Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

67) Ա) ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ 325 Թ. (301-325 ԹԹ. )

 

Արիստակէսը` Լուսաւորչի որդին, Նիկիայի 20 կանոնը բերաւ ժողովից եւ յանձնեց հօրը, որը այդ կանոնների վրայ աւելացրեց մի քանի գլուխներ. «Սուղ ինչ գլուխս յինքենէ ի կանոնս ժողովոյն յաւելու, վասն առաւել զգուշութեան իւրոյ վիճակին» (Խոր., Բ-ԳԸ, Ղ գլ. ):

 

Շահապիվանի 447-ի մեծ ժողովում կարդացւում է ի լուր ամենեցուն հետեւեալ  կտորը  եւ  միաբերան  հաստատւում  է «Զեդեալ  զկարգն  սրբոյն Գրիգորի եւ զՆերսէսի եւ զՍահակայ եւ զՄաշտոցի դուք այդրէն հաստատեցէք, եւ այլ եւս լաւ, որպէս ձեր կամք են, եւ մեք ախորժելով յանձին ունիմք» (տե՛ս մեր կանոնագրքերը): Այսպիսով 447-ի ժողովի վճիռը եւ Դ, Ե դարու պատմագիրների վկայութիւնը (տե՛ս Ագաթ., 508 եր. ) տալիս են իրաւաբանական հիմք ընդունելու Լուսաւորչի դրած կանոնները վաւերական եւ համարել մեր եկեղեցական իրաւունքի աղբիւր:

 

Բայց դժբախտաբար յայտնի չեն, թէ քանի՞ կանոն է գրել եւ որոնք են այդ կանոնները: Նրա յիշատակը այնքան սուրբ է հայերիս համար, որ առանց տատանուելու պիտի նրա կանոնները մեծ ջերմեռանդութեամբ պահենք, ուստի եւ այդպիսի սրբութիւնը մաքուր պահելու նպատակով, պիտի թոյլ չտանք, որ օտար ձեռք խառնուի նրա կանոնների մէջ եւ Լուսաւորչի անունով հրատարակի: Եթէ Լուսաւորչի կանոնները յիշատակելիս նկատումներ լինեն նրանց վաւերականութեան աստիճանը որոշելու համար, ա՛յդ ամենեւին չի նսեմացնիլ նրա հեղինակութեան ոյժը:

 

Եթէ պատմագիրները ասում են, որ Նիկիայի 20 կանոնների վրայ «սուղ ինչ գլուխս» աւելացրեց, այդ խօսքը ենթադրել է տալիս, որ Լուսաւորչի աւելացրածը՝ 20 կանոնից քիչ էր եւ ո՛չ աւելի. իսկ եթէ Խորենացին «սուղ ինչ գլուխս» գրելիս այդպիսի համեմատական չափ ի նկատի չի ունեցել, այն ժամանակ շատ դժուար կլինի պնդել Լուսաւորչի սահմանած կանոնների այժմեայ թուի վրայ (30-աչափ):

 

Լուսաւորչի կանոնները կարդացողը իսկոյն նկատում է, որ մի խմբագրութեամբ գրուած չեն, մի հետեւողական բովանդակութիւն չունեն, երբեմն գործ է ածւում մեղմ, հայրական խրատական ձեւ յանդիմանական եղանակով, երբեմն` հրամայական-նզովական ձեւ եւ բովանդակութիւնը` անվայել, անհամապատասխան նախորդ յօդուածին: Ընդհանուր առմամբ բոլոր կանոնները համարեա ոչ միայն լեզուի, այլ եւ բովանդակութեան կողմից նման են Յովհան Մանդակունուն վերագրած կանոններին, եւ Բարսեղ Մեծի երրորդ խումբ 74 կանոններին, մինչեւ իսկ բառացի կրկնութիւններ են: Արդեօ՞ք ով է ումնից օգտուել, կամ ով է երկուսի փոխարէն գրել, շատ դժուար է դրական պատասխան տալ: Աբել եպիսկոպոսը զուր  Չամչեանի  քննողաբար վերաբերուելը դէպի Լուսաւորչի կանոնները՝ դաւանաբանական տարբերութեամբ է բացատրում. եւ դժբախտաբար միշտ Չամչեանի վրայ այդպէս նայողը՝ կուրօրէն հետեւել է նրան «Ժողովոց պատմութիւն» գրելիս, զլանալով ձեռագիր կանոնագրքերը աչքի անցնել: Լուսաւորչին վերագրած 30 կանոնները մերժելու իրաւունք չունենք իրաւաբանական տեսակէտից, ինչպէս վերեւ յիշեցի, միայն խօսք կարող է լինել նրա քանակի եւ բովանդակութեան մասին: 30 կանոնիս նմանութիւնը Մանդակունուն վերագրած կանոնների հետ ամէն մի յօդուածում մատնացոյց կանեմ, եւ որովհետեւ երկուսի բնագիրը գրաբառ է, թող համեմատողը իմ աշխարհաբառի թարգմանութեամբ չբաւականանայ, հապա նայի գրաբառներին, որ դրւում է վերջում:

 

1. Մեղքի մէջ (կորած) ընկած քահանան 10 տարի պիտի ապաշխարի արտասուքով եւ աղքատներին ողորմութիւն բաշխելով, ապա հաղորդուի: Յանցանքը թէեւ անորոշ է, բայց հասկացւում է մեղանչումն:

Ապաշխարողները  4  կարգի  էին  բաժանւում 1)  լացողների որոնք դրսում կանգնած լացով պիտի ապաշխարէին, 2) դրսի ունկնդիրների, որոնք եկեղեցու դռան մօտ կանգնած պիտի աղօթէին, 3) ներսի ունկնդիրների, որոնք ամբիոնի ետեւ կանգնած, Աւետարանից առաջ պիտի դուրս գային եւ 4) հաւատացեալների հետ կանգնողներ, որոնք հաղորդութիւնից առաջ պիտի դուրս գային:

Բարսեղի 6, 28, 76 կանոններով նոյն յանցանքը գործողը 15 տարուայ ապաշխարանքի է ենթարկւում իսկ արտասուքով` միայն  7 տարի (տե՛ս գրաբարում՝ կանոնիս մէջ նշանակուած մեղքի համար ասուածը եւ Մանդակունու խոստովանելու համար գրած կանոնների հետ համեմատիր) (տե՛ս Բարս. 6, 28, 76, Շահ. 2, Թադ. 11, Ներ. 9):

 

2. Քահանան եթէ կին առնի, 5 տարի դրսի, 2 տարի ներսի ապաշխարող լինի, 2 տարի էլ անհաղորդ լինի, ապա հաղորդուի:

Այստեղ խօսում է կուսան քահանայի վրայ, որ անպսակ մնալ է ուխտել եւ հոգեւորական դարձել. այդպիսին եթէ կին առնի, 9 տարուայ ապաշխարանքի է ենթարկւում. կարգալոյծ լինելու կամ պսակը քանդելու համար ոչինչ չի ասում: Բ առ. 24 կանոնը հրամայում է չամուսնանալ. Նէո. 1 եւ Բարս. 6, 18 կանոնները պսակը լուծում են. տե՛ս եւ Անկ. 10, 19 (տե՛ս գրաբառը եւ Մանդակունունը):

Այս կանոնս բառացի կրկնւում է Բարսեղ Մեծին վերագրած երրորդ տեսակ կանոնների մէջ` թուով 74 հատ (տե՛ս գրաբառը):

 

3. Քահանան եթէ իւր փողը շահով տայ, մերժուի եկեղեցուց:

Նոյն բանը հաստատում են Բ առ. 44, Նիկ. 17, Լաւ. 4, Ա առ. 48, Բարս. 4, Բ Դւ. 3, 21:

Տես Մանդակունու գրաբառը. կանոնս բառացի կրկնւում է Բարսեղին վերագրած 74 կանոնում (տե՛ս գրաբառը):

 

4. Հեթանոսների տուն գնացողը եւ ուտող խմողը 3 տարի ապաշխարի եւ ապա հաղորդուի (տե՛ս Լաւ. 39, Բ առ. 71, տե՛ս Մանդակ. գրաբառը):

 

5. Եթէ ամուսիններից մէկը երկակ է, միւսը կուսան, երկու տարի դրսում, մի տարի ներսում ապաշխարի:

Երկակ կամ երկեակ ասելով հասկացւում է երկրորդ անգամ պսակուած մարդ, երկրորդ պսակը հին կանոններով չի քաջալերում, Նէո. 7 կանոնով քահանան իրաւունք չունի այրու պսակի խնջոյքին մնալու՝ իբրեւ ապաշխարողի հացկերոյթի Բարսեղ երկկանանց համար ասում է, թէ ոմանք դրանց ենթարկում են մի տարուայ ապաշխարանքի, ոմանք` 2: Ե Դւ. 16 կանոնը չի թոյլ տալիս, որ այրին առանց հարկի կոյսի հետ պսակուի: Մինչեւ այսօր էլ մեր մէջ աւելի յարգի է պսակուել կոյսի, քան այրու հետ (տե՛ս Ե Դւ. 16, Շահ. 7, Բ առ. 17, Բ Դւ. 5, Պար. 10):

Այստեղ երկակ բառը կարելի է հասկանալ եւ այլապէս, որ կին ունեցող մարդը երկրորդ անգամ պսակւում է, այս ենթադրել է տալիս յաջորդ 6-րդ կանոնս, որը ասում է:

 

6. Եթէ մէկը թողնի երկրորդ կնոջ եւ էլի առաջին թողնուածին դառնայ, 8 տարի    ապաշխարի:

6-րդը  եթէ  համարենք  5-րդի  շարունակութիւն դուրս  կգայ որ  կոյսի վրայ պսակուող երկակը, եթէ սրան կթողնի եւ կդառնայ էլի նախկին կնոջ, 8 տարի  ապաշխարի:

5 եւ 6 կանոնները թէ ոճի, թէ բովանդակութեան կողմից բոլորովին զատւում են նախորդ եւ յետնորդ կանոններից, յետնորդ 7-րդ կանոնը կազմում է 4-րդի շարունակութիւն, որ ասել է, թէ 5 եւ 6 կանոնները ներմուծուած են յետոյ: Այս կանոնս նոյն բառերով կրկնւում է Ներսէս Բ-ի ժողովում եւ երկու անգամ` «Ներսէսի» կանոններում: Բարսեղի 46-րդ կանոնը համարեա երկուսի 5 եւ 6-ի բովանդակութիւնը ունի. այստեղ կարդում ենք` եթէ մէկը, անգիտութեամբ կպսակուի այն մարդու հետ, որի առաջի կինը հեռացած է եւ ապա առաջի կնոջ վերադառնալովը՝ ստիպուած կլինի հեռանալ այդ մարդուց, նա շնութիւն արած կհամարուի: Երկրորդ կնոջ չէ արգելում պսակուել, բայց լաւ է համարում անպսակ մնալ (տե՛ս գրաբառի համեմատութիւնը Մանդ., Ներս. եւ Բարս. հետ):

 

7. Ով արգելում է ուտել, բայց ինքը գաղտնի ուտում է, կերածի չափ աղքատներին բաշխի:

Այս կանոնը բոլորովին անհասկանալի կթուար, եթէ շարունակութիւն չհամարէինք 4-րդի, որ ասել է թէ` 5 եւ 6 կանոնները ներմուծուած են: 4րդում արգելում է հեթանոսների տուն գնալ ուտել, այս 7-րդում էլ ասում է, որ շատերը թէ եւ արգելում են նոյն բանը, բայց ծածուկ իրանք գնում ուտում-խմում են, այդպիսիներին պատժում է (տե՛ս Ա առ. 16, Լաւ. 37, 38, 39):

Համեմատութիւնը Մանդակ. հետ` գրաբառում:

 

8. Գաղտնի պսակ անող քահանան կարգալոյծ լինի (տե՛ս եւ Բարս. 42):

Այս նոյն կանոնը բառացի կրկնում է Բարսեղի երրորդ խումբ ԻԱ կ. (տե՛ս  գրաբառը):

 

9. Եթէ մէկը առեւանկելով աղջկան պսակուի հետը, պսակը անվաւեր համարուի   եւ պսակուածը իւր սրտի ուզածին գնայ (տե՛ս Անկ. 11, Բ առ. 67, Բարս. 22, 30, Շահ. 7, Լաւ. 9):

 

10. Որ ի ձեռն յերասանին յագելապէս, երեք ամ արտաքոյ եւ մի ամ ընդ օրինօք:

Թարգմանելը անյարմար է. Լուսաւորչի նման   անձնաւորութիւնը այսպիսի ձեւով կանոն դնել չէր կարող. գրուածքի ոճը բոլորովին տարբեր է միւսներից: Նոյն բանը կրկնւում է Մանդակ. (տե՛ս գրաբառը):

 

11. Իգացելոցն երեք ամ արտաքոյ եւ երկու ամ ընդ օրինօք:

Այս կանոնս էլ ձեւի եւ բովանդակութեան կողմից 10-ի նման է. նոյնը կայ եւ Մանդակունու մէջ, սրանք Լուսաւորչինը չեն (տե՛ս Բարս. 7, 62):

 

12. Թովիչները 5 տարի դրսում եւ մի տարի ներսում ապաշխարեն (տե՛ս Անկ. 24, Բարս. 65, 72, Շահ. 9, 10, Կես. 8):

Սրա ոճը նոյն է, ինչ որ նախորդ 10, եւ 11-ինը. գրաբառում աչքի է ընկնում նմանութիւնը եւ տարբերութիւնը:

 

13. Ով կուսութիւն խոստացաւ Աստուծուն եւ պոռնկութիւն արաւ, 7 տարի ապաշխարի (տե՛ս Բարս. 60 կ., 59 կ., համ. Մանդակ. գրաբառի հետ):

 

14. Մանուկը եթէ առանց մկրտութեան մեռնի, եթէ մեղաւորը ծնողներն են, 7 տարի ապաշխարեն. պատժուեն նոյնպէս քահանաները եւ հոգաբարձուները (տե՛ս Պար. 20):

 

15. Գերեզման քանդող-բաց անողը չորս տարի ապաշխարի (տե՛ս Բարս. 66, Հարց. 17):

 

16. Ով կկոծի եւ մազերը կխուզի, ճակատին կզարկի, ցմահ նզովեալ լինի (տե՛ս Աշտ. 2, Շահ. 11, նոյնը կրկնւում է երրորդ Բարս. կանոններում):

 

17. Դիակներ կողոպտողը 16 տարի ապաշխարի (տե՛ս Բարս. 66):

 

18. Մարտիրոսների նշխարք եղած տեղը պէտք չէ պատարագ մատուցանել:

Շատ ձեռագրերում հակառակն է գրած. շատ քչերում եւ համաբարբառներում դրական է գրած: Նշանակում է, թէ վէմ քարի փոխարէն չի կարելի նշխարներ դնել եւ պատարագել (տե՛ս Ա առ. 27, 5 Լաւ. 51. Շահ. 17):

 

19. Քրիստոնեաները, մանաւանդ կանայք, անասունների խառնակման եթէ նայեն, նզովեալ լինեն:

Բառացի կրկնւում է Բարսեղի երրորդ տեսակ կանոններում:

 

20. Կանոնները ասում են, որ անապատականները չպէտք է ոչ մկրտութիւն անեն, ոչ հաղորդութիւն տան, ոչ էլ պսակ անեն, այդ առաջնորդների իրաւունքն է:

Անապատականները կամ կրօնաւորները չունէին  ոչ  մի  եկեղեցական աստիճան, այս հիման վրայ էլ իրաւունք չունէին քահանայագործութիւն անելու (տե՛ս Բ Դւ. 34):

 

21. Ով հանգուցեալի հրամանը (կտակը) քանդի եւ արհամարհի, նզովեալ լինի:

 

22. Ծածուկ խոստովանութիւնը մէկին ասող քահանան աստիճանից ընկնի, պաշտօնեաների շարքից մերժուի, եւ չխոստովանողների մեղքը ընկնի նրա վրայ:

Նոյնը կրկնւում է Մանդակ. եւ Բարսեղի երրորդ կանոններում (տե՛ս գրաբառը):

 

23. Ով պոռնկութեան համար կարձակի կինը, թող արձակուած լինի, միայն մի տարի ապաշխարի (տե՛ս Բարս. 9, 31, Շահ. 4, 5, Սսի 14, Հարց. 17):

24. Եթէ մարդը թողնի կնոջ աստուածապաշտութեան պատրուակով, նզովեալ լինի (տե՛ս Բ. առ. 5. Գանգ. 14):

Կանոնս ի նկատի ունի աղանդաւորներին, որոնք ամուսնութիւնը անմաքրութիւն էին համարում եւ կնոջ արձակում:

 

25. Եթէ քահանան, կամ սարկաւագը, կամ դպիրը հարբեց, չհամարձակի պատարագ անել, մինչեւ արտասուքով եւ տնանկներին ողորմելով չապաշխարի:

Նոյնը բառացի կրկնւում է Բարսեղի երրորդ կանոններում (ԻԲ) (տե՛ս գրաբառը) (տե՛ս Բ առ. 42):

 

26. Քահանայ կամ աշխարհական եթէ կաշառք առնի, Սիմոն կախարդի անէծքը վրան թափի. Յուդային կցորդ լինի. նոյնպէս եւ Գէեզ բորոտին (տե՛ս Բ առ. 29, Սսի 1):

 

27. Ձեռնածուները երկու տարի ապաշխարեն:

Մանդակունու կանոնները խստիւ արգելում են թատրոնական տեղեր գնալ. ձեռնածու ասելով կարելի է հասկանալ թէ թատրոններում զանազան մնջակատակութիւններ անող, թէ զանազան ֆոկուսներ եւ օյինբազութիւններ անող:

 

28. Պէտք է կիրակէն քրիստոնէաբար պահել եւ հանգստանալ, ով հրէաբար կպահի, նզովեալ լինի (տե՛ս Ա առ. 2, Լեւ. 29, Ե Դւ. 17, 31):

 

29. Վայրաբար նզովող քահանան նզովեալ լինի:

Նոյնը կրկնւում է Մանդակունու մէջ. տես գրաբառը:

 

30. Կոյսը, միայնակեացը (մոնոզոն, մոնազն) եթէ նուիրում են իրանց Աստուծուն, չհամարձակեն ամուսնանալ, ամուսնացողները հաղորդութիւնից մերժուեն, նրանց ընդունելութիւնը կախուած լինի եպիսկոպոսի մարդասիրութիւնից (տե՛ս Բ առ. 26, Բարսեղի 6):

 

Ահա այս են Լուսաւորչին վերագրուած կանոնները, նախ քան ասելը, թէ ո՞ր կանոնները կարելի է վերագրել Լուսաւորչին, որոնք` ո՛չ, այստեղ դնենք Մանդակունու մեղքերի անուան յիշատակութիւնը, որ բոլորովին նման է Լուսաւորչի կանոններին, միայն առանց պատժի որոշման, երկրորդ՝ կդնեմ Բարսեղի անունով 74 կանոններից նրանք, որոնք բառացի նոյն են Լուսաւորչինի հետ, եւ ապա եզրակացութիւն կարելի կլինի անել:

 

Յովհան Մանդակունու «Կոչումն ապաշխարութեան»-ից կբերեմ գրաբառ այն մասերը, որոնք նման են Լուսաւորչի. տակը գծածն է ուշադրութեան արժանին. իսկ Լուսաւորչի ո՞ր կանոնի հետ նմանութիւն ունի, այն փակագծի մէջ  կդնեմ կամեցողը  համեմատի  գրաբառ բնագրի  հետ որ դնում եմ յետոյ:

 

«Կոչումն ապաշխարութեան զոր ասացեալ է Տեառն Յովհաննու Մանդակունոյ Հայոց կաթուղիկոսի». թիւ խոստովանութեան: Թէ կոյս ընդ կուսի. թէ մինն կոյս է եւ մինն արամբի (5 կանոնի հետ համեմատիր): Թէ զկուսութիւն նուիրեալ Աստուծոյ եւ դարձեալ ստեաց. թէ ուխտեալ եւ ոչ կատարեալ (13 կ. ): Թէ ի տունս հեթանոսաց անխտիր կերակրեալ է (4 կանոն): Թէ ի ձիս յերասանեալ յագելապէս (10 կ. ): Թէ զխոստովանութիւն ուրուք յայտնեաց (22 կ. ): Թէ անկնունք մեռաւ ի ծուլութենէ (14 կ. ): Թէ ի մեղս զառածեալ է (1 կանոն): Թէ գաղտ պսակէ (8 կ. ): Թէ վայրապար նզովեալ է (քահանայ) (29 կանոնի հետ համեմատիր): Թէ ամուսնացաւ (քահանայ) եւ զպատարագն մատոյց (2 կ. ): Մնացած կանոնների բովանդակութիւնը կարելի է գտնել Մանդակունու ճառերի մէջ: Այժմ արտագրենք այն բոլոր կանոնները Բարսեղին վերագրածներից, որոնք ոչ թէ նման, այլ նոյն են: Մեր կանոնագրքերում Բարսեղ Մեծին յատկացրած են երեք խումբ կանոններ. առաջի խումբը նման է Բարսեղի իսկական կանոններին, երկրորդ եւ երրորդ խումբը հաւաքածու է զանազան կանոնների, եւ նրանց խմբագրութիւնը հասնում է մինչեւ Զ, Է դարը: Երրորդ խումբը 74 կանոնից է բաղկացած. որոնցից հետեւեալները առաջ կբերեմ իբրեւ նոյն Լուսաւորչինի հետ: «Բ կանոն. Եթէ ոք ի քահանայից զծածուկ խոստովանութիւն ուրուք յայտնեաց՝ անկցի յաստիճանէն. եւ ի կարգէ պաշտաւնէից մերժեսցի. եւ մեղք չխոստովանողացն անկցի ի վերայ նորայ» (համ. Լուս. 22 կանոնի հետ, բառացի նոյն է): «Գ կանոն. Քահանայ որ կին առնէ Ե ամ արտաքոյ. Բ ի ներքոյ ապաշխարեսցէ. Բ ամս անհաղորդ կացցէ եւ ապա հաղորդեսցի» (համ. Լուս. 4 կանոնի հետ, նոյն է): «ԺԳ կանոն. Ոչ է պարտ քրիստոնէից ի շաբաթու կամ ի կիրակէի շաբաթանալ եւ հրէանալ» (տե՛ս Լուս. 28): «Ի կանոն. Քահանայ որ զարծաթ իւր ի վարձու տայ, մերժեսցի յեկեղեցւոյն» (տե՛ս Լուս. 3 կ., բառացի նոյն է) «ԻԱ կանոն. Եթէ ոք գաղտ պսակ դիցէ. պսակադիրն լուծցի» (տե՛ս Լուս. 8 կ., բառացի նոյն է): «ԻԲ կ. Եթէ ոք արբեցաւ ի քահանայից կամ ի սարկաւագաց կամ ի դպրաց մի իշխեսցէ պատարագ կամ ի պաշտաւն մերձենալ մինչեւ բազում արտասուաւք եւ գթով տնանկաց ապաշխարեսցի. զի արբեցողք ընդ սպանողսն են» (տե՛ս Լուս. 25, բառացի նոյն է): Բացի ա՛յս, «Ներսէսի» 43 կոչուած կանոններում պատահում են կանոններ, որ բառացի նոյն են Լուսաւորչինի հետ. օրինակ` «Ե կ. Վասն որ մին կուսան է, եւ մին երկեակ եւ զուգին: Գ ամ ապաշխարեսցեն» (համ. Լուս. 5 կանոնի հետ): «Գ կ. Վասն իգացելոցն..., Դ ամ ապաշխարեսցեն» (համ. Լուս. 11 կանոնի հետ): «ԺԹ կ. Վասն որ մանուկն մեռանի առանց կնքոյ ի ծուլութենէ. Գ ամ ապաշխարեսցէ» (համ. Լուս. 14 կ. ): Սրանից յետոյ դնում եմ Լուսաւորչի կանոնների գրաբառը, համեմատել պէտք է միմիայն գրաբառները: