Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

56) ՍՍԻ 1243-46-Ի ԺՈՂՈՎԸ

 

Հայոց եկեղեցական ազգային օրէնսդիր վերջին ժողովը եղաւ 1243-46ին` Սսում, նրանից յետոյ մինչեւ այսօր չենք ունեցել կանոնադիր ժողով:

 

Կիրակոս ականատես պատմագրի խօսքով, Կոստանդին  Բարձրբերդցու օրով անկարգութիւններ էին մտել Հայոց եկեղեցու վարչութեան եւ գործերի մէջ, ժողովուրդը անտարբերութեամբ վերաբերւում էր դէպի կրօնական պէտքերը, եկեղեցական պաշտամունքը: Դրանց առաջն առնելու համար Կոստանդին կաթուղիկոսը 1243-ին Սսում հրաւիրեց, թագաւորի համաձայնութիւնը առնելուց յետոյ, եկեղեցականների եւ աշխարհականների մասնակցութեամբ եւ Հեթում թագաւորի ու նրա որդու ներկայութեամբ, մեծ ժողով, ուր սահմանեցին 25 կանոն: Կանոններս կանոնական կոնդակով Կոստանդին կաթուղիկոսը հրատարակում է ի սփիւռս աշխարհի` նկարագրելով ժողով անելու կարիքը, հայոց աշխարհի անկեալ եւ քայքայուած վիճակը թէ նիւթականապէս եւ թէ բարոյապէս: Կոնդակս սկսւում է այսպէս. «Կոստանդին` ծառայ Քրիստոսի եւ շնորհօք Նորին կաթուղիկոս Ամենայն հայոց... Գնացաք... առ Քրիստոսապսակ թագաւորն մեր Հեթում, եւ մերով հրամանաւ եւ նորին ձեռնտւութեամբ ժողովեցաք զեպիսկոպոսունս եւ զվարդապետս եւ զմիանձունս եւ վանաց առաջնորդս, եւ զիշխանս եւ զիշխողս, արս երեւելիս, եւ արարաք հանդէս մեծ, քննեցաք զպատուէր եւ զհրամանն Աստուծոյ, եւ Աստուծոյ մերձակայից առաքելոց եւ հայրապետաց, եւ գտաք զմեզ բազում մասամբք մոլորեալք եւ դատապարտք անպատասխանիք, եւ որքան կարացաք՝ աւաղեցաք զմեզ եւ ողբացաք: Զկնի յոլով քննութեան՝ ամենեցուն կամակցութեամբ եւ ձեռնագրով, գրեցաք սահման եւ կանոն չափաւոր եւ դիւրընթաց... » (Կիրակոս պատմ., 178-180 եր. ):

 

Կոնդակիցս մի քանի ուշադրութեան արժանի կէտեր կարելի է քաղել. 1) որ ժողովների կանոնները յայտարարւում էին կաթուղիկոսի կանոնական կոնդակով, 2) որ 1243-ին արդէն «Կաթուղիկոս Ամենայն Հայոց» [1] տիտղոսը ընդհանրացած էր, երեւի Կիլիկեան կաթուղիկոսութեան ժամանակից, մինչեւ այդ «կաթուղիկոս Հայոց» կամ «Հայոց մեծաց» տիտղոսն էին կրում, 3) ժողովը լինում է կաթուղիկոսի հրամանով եւ թագաւորի ձեռնտւութեամբ եւ ո՛չ թագաւորի հրամանով եւ 4) թագաւորը եւ արքայորդիք մասնակցում էին ժողովում եւ երեւում է, որ նախագահը կաթուղիկոսն էր:

 

Նկատելու արժանին այն է, որ մեր ոչ մի կանոնագրքում այս ժողովի մասին ոչ մի յիշատակութիւն չկայ, արդեօ՞ք այս բաւական է ապացուցանելու, որ հայոց այժմեայ կանոնագրքերը 1200 թուից առաջ գրուած էին, 1204-ի Սսի ժողովի մասին նոյնպէս ոչինչ չկայ: Ի նկատի ունենալով որ կանոնագրքերում կաթուղիկոսների ցանկը Լուսաւորչից հասցրած է մինչեւ մեր 997 թիւը, ենթադրելի է, որ մեր ձեռքի տակ ունեցածներս գրուած են մինչեւ 1000 թուականը:

 

Ահա եւ կանոնները որ քաղում ենք Կիրակոս պատմագրից.

 

1. Ամենայն ձեռնադրութիւն յեկեղեցի՝ որ է պարգեւք Հոգւոյն Սրբոյ, զոր տայ արժանաւորացն, առանց արծաթոյ լիցի՝  ըստ կանոնաց. զի  այն ախտ Յուդայի եւ Սիմոնի կախարդի է, որ խոտեցան, եւ ոչ միաբանեցաւ ընդ նոսա շնորհն, որ ի տեղիս տեղիս վասն աղքատութեան լուծեալ է եւ տգիտութեան: Այսուհետեւ արժանաւոր են միայն եւ գիտունքն առցեն զաստիճան եպիսկոպոսութեան մեծաւ քննութեամբ եւ վկայութեամբ եւ թեմին կամակցութեամբ առանց կաշառաց, հասակաւ մի պակաս քան զերեսուն ամն:

 

Ձեռնադրութիւնը, որը միայն արժանաւորների վերաբերմամբ պիտի լինի, առանց փողի (կաշառքի) պիտի կատարուի: Սրանից յետոյ միայն արժանաւորները առնեն եպիսկոպոսական աստիճան՝ մեծ քննութեամբ եւ վկայութեամբ եւ թեմի կամակցութեամբ` առանց կաշառի, եւ եպիսկոպոսացուն էլ պիտի լինի ոչ պակաս, քան երեսուն տարեկան (տե՛ս Նիկ. 4, Անտ. 19, Լաւ. 13, Բ առ. 29, Սահակի կանոններ):

 

2. Իսկ առաջին գործ եպիսկոպոսին, որ զուսուցիչսն եւ զուսումնականսն ուսման եկեղեցւոյ ինքն սահմանեսցէ մեծաւ զգուշութեամբ եւ հոգաբարձութեամբ, անգայթագղ եւ գիտունք եւ ուսուցիչք եղիցին տղայոց:

 

Եպիսկոպոսի առաջի գործն է մեծ զգուշութեամբ եւ հոգացողութեամբ տղայոց համար ուսումնական  ուսուցիչներ  նշանակել եկեղեցական  ուսմունքները դասաւանդելու նրանց:

 

3. Ապա եկեալսն ի չափ հասակաւ եւ ուսմամբ եւ սրբութեամբ ածցէ յաստիճան վկայութեամբ անձանց իւրեանց եւ սնուցողացն առանց արծաթոյ, տիօք մի պակաս քան զքսան եւ եօթն ամն երէցն եւ սարկաւագն:

Ապա այդ ուսում առնողներից (2 կ. ) վարքի սրբութեամբ, ուսմամբ աչքի ընկնողներին եւ չափահաս եղողներին առանց փողի եպիսկոպոսը աստիճան տայ սնուցողների եւ իրանց շրջապատող անձանց վկայութեամբ, թէ սարկաւագի եւ թէ քահանայական աստիճան ստացողը պիտի լինի ոչ պակաս, քան 27 տարեկան:

Նէոյկեսարիայի 17 կանոնով քահանան 30 ամեայ պիտի լինի` ըստ օրինակի Յիսուսի. Զ տիեզ. ժող. 14, 15 կանոններով սարկաւագը` 25 ամեայ, քահանան` 30 ամեայ պիտի լինեն: Ըստ իս` մեր 27 տարեկան թիւը պիտի գրչի սխալ լինի, տառերով գրած` ԻԵ եւ ԻԷ միմեանց հետ շփոթւում են, երեւի եւ ԻԵ-ի փոխարէն ԻԷ է դուրս եկել. այնպէս որ մեր կանոններով 30 տարի նշանակւում է եպիսկոպոսի, 25-27` քահանայի եւ սարկաւագի համար:

 

4. Իսկ քահանայքն զպսակն եւ զկնունքն նօթութեամբ արասցեն յեկեղեցիս եւ հաղորդեսցեն. բայց թէ մահու երկիւղ իցէ երախային, յորժամ եւ իցէ՝ արասցէ  առանց  դրամի:

 

Քահանաները պսակն ու կնունքը անօթի (չկերած) պիտի կատարեն եկեղեցում եւ հաղորդուեն. բայց եթէ մահուան վտանգի մէջ գտնուի երախան, կարելի է եւ կերած ժամանակն էլ մկրտել եւ առանց փողի (դրամի):

 

Պսակի եւ մկրտութեան կատարման ժամանակ կանոնս պահանջում է, որ քահանան լինի անօթի` հաց չկերած, որովհետեւ առաջին՝ որ ս. խորհուրդը կատարուի երկիւղածութեամբ եւ ծոմով եւ երկրորդ՝ որ քահանան պիտի նոյն օրը հաղորդուի, այդ պատճառով կանոնս պահանջում է քահանայից ամենայն զգաստութեամբ եւ սրբութեամբ կատարել իւր պաշտօնը: Երեւի թէ հներում երկու խորհուրդն էլ առաւօտեան էին կատարում, այժմ էլ գիւղերում մկրտութիւնը համարեա միշտ առաւօտներն են կատարում. իսկ պսակը` երեկոյեան ճրագավառով լուցկիներով: Մահուան վտանգի դէպքում թոյլ է տալիս հաց կերած մկրտել, միայն առանց փողի, թէ ի՞նչու, անորոշ է. արդեօ՞ք նրա համար, որ կերած է մկրտութիւն անում:

 

5. Ամենայն քահանայագործութիւն՝ կնունք եւ պսակ եւ թաղումն երկիւղիւ եղիցի՝ առանց զրուցի եւ ծաղու, մեծ ու յուսով եւ աղօթիւք մերձակայից:

 

Ամէն տեսակ քահանայագործութիւն՝ մկրտութիւնը, թէ պսակը, թէ թաղումը երկիւղով՝ առանց խօսքի ու ծաղրի լինի, յուսով եւ շրջապատողների

աղօթքով:

 

6. Աւազանն հաստատուն լիցի եւ անշարժ, եւ վարագուրով ծածկած. զի մեծ է եւ խորհուրդն:

 

Մկրտութեան աւազանը անշարժ լինի եւ վարագուրով ծածկած (տե՛ս Բ Դւ. 15, Ե Դւ. 13, Պար. 8):

 

7. Զպսակն ընտրութեամբ արասցեն՝ վեց ծննդովք հեռացեալ յազգակցութենէ արեան. փեսայն մի պակաս քան զչորեքտասան ամն, եւ հարսն քան զերկոտասան:

 

Պսակը վեց աստիճանով հեռացած արիւնակիցների մէջ չի կարող լինել. փեսան տասն եւ չորս տարեկանից, եւ հարսնացուն տասերկու տարեկանից պակաս չպիտի լինի:

Այս կանոնս դարձաւ ամենանշանաւորը պսակի խնդրի նկատմամբ արիւնակցական ազգակցութեան մէջ եւ մինչեւ այսօր էլ իւր ոյժը ունի. թէեւ նրանից առաջ Շնորհալին 10 աստիճանի մէջ թոյլ տուաւ ամուսնանալ արիւնակից ազգականներին, եւ դրան հետեւեցին գուցէ Յակոբ Ղրիմեցի եւ կանոնագիրք արտագրողները, բայց ժողովուրդը բոլորովին հեռու մնաց 10 աստիճանից եւ մինչեւ այսօր էլ «օխտը պորտը» համարւում է վերջնական արգելական կէտը եւ թոյլատրական աստիճանը: Կանոնս դժբախտաբար ոչինչ չի ասում խնամական եւ կնքահայրական աստիճանների մասին (տե՛ս Շահ. 12, 13, Պար. 16, Բարս. 68, Բ առ. 19):

Փեսացուի համար կանոնս նշանակում է 14 տարեկան հասակը, աղջկայ համար` 12, մեր միւս կանոններում թուերով որոշում չկայ այս մասին, միայն ասւում է` չափահասներին միայն թոյլ է տրւում պսակուելու եւ ո՛չ տղայոց. տղայ ասելով մինչեւ քանի՞ տարեկան է հասկացւում, անորոշ է: Ռուսաց օրէնքում Կովկասի բնակիչների նկատմամբ ասւում է 15 տարեկան տղան, 13 տարեկան աղջիկը պիտի լինի, որ իրաւունք ունենան պսակուելու (տե՛ս Բ Դւ. 24, Սահ. եւ Շնորհալու կանոնները):

 

8. Օտար յաշխարհէ եպիսկոպոս կամ վարդապետ կամ երէց, կամ գիրոյ [2] տէր առանց թեմին եպիսկոպոսին մի՛ շրջեսցին, կամ շինեսցեն. այլ նորա հրամանաւ ըստ պատշաճի:

 

Ուրիշի թեմի մէջ եպիսկոպոս կամ վարդապետ, կամ երէց իրավունք չունին շրջելու կամ շէնքեր շինելու (եկեղեցական) առանց տեղական առաջնորդի հրամանի (տե՛ս Բ առ. 15, Նիկ. 15, 16):

Շրջակայել  նշանակում  է  հանգանակութիւն  անել կամ  քարոզութեան դուրս գալ, կամ ս. մասունքներ շրջեցնել:

 

9. Գրոց դասասացքն բազմաց վկայութեամբ լիցի, որ գիտունք լինին, եւ ամենայն գրոց վարք եւ տեղեակ, եւ փորձ ամենայնիւ. նմանապէս եւ գրոց աշակերտ ընտրութեամբ նորին եւ առաւել փորձիւ եւ վկայութեամբ կատարելոց:

 

Ս. Գրքի ուսուցիչները պիտի ընտրուեն շատերի վկայութեամբ, լինեն գիտուն, վարժ եւ տեղեակ գրոց եւ փորձուած անձինք:

 

10. Եւ հրամայէ եպիսկոպոսն զՍուրբ Գիրս եկեղեցւոյ գրել արուեստաւորաց եւ ուղղափառաց եւ գիտնոց:

 

Եպիսկոպոսի հրամանով Ս. Գիրքը պիտի արտագրեն հմուտ, ուղղափառ եւ գիտուն մարդիկ:

Այս կանոնս սահմանում է` որ անգրագէտ, կիսագրագէտ, թերի եւ վատ ձեռք ունեցողները Ս. Գիրքը չարտագրեն սխալներով եւ աղաւաղումներով:

 

11. Երկիցս անգամ շրջեսցի եպիսկոպոս ի տարւոջն յիւր թեմն եւ հանդէս արասցէ իւր հօտին, եւ սուրբ գիտուն քորեպիսկոպոս դիցէ, որ զեկեղեցոյ դատաստանն ըստ կանոնաց առնել մարդասցէ երկիւղած եւ անագահ:

 

Առաջնորդը երկու անգամ պիտի շրջագայութեան ելնի տարին եւ իւր հօտը աչքի անցնի, գիտուն եւ սրբակրօն քորեպիսկոպոս էլ պիտի նշանակի, որ եկեղեցու դատաստանը կանոնների համաձայն կարողանայ անել երկիւղածութեամբ եւ առանց ագահութեան (կաշառքի) (քորեպ. մասին տե՛ս Անկ. 15, Նէո. 14, Անտ. 10, Պար. 4, 21):

 

12. Ծեր եւ գիտուն խոստովանահայրս կարգեսցին, որ յամենայն կիրակէի առանց դրամի ի խոստովանութիւն կոչեսցէ շափաթուն յանցանաց. եւ քահանայքն խոստովանահարցն հրամանաւ զիւրեանց ժողովուրդն զարժանաւորսն հաղորդեսցեն առանց դրամի:

 

Ծեր եւ գիտուն խոստովանահայրեր նշանակեն, որոնք ամէն կիրակի խոստովանութեան կանչեն առանց փողի ժողովրդականներին, եւ քահանաներն էլ առանց դրամի հաղորդութիւն տան սրանց:

 

13. Զհաղորդն առանց բուրվառի եւ մոմեղինի մի՛ տարցին առ հիւանդն, այլ մեծաւ երկիւղիւ. իսկ ժողովուրդքն չեն յիւրեանց հրամանքն, ո՛ւմ կամին ծուխ լինի, այլ որպէս եպիսկոպոսն հրամայեսցէ:

 

Հաղորդութիւնը հիւանդի մօտ տարուի մեծ երկիւղով, բուրվառով եւ մոմեղէնով: Իսկ ժողովուրդը իրանց գլխու, ում կամենան՝ նրան ծուխ դառնալ չեն կարող, այլ եպիսկոպոսի հրամանով պիտի վարուեն:

 

Դուինի ժողովների կանոններում տեսանք, որ ծխաբաժանութիւնը չի ընդունւում, այլ առաջարկւում է բաւականանալ ժառանգաբար ստացած բաժնով եւ անտրտունջ հովուել ժողովուրդը: Այստեղ ծխաբաժանութիւնը թոյլատրւում է, միայն ոչ ժողովրդի ցանկութեամբ, այլ եպիսկոպոսի: Կանոնս սահմանափակում է ժողովրդի իրաւունքը եւ ընդարձակում առաջնորդինը. ժողովուրդը մինչեւ այսօր էլ ընտրողն է քահանայի ծուխը. առաջնորդը չի կարող իւր ցանկութեամբ քահանայ կարգել ժողովրդի վրայ, որովհետեւ այդ հակառակ կլինի մեր ամբողջ եկեղեցական կազմին եւ կարգերին (տե՛ս Բ Դւ. 1, 2, Բ Դւ. 13, Գ Դւ. 5):

 

14. Առաւել ջան տարցեն եպիսկոպոսք եւ քորեպիսկոպոսք զպոռնիկսն եւզշնացողսն, զհմայս եւ զամենայն յանցաւորսն գեհենին երկիւղիւ ի դարձ ածել: Իսկ զանդարձսն մարմնաւոր պատուհասիւ եւ հոգեւորաւ խրատել եւ տուգանել, մանաւանդ զայնպիսիսն, որ այր եւ կնոջ մէջ մտցեն, կամ բոզ ունիցին կին, կամ զկին թողուն զօրինաւոր եւ առ բոզս երթան, կամ ատելութեան պատճառաւ թողուն զկանայսն առանց բանի պոռնկութեան. զայսպիսիսս անողորմ տուգանօք խրատեսցեն, եւ թէ պատուաւոր մարդ է, եւ ընդդէմ ասէ եկեղեցւոյ օրինաց, թագաւորն խրատեսցէ յատնի (յատենի) զմեղքն (զմեղաւորքն). եւ իշխանք մեղադրանօք, եթէ ոչ առնեն զայս, եւ նզովք. եւ եթէ կին լրբի եւ մարդ խաբէ կանամբի կամ ազապ, խրատ առցէ յերեսն:

 

Եպիսկոպոսները  եւ  քորեպիսկոպոսներն  աւելի  ջանք  անեն  պոռնիկներին եւ շնացողներին, հմաներին եւ բոլոր յանցաւորներին ուղղութիւն բերելու գեհենու (դժոխքի) երկիւղով: Որոնց վրայ այս երկիւղը չի ազդիլ, մարմնաւոր եւ հոգեւոր պատիժներով խրատել նրանց եւ տուգանքի ենթարկել, մանաւանդ այնպիսիներին, որոնք մարդու եւ կնոջ մէջն են ընկնում եւ նրանց դժբախտացնում, կամ մարդիկ, որոնք բոզ կնիկ են բերում, կամ օրինաւոր կնոջը թողնում են եւ բոզերի մօտ գնում, կամ առանց պոռնկութեան պատճառի, ատելութեան համար թողնում են իրանց կանանց. այնպիսիներին անողորմ (խիստ) տուգանքներով պիտի խրատեն, եւ եթէ պատուաւոր (ազնուական) մարդ է, եկեղեցու օրէնքներին ընդդիմանում է, թագաւորը այդպիսի մարդուն թող խրատի ատենի մէջ` բազմութեան առաջ եւ իշխաններն էլ մեղադրեն, եթէ էլի՛ շարունակի իրան յանցանքը, նզովքի ենթարկուի: Իսկ եթէ կինը լրբութիւն կանի եւ կանամբի կամ ազապ մարդու իրան կմօտեցնի` թող յանդիմանուի (ծեծուի, ապտակ ուտի)(՞) (տե՛ս Դ Դւ. 4, Պար. 3):

 

15. Ամենայն պահք ըստ կանոնաց առանց ձկան եւ ձիթոյ եւ գինւոյ, բաց ի հարկէ հիւանդութեան, առաւել աղ ու հացիցն, եւ ուրբաթին եւ չորեքշաբթին, որ Քրիստոսի չարչարանաց աւուրքն են, որ զայս լուծանէ, տուգանեսցեն եւ յաղքատս տայցեն, եւ պահօք վճարեսցին յԱստուծոյ: Նախ քան զայս յառաջ քան զամէնն զայս եմք հոգացեալ առաջի արքային Հեթմոյ եւ հօր իւրոյ Կոստանդեայ եւ ամենայն իշխանացն, եւ բանադրանօք բանադրեալ յամենոյ վերայ, որոյ օգնական լինին եկեղեցւոյ, եւ յամենայն տեղիս ի մեծ եւ ի փոքր յիշոց, աւագ դնեն ի դարպաս, ի քաղաք, ի գիւղս եւ յագարակս, եւ զանօրէն յիշոցասացսն, զբարկութիւն Աստուծոյ շարժողսն, եւ զաններելի անօրէնսն, որ անարգին զհաւատսն, զստեղծող, զկնունք, զհրեշտակ, զքահանայ, զբերան, զերես, զգերեզման, եւ զայլ այսպիսիս զնոր բուսեալ չարիսդ, զայնպիսեացն զլեզուսն հատցեն եւ  կամ ծակեսցեն եւ  լար  ի  ներս  ածցեն եւ  նախատանօք ի  շուրջ ածցեն օր մի, եւ ըստ գոյին տուգանս առցեն, եւ յաղքատս տայցեն:

 

Բոլոր պասերը, մանաւանդ Մեծ պասը, ուրբաթն ու չորեքշաբթին կանոնների համաձայն պիտի պահել առանց ձէթի (իւղի), ձկան եւ գինու, ով լուծի պասը` տուգանքի ենթարկուի եւ տուգանքը աղքատներին բաժանուի: Հէնց ամէնից առաջ Հեթում թագաւորի եւ նրա հօր ժամանակ եւ նրանց ու իշխանների դիմաց բանադրանք դրինք եկեղեցուն չօգնողների եւ հայհոյողների վրայ, աւագներ նշանակուեցին ամէն տեղ իբրեւ հսկողներ, որ եթէ տեսնեն մէկին հայհոյելիս՝ հաւատը, ստեղծողին, կնունքը, հրեշտակը, քահանան, գերեզմանը, սրանց անարգողին եւ յիշոց տուողին բռնեն, լեզուն կտրեն, կամ ծակեն, լար քաշեն միջովը, նախատանքներով մի օր շրջեցնեն, գոյքի համեմատ տուգանք առնեն եւ աղքատներին բաժանեն (տե՛ս Բ առ. 69):

 

16. Թէ քահանայ գտանի ի վերոգրեալ մեղսդ, կրկին պատիժ ընկալցի եւ տանջեսցի կարգաւն հանդերձ:

 

Եթէ քահանան վերոգրեալ մեղքերը կատարի, երկու անգամ աւելի խիստ պատիժ կրի եւ տանջուի ինչպէս հարկաւորն է:

 

17. Քահանայ որ զատ յեկեղեցւոյ գործոյ, այլ գործս առնէ՝ նօտարութիւն կամ որսորդութիւն, զժողովուրդսն ի բաց առցեն ի նմանէ. նմանապէս զանուսումն երիցանց, մինչ լաւ ուսցին, եւ զանարժանիցն եւս առցեն:

 

Այն քահանան, որ բացի եկեղեցու գործերից՝ ուրիշ բաներով է պարապում, նօտարութիւն կամ որսորդութիւն է անում, նրանից խլեն նրան ժողովուրդը եւ տան ուրիշ քահանայի, նոյնպէս վարուեն եւ անուսում քահանաների եւ անարժանների հետ (տե՛ս Բ առ. 6, Բ Դւ. 5):

 

18. Քահանայն ի տարւոջն յեկեղեցին ժողովեսցէ զարսն առանձինն, եւ զկանայսն առանձինն, եւ որիշ զկուսան աղջկունսն, եւ որիշ զտղայսն եւ զմանրէրսն եւ ըստ իւրաքանչիւր պատշաճի խրատեսցէ աղաչանօք եւ սաստիւ. եւ իմասցի իւրաքանչիւրոցն զվարքն, եւ գիտեսցէ հանապազ. եւ թէ ինքն չէ բաւական, ի ձեռն այլ կատարելոյ արասցէ, ասէ սուրբն Աթանաս յիւր կանոնքն:

 

Քահանան տարուայ մէջ իւր ժողովրդին՝ կանանց եւ մարդկանց, մեծին ու  փոքրին  պիտի  կանչի  եկեղեցի  եւ  խրատի նրանց նրանց  վարքն  ու բարքն իմանայ, եթէ ինքը կը դժուարանայ, ուրիշ աւելի պատրաստ անձի ձեռքով անի, ինչպէս որ ս. Աթանասը ասում է իւր կանոններում:

 

19. Ժողովրդականքն յօժարութեամբ եւ աղաչանօք տացեն զհասս քահանայիցն յամենայն արմատոց պտուղս, եւ զկարգեալ բաժին մատաղին, եւ պսակին ընծայիւք, եւ թաղմանն հանդերձ, եւ ժամու դրամ, ոչ գին պատարագին, այլ երիցուն հանդերձի եւ կերակուրի, որ աղօթից եւ պատարագի պարապի յեկեղեցին:

 

Ժողովուրդը պիտի սիրով եւ յօժարութեամբ տայ քահանաների հասերը բոլոր պտուղներից եւ մատաղի նշանակուած բաժինը, եւ պսակի ընծաներից եւ թաղման շորն ու ժամոցը, ոչ թէ իբրեւ արած պատարագի գին, այլ քահանայի շորի եւ կերակրի փողի վարձ իւր քաշած նեղութիւնների (եկեղ. տուրքի մասին տե՛ս Գան. 7, Բ առ. 3, 4, Գան. 8, Բ Դւ. 1, 2, 3, 4, 13, 18, Դ

Դւ. 8, 9, Պարտ. 21):

 

20. Երիցունք ըստ ժողովրդեանն ծառայեսցեն եպիսկոպոսին, սահմանեալ հասիւն, եւ ընծայիւք ըստ պատշաճին:

 

Քահանաները պիտի իրանց եկամուտի համեմատ էլ բաժին հանեն եպիսկոպոսին իրանց հասերից եւ նուէրներից:

 

21. Եպիսկոպոսին ծառայեսցեն զհայրապետական աթոռն կարգեալ  հասիւն եւ ընծայիւք արժանաւորին ըստ կանոնաց. զի սուրբ Լուսաւորիչն գրեալ է թէ քահանայքն զժողովուրդն տասանորդեսցեն, եւ եպիսկոպոսք զքահանայս, եւ հայրապետք զեպիսկոպոսունս, արդ եթէ զայն չառնէք, ապա զչափաւորսն եւ զպակասն, զոր գրեցաք, խնդութեամբ տո՛ւք, իբրեւ զօրհնութիւն եւ մի՛ իբրեւ զագահութիւն. այլ աթոռին հաստատ եւ անկարիք մնայ, եւ եկեղեցիքն պայծառ, եւ Աստուծոյ օրհնութիւնն խառնի յարդիւնս արդարութեան ձերոյ, զի զայն Աստուծոյ կուտայք, եւ ոչ մարդոյ:

 

Եպիսկոպոսներն էլ հայրապետական աթոռին պատկանելիք հասը եւ ընծաները կանոնների համեմատ տան. որովհետեւ Լուսաւորիչ գրել է, թէ քահանաները ժողովրդից տասանորդ առնեն, եպիսկոպոսները` քահանաներից եւ կաթուղիկոսն էլ` եպիսկոպոսներից: Եթէ այս չէք կատարում, գոնէ չափաւոր կերպով լրացրէք ձեր տուրքը, ուրախութեամբ ուղարկեցէք իբրեւ օրհնութիւն, այդ Աստուծոյ էք տալիս, ոչ մարդկանց:

 

22. Զայն երկու աղօթքն, յորոյ վերայ Սուրբ Աստուած ասեմք՝ զփառք ի Հայր եւ յՈրդի եւ ի Սուրբ Հոգին, մի աւարտէք. զի մի՛ յԵրրորդութեան վերայ թուեսցի խաչն. զկատարած լուր ձայնիցն ասել պիտի, զոր միշտ ի բարձունս առաքեսցուք ամենազօր տէրութեանդ՝ Քրիստոս Աստուած. այժմ եւ ... Զգոհանամքին վերջքն՝ լիցուք տաճար եւ բնակարան Աստուածային շնորհացդ, եւ գոհութեամբ  փառաւորեսցուք  զքեզ  Քրիստոս այժմ...

 

Երկու աղօթքները` «Գոհանամք զքէնն» եւ «Լուր ձայնից մերոց»-ը, որոնց վերջում երգւում է «Ս. Աստուածը», պիտի վերջացնել «Քրիստոս Աստուած մեր»-ով, որպէս զի հասկացուի, թէ «խաչեցարն» վերաբերւում է Քրիստոսին եւ ոչ Երրորդութեան («Ս. Աստուած»-ի մասին տե՛ս Ե Դւ. 20):

 

23. Ի ֆռանգաց գրեալ են առ մեզ, թէ զՏեառն եղբօր հրամանն ընդէ՞ր ոչ առնէք, զհիւանդն ի ժամուն մահու օրհնել, ձիթով օծանել, որ թէ մեռանի՝ օծումն լինի թաղմանն, եւ թէ ապրի՝ լինի ի քաւութիւն մեղացն եւ պատճառ առողջութեանն. եւ գիտէք, որ Օձնեցին Յովհան՝ որ զատեալ է զմեզ յազգացդ, գրեալ է՝ որ առնէք. եւ պարտ է առնելն, եւ արարէք ստուգութիւն. միայն զգուշասցի քահանայն, եւ զձէթն սակաւ օրհնեսցէ, որ աւելի չգայ, եւ նզովք առցէ յԱստուծոյ եւ ի մէնջ. եւ լինի պատճառ գայթակղութեան. զայս պատեհ տեսաք, եւ գրեցաք յետոյ, եւ հարկաւոր. ողջ լիջիք Տէրամբ:

 

Լատինները մեզ գրել են, թէ Տեառնեղբօր հրամանը ի՞նչու չէք կատարում, ի՞նչու մահամերձ հիւանդին չէք օրհնում, ձիթով չէք օծում, որը եթէ մեռնի՝ օծումը կհամարուի թաղման համար եղած, եթէ ապրի, օծումը կլինի մեղքերի քաւութիւն եւ առողջութեան պատճառ. եւ գիտէք, որ Օձնեցին զատելով մեզ այդ ազգերից, գրել է, որ այդ կատարենք եւ պէտք է կատարել. միայն քահանան զգուշանայ, որ աւելի ձէթ չօրհնի, եթէ ոչ` Աստուծուց եւ մեզնից նզովք կստանայ եւ պատճառ կդառնայ գայթակղութեան: Այս յարմար դատելով գրեցինք. ողջ մնաք:

Սրանով վերջանում են Սսի ժողովի կանոնները:

 

Օծման իւղի մասին Ստեփաննոս Օրբելեանը մի բնորոշ դատողութիւն է տալիս. «Դարձեալ թէպէտ առաքելական իմանամք կարգ զձէթ օրհնելն հիւանդաց եւ մեղուցելոց՝ ի ի հարցն ոչ ունիմք սովորութիւն աւանդեալ մեզ, կարծեմ եւ համարձակութիւն յոյժ մատուցանէ ժրագունիցն ի մեղս՝ մեղօք ապականել զոգիսն յուսով ձիթին, եւ սակաւ դրամիկ մսխիլ, ձէթ օրհնել եւ արդարանալ... Բայց չէ զանկատար իւղն, որ վասն երեխայիցն սահմանէք ընդունելի է» (336 եր. ) (տե՛ս Ե Դւ. 11):

 

Տպագրուած «Կիրակոս Գանձակեցու» մէջ յիշուած այս 23 գլուխը համեմատելով Ս. Էջմիածնի գրադարանի ձեռագիր 1704, 1705, 1706 համարների հետ, բոլորովին նոյն է բովանդակութեամբ, միմիայն տարբեր են սրանց մէջ կանոնների քանակը, 23, 24, 25, մէկի մէջ մի կանոնը երկու է արած, մի ուրիշ տեղ երկու կանոն միացրած եւ այլն:

Թէ այս ձեռագրերի եւ թէ տպագրուածի կանոնները տարբեր են Չամչեանի եւ նրան հետեւող Աբէլ եպիսկոպոսի գրած կանոններից: Ես հետեւեցի տպագրուածին եւ այս ձեռագրերին, որոնցից մէկը գրուած է 1664 թուին, միւսը` 1720-ին, երրորդը թիւ չունի:



[1]  Խաչիկ կաթուղիկոսը 972-992 թուերին ստորագրում էր «Կաթուղիկոս Ամենայն Հայոց», տե՛ս նրա կոնդակը, «Արարատ», 1868թ.:

[2]           Անորոշ բառ է: