Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

26) ԼԱՒՈԴԻԿԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԺՈՂՈՎԸ (365 Թ. )

  Լաւոդիկիան գտնւում է Փռիւգիայում. ժողովի ժամանակը ճշտութեամբ յայտնի չէ. ենթադրում են, որ եղել է Դ դարու վերջին՝ 365 թուականներին: Այս ժողովում սահմանուել է 60 կանոն զանազան խնդիրների վերաբերմամբ,   եկեղեցական   կարգերի,   հոգեւորականների   եւ   աշխարհականների վարքի, բարքի, զանազան յանցանքների եւլն, եւլն. այդ կողմից՝ նոյն ժամանակուայ  քրիստոնեաների  կեանքի  պատկերն  է  արտայայտում:

 

1. Ազատ եւ օրինաւոր երկրորդ պսակով միացողները, ո՛չ ծածուկ կերպով յարաբերութիւն ունեցողները, քիչ ժամանակ ապաշխարանքի ենթարկուելուց յետոյ, ներողամտաբար ընդունւում են եկեղեցում:

 

Երկրորդ պսակը ընդունւում է իբրեւ անառակութեան դէմ բժշկութիւն, թէեւ ապաշխարանքով Կոր. Է 8-9, Նիկ. 8, Բարս. 4, 7, 8): Կրկնամուսնութիւնը լինում է երեք տեսակ. 1) այրու պսակը ազատ անձի հետ, 2) մի մարդու կենակցութիւնը երկու կնոջ հետ միաժամանակ, 3) օրինաւոր ամուսիններից մէկի պսակուելը երրորդ մէկի հետ (Բարս. 22): Ըստ սլաւոնական «Կորմչայա կնիգա»-ի եւ հռոմէական օրէնքների` երկրորդ պսակ թոյլատրւում էր մարդու մահից մի տարի յետոյ: Այս մասին երկար կարգադրութիւններ է տալիս Յուստինիանոսի 22 նովելլան:

 

2. Մեղաւորները եթէ ապաշխարանքով եւ խոստովանութեամբ զղջում են իրենց յանցանքները սրտանց, կարող են համարուել հաւատացեալների շարքը մտած եւ եկեղեցում աղօթող:

 

3. Նոր մկրտուածներին հոգեւորական դասի մէջ չպէտք է ընդունել (տե՛ս Բ առ. 80, Նիկ. 2):

 

4. Հոգեւորականները չպիտի շահով փոխանակութիւն անեն կամ վաշխ առնեն եւ կամ կէս շահով տան (տե՛ս Բ առ. 64, Նիկ. 17, Ա առ. 18):

 

Մեր կանոնների 5-րդ կանոնն է:

 

5. Հոգեւորականների ձեռնադրութիւնը ունկնդիրների ներկայութեամբ չպիտի լինի (տե՛ս Բ առ. 1):

 

Ոմանք կարծում են, որ այս «ձեռնադրութիւն» բառը («խիրոտոնիա») նշանակում է ձեռամբարձութիւն, այսինքն՝ ձեռք բարձրացնելով հոգեւորականի ընտրութիւն կատարել. իսկ ուրիշները ուղիղ մտքով են հասկանում, այսինքն՝ եկեղեցու միջի ձեռնադրութիւնը: Մեր  կանոնագրքերի  4-րդ  կանոնն  է:

 

6. Հերետիկոսներին թոյլ չտալ եկեղեցի մտնելու:

 

Թէեւ Բարսեղ Մեծը ընդունեց Վաղենտինիանոս թագաւորին:

 

7. Նորադարձ հերետիկոսներին, նովատեաններին, փոտինեաններին կամ տասնչորսականներին՝  թէ՛  թերահաւատ, թէ՛  հաւատացեալ, ընդունել  միայն այն ժամանակ, երբ նզովք կը կարդան բոլոր աղանդների վրայ, նրանցից հաւատացեալները կ’օծուեն միւռոնով եւ կը հաղորդուեն, երբ կը սովորեն մեր հաւատքը (տե՛ս Պոլ. 1, Նիկ. 19, Պոլ. 7, Եփ. 1, 2, 3):

 

8. Նորադարձ փռիւգները, թէկուզ կղերից եւ աւագագոյններից լինեն, պիտի մկրտուեն նորահաւատների նման` եպիսկոպոսից  եւ  քահանայից  (տե՛ս Պոլ. 7):

 

9. Հերետիկոսների գերեզմանատները կամ նրանց մարտիրոսների տեղերը պիտի չգնալ բժշկութեան կամ աղօթելու համար: Գնացող հաւատացեալները ժամանակաւորապէս կը մերժուեն եկեղեցուց (տե՛ս Բ առ. 64, 70):

 

10. Հոգեւորականները առանց քննելու չպիտի թոյլ տան իրենց որդւոց հերետիկոսների հետ խնամութիւն անելու:

 

11. Եկեղեցում չպիտի կարգել աւագուհիներ կամ իբրեւ այսպէս անուանուած «նախագահուհիներ»:

 

Մեր ձեռագրերում ուրիշ տեսակ է գրած. «Ոչ է մարթ ոյք կոչին ծերք եւ պառաւք՝ առաջի եկեղեցւոյ նստել որպէս ի հրապարակի, կամ բնաւին կնոջ մարդոյ»: «Աւագուհի» ասելով սարկաւագուհիներ չպիտի հասկանալ, այլ աւագ ծեր կանայք, որոնք իրենց տարիքով եւ վարք ու բարքով պատկառելի էին բոլորի աչքում եւ կոչւում էին «կին քահանայք»: Կանոնս արգելում է դրանց հսկելու իրաւունք տալ եկեղեցում կանանց վրայ (Բալսամոն, Զոնարաս):

 

12. Եպիսկոպոս կարգեն շրջակայ եպիսկոպոսների ժողովը մետրոպոլիտի հետ միասին փորձուած եւ հաւատարիմ անձի (տե՛ս Անտ. 19, Նիկ. 4):

 

13. Ամբոխին չպիտի թոյլ տալ հոգեւորական ընտրել:

 

Այստեղ չի նշանակում՝ բուն ժողովուրդը իրաւունք չունի ընտրութիւն անել, քանի որ շատ կանոններից եւ «Առաք. կարգադրութիւններ»-ից երեւում է, որ եկեղեցականին ընտրողը ժողովուրդն է, այլ խառն ամբոխը եւ խառնիճաղանջ մարդկանց բազմութիւնը, որոնք ամէն տեսակ անկարգութիւնների պատճառ կարող են դառնալ ընտրութեան մասնակցելիս:

 

Բալսամոն ասում է. «Այս կանոններից երեւում է, որ հին ժամանակը ոչ միայն եպիսկոպոսներն էին ընտրւում ժողովրդից, այլեւ քահանայք, որը եւ

արգելւում է» (Правила св. апост... съ толкованиями, 223 եր. ):

 

14. Զատկին Հաղորդութիւնը իբրեւ օրհնութիւն ուրիշ ծուխեր չուղարկել:

 

Հին ժամանակ, ինչպէս հրեաները Զատկին միմեանց ընծաներ էին ուղարկում (օրինակ` բաղարջ), այդպէս քրիստոնեայք սբ Հաղորդութիւնը իբրեւ օրհնութիւն էին ուղարկում: Այդ սովորութիւնը արգելուեց, իսկ դրա փոխարէն, ինչ որ մնում էր Հաղորդութեան համար վերցրած Սրբութիւնից (Հացից), խաչաձեւ դրոշմում էին, օրհնում եւ ուղարկում իբրեւ օրհնութիւն նրանց, որոնք չէին հաղորդուել եւ ներկայ չէին պատարագին. ուղարկուածը կոչւում էր նշխարք` ՈվՑՌՊՏՐ:

 

15. Բացի ամբիոն բարձրացող եւ գրքի վրայ երգողներից, ուրիշ ոչ ոք չպիտի երգի եկեղեցում:

 

Բալսամոնի կարծիքով` արգելւում է աշխարհականին ամբիոն բարձրանալ եւ երգը սկսել եկեղեցում:

 

16. Շաբաթ օրը կարդալ Աւետարան միւս գրուածքների հետ միասին:

 

Զոնարասն ասում է, որ երեւում է` ընթերցումները դեռ կանոնաւորուած չէին, աղօթք էին ասում եւ պատարագը անում. որոշում է կանոնս կարդալ Աւետարան, որպէսզի ժողովուրդը դատարկութեամբ չանցկացնի օրը, այլ Աւետարանի ընթերցումը գրաւէ եւ եկեղեցի տանի նրանց (տե՛ս Ա առ. 5):

 

17. Սաղմոսները եկեղեցում պիտի երգուեն ո՛չ անընդհատ, այլ ընդմիջումներով եւ ընթերցանութիւններով (տե՛ս Ա առ. 19):

 

18. Միեւնոյն աղօթքները պիտի կարդալ միշտ՝ թէ՛ իններորդ ժամին եւ թէ՛ երեկոյեան:

 

Բալսամոնի կարծիքով` այս կանոնը արգելք է  դնում  զանազան անձանց ինքնահնար աղօթքներ բերել եւ եկեղեցում երգել ու ասել:

 

19. Պէտք է եպիսկոպոսները առանձին աղօթքներ սահմանեն թերահաւատների (չմկրտուածների) համար, դրանց դուրս գալուց յետոյ պիտի ասեն ապաշխարողների աղօթքը, երբ սրանք էլ ձեռք դնելով օրհնութիւն կը ստանան եւ կը գնան, այն ժամանակ աղօթք պիտի ասեն հաւատացեալների համար. առաջինը` անձայն, միւս երկուսը՝ միասին ձայնով: Ապա պիտի ողջոյն տան եւ հաղորդուեն, միայն օծեալները Սեղանում կը հաղորդուեն:

 

20. Սարկաւագները առանց քահանայի թոյլտւութեան չնստեն, նոյնպէս էլ կղերը` առանց սարկաւագի (Նիկ. 18):

 

21. Կիսասարկաւագները սբ անօթներին մերձենալ եւ սարկաւագի պաշտօնը կատարել իրաւունք չունին:

 

22. Եկեղեցու կրտսեր սպասաւորը իրաւունք չունի ուրար կրելու եւ դռնից հեռանալու:

 

(«Օրար»  նշանակում  է  «պահպանում  եմ  եւ  դիտում») ուրար  կրելը սարկաւագների իրաւունքն է: Կրտսեր սպասաւորները դռան մօտ պիտի կանգնէին եւ հեթանոս մարդկանց թոյլ չտային եկեղեցի մտնելու:

 

23. Երգիչները եւ ընթերցողները ուրար չպիտի կրեն եւ նրանով երգեն ու կարդան:

 

24. Ոչ մի հոգեւորականի, մինչեւ իսկ սարկաւագի, ընթերցողի, երգիչի, երդմնեցուցիչի, դռնապանի կամ վանականի, վայել չէ գինետուն մտնել (տե՛ս Բ առ. 54):

 

25. Կիսասարկաւագին վայել չէ հաց բաշխել կամ բաժակ օրհնել:

 

26. Եպիսկոպոսից չկարգուածը իրաւունք չունի երդմնեցուցիչ լինելու ո՛չ եկեղեցում, ո՛չ տներում (տե՛ս Անտ. 10, Նէո. 14, 1):

 

27. Սիրոյ երեկոներին (ագապ) հրաւիրուածներից ոչ ոք, հոգեւորական թէ աշխարհական, իրաւունք չունենայ վերջում դուրս գնալիս հետը մի բան տանել, որովհետեւ դրանով եկեղեցական կարգը խանգարում է:

 

28. Սիրոյ ճաշերը վայել չէ Աստուծոյ տներում կատարել (տե՛ս Բ. առ. 3, 4,. Գան. 11):

 

29. Պէտք է կիրակին պահել եւ շաբաթը գործել, եւ ոչ հրէաբար շաբաթը տօն անել (տե՛ս Բ. առ. 70 կ., Ա. առ. 5):

 

30. Ոչ հոգեւորականը եւ ոչ էլ աշխարհականը չպէտք է կանանց բաղնիս գնան, որովհետեւ այդ կռապաշտական տգեղ սովորութիւն է:

 

Նոյնը արգելում են եւ Առ. կարգադրութիւնները:

 

31. Հերետիկոսների հետ խնամութիւն անել այն դէպքում, երբ կխոստանան քրիստոնեայ-հաւատացեալ լինել:

 

Մեր ձեռագրերում հերետիկոս բառը այլազգի է թարգմանուած:

 

32. Հերետիկոսից օրհնութիւն չպիտի ստանալ:

 

33. Հերետիկոսի կամ հերձուածողի հետ չպիտի աղօթել (տե՛ս Բ. առ. 10, 45, 46, Անտ. 2):

 

34. Ով քրիստոնեայ մարտիրոսներին կթողնէ եւ հերետիկոս մարտիրոս համարուածի ետեւից կգնայ, անիծեալ լինի:

 

35. Ով եկեղեցին կթողնէ եւ հրեշտակներին կպաշտի կռապաշտների նման, նզովեալ լինի:

 

Այն հերետիկոսներն էին, որոնք դաւանում էին, թէ հրեշտակները ստեղծել են աշխարհը եւ կառավարում են. դրանք կոչւում էին հրեշտակականներ. իսկ իրանք իրանց անուանում էին հրեշտականմաններ:

 

36. Վայել չէ հոգեւորականներին լինել կախարդ, դիւթիչ, աստղագէտ (մոգ) եւ կամ վհուկ, կշկուռներ (կապ) անող, կշկուռ կրողին պիտի եկեղեցուց հեռացնել:

 

Կախարդները կապ ունէին իբր թէ ոգիների հետ, դիւթիչները զանազան թովչութիւններով, յօգուտ կամ ի վնաս մարդկանց, հմայութիւններ էին անում, զանազան ձայների միջոցով իբր թէ դեւերին բերում էին եւ գազանների-գայլերի բերանները կապում, որ հանդերի տնային կենդանիներին չուտեն. մի քանիսն էլ օձերն էին դիւթում (օվսունում): Աստղագէտները աստղերի շարժումներով զանազան գուշակութիւններ էին կատարում (բախտաւոր եւ անբախտ): Աստղագիտութիւնը չորս ճիւղն ունէր՝ թուաբանութիւն, երաժշտութիւն երկրաչափութիւն աստղաբաշխութիւն Զոնարասի  կարծիքով` կանոնս արգելում է այս 4 գիտութիւնը կարդալ, բայց պարապել թոյլատրում է: Բալսամոնի կարծիքով` արգելւում է միայն աստղաբաշխութիւնը: «Բազիլիկայի» 10-րդ գիրքը արգելում է միայն մաթեմատիկան, իսկ երկրաչափութիւնը թոյլ է տալիս: Կշկուռները թղթի կտորներն էին՝ զանազան ծածկագիր տառերով խզբզած, ծալում էին կամ կշկռում շորի ծայրում եւ իրենց հետ պահում իբրեւ պաշտպանութիւն զանազան կախարդութիւնների դէմ: Փարիսեցիք միշտ կրում էին հանգոյցի նման. «հոգու կապեր» էին կոչւում (տե՛ս Ա առ. 15, Բ առ. 24, Անկ. 24, Կես. 8, Շահ., Բարս. 65, 72, 83, Գր. Նիւս. 3):

 

37. Հրեաներից եւ կռապաշտներից չպէտք է ընդունել տօնական ընծաներ եւ ոչ էլ միասին տօն կատարել (տե՛ս Բ առ. 42, 65, 70, 71, Անկ. 7):

 

38. Չպէտք է հրեաներից բաղարջներ ընդունել կամ նրանց անպատուաբեր արարքներին հաղորդակից լինել:

 

39. Կռապաշտների հետ չպէտք է տօն կատարել կամ նրանց անաստուածութեան հետ միանալ:

 

Հայոց ձեռագրերում 38 եւ 39  միացրած են:

 

40. Եպիսկոպոսները, բացի հիւանդութեան դէպքից, ուրիշ ոչ մի պատճառով չպիտի ուշանան՝ ծուլանան ժողով գնալու (տե՛ս Բ առ. 37, Նիկ. 5, Անտ. 20):

 

Մեր ձեռագրերում 39  կանոնն է:

 

41. Հոգեւորականը առանց վկայաթղթի չպիտի ճանապարհորդի (տե՛ս Բ առ. 12, Անտ. 7, 8, 11):

Մերոնց մէջ 41-րդը չկայ:

 

42. Հոգեւորականը առանց եպիսկոպոսի հրամանի չպիտի ճանապարհորդի:

 

Մեր ձեռագրերում 40-րդ կանոնն է:

 

43. Եկեղեցու սպասաւորները դռներից  չպիտի հեռանան աղօթքներ սովորելու պատրուակով:

 

Մերոնց մէջ չկայ:

 

44. Կինը Սեղան չպիտի բարձրանայ:

 

Մեր կանոններում 41-րդ կանոնն է:

 

45.   Քառասնորդական  պասի  առաջին  երկու   շաբաթից   յետոյ   չպէտք  է մկրտութիւն  ընդունել:

 

Այս կանոնս վերաբերում է հասակաւորներին, որոնք հին սովորութեան համաձայն` Աւագ շաբաթ օրն էին մկրտւում: Ով որ Մեծ պասի սկզբին կամ երկու շաբաթուայ ընթացքում չէր յայտնում իւր ցանկութեան մասին եւ չէր պատրաստւում մկրտուելու, այդպիսի անձին կանոնը թոյլ չի տալիս այդ Քառասնորդական պասին մկրտուելու, այլ կը մնայ, մինչեւ որ ջերմեռանդութեամբ կը պատրաստուի աւազանով մկրտուելու (книга правил):

 

Մեր ձեռագրերում էլի  41-րդ կանոնն է (հեղինակի բերած գրաբար բնագրում՝ 42-րդը. խմբ. ):

 

46. Մկրտուողները պիտի հաւատոյ դաւանութիւնը սովորեն եւ շաբաթուայ 5-րդ օրը պատասխան տան եպիսկոպոսին ու քահանային:

 

Մերոնց 42-րդն է [43-րդը]. պէտք է նկատեմ, որ բոլոր ձեռագրերում նոյն թուահամարի կարգը չի տիրապետում. յետ ու առաջ դրուածներ շատ կան:

 

47. Հիւանդութեան ժամանակ մկրտուածը առողջանալուց յետոյ պիտի հաւատոյ ուսմունքը սովորի:

 

Մերոնց մէջ 43-րդն է [44-րդը]:

 

48. Մկրտուողներին հարկաւոր է օծուել երկնային օծումով եւ մասնակից լինել Աստուծոյ արքայութեան:

 

Մերոնց մէջ 44-րդն է [45-րդը]:

 

49 (45) [46]. Մեծ պասին սուրբ հաց մատուցանել կարելի է միմիայն շաբաթ եւ կիրակի օրերը: Նշանակում է՝ Մեծ պասին պատարագ անել կարելի է շաբաթ եւ կիրակի օրերը, իսկ միւս օրերը` Ճաշու ժամ:

 

50 (46) [47]. Քառասնորդականի Աւագ հինգշաբթի օրը չպիտի լուծել, այլ լրիւ մինչեւ վերջը պիտի պահել:

 

Հներում շատերը Զատիկը կատարում էին հինգշաբթի երեկոյեան ի յիշատակ Քրիստոսի երեկոյեան:

 

51 (47) [48]. Քառասնորդական պասին մարտիրոսների ծնունդը հարկաւոր չէ տօնել, այլ միայն նրանց յիշատակը կարելի է կատարել շաբաթ եւ կիրակի օրերը (տե՛ս Ա առ. 5, 27):

 

52 (48) [49]. Քառասնորդական պասին պսակ անել կամ ծնունդը տօնել չի կարելի:

 

53 (49) [50]. Քրիստոնեան պսակ գնալու ժամանակ չպիտի ձիարշաւ դուրս գայ, պարի, այլ գիշերը պիտի հանգիստ անցկացնի:

 

Նոյն  կարգադրութիւնը  անում  են  եւ  «Առաքելական կարգադրութիւններ»-ը:

 

54 (50) [51]. Հոգեւորականները պսակների խնջոյքներում չպիտի անվայել ներկայացումներին ներկայ լինեն, հապա պիտի շուտ դուրս գան անմիջապէս պսակից յետոյ:

 

Այստեղ  չի  խօսում  իսկական  թատրոնական  ներկայացումների  համար, այլ հարսանիքների եւ խնջոյքների ժամանակ կատարուած զանազան անպարկեշտ երգ ու պարի եւ ցոյցերի համար: Իսկ ընդհանրապէս ներկայացումներին գնալ արգելում էին թէ՛ հռոմէական քաղաքացիական օրէնքները եւ թէ՛ Զ տիեզերական ժողովը:

 

55 (51) [52]. Հոգեւորականին եւ աշխարհականին վայել չէ հանգանակով (փսոն) կոչունքներ (սարքել) անել:

 

56 (52) [53]. Քահանան իրաւունք չունի եպիսկոպոսը եկեղեցում գտնուած ժամանակ առաջ մտնել եւ նստել սեղանում:

 

57. Փոքր քաղաքներում եւ գիւղերում պիտի բարեկարգներ (պերիօդեւտ) լինեն եւ ո՛չ եպիսկոպոս. իսկ առաջուց նշանակած եպիսկոպոսը առանց քաղաքի եպիսկոպոսի ոչինչ չպիտի անի:

 

«Պերիոդեւտէս» նշանակում է այցելու. աստիճանով նրանք քահանայ են. համապատասխան են այժմեայ բարեկարգին (գործակալ) (книга правил):

 

Մեր ձեռագրերում չկայ այս կանոնը:

 

58 (53) [54]. Քահանայք եւ եպիսկոպոսները տներում պատարագ չպիտի մատուցանեն:

 

VI տիեզերական (Հինգ-վեցեան) ժողովի 31 կանոնը թոյլ է տալիս եպիսկոպոսի գիտութեամբ պատարագ անել աղօթատներում, որոնք գտնւում են տան մէջ, իսկ 59 յօդուածը արգելում է տներում մկրտութիւն անել: Նոյնը պատուիրում է Լեւոն Իմաստասէր կայսրը իւր նովելլայով:

 

59 (54) [55]. Եկեղեցում պիտի կարդալ Նոր եւ Հին Կտակարաններից այն գրքերը, որոնք կանոններում նշանակուած են, եւ վաւերական սաղմոսները:

 

Բացի Դաւթի 150 սաղմոսից, կային եւ ուրիշ սաղմոսներ՝ բոլորովին կապ չունեցող վաւերականների հետ:

 

60. Այս գրքերը պիտի կարդալ. 1) Ծննդոց, Ելից, Ղեւտացիք, Թուոց, Երկ. Օրինաց, Յեսու Նաւեայ, Դատաւորաց, Հռութ, Եսթեր, 4 Թագաւորութեանց, Մնացորդաց 2, 2 Եզրաս, 150 սաղմոս, Սողոմոնի Առակներ, Իմաստութիւն, Երգ երգոց, Յովբ, 12 մարգարէութիւնք.

2) Չորս Աւետարան, «Գործք Առաքելոց» եւ 7 թուղթ` 1 Յակովբայ, 2 Պետրոսի, 3 Յովհաննու, 1 Յուդայի եւ 14 Պօղոսի թղթեր:

 

«Յայտնութիւնը» այստեղ էլ չկայ. չկայ նոյնպէս եւ Կղեմայ յիշատակարանը` 8 գրքի մասին գրած (տե՛ս Բ առ. 58 եւ Աթանասի 3):

 

Հայոց  ձեռագրերում  59-60  կանոնները  միացրած  է Բովանդակութեամբ՝ համարեա ձեռագրերի մէջ եղած կանոնները նոյնն են իսկականի հետ, բացի երկու կանոնից, որը չկար մերոնց մէջ. երկու կանոն երկու անգամ միացրած են: Մերոնց մէջ 54-55 կանոն է, 2 կանոն միացրած է. ջոկջոկ հաշուելու լինենք, վ կ’ունենանք 57 կանոն, այնպէս որ կարող ենք ասել` մեր ձեռագրերում Լաւոդիկիայի ժողովի կանոնները 57 են, թէեւ գրուած են թուահամարով 55, երբեմն` 54: