Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

125) ԶԱՆԱԶԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐ

 

Հայոց եկեղեցական իրաւունքի երկրորդական աղբիւրներ են կազմում զանազան ժողովածուներ, որոնք գրուած եւ հաւաքուած են զանազան ժամանակներում, եւ որոնցից մնացել են մի քանի կցկտուր ու հատուկտոր տեղեկութիւններ եւ հասել են մեզ շատ քիչ ամփոփ հատուածներ: Սրանք ունին միմիայն օգնող, պարզաբանող, մութ կէտերը որոշող նշանակութիւն, իսկ դրական եւ ուղղակի աղբիւր չեն ներկայացնում:

 

1. Առաջին ժողովածու պիտի համարել Ե. դարում թարգմանիչների ձեռքով կազմած եւ հաւաքած կանոնները, որոնց մէջ մտնում էին երեք տիեզերական ժողովների, Լուսաւորչի, Ներսէսի, Սահակի, առաքելոց կանոնները, գուցէ եւ երկու օտար տեղական ժողովներինը. ա՛յս երեւում է Շահապիվանի ժողովի առաջաբանից:

 

2. Բ-լիակատար ժողովածուն կազմել է 8-րդ դարու սկզբին Յովհան Օձնեցին, որի իսկականը անխախտ եւ անփոփոխ դժբախտաբար մեզ չի հասել, Էջմիածնի մատենադարանի ձեռագրերում կան երկու-երեք կցկտուր քաղուածքներ   նրա  կազմածից:

 

3. Երրորդ ժողովածուն կազմուած է Ժ. դարից ոչ ուշ, քաղուած կամ ընդօրինակած Օձնեցու ժողովածուից եւ զանազան փոփոխութիւնների ու յաւելումների ենթարկած. դրանցից մօտ 40 հատ այսօր էլ կան Էջմիածնի ձեռագրատանը:

4. Չորրորդը գրել է Ներսէս Լամբրոնացին ԺԲ. դարում` եկեղեցական կանոնների եւ աշխարհական օրէնքների միացմամբ, որը դժբախտաբար մեզ չի հասել:

 

5 Սմբատ  Գունդստապլ  (սպարապետ)  պատմիչը  ունի  համառօտ «Ծաղկաքաղ ի դատաստանագրոցն Մխիթարայ Գօշի եւ Բիւզանդական օրինագրաց, որ արդէն ծանօթք էին յազգին թարգմանութեամբ Լամբրոնացւոյն» (Պատմ. հայերէն դպրութեանց, 774 երես):

 

6. Գլխաւոր եւ միակ ժողովածուն, որին կարելի է քիչ ու շատ հնապատմական նշանակութիւն տալ, է Մխիթար Գօշի «Դատաստանագիրք»:

 

7. Բացի այս ունինք եւ յունա-հռոմէական օրէնքների ժողովածու, որ կցուած է մասամբ Դատաստանագրքի հետ, մասամբ` ձեռագիր մեծ կանոնագրքերի: Կայ եւ վրացերէն եւ ապա ռուսերէն թարգմանած Վախթանգի ժողովածուն, որի մի գլուխն է «Հայոց կանոնները»՝ քաղուած Մխիթար Գօշից:

 

Ժողովածուների մէջ առանձին ուշադրութեան արժանի են 6 եւ 7 կէտերում նշանակուածները:

 

ՄԽԻԹԱՐ ԳՕՇ (տե՛ս Կիրակոս պատմագիր):

 

Մխիթարը (Գօշ կոչւում էր նրա համար, որ մազերը ուշ դուրս եկան, քեօսա էր) ծնուել է Գանձակ քաղաքում, առաջին կրթութիւնը ստացաւ մի կարդացած քահանայից. դրանով չբաւականանալով` նա, արդէն վարդապետ դարձած, ելաւ հայրենիքից եւ թափառելով այս ու այն կողմն՝ այս ու այն ուսումնականին հանդիպելով հասաւ Կիլիկիա` Սեւ լեռան կողմերը, մտաւ Կարմիր վանքը եւ բաւականաչափ օգուտ քաղեց այնտեղի ուսումն առած վարդապետներից: Ապա այնտեղից ելնելով` Էրզրումի վրայով անցնելիս պատահեց Քուրթ անունով բարեպաշտ մարդուն, որից որդիական յարգանք ու սէր վայելելուց յետոյ եկաւ հայրենիք: Աղուանից Ստեփաննոս կաթուղիկոսը, լսելով Մխիթարի վերադարձը եւ տեղեկանալով նրա ուսումնառութեան ու խոր գիտութեան վրայ, յորդորեց նրան թողնել մահմետականներով լցուած քաղաքը եւ գնալ Վախթանգ իշխանի մօտ: Քիչ յետոյ անցաւ նա իւր վաղածանօթ Քուրթ իշխանի մօտ, որը վերադարձել էր իւր հայրենիքը Հաղբատի մօտ. յետոյ տեղաւորուեց Գետիկ վանքում` Աղստեւ գետի աջ կողմում: Ապա իշխանների օգնութեամբ Ս. Աստուածածին անունով եկեղեցի շինեց նոյն տեղերում` Նոր Գետիկ կոչմամբ եւ դարձրեց այդ սրբավայրը ուսումնավայր, ուր թափւում էին ամէն կողմից ուսումնածարաւ անձինք` «գիտնական» վարդապետից ուսում սովորելու: Այդ ժամանակ սկսուեց Զաքարէ սպասալարի Սսի ժողովից ստացած 8 կանոնների գործադրութեան խնդիրը, որին, ըստ երեւոյթին, հաւանութիւն էր տալիս Գօշ:

 

Գօշի գլխաւոր  պարապմունքը  եղաւ Դատաստանագրքի կազմելը, Աղուանից Ստեփաննոս կաթուղիկոսի խնդրանօք, որը սկսուելով 1184 թուից` շարունակուեց մինչեւ նրա մահը` 1213 թուականները: «Դատաստանագիրքը» բաղկացած է երեք մասից. 1) նախադրութիւն, 2) եկեղեցական կանոններ, 3) աշխարհական օրէնքներ:

 

Նախադրութեան մէջ յիշւում են այն աղբիւրները, որոնցից նա քաղել է իւր գիրքը. առաջի աղբիւրն է՝ բնաւորական օրէնք, որով ղեկավարւում էին առանց գրի Աբրահամ նահապետը եւ այլն, 2) քրիստոնեայ ազգերի մէջ տեսած եւ լսած դատական սովորութիւնները, 3) մահմետականներից վերցնում է այն, որը վերցրած է Մովսիսի գրուածքներից եւ ո՛չ այն, ինչ որ Մահմետը քարոզեց, 4) Մովսէսի հնգամատեանը, 5) կանոնական գրքերից եւ 6) Հին եւ Նոր Կտակարանի բոլոր գրքերից:

 

Կայ եւ ըստ Հ. Բաստամեանի N492 ձեռագրում բացի այդ երեք մասից եւ երկու մաս, քաղուածքներ Մովսիսական օրէնքներից եւ քաղուածքներ յունական օրէնքներից (տե՛ս Մխիթ. Գօշ, Բաստամ, 116 եր. ): Նրա կարծիքով` յունական օրէնքների քաղուածքը Մխիթարինը չէ, այլ յետոյ՝ ուրիշների ձեռքով աւելացրած կամ հէնց Ն. Լամբրոնացու օրէնսգիրքն է, որ կցել են յետոյ Մխիթարի գրուածքին (120 եր. ): Գօշի «Դատաստանագիրքը» ի՞նչքան իրաւաբանական արժէք ունի, արդեօ՞ք կարելի է աղբիւր ընդունել մեր եկեղեցական իրաւունքի համար, թէ՞ ոչ: Դրա պատասխանը պարզ է եւ մի, երկու լինել չի կարող: Որովհետեւ այդ «Դատաստանագիրքը» անհատի գրած է, ո՛չ մի ազգային ժողովի կողմից չէ՛ հաստատուած, ո՛չ մի իրաւահաս մարմնի կողմից չէ՛ ընդունուած, ուստի եւ չի կարող իբրեւ դրական աղբիւր ծառայել: Բացի ա՛յդ, Մխիթարի գրուածքը Յովհաննէս Սխոլաստիկի եւ կամ Դիոնէսիոս Կրտսերի ժողովածուների նման ժողովածու չէ՛, ո՛չ էլ ինքնորոյն իրաւաբանական հետախուզութիւն է եւ ո՛չ զուտ ժամանակակից կեանքի գործադրուող օրէնքների մշակումն. այլ մի խառնուածք է Ս. Գրքի, հայոց եւ արտաքին ժողովների կանոնների, զանազան ազգերի սովորութիւնների ու իւր անձնական կարծիքի. ժողովածուն որովհետեւ օգտւում է եւ մահմետական սովորութիւններից, ուստի եւ ստացւում է մի խառնիճաղանճ հաւաքածու, առանց որոշ սկզբունքի եւ տիրապետող ուղղութեան, որի կանոնները գործադրել ոչ մի կերպով չի կարելի եկեղեցական կեանքում, նամանաւանդ որ պատիժների մէջ մեծ տեղ է բռնում մահուան դատապարտելը, որը միանգամայն հակառակ է Աւետարանի սկզբունքին:

 

Գօշի գիրքը կարող է ծառայել իբրեւ հնա-պատմական կողմնակի աղբիւր համեմատական արժէքով:

 

Իբրեւ նմուշ, թէ ո՞րքան տարօրինակ կանոններ կան դրա մէջ, կարելի է բերել հետեւեալ կտորները:

Դ. գլխում ասում է. «Եթէ ժողովրդականը արհամարհի քահանային նախատելով եւ կամ յանդգնի խփել, իրաւացի դատաստան է ձեռքը կտրել` «հատանել զձեռն»:

 

Ե. գլխում՝ «եթէ պատահի, որ ամուսնութեամբ կնոջ տիրել չի կարող ամուսինը, կանոնների հրամանի համաձայն թէ չէ կամենում կինը միասին ապրել, թո՛ղ բաժանման դատաստան լինի»: «Սակայն ամուսնու կամքով եւ հաւանութեամբ ուրիշ մարդու գնայ, եւ ամուսինը պսակուի այրի կնոջ հետ»:

 

Զ. գլխում` եթէ այսահար կինը «բժշկուի, իւր մարդու մօտ գնայ, եթէ մարդը կընդունի. իսկ եթէ ո՛չ, իրաւունք ունի արձակել» կնոջ, եթէ այսահար է եղել կինը պսակուելուց առաջ. իսկ եթէ այսահարութիւնը պսակուելուց յետոյ է առաջացել մարդու տանը, եթէ 7 տարուայ ընթացքում չբժշկուի, արձակուի կինը իւր բերած բոլոր ունեցածով, մարդը կնոջ թոյլտւութեամբ պսակուի, եւ երեխաներն էլ մնան մարդու մօտ, բացի այդ մարդը օգնի նաեւ արձակած կնոջ:

 

Ժ. գլխում` Աբրահամի եւ Սառայի օրինակով թոյլ է տալիս մարդուն բացի ամուլ կնոջից եւ երկրորդ կին բերել, «բայց ամուլ եւ ծննդական կնոջ միասին չպահել». իսկ եթէ անծննդութեան պատճառը մարդն է, կինը կարող է երկրորդ մարդ գտնել:

 

ԺԱ. գլխում իրաւունք է տալիս կնոջ մարդուց բաժանուել, եթէ ամուսինը արուագիտութիւն կամ այլ վատթար գործ է կատարել:

 

ԺԲ. գլխում անսովոր կանոններ է դնում մարդու եւ կնոջ մասին:

 

ԼԳ. գլխում` «ով կխեղդի տղային իբրեւ խեղի, կամ շնութեան մէջ, կամաւոր կերպով, դրա փոխարէն ինքը մեռնի». խեղդելու համար մահուան պատիժ է նշանակում, «որովհետեւ հնար չկայ կենդանացնելու»:

 

ԼԸ. գլխում` Աստուծոյ անուն, մկրտութիւն եւ այլն հայհոյողը մահուան պատժի է ենթարկւում:

 

ԽԳ. գլխում ասում է` եթէ ամուսինը առաջին գիշերուանից նկատեց, որ կինը անարգուած է, թող արձակման տայ եւ բաժանուի, կինը կարող է երկրորդ մարդու գնալ. եւ եթէ նորից արձակուի եւ երկրորդ մարդու մահից յետոյ առաջի ամուսինը գայ կնութեան առնելու, իրաւունք չունենայ, որովհետեւ պղծել է... անհեթեթ կարգեր սահմանելով վերջացնում է (հետեւում է Բ օրինաց):

 

Մնացած կանոններն էլ այսպիսի ձեւով սահմանուած են, նրանք չունին կանոնական հիմք, հապա կամայական կարգադրութիւնների եւ եղած սովորութիւնների արդիւնք են:

Մի՞թէ Գօշի գրուածքը ո՛չ մի իրաւաբանական արժէք չունի: Ունի, նրա գլխաւոր արժէքն այն է, որ նա կազմուած է ոչ ժամանակագրական կարգով, այլ ըստ առարկայի, տուած է գործադրուող օրէնսգրքի ձեւ. բաց անելով մի որեւէ երես, կգտնես մի խնդրի մասին գրած կանոն, վճիռ, որով կարող ես գաղափար կազմել եղած նիւթի իրաւաբանական որոշման մասին:

 

Երկրորդ արժէքն է այն, որ նա տալիս է հնա-պատմական  հարուստ նիւթ, թէ 12 եւ 13-րդ դարերում ինչպիսի հայեացքներ կային շրջապատող ժողովուրդների եւ ազգերի մէջ զանազան խնդիրների վերաբերմամբ:

 

Գօշի մի քանի ձեռագիր օրինակներին եւ մի քանի ընդարձակ ձեռագիր կանոնագրքերին կցուած կայ յունա-հռոմէական օրէնքների ժողովածուն. սրանք թարգմանուած պիտի լինեն Ռուբինեան թագաւորութեան ժամանակ, երբ յարաբերութիւնը աւելի սերտ էր յունաց եւ եւրոպացոց հետ եւ հարկ էր զգացւում ունենալ որոշ հիմունքներով օրէնքներ, որոնցով հնար լինէր կառավարել ոչ միայն հայերին, այլ եւ Կիլիկիայում գտնուող օտար տարրերին:

 

Յունա-հռոմէական ժողովածուների կանոնները սկիզբն առել են Կոստանդին Մեծից, որը առաջինը եկեղեցական կանոնները համարեց քաղաքացիական օրէնքների ոյժ ունեցող եւ հաւասարապէս պարտաւորական բոլորի համար: 438-ին Թէոդոս Մեծը ժողովեց Կոստանդինից սկսած մինչեւ իւր ժամանակը հրատարակած բոլոր օրէնքները, եւ «Թէոդոսի կոդեքս» անուամբ գրի առնուեցին եւ գործադրութեան տրուեցին: Դրանից 100 տարի համարեա յետոյ Յուստինիանոս Մեծը հրամայեց համախմբել թէ այդ ժողովածուի, թէ դուրսը մնացած եւ թէ իւր հրատարակած բոլոր օրէնքները միասին եւ մի ժողովածուով հրատարակել, հրատարակած հաւաքածուն կոչուեց «Յուստինիանոսի կօդէքս»` 12 գրքի բաժանած (534 թ. ): Գրքերից առաջինը 13 տիտուլով բովանդակում է եկեղեցական կառավարութեան վերաբերեալ խնդիրներ. 1) դաւանութեան, 2) եկեղեցու, ս. իրերի եւ նրանց արտօնութեան, 3) եպիսկոպոսների եւ միւս հոգեւորականների, 4) եպիսկոպոսական դատի, 5) հերետիկոսների, 6) մկրտութիւնը չկրկնելու, 7) ուրացողների, 8) խաչակնքելու, 9) հրէաների, 10) հեթանոսների մօտ քրիստոնեայ ստրուկ չունենալու, 11) հեթանոսների, 12) եկեղեցուն դիմողների, 13) ազատուած ստրուկների մասին (տե՛ս Соколов, 164 եր. ): Յուստինիանոսը շարունակեց դրանից յետոյ էլի հրատարակել նոր օրէնքներ նովելլա (novellae constitutiones): 165 նովելլաներից՝ 535 թ. հրատարակած, հետեւեալները բովանդակում էին եկեղեցական կանոններ. 5, 6, 32, 46, 56, 58, 67, 83, 84, 123, 131, 133, 136, 139: Այս օրէնքները լատիներէն էին գրուած, 7-րդ դարուց սկսած այդ լեզուի գործածութիւնը թուլանալով, հարկ զգացուեց յունարէն թարգմանելու, եւ հետզհետէ հրատարակուեցին զանազան ժողովածուներ, որոնցից նշանաւորն է Լեւոն Իսաւրացու եւ Կոստանդին Կոպրոնիմի 739թ. հրատարակած էկլօգան 28 տիտուլով (գլուխ), որոնցից 2, 8, 9, 24, 28 եկեղեցական կանոններ են: Ապա 870 թ. Վասիլ Մակեդոնացին հրատարակեց ձեռնարկ` Պրօխիրօն, 40 տիտուլի բաժանած, որը բովանդակում էր ամենագործածական օրէնքները եւ որոնցից 24, 28-ը եկեղեցական կանոններ էին: Վասիլի օրօք սկսուած ընդարձակ հրատարակութիւնը շարունակուեց եւ նրա որդու` Լեւոն Իմաստասէր կայսեր ձեռքով 911-ին, իսկ Վասիլի թոռան` Կոստանդինի ժամանակ, 961 թուին նորից մշակուեցին եւ հրատարակուեցին Բազիլիկ անունով (թագաւորական գրքեր): Այս կօդէքսը բաղկացած է 6 հատորից` 60 գլխի բաժանած, որոնցից առաջի 4 գրքերը վերաբերում են եկեղեցական կարգերին:

 

Ահա այս ժողովածուներից թարգմանուեցին Ռուբինեան տէրութեան ժամանակ եւ կցուեցին Մխիթար Գօշին ու մեր ձեռագիր կանոնագրքերին: Յայտնի է, որ 565-ից մինչեւ 578 թուականը Յովհան Սխոլաստիկ Պօլսոյ Պատրիարքը իւր կազմած ժողովածուն լրացնելու մտքով Յուստինիանոսի նովելլաները 87 գլխով, որոնք եկեղեցուն էին վերաբերում, կցեց իւր հրատարակածի հետ եւ դարձրեց մի ամբողջացած կանոնագիրք: Արդեօ՞ք մեր թարգմանութիւնները Սխոլաստիկի կազմածից են վերցրած, թէ՞ Իսաւրացու եւ իմաստասէր կայսրների ժողովածուից, ինձ համար անորոշ է այդ, որովհետեւ պիտի բոլորը միմեանց հետ համեմատել: Հ. Բաստամեանի վկայութեամբ` մեր թարգմանութիւնների մէջ կան թէ Յուստինիանոսի, թէ Իմաստասէր Լեւոնի եւ թէ այլոց ժողովածուներից կտորներ, եթէ ճիշտ է այս, հնար կլինի ենթադրել, որ դրանք թարգմանուած են ոչ Սխոլաստիկի, այլ 10-րդ դարու լրացրած ժողովածուներից: Այս խնդիրը այնքան հետաքրքիր չէ մեզ համար, որովհետեւ յունա-հռոմէական օրէնքները մեր եկեղեցական օրէնսդրութեան վրայ եթէ ո՛չ բոլորովին, գոնէ շատ քիչ ազդեցութիւն են ունեցել: