Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ. ՊԵՏԱԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐ ՊՕԼՕԺԷՆԻԱ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

 

Ազգային աղբիւրների Դ բաժինը կազմում են պետական օրէնքները: Պետական ասելով պիտի հասկանանք այն օրէնքները եւ կանոնները, որոնք կազմուած են ազգի, կամ հոգեւոր իշխանութեան ու պետութեան մասնակցութեամբ եւ վերջինիս հաստատութեամբ, որով ստացել են քաղաքացիական օրէնքի ոյժ եւ նշանակութիւն:

Այդպիսի աղբիւր երկու հատ ունինք, 1836 թուի Պօլօժէնիան ռուսահայոց համար եւ 1861թ. Սահմանադրութիւնը տաճկահայոց համար:


80) 1836 ԹՈՒԻ ՌՈՒՍԱՀԱՅՈՑ ՊՕԼՕԺԷՆԻԱՆ (ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ)

 

Ռուսաց տիրապետութիւնից առաջ, 19-րդ դարու սկզբին, պարսից տէրութեան ճգնաժամին հայոց կաթուղիկոսներ Դանիէլի եւ Դաւթի  գահակալութեան  խնդրի  պատճառով  ահագին  վէճեր աղմուկներ բարձրացան ոչ միայն երկուսի մէջ, այլ եւ բոլոր հայ հոգեւորականութեան, հայ ժողովրդի եւ նոյն իսկ երեք տիրող պետութիւնների մէջ: Այնքան ցաւալի եւ ամօթաբեր էին այդ աղմուկները, որ ամէն մի սրտացաւ հոգեւորականի մէջ պիտի արդար զայրոյթ առաջացնէին եւ ստիպէին նրան ամէն միջոց գործ դնել այդ վնասակար կռիւների առաջն առնել: Ահա այդ սրտացաւներից մէկն էր Դանիէլ կաթուղիկոսը, որը թէեւ աքսորավայր Մարաղայում նստած էր, բայց վայելում էր հայ հոգեւորականութեան եւ ժողովրդի յարգանքը եւ պատիւը: Նա այդ խառնակութիւնների պատճառ համարեց Հայոց եկեղեցու կարգ կանոններ չունենալը, գրաւոր օրէնքների բացակայութիւնը եւ կաթուղիկոսների կամայականութիւնները: Այս տեսակէտով նա 1806ին  Մարաղայից  առաջարկութիւն  ուղարկեց  Էջմիածին  համոզական եւ խորհրդակցական ձեւով գրուած, որով առաջարկում էր գլխաւոր եպիսկոպոսներից մի ժողով կազմել բոլոր գործերի կառավարութեան համար անընդմիջական գործակից կաթուղիկոսի, առանց որի կաթուղիկոսն իրաւունք չունէր ոչինչ անելու [1] ։ Էջմիածնում շատ սիրով ընդունեցին կաթուղիկոսի առաջարկը, ժողով գումարեցին, անդամներ ընտրեցին, որոնց հաստատեց ինքը` կաթուղիկոսը եւ սկսեց գործադրել: Եփրեմ կաթուղիկոսը նոյնպէս երդուեց հաւատարիմ կենալ ժողովով կառավարուելու սկզբունքին, մինչեւ իսկ ցանկացաւ հաստատել տալ կայսերական հրովարտակով, բայց չյաջողեց, որովհետեւ Էջմիածինը դեռ ռուսաց ձեռքի տակ չէր անցել: 1813 թուին Ներսէս դիմեց Պօլիս, առաջարկելով նրանց մի անդամ ընտրել եւ ուղարկել Էջմիածին իբրեւ «բարձրագոյն խորհրդարանի» անդամ բոլոր գործերին մասնակցելու, եւ երկրորդ Օսմանեան տէրութիւնից ստացած հաստատական հրովարտակի մէջ կաթուղիկոսի հետ զուգընթաց յիշուի եւ այդ գործակից ժողովի անունը, ինչպէս արել էր պարսից թագաժառանգը: Պօլսի Պատրիարքը եւ ամիրաները չընդունեցին Ներսէսի առաջարկը, ասելով, որ կաթուղիկոսի իրաւունքները սահմանափակել չի կարելի. «Խոհական մտաց քննութեամբ գտանի խռովառիթ ոճիր, ծանր դժուարութիւն եւ խիստ բռնակալութիւն, զի Աստուածընտիր քահանայապետն մեր, որ Աստուածատիպ գագաթան օծութեամբ ինքնիշխան գլուխ եկեղեցւոյ եմք յարգեալ, ընդ լծով հպատակութեան արկանէ, թող զայլսն» (տե՛ս Ամենայն հ. կաթ., Երիցեան. Ա. մ. 71-72 եր. ): Էջմիածնի Սինոդը կամ բարձրագոյն խորհրդարանը իւր անզօր, թոյլ, անկանոն կառավարութիւնը շարունակեց մինչեւ ռուսաց` Մայր Աթոռին տիրելը: Գլխաւոր ներկայացուցիչ Պասկեւիչ, տեսնելով Հայոց եկեղեցու անկարգ վիճակը, դիմեց կառավարութեան եւ թոյլտւութիւն ստացաւ ծրագիր մշակել եւ կանոններ սահմանելու պատրաստութիւններ տեսնել: Տէրութեան կարգադրութեամբ Պասկեւիչը կազմեց ծածուկ յանձնաժողով, որը արդէն պատրաստ էր 1829 թուին եւ կազմուած էր 4 անձից (զինուորական իշխ. ` Բեհբուդեան, Սերովբէ վարդապետ, Ջրպետեան եւ Օչկին) եւ հրամայեց ժողովի նիստերը Հայոց եկեղեցու կանոնադրութիւն կազմելու համար բանալ 1830-ի յունուարի 8-ին: Կովկասում կազմուած կանոնադրութիւնը փոփոխութիւնների ենթարկուեց Պետերբուրգում եւ ուղարկուեց գլխաւոր կառավարիչ Ռօզէնին ի վերստին քննութիւն: Ռօզէնը՝ Երեւանի կառավարչի եւ Կարբեցու հետ վերջացրին այդ կանոնադրութեան գործը եւ 1836-ին պատրաստ ուղարկեցին Պետերբուրգ, որը եւ հաստատուեց կայսեր հրամանով 1836 թուի մարտի 11-ին: Նոյն թուականին էլ սկսուեց Պօլօժէնիայի գործադրութիւնը:

 

 

 


[1]  Ժողովով կառավարելու միտքը յղացաւ առաջին անգամ Պետերբուրգում` իշխան Լազարեանների գլխում, որոնք տեսնելով կաթուղիկոսների ամօթալի գործերը, 1805ին  իրանց միտքը գտնելով Հայ եկեղեցու բարգաւաճման նպաստող, գրեցին հայ եպիսկոպոսներին, որ նրանք Դանիէլ կաթուղիկոսին խնդրեն այդ մասին: