Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

93) 2) ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ԸՍՏ ԿԱՑՈՒԹԵԱՆ

 

485 Ռուսահայոց  աշխարհիկ  հոգեւորականութիւնը  ազատ է ամէն տեսակ անձնական հարկերից եւ կոռ ու բեկառից, եւ սրբազնագործները ազատ են նաեւ զինուորակոչութիւնից:

 

486. Հայոց սրբազնագործ հոգեւորականները, նրանց կանայք եւ որդիք, նոյնպէս եւ սպասաւորողները եւ նրանց որդիք, զերծ են մարմնական    պատժից:

 

487. Հայոց աշխարհիկ հոգեւորականութեան թոյլ է տրւում տիրել անշարժ կայքերի մասնաւոր անձանց համար  կարգուած  կարգերի հիման վրայ, բայց ազնուականների հողեր ձեռք բերել կարող են միայն նրանք, որոնք պատկանում են տոհմական ազնուական դասակարգին (քաղաքաց. օրէնքներ):

 

488. Հայոց աշխարհիկ հոգեւորականութեան տները զօրապահութեան կոռ ու բեկառը կրելու վերաբերմամբ, օգտւում են այն արտօնութիւններով, որոնք գրուած են հողային տուրքերի օրէնքներում (Устав о земскихъ повинностях):

Ահա՛ վերջի կտորում յիշուած օրէնքները (IV հատոր, II գիրք).

 

«270. յօդ. 3-րդ կէտ. Այն տեղերում, որոնց վրայ չի տարածւում 255 յօդուածի 1 ծանօթութեան մէջ առաջ բերուած կանոնների ներգործութիւնը, զօրապահական կոռ ու բեկառից ազատւում են ռուսադաւան եւ հայադաւան սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականների տները, լինեն նրանք իսկական պաշտօնում, թէ հիւանդութեան կամ ծերութեան պատճառով արձակուած, միեւնոյն է, եւ նոյնպէս սրանց այրիների եւ որբերի տները, մինչեւ անգամ եթէ յիշեալ տները բնակութեան տեղեր լինեն կամ երկրորդական շինութիւններ լինեն եւ նրանց մի մասը վարձով տրուած լինի, միմիայն եթէ որ դրանք բոլորը մի բակ են կազմում եւ մի համարի տակ են ամփոփուած: Բայց երբ տները զանազան համարներով են, եւ յիշեալ անձինք նրա մէջ չեն ապրում, ենթարկւում են այն ժամանակ բնակարանային տուրքերի ընդհանուր հիմունքներին»:

 

«270 յօդ. 4-րդ կէտ. Հայ-լուսաւորչական եկեղեցիները եւ վանքերը, նրանց մօտ գտնուած եւ նրանց պատկանող բոլոր շէնքերը եւ կալուածքները, թէկուզ նրանք վարձով տրուելիս եւ եկամուտ բերելիս լինեն, նոյնպէս եւ այս  դաւանութեան   աստուածահաճոյ  հաստատութիւններին   պատկանող բոլոր շինութիւնները եւ կալուածքները, թէկուզ նրանք վարձով տրուելիս եւ եկամուտ բերելիս լինեն, ամէն տեղ ազատւում են զօրապահական բեկառներից, հողային հարկից եւ ընդհանրապէս ամէն տեսակ քաղաքային եւ պօլիցիական բեկառներից, միմիայն բացի կամուրջների նորոգման, մաքրութեան հսկման եւ լապտերների պահպանութեան տուրքերից»:

 

488-ի ծանօթութիւն. Այն տեղերում, որտեղ մտցրուած չէ 1870-ի քաղաքային կանոնադրութիւնը, հայոց աշխարհիկ հոգեւորականութեան  պատկանող  տները որոնց մէջ իրանք բնակւում են, ազատւում են քաղաքային գետնահարկից եւ ուրիշ քաղաքային բեկառներից, բացի սալայատակների նորոգումից, փողոցներում եւ բակերում պահանջուելիք մաքրութեան եւ լապտերների պահպանութեան պարտքից միւս բնակիչներին հաւասար:

 

489. Թէ հոգեւոր, թէ վիճելի եւ ուրիշ քաղաքացիական եւ քրէական գործերի նկատմամբ, որոնք վերաբերում են հայոց սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականներին, պահպանւում է այն կանոնը, որը նշանակուած է 479 յօդուածում:

 

490. Հայոց եկեղեցու աշխարհիկ հոգեւորականները  կարող  են, ըստ ցանկութեան, թողնել հոգեւոր կոչումը, բայց ոչ այլապէս, եթէ ոչ Էջմիածնի հայոց Սինոդի թոյլտւութեամբ, թեմական իշխանութեան առաջարկութեամբ, եթէ նրանք, ըստ ծննդեան, չեն վայելում պատուաւոր քաղաքացիութեան իրաւունք եւ ըստ ուսման ձեռք չեն բերել քաղաքացիական ծառայութիւնը մտնելու իրաւունք, կոչումը թողնելուց յետոյ պարտաւոր են ընտրել քաղաքային կամ գիւղական դասի կեանք:

 

491. Հայոց հոգեւորականների որդիքը ընդունւում են քաղաքացիական ծառայութեան մէջ այն կանոնների հիման վրայ, որոնք գրուած են պետութեան որոշմամբ ծառայութեան մէջ մտնելու օրէնքներում:

 

492. Հայոց վանքերի եւ եկեղեցիների կալուածքների տիրելու եւ նրանց  կառավարելու  կարգի  մասին  գրուած  են  այլադաւան  հոգեւոր գործերի օրէնքներում (Պօլօժէնիա):

491-ի յօդուածի բացատրութիւնը գտնում ենք III հատորի մէջ` I գիրք.

 

«Յօդ. 5, 4-րդ կէտ. Ռուսադաւան եւ հայադաւան եկեղեցիների քահանաների, սարկաւագների եւ սպասաւորողների (դպիր՝ չորս աստիճանաւոր, ժամհար, տիրացու) որդիք առանց խտրութեան, ծնուած էլ լինեն իրանց հօր հոգեւոր կոչման մէջ մտնելուց առաջ, թէ յետոյ»-«իրաւունք ունին քաղաքացիական ծառայութեան մէջ մտնելու»:

 

«29 յօդ. II կէտ, 3) Ռուսադաւան եւ հայադաւան սրբազնագործ եւ սպասաւորող այն հոգեւորականները, որոնք այս կոչման մէջ մտել են անձնական ազնուականներից կամ սրբազնագործների որդիներից» - «սրանք պատկանում են դիւանական ծառայողների երկրորդ կարգին»:

 

III կէտ, 4) Իսկ հասարակ դասակարգից եղածների որդիքը երրորդ կարգին են պատկանում: