարի գրաւոր հրամանի յայտնի կամ գաղտնի պսակ չանել, եթէ մինչեւ անգամ ծնողների կողմից արգելք չկայ, պսակ չանել նոյնպէս կնաթողներին, այրաթողներին կամ բռնաւոր անձանց բռնութիւնից ստիպուած առանց մարդու եւ կնոջ համաձայնութեան. ով կյանդգնի, կարգալոյծ լինի:

 

70. Քահանայք պսակից առաջ հոգեւոր իշխանութեան գրաւոր յայտարարութիւն տան` յայտնելով չհասութեան եւ տհասութեան բոլոր դէպքերը եւ ուրիշ արգելքները, զանցառուն կպատժուի:

 

71. Քահանաները, տեսնելով աւագ քահանայի ծուլութիւնը, ապօրինի գործերը, կամ զրկանք ստանալը, կարող են գանգատուել հոգեւոր իշխանութեան:

 

72. Քահանաները զօշաքաղութեամբ չնեղեն ժողովուրդը` պահանջելով չափիցը աւելի դրամ օրինակատարութիւնների համար, պէտք է կթել կաթը, որ իւղ դառնայ եւ ոչ ճմլել պտկունքները, որոնցից կարող է արիւն վազել. պէտք է առնել նուէրը սիրով եւ աղքատներին չնեղացնել:

 

73. Քահանաները չխառնուեն աշխարհականների գործերում, քաղաքում կամ գիւղում հոգաբարձութիւն չպիտի անեն, արքունի հարկերի գրող չպիտի լինեն, կամ հեռանան քահանայութիւնից, կամ աշխարհական զբաղմունքներից:

 

74 Քահանաները  աշխատեն  կրթել   իրանց  որդոց  Աստուածապաշտութեան, մայրենի լեզուի ուսման եւ Աստուծոյ օրէնքների մէջ:

 

75. Անբարեբարոյ եւ տգէտ քահանայորդիք ոչ միայն չպիտի արժանանան եկեղեցական աստիճանների, ըստ Մարուգէի «զի դու զգիտութիւն մերժեցեր, մերժեցից եւ ես զքեզ զի մի քահանայասցիս ինձ», այլ եւ պիտի զրկուեն բոլոր իրաւունքներից եւ համարուեն հարկատուների շարքում:

 

76. Քահանան եթէ կհամարձակուի խլել ուրիշի ծուխը, որը իրան չէ յանձնուած եպիսկոպոսի կողմից, այդպիսին բնակութիւնից հեռացուի եւ քաղաք կամ գիւղ փոխադրուի:

 

77. Եթէ մի քահանայ մի որ եւ է յանցանքի համար բանադրում է ժողովրդականին, ուրիշ քահանայ իրաւունք չունի բանադրանքը վերցնելու, վերցնողը ինքը կբանադրուի:

 

78. Քահանաները իրանց ծխականներին խոստովանեցնեն եւ ո՛չ ուրիշ քահանայի, օրինազանցը վանք ուղարկուի ապաշխարելու:

 

79. Այս բոլորի կատարումը վերագրում են առաջնորդներին, հոգեւոր կառավարութիւններին եւ գործակատարներին:

 

 

Ղարաբաղի կոնսիստորիային (1853, մարտ 26)

 

80. Ցուցակագրել բոլոր եկեղեցիները, գիւղերը, թէ արական, թէ իգական, եւ ամէն մի ութսուն տան, որոնց մէջ կլինեն ոչ պակաս, քան 320-400 արական եւ իգական անձինք, նշանակել մի քահանայ եւ երկու դպիր գիւղական եկեղեցիներում: Իսկ Շուշի քաղաքում տների եւ արական ու իգական անձանց հաշուեթուով նշանակել քահանաներ, եւ ուր որ չորս քահանայ լինեն, այնտեղ նշանակուեն չորս դպիր եւ մի սարկաւագ, իսկ ուր որ երեք քահանայ կլինեն, նշանակել երեք դպիր եւ մի սարկաւագ, ուր կլինեն երկու քահանայ, նշանակել երկու դպիր եւ մի սարկաւագ եւ այսպէս կանոնաւոր բոլոր նահանգների քաղաքներում ու գիւղերում:

 

81. Տումարագրել բոլոր քահանաների որդիներին, կանանց եւ աղջկաց, տարիքի թուերով եւ պարապմունքներով:

 

82. Տումարագրել բոլոր քահանաների այն որդոց, որոնք ծնուել են քահանայութիւնից առաջ եւ յետոյ, նրանք, որոնք եկեղեցական սպասաւորութեան մէջ չեն կամենում մտնել եւ քահանայ դառնալ, վերջիններիս յանձնել քաղաքական իշխանութեան իբրեւ հարկատուների, որպէսզի դատարկակեցութեամբ իրանց կեանքը չկորցնեն` քահանայորդի համարելով իրանց:

 

83. Իսկ քահանայ լինել ցանկացող քահանայորդիք 9 տարեկանից սկսած պիտի ուսմանց եւ գրագիտութեանց աշակերտին, 15 ամեայ լինելուս հոգեւոր հանդերձ հագնեն, պաշտօնակատարութիւններին ներկայ լինեն եւ բարի վարքով, հեզութեամբ, համեստութեամբ, Աստուածսիրութեամբ... հարազատութեամբ ս. եկեղեցուն եւ ժողովրդին պատրաստուեն քահանայ լինելու:

 

84. Ցուցակագրել բոլոր վանքերի կալուածները եւ աշխատել հաստատել տալ ու  կանոնաւոր կառավարել:

 

85. Բոլոր կալուածների կառավարիչներին, թէ հոգեւորական, թէ աշխարհական, որոնք անպէտք են, արձակել` պահանջելով նրանցից համար եւ հաշիւ, եւ նշանակել փոխարէնը նոր ու հաւատարիմ անձանց:

 

86. Բոլոր կալուածների փաստագրերը, թղթերը տումարագրել հաշուով համարով եւ ստորագրութեամբ առաջնորդի ու կոնսիստորի, մի օրինակը պահել կոնսիստորի գործերում, միւս օրինակը ուղարկել Սինոդ:

 

87. Պատուիրում են զգուշաւոր հարազատութեամբ բոլորի պատճէնները վերցնելուց, հաստատելուց եւ պահելուց յետոյ, բուն կալուածագրերը ուղարկել ինձ` Սինոդում պահելու:

 

88. Կալուածների սահմանները իսկութեամբ պահպանել եւ լաւ հմուտ անձինք նշանակել կառավարիչ:

89. Հաշիւները ամէն տարի քննել, ստանալ եւ արդիւնաւորապէս շահեցնել:

 

90 Աղուանից  կաթուղիկոսների  ժամանակներից  եւ  թէ  վերջերում  եղած թղթերը, որոնք կարող են գտնուել Բաղդասար մետրոպօլիտի մօտ, թող կոնսիստորիան խնդրի, վերցնի եւ կարեւորները արտագրուի, հաստատուի եւ ստորագրութեամբ վաւերացրած ուղարկուի ինձ:

 

91. Պատուիրում եմ՝ առանց ստուգութեան չընդունել բանաւոր կամ գրաւոր վկայութիւններ շատերի կամ քչերի կողմից պսակուածների, քահանայացուների, ծննդականների համար. եւ յայտնել, որ ապօրինի կերպով պսակող քահանաները կարգալոյծ կլինեն, իսկ պսակուածների ժառանգները կհամարուեն ապօրինի եւ կյայտնուեն քաղաքական իշխանութեան օրինաւորների ցուցակից հանելու համար:

 

92. Ներսէս Ե-ի առաջադրութիւնը Սինոդին, 1851 թ. «Մենք կնքահայրերի համար օրէնք ենք համարում ա՛յս, որ մկրտուածը կնքահօր որդու հետ եղբայր լինի, եւ սրանց հոգեւոր ու մարմնաւոր ազգակցութիւնը շարունակուի մինչեւ երրորդ ծնունդը, իսկ կնքահօրը եւ սանիկի եղբայրները կամ քոյրերը եւ կամ հօրեղբայրները եւ հօրաքոյրերը կամ մօրաքոյրերը միմեանց հետ ոչ մի հոգեւոր ազգակցութեամբ չկապուեն: Եւ այսպիսի մտածողութեամբ էլ ճիւղահամարութիւններ ենք գծագրել մի քանի կոնսիստորիաների համար, որ կնքահայրութիւն անեն միայն կնքողի որդոց հետ, եւ օտար համարեն կնքահօր արիւնակից եղբօրը, քրոջը եւ միւս ազգականներին» (տե՛ս Արարատ, 1900, հոկ. ):

 

 

Շամախու կոնսիստորին, 1849 թ., ամլութեան համար

 

93. Ապօրինի համարելով կոնսիստորիայիդ կարգադրութիւնը այս խնդրի վերաբերմամբ, սաստիկ կերպով պատուիրում եմ անհնարին համարել անզաւակութեան անտեղի պատճառանքներով բաժանել մարդուն կնոջից:

 

Գանձակու հոգ. կառավարութեան, 1849 թ., Դ եւ Ե պսակի մասին

 

94 Գանձակի  հոգ կառավարութեանը  գրում  է  Տփղիսի  կոնսիստորիան. «Ամենայն հայոց Վեհափառ կաթուղիկոսի Տ. Ներսէսի կոնդակի համաձայն` յունուարի 14-ից N15, թոյլատրւում է չորրորդ եւ հինգերորդ պսակը ամուսնութեան»: Միմիայն դէպքերը եւ հանգամանքները լաւ կշռելուց յետոյ, ստուգելով` ունի՞ որդիք, նեղ դրութեան մէջ է, թէ ոչ, եւ կոնսիստորիան այդ քննելուց յետոյ, կթոյլատրի պսակուողին մտնել չորրորդ կամ հինգերորդ ամուսնութեան մէջ:

 

Պսակի օրերը, 1849, յուն. 29

 

95. Ներսէս Ե հրամայում է գործակալին, սա էլ` կոնսիստորիային եւ Սինոդին, որը ի հրահանգութիւն է առնում կաթուղիկոսի կարգադրութիւնը:

Պսակ չանել. 1) Բուն բարեկենդանից մինչեւ Հոգեգալստեան առաջի յարութեան կիրակին, 2) կիրակի օրերը, 3) տէրունական տօների պահոց օրերը, ութօրէից՝ զկնի Ծննդեան եւ նաւակատեաց. իսկ մնացած օրերը անխտիր կատարել պսակի խորհուրդը:

 

Աստրախանի կոնսիստորիային, 1854, N 664, յուլիսի 30

 

96. «Որք ի հայազգեայ հակառակ եկեղեցական  կանոնադրութեանց  պահեն առ ինքեանս ապօրինի կենակցութեամբ զանպսակ կանայս, ոմանք` զարամբիս եւ ոմանք` զայրիս վասն օրինակի այլոց զրկել ի սուրբ հաղորդութեանց եւ ի նոցուն տնօրհնեաց եւ ի հանդիպել մահացու հիւանդութեանց թէ ունիցին յայտնել զղջումն, նաեւ հաղորդել եւ թաղել ոչ՝ ըստ կարգի արժանաւորացն ննջեցելոց, այլ անշուք իմն յուղարկաւորութեամբ իջուցանել ի գերեզման` ի զգուշութիւն այլոց»:

Հայազգին ժողովրդականներից նրանք, որոնք, հակառակ եկեղեցու կանոնադրութիւններին, ապօրինի կեանք կվարեն, կանայք կպահեն` թէ արամբի, թէ այրի, ուրիշներին խրատելու համար պէտք է զրկել սուրբ հաղորդութիւնից, տնօրհնէքից եւ միմիայն երբ ծանր հիւանդութիւն պատահի, այն դէպքում եթէ կզղջան, կարելի է հաղորդել, բայց չթաղել կարգին՝ արժանաւոր հանգուցեալների նման, այլ անշուք յուղարկաւորութեամբ իջեցնել ի գերեզման, որպէս զի ուրիշները տեսնեն ու զգուշանան, եւ չգնան այդ գայթակղելի եւ վատ ճանապարհով:

 

1848, ապրիլի 30

 

Ներսէս Ե խիստ էր եւ առանձին ուշադրութիւն էր դարձնում, որպէս զի կարգալոյծ չլինեն կուսակրօնները իրանց անձնական ցանկութեամբ, յորդորում էր Սինոդի միջոցով, որ այդպիսի դէպքերը բոլորովին վերանան իբրեւ հակառակ մեր եկեղեցու ոգուն:

 

1848 ապրիլին ոմն Դանիէլ աբեղայ Ներսէսին խնդրում է միզարգելութեան պատճառով թոյլ տալ հեռանալ կուսակրօնութիւնից Վեհափառը շատ ձգձգելուց, յորդորելուց յետոյ զիջանում է Դանիէլ աբեղայի խնդիրքին եւ գրում է Սինոդին այսպէս. «Կոչեալ զնա յատեան Սինոդիս եւ ընթերցեալ ի լուր նորա զայս վճռահատութիւն նորուն ստորագրութեամբ, այլեւ՝ ազգ արարեալ նմա համառօտ բանախօսութեամբ զայսպիսի անսովոր յազգի հայոց ուխտազանցութիւն իւր, բառնալ ի նմանէ զսքեմն եւ զկարգ կուսակրօնութեան քահանայութեան այնպէս զի՝ ոչ եւս միւս անգամ կարելի լիցի նմա դառնալ անդրէն յայն կոչումն: Զկնի այնր հաղորդել նահանգական իշխանութեան Տփղիսայ դասել զնա ի կարգ հարկատու հասարակութեան քաղաքին Երեւանայ ըստ իւրումն ազգատոհմութեան համաձայն 432 յօդուածոյ 9 հատորոյ Օրինաց Տէրութեան»: