Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ բաժին.

 

89) ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԵՒ ՄՈՍԿՈՒԱՅԻ ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 

1237. Պետերբուրգ եւ Մոսկուա քաղաքներում գտնուած հայ-լուսաւորչական եկեղեցիների կայքերի կառավարութիւնը եւ սրա վերաբերեալ գործերը յանձնւում է ամէն մի քաղաքում առանձին խորհրդի՝ որ բաղկացած է մի նախագահից եւ վեց հոգի՝ հաւասար ձայներով ու ծխականներից ընտրուած անդամներից` եռամեայ ժամանակով:

Ծանօթութիւն. Երկու եկեղեցական խորհրդի նախագահի կոչումը եւ մայրաքաղաքի հայոց եկեղեցիների հոգաբարձուի կոչումը անցնում են իշխան Սիմօն ԱբամելիքԼազարեանց ազգատոհմում արական սեռի մէջ նախածնութեան (աւագութեան) իրաւունքով՝ այն անձանց, որոնք հայոց դաւանութիւնն ունին: Աբամելիք-Լազարեան իշխանների ժառանգների անչափահասութեան դէպքում իրաւունք է տրւում մայրաքաղաքի հայ եկեղեցիների ծխականներին ընտրել իրանց միջից, մինչեւ իշխան Աբամելիք-Լազարեանների աւագ ներկայացուցչի չափահաս դառնալը, վերոյիշեալ խորհուրդների նախագահներ՝ ամէն անգամ ոչ աւելի քան երեք տարի ժամանակով: Իսկ երբ իշխան Աբամելիք-Լազարեանների ներկայացուցիչը չափահասութեան հասնի, ժամանակաւոր ընտրուած նախագահները թողնում են իրանց այս կոչումը՝ չսպասելով ընտրողական  ժամանակամիջոցի  լրանալուն:

 

1238. Բացի խորհրդի անդամներից, եռամեայ ժամանակով ընտրւում են ամէն մի խորհրդի համար երկու փոխանդամ, որոնք անդամների բացակայութեան կամ ժամանակամիջոցից առաջ դուրս գալու դէպքում նրանց տեղն են բռնում: Նախագահի հիւանդութեան կամ բացակայութեան ժամանակ նրա տեղը բռնում է ամէն մի խորհրդի մէջ նախագահի ընտրութեամբ խորհրդի անդամներից մէկը:

 

1239. Խորհուրդների ժամանակաւոր նախագահների, անդամների եւ սրանց փոխանդամների ընտրութիւնը կատարւում է ծխականների ընդհանուր ժաղովում ներկայ եղողների ձայների բազմութեամբ եւ հաստատւում է թեմական առաջնորդից: Այս ժողովներում ձայնի իրաւունք ունին արական սեռին պատկանող բոլոր անձինք, որոնք 25 տարեկան են, ունին ընդհանուր օրինական իրաւահասութիւն հասարակական պարտաւորութիւններ կատարելու եւ ծխական են եղել առնուազն երկու տարի: Ժամանակաւոր նախագահներ, խորհրդի անդամներ եւ սրանց փոխանդամներ կարող են ընտրուել միայն այն անձինք, որոնք իրաւունք ունին ծխականների ընդհանուր ժողովներին մասնակցելու: Ընտրութիւնների տեղի եւ ժամանակի մասին հաղորդւում է ծխականներին երեք անգամ կիրակի օրերը` եկեղեցում:

 

1240. Խորհուրդների ընտրուելիք անդամները եւ փոխանդամները պաշտօնից դուրս են գալիս երեք տարում, առաջինները՝ հերթով, տարին երկուսը, իսկ վերջինները երեք տարին լրանալու միջոցին՝ անդամների ընտրութիւնից յետոյ, թէ նրանք, թէ սրանք կարող են վերընտրուել:

 

1241. Խորհուրդների նիստերը կայացած են համարւում, երբ ներկայ են լինում ոչ պակաս, քան երեք անդամ: Որոշումները կայանում են ձայների բազմութեամբ, իսկ ձայների հաւասարութեան դէպքում, նախագահի կամ նրա տեղը ժամանակաւոր բռնողի ձայնը տալիս է առաւելութիւն:

 

1242. Խորհրդի անդամներից մէկը կամ առանձին նշանակած այս բանի համար մի անձ վարում է խորհրդի նիստերի արձանագրութիւնները:

 

1243. Խորհրդի պարտաւորութիւնների շրջանը մայրաքաղաքի հայոց եկեղեցիների կայքերի կառավարութեան վերաբերմամբ, նրանց հաշուապահութիւնը եւ նրանց  գործավարութեան  մանրամասն կարգաւորութիւնը որոշւում են յիշեալ եկեղեցիների հոգաբարձուի եւ թեմակալ առաջնորդի համաձայնութեամբ, կազմած՝ գործադրուող օրէնքներին յարմարացրած առանձին հրահանգով, որը հաստատւում  է  առաջնորդից:

 

1244. Խորհուրդներին ենթարկւում են եկեղեցիների երեցփոխները, որոնք գործակցում են դրանց՝ եկեղեցու տնտեսական գործերում, խորհրդի կազմած հրահանգների հիման վրայ: Երեցփոխները ընտրւում են մայրաքաղաքի հայոց եկեղեցիների ամէն մէկի համար ծխականներից` երեք տարով, 1227 եւ 123 յօդուածներում որոշուած իրաւունքներով ու կարգով:

 

1245. Հարկաւոր դէպքերում յիշեալ եկեղեցիների գործերի վերաբերմամբ հոգաբարձուն, իբրեւ եկեղեցական խորհուրդների նախագահ, հաղորդակցութեան մէջ է մտնում կառավարչական տեղերի եւ անձանց հետ: Ատենական տեղերը եւ պաշտօնական անձինք այս հաղորդակցութեանց մէջ օրինական գործակցութիւն են ցոյց տալիս: