Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

4) ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ ԶԱՆԱԶԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՏԱԿ

(տե՛ս Соколов, Горчаков, Опыт ц. п. եւ Соколов, ц. п. )

 

Եկեղեցական իրաւունքը շատ անգամ կոչւում է «կանոնական իրաւունք», «եկեղեցական իրաւագիտութիւն»: Հին ժամանակներից սկսած՝ եկեղեցական կարգադրութիւնները անուանւում էին «կանոններ»: «Կանոն» բառը յունական է եւ նշանակում է ուղիղ փայտ, ձող եւ առհասարակ սահմանուած չափ թէ՛ ֆիզիքական, թէ՛ բարոյական եւ թէ՛ հոգեկան մտքով: Երաժշտութեան մէջ «կանոն» նշանակում է դաշնակութիւն, քերականութեան մէջ` գլխաւոր օրէնքներ, իսկ եկեղեցական գրութիւնների, Սբ Գրքի եւ ժողովների կարգադրութիւնների մէջ` ընդհանուր հրահանգներ: Եկեղեցու մէջ կանոնն այն է, ինչ որ օրէնքը՝ պետութեան մէջ: Կանոնի եւ օրէնքի տարբերութիւնը պարզ կերպով որոշուեց Յուստինիանոսի ժամանակներից հռոմէական իրաւագիտութեան մէջ եւ ընդունուեց բոլոր ազգերից: Յուստինիանոսի իրաւական գրքում «կանոն» եզրը յատկացւում էր միմիայն  եկեղեցական  սահմանադրութիւններին՝  զուգակշիռ  դնելով դրան քաղաքացիական կարգադրութիւնները, որ կոչւում էին «օրէնք».    դրանց  միացումից (օրէնքի եւ կանոնի) առաջացաւ «նոմոկանոն» բառը: Արեւմուտքում կանոնական իրաւունք հասկացողութիւնը չի համապատասխանում յունաց մէջ ընդունուած հասկացողութեան. corpus juris canonici բովանդակում է հոգեւոր իշխանութեան բոլոր իրաւական որոշումները՝ թէ՛ եկեղեցական, թէ՛ քաղաքացիական. իսկ յունաց մէջ «կանոնական իրաւունք» ասելով հասկացւում է միայն եկեղեցական-վարչական կարգադրութիւնների, հրահանգների    համախմբումը, որտեղ չեն մտնում Եկեղեցու աշխարհական անդամների քաղաքացիական յարաբերութիւնները: Եկեղեցական իրաւունքի մէջ մտնում են, բացի կանոնականից, եւ հասարակական, պետական օրէնքներ: Յունաց մէջ «կանոն» յատկացւում է ընդհանրապէս առաքեալների, ժողովների եւ սբ հայրերի հրահանգների ժողովածուին մինչեւ Եկեղեցիների բաժանումը: Ռուսաստանում այժմ  գործածական չէ  «կանոն» բառը պետական եւ եկեղեցական կառավարչական շրջաններից դուրս եկած հրահանգները կոչւում են կարգադրութիւններ: Հայոց մէջ «կանոն» բառը գործ է ածւում եկեղեցական հրահանգների վերաբերմամբ. ընդհանրացած է ասել «եկեղեցական կանոն», քան «եկեղեցական օրէնք». «կանոնական» ածականը շատ անգամ յատկացւում է այն կաթուղիկոսական կոնդակներին, որոնք զուտ եկեղեցական հրահանգներ են ամփոփում եւ պարտադիր նշանակութիւն ունին, ինչպէս է, օրինակ, Գէորգ Դ-ի 1868 թ. Կանոնական կոնդակը:

Աւելի ճիշտ է ասել «եկեղեցական իրաւունք», քան  «կանոնական»: Երբեմն անուանում են «եկեղեցական օրէնսգիտութիւն»: