Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

73) ԿԱԹՈՒՂԻԿՈՍԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

 

ՆԵՐՍԷՍ Ե

 

Այս դարուս առաջնակարգ կաթուղիկոսներից մէկն է Ներսէս Ե Աշտարակեցի: Նա կաթուղիկոսութիւն է արել 1843 թուից մինչեւ 1857-ը, կարգաւորելով եկեղեցական եկամուտները, կանոնաւորելով բոլոր ատեանների գործավարութիւնը, նա խստութեամբ պահանջել է թեմակալ առաջնորդներից մանրամասն հաշիւ թեմական, վանքական կալուածների, եկամուտների եւ

զանազան արդիւնքների, շատ տեղ նշանակելով աշխարհական կառավարիչներ եւ գործավարներ առաջնորդների ու փոխանորդների տեղը:

 

Կոնսիստորիաներին  եւ  զանազան  անձանց  կօնդակներով  եւ  զանազան կարգադրութիւններով արել է շատ բարեփոխութիւններ, մշակել է երեցփոխանների, գործակալների, աւագ քահանաների համար կանոններ, որոնք ուղարկելով պաշտօնական անձանց` հրամայել է կատարել: Ահա այս կանոններից մօտ 96 հատ դնում ենք այստեղ, որքան կարողացանք գտնել նրա թղթերում, թէեւ վստահանում ենք ասել, որ շատ կանոններ մնացին առանց արձանագրելու, որովհետեւ նրա թղթերը ամբողջութեամբ չկարողացանք գտնել ոչ Սինոդի դիւանատանը եւ ոչ վեհարանում: