Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

53) ԱՆԻ ՔԱՂԱՔԻ ԺՈՂՈՎԸ 1036 ԹՈՒԻՆ

 

Այս ժողովում եկեղեցական կանոններ չեն սահմանուել, այլ զբաղուել  են կաթուղիկոսական ընտրութեամբ: Ժողովիս գործունէութեան մէջ եւ նախընթաց դէպքերի եղելութեան մէջ շատ մութ հարցեր պարզաբանուել են եւ որոշ խնդիրներ լուծում ստացել, որոնք էական նշանակութիւն ունին եկեղեցական իրաւունքի տեսակէտից:

  Պետրոս կաթուղիկոսը, մի քանի տարի բացակայ լինելով Անի քաղաքից, երբեմնակի ապրում էր Սեբաստիայի Սենեքերիմ Արծրունի թագաւորի մօտ. սրա մահից յետոյ քաշուեց Վասպուրականի Ձորի վանքը եւ այնտեղ կենալով` հեռու էր պահում իրան կաթուղիկոսական պաշտօն վարելուց: Թագաւորին եւ նախարարներին դուր չգալով կաթուղիկոսի այդպիսի վարմունքը, մտածեցին ուրիշին կաթուղիկոս ընտրել, բայց կասկածելով, որ Պետրոսը կարող է գահից չհրաժարուել եւ շարունակել իւր հայրապետական անուանական պաշտօնը  եւ  դրանով խռովութիւն  առաջացնել  ժողովրդի մէջ, որոշեցին խաբելով կանչել նրան եւ բանտարկել, ստիպելով հրաժարական տալ: Այսպէս էլ արեց, բռնեց կաթուղիկոսին, որը հաւատալով թագաւորի խօսքին` եկել էր կաթուղիկոսութիւնը շարունակելու, եւ բանտարկեց Բջնում: Թագաւորը՝ Յովհաննէս Սմբատ, բերել տուաւ Սանահնի վանահօր Դէոսկորոսին եւ հրամայեց կաթուղիկոս օծել: Եպիսկոպոսները, ժողովուրդը տեսնելով թագաւորի, նախարարների արած հակաեկեղեցական ընտրութիւնը եւ հաստատութիւնը, մերժեցին նոր կաթուղիկոսին, անունը չյիշեցին եկեղեցում եւ չթողեցին եպիսկոպոսական ձեռնադրութիւն կատարի: Դէոսկորոսը աւելի վատ ընթացք բռնեց, սկսեց անպիտաններին եպիսկոպոս ձեռնադրել, լաւերին հեռացնել եւ նրանց ստացուածքները յափշտակել: Եպիսկոպոսները ժողով արեցին եւ նզովեցին թագաւորին ու նախարարներին: Վերջիններս վախեցան եւ նորից հրաւիրեցին Պետրոս կաթուղիկոսին, որը բացէ ի բաց մերժեց նրանց առաջարկութիւնը: Թագաւորը դիմեց Աղուանից կաթուղիկոս Յովսէփին, որ գայ ժողով անի, Հայոց կաթուղիկոսին հրաւիրի եւ նզովքը վերցնի:

 

Եւ ահա 1036-ին Յովսէփ կաթուղիկոսի նախագահութեամբ Անիում եղաւ մեծ ժողով 4000 հոգեւորական եւ աշխարհական անձանց մասնակցութեամբ, ուր քննեցին Դէոսկորոսի գործերը, մեղադրեցին նրան, պատռեցին հայրապետական քօղը, որ սովորութիւն էր գլխով ձգել, աքսորեցին Սանահին վանքը, բանադրեցին նրանից ձեռնադրուածներին` ապաշխարանքի ենթարկելով եւ Պետրոսին հրաւիրեցին կաթուղիկոսութիւն անելու:

 

Այս ժողովը ամենափառաւոր ժողովներից մէկն է իւր տեսակի մէջ, այստեղ մասնակցում էր 4000 մարդ, հոգեւորական եւ  աշխարհական դասակարգերի համարեա բոլոր ներկայացուցիչները, որոնք հաստատեցին կաթուղիկոսի ընտրութեան եւ գահընկեց անելու դարաւոր աւանդական կարգը եւ աւելի եւս ամրապնդեցին հետեւեալ սկզբունքները. 1) կաթուղիկոս ընտրել եւ գահընկեց անել կարող է միմիայն հայոց ազգային ժողովը, 2) Ազգային-եկեղեցական ժողով անպայման կերպով պիտի հասկանալ հոգեւորական եւ աշխարհական դասակարգը, 3) թագաւորը եւ նախարարները առանց ժողովի իրաւունք չունին ոչ կաթուղիկոս հեռացնել եւ ոչ էլ նոր ընտրութիւն անել, եթէ անեն, այդ կլինի բռնի ուժով եւ ոչ կանոնական իրաւունքով արած, 4) ժողովը կարող է նզովել եկեղեցական-ժողովրդական կարգերին հակառակ գնացող թէ թագաւորին եւ թէ նախարարներին, 5) թագաւորը եւ նախարարները հնազանդելով ժողովի վճռին` դրանով ժողովը համարեցին ամենաբարձր իրաւասութիւն ունեցող մարմին, 6) ժողովը լինում է առանց կաթուղիկոսի նախագահութեան, երբ տեղի է ունենում կամ կաթուղիկոսի ընտրութիւն, կամ կաթուղիկոսական գործերի քննութիւն, 7) այդպիսի դէպքերում ժողովում նախագահում է աւագագոյն եպիսկոպոսը, այս ժողովում` Աղուանից կաթուղիկոսը, 8) կաթուղիկոսին առանց քննութեան գահընկեց անել՝ լոկ թագաւորի խօսքով, չի կարելի: Մեղադրանքը պէտք է ապացուցանել փաստերով եւ վկաներով, 10) կաթուղիկոսը առհասարակ պատասխանելու չի հրաւիրւում ժողով իբրեւ մեղադրւող, այս ժողովում մասնակցում էր եւ կաթուղիկոսը, 11) ժողովը կարող է կաթուղիկոսին գահընկեց անել, պատժել եւ աքսորել վանք: Թէեւ կաթուղիկոսին կարգալոյծ անելու դէպք չի եղել, բայց ազգային ժողովը երբ յարմար դատի` կարող է այդպիսի պատիժ տալ, ինչպէս եւ տիեզերական ժողովը կարգալոյծ արաւ պատրիարքին (Նեստորին): Ահա մեր պատմութեան փաստերը կաթուղիկոսական ընտրութեան վերաբերմամբ, որոնք իբրեւ փառաւոր եւ արդարացի սկզբունքներ պիտի պահէին եւ հետեւորդները եւ մինչեւ այսօր էլ մեզ հասցնէին նոյն յաջորդականութեամբ. բայց շատերը հէնց մեր կաթուղիկոսներից իրանց  փառասիրական ձգտումներին  յագուրդ  տալու  համար  հակառակ էին գնում այդ հիմունքներին (Կարբեցին) եւ  ոտնատակ տալիս այդ կարգերը: