Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

20) Բ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ՝ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ԺՈՂՈՎԸ (381 Թ. )

 

 

Արիոսի մահից յետոյ արիոսականութիւնը չանհետացաւ, նրա կուսակիցները ոչ միայն չքիչացան, այլ օրէցօր աւելանում էին եւ այնքան հեռու էին գնում իրենց անձնական մեկնաբանութիւնների մէջ, որ մինչեւ իսկ արիոսականութեան հետ շատ քիչ բանով էին միանում. միմեանցից տարբերւում էին հայեացքով, քարոզութիւններով, մինչեւ իսկ միմեանց հերետիկոսներ էին անուանում: Եւ այսպէս՝ բացի արիոսականներից, երեւում են կիսարիոսականներ, եւնոմեանք, անոմեանք, եւդոքսեանք, մարկեղեանք, փոտինեանք, ապողինարեանք, մակեդոնեանք եւլն, եւլն: Դրանց մէջ ուժեղ աղանդն էր մակեդոնեանց կամ հոգեմարտների: Յունաց կայսրերը նոյն փոփոխութիւններին էին ենթարկւում: Արիոսականները, օգուտ քաղելով իրենց կուսակից Կոստանդիանոս կայսրի բարեհաճութիւնից, յետ բերեցին աքսորից Նիկոմիդիայի եպիսկոպոս Եւսեբիոսին: Սրա վաղահաս մահից յետոյ ուղղափառները կամեցան Պօղոսին նորից իւր աթոռը տալ, իսկ արիոսականները ուրիշ ժողով անելով` ընտրեցին Մակեդոն անունով արիոսական եպիսկոպոսին Պոլսի առաջնորդ: Այդ առիթ տուաւ երկու կողմին դիմել բռունցքի եւ կռուի: Կայսրը Անտիոքումն էր. լսեց խռովութեան լուրը, հրամայեց Պօղոսին քաղաքից հեռացնել իբրեւ խռովարարների գլխաւորի: Բայց ժողովուրդը յարձակուեց կայսեր պաշտօնակատարների վրայ, սպանեց նրանց եւ փողոցներում քաշկռտելով` դիակները ցրուեց զանազան կողմերում: Կայսրը բարկացաւ, հրամայեց Պօղոս եպիսկոպոսին ծածուկ հեռացնել քաղաքից եւ Մակեդոնին հաստատեց Պոլսի եպիսկոպոս (Սոզոմենոս, տե՛ս Христ. чтение 1846 г. կամ` Деяния всел. соб. ): Մակեդոնը իւր վատ եւ հպարտ բնաւորութեան պատճառով նոյնիսկ ատելի դարձաւ իւր հակառակորդներին, որոնց դրդմամբ կայսրը հեռացրեց Մակեդոնին եւ Եւդոքսիոս եպիսկոպոսին նշանակեց: Մակեդոնը անցաւ կիսարիոսականների կողմը, քարոզների միջոցով սկսեց իւր մտքերը տարածել: Որդու մասին եղած վարդապետութիւնը թողեց անփոփոխ եւ անցաւ Հոգւոյն Սրբոյ վարդապետութեան փոփոխութեան, որոշ գոյն տուաւ իւր աղանդին, որը իւր անունով կոչուեց Մակեդոնի աղանդ: Սրանք ասում էին` Հոգին Սուրբ համագոյակից չէ ոչ Հօր եւ ոչ Որդուն, հապա ստորադրուած եւ ծառայող ուժ է, իսկ Որդին հաւասար է Հօր: Թէոդոս Մեծը հրամայեց Երրորդութիւնը դաւանել  այնպէս ինչպէս  ուղղափառ  Եկեղեցին  է   ընդունում փակել տուեց դրանց ժողովարանները եւ սպառնաց դատի ենթարկելով պատժել բոլոր աղանդաւորներին (Սոկրատ, Սոզոմենոս): Թէոդոսը, այդ վէճերը այդպիսի միջոցով չկարողանալով վերջացնել, հրամայեց ընդհանուր ժողով գումարել եւ խնդիրը վճռել: Ժողովը եղաւ Պոլսում, 381 թ., 150 եպիսկոպոսների մասնակցութեամբ, որոնց մէջ էին Կիւրեղ Աղեքսանդրացին, Ամփիւղոքոս Իկոնիացին, Գրիգոր Նիւսացին, Բարսեղ Մեծը, Գրիգոր Նազիանզացին եւ 36 մակեդոնական եպիսկոպոսներ: Վերջիններս մերժեցին ժողովում ուղղափառների դաւանութիւնը եւ հեռացան: Ժողովը որոշեց նզովել Մակեդոնին եւ կողմնակիցներին: Կայսրը հրամայեց հակառակորդ եպիսկոպոսներին զրկել իրենց պաշտօններից: Երբ այդ աւելի եւս զայրացրեց աղանդաւորներին, կայսրը հրամայեց երկրորդ անգամ Հանգանակ հաւատոյ կազմեն եւ յանձնեն իրեն ի քննութիւն. նա համեմատեց բոլոր ուղարկուած հանգանակները եւ մերժեց վերջնականապէս աղանդաւորներինը: Այս ժողովում Հռոմի Եկեղեցու կողմից պատգամաւոր չկար, դրա համար արձանագրութիւնը ուղարկեցին Հռոմ, որ պապն էլ ստորագրէ: Հռոմի Եկեղեցին դաւանաբանական մասն ընդունեց, իսկ կարգադրական կանոնները վէճի ենթարկեց եւ 3-րդ կանոնը չընդունեց մինչեւ Լատերանի ժողովը: Այս ժողովի գործունէութեան իսկական արձանագրութիւնը ամբողջութեամբ չի հասել մեզ, միայն պահուել է՝ 1) Գրիգոր Նազիանզացու` ժողովում արտասանած ճառը, 2) ժողովի կանոնական հրահանգները Թէոդոս կայսրին ուղղած թղթի հետ, 3) Հաւատոյ դաւանանքը, 4) ժողովի անդամների ստորագրութիւնը, 5) Հռոմի եպիսկոպոսին ուղղած թուղթը (Деяния всел. соб. 93 եր. ):

 

Թէոդոս կայսրին ուղղած թղթում նշանակուած են 7 կանոն, որոնք մեր ձեռագրերում ամբողջութեամբ չեն յիշատակուած: Մերոնց մէջ կայ 3 կանոն, երկրորդ կանոնի մէջ միացրած են 2 եւ 3 կանոնները, այնպէս որ մեր կանոնագրքերում միայն 4 կանոնը կայ, իսկ երեքը` 5, 6, 7, չկան. ինչո՛ւ` դժուար է ասել: Արդեօ՞ք նրա համար, որ 5-րդում խօսում է «արեւմտեանների ծրարի» մասին. գուցէ ոմանք, չիմանալով բանի էութիւնը, կասկածանքով վերաբերուելով դուրս են ձգել այդ կանոնը՝ դուրս ձգելով նաեւ 6 եւ 7 կանոնները: Թէ՞ արդեօք 6 եւ 7 կանոնների երկար լինելը առիթ է տուել մտածելու, որ դրանք կանոնական թղթեր են եւ չպիտի կանոնների շարքը մուծել: Պատմական աւանդութեամբ՝ Ներսէս Մեծը եղել է այս ժողովում, բայց պատմական փաստական տեղեկութիւնները թեր եւ դէմ են դրան. ժողովին ներկայ անդամների ցուցակի մէջ Մեծ Հայքի անուն չկայ եւ ո՛չ էլ Ներսէսի, այլ միայն Փոքր Հայքից երկու եպիսկոպոսի անուն. «Մելիտինէից Ոտերիոսը (Ովտրէոս Խմբ. ) եւ Արաբիսից Ոտերիոսը». սրանք յոյն էին, թէ հայ՝ յայտնի չէ:

 

Մէկը այսպիսի հարց եթէ տալու լինի, թէ դու ի՞նչ գործ ունիս յունա-սլաւոնական կամ, աւելի ճիշտ ասած, պաշտօնական-իսկական Պոլսի ժողովների 7 կանոնի հետ, երբ որ հայոց կանոնագրքերում 4 կամ 3 կանոն է գրած. սխալ, թէ ճիշտ` մեր ընդունածը մեր կանոնագրքերի մէջ գրածն է, կամ հէնց մեր պապերը այս մերն են ընդունել, ուստի եւ դո՛ւ պարտաւոր ես մեր կանոնագրքերի գրածը ընդունելու:

 

Ես չեմ կարծում, որ այսպիսի միամիտ հարցի տեղիք լինի նրա համար, որ` 1) մեր ժողովները ընդունում են տիեզերական ժողովները, այսինքն այն կանոնները, որոնք բոլոր քրիստոնեայ աշխարհը ընդունում է իսկական, հէնց այդ ժողովներում սահմանած եւ ընդունուած. 2) մեր կանոնագրքերը ոչ մի ձեռնհաս մարմնի կողմից վաւերական չեն ընդունուած, այսինքն ո՛չ մի հայոց ազգային ժողով չի որոշել ընդունել այս կանոնագրքերի միջի գրածները. 3) մեզ համար պարտաւորական են իսկականները եւ ո՛չ զանազան սխալ արտագրող անձանց յաւելումներով լի ձեռագիրը՝ կանոնագիրը: Այս հիմամբ կ’արձանագրեմ պաշտօնական քրիստոնեայ աշխարհում ընդունած 7 կանոնները, որոնց 4-ը մեր կանոնագրքերում կայ, իսկ 3-ը` ոչ:

 

Սուրբ հայրերը, որոնք հաւաքուած են Կոստանդնուպոլսում, որոշեցին` թո՛ղ չփոխուի այն հանգանակը, որը 318 հայրապետներ Բիւթանիայի Նիկիա քաղաքում ընդունեցին եւ մնաց անփոփոխ, եւ նզովքի է ենթարկւում իւրաքանչիւր աղանդ, որ է՝ եւնոմեան, անոմեան, արիոսական կամ եւդոքսեան, կիսարիոսական կամ հոգեմարտներ, սաբեղեան, մարկեղեան, փոտինեան եւ ապողինարեան:

 

«Կիսարիոսական» կոչւում էին այն աղանդաւորները, որոնք ընդունում էին Արիոսի քարոզութիւնների մի մասը: Կիսարիոսականները տարբերւում էին Հոգւոյն Սրբոյ վարդապետութեան վերաբերմամբ: «Կիսարիոսական» կոչւում էին եւ նրանք, որոնք Որդուն ու Հոգուն արարած էին համարում եւ աւելացնում էին. «Մենք մտածում ենք, որ նրանք առաջացան ո՛չ այնպէս, ինչպէս միւս արարածները, հապա ուրիշ կերպ. եւ այդ ասում ենք, որ չկարծուի, թէ ծննդեամբ Հայրը մասնակից էր չարչարանաց». կիսարիոսական էլի համարւում էին եւ նրանք, որոնք սովորեցնում էին, թէ Բան եւ Հոգի համագոյակից չեն, հապա նմանագոյ են Հօր:

Եւնոմիոսը գաղատացի էր, Կիւզիկոսի եպիսկոպոս. աւելի հեռու էր գնում Արիոսից, ասում էր, որ Որդին փոփոխական է եւ ծառայող եւ ամէն բանում նման չէ Հօր: Նրանք նորից էին մկրտում՝ ընկղմելով գլուխը ներքեւ, ոտերը վերեւ դարձնելով, եւ մկրտութիւնը մէկ ընկղմամբ էին կատարում: Ապագայ դատաստանը եւ գեհենը սուտ էին համարում, երկիւղ ազդելու համար ասուած եւ հնարուած բան:

 

Դրանց անուանում էին եւ եւդոքսեաններ, Եւդոքսիոսի անունով, որ Պոլսում եպիսկոպոս էր, որին Եւնոմիոսը Կիւզիկոսի եպիսկոպոս կարգեց: Դրանք անուանւում էին նոյնպէս անոմէականներ, որովհետեւ ասում էին, որ Որդին եւ Հոգին Սուրբ ըստ էութեան Հօր հետ ոչ մի նմանութիւն չունեն: Դրանք նոյնպէս կոչւում էին «աետիականներ»՝ Աետիոսի՝ Եւնոմիոսի ուսուցչի անունով:

 

Սաբեղղեանք իրենց անունը ստացան Սաբեղիոս Լիբանանցուց, որ Պենտապոլսոյ Պտողեմայիդա  քաղաքի եպիսկոպոսն էր. քարոզում էր շփոթմամբ միացումն՝ միացնելով մի դէմքի մէջ երեք անձնաւորութիւնը՝ ասելով, որ միեւնոյնը երբեմն երեւում է իբրեւ Հայր, երբեմն իբրեւ Որդի, երբեմն իբրեւ Սուրբ Հոգի՝ այլակերպուելով եւ զանազան ժամանակ ընդունելով տարբեր տեսք: Մէկ անձնաւորութեան մէջ երեք անուանումներ էին ընդունում, ինչպէս մարդու մէջ` մարմին, հոգի եւ ոգի, կամ արեգակի մէջ` կլորութիւն, լոյս եւ տաքութիւն:

 

Փոտինեանք անունը ստացան Փոտինոսից, որը Սիրմից էր եւ նոյն տեղում եպիսկոպոս. դատում էր Պօղոս Սամոսատացու նման, չէր ընդունում Սբ. Երրորդութիւնը եւ Աստուած իբրեւ արարիչ ամէնի. անուանում էր միայն հոգի, իսկ Բանը միայն աստուածային հրաման է՝ բերանից դուրս եկած, որ ծառայում է Աստուծոյ իբրեւ մեքենայական գործիք: Քրիստոս հասարակ մարդ էր՝ նրա կարծիքով, ընդունելով Հօր Բանը ո՛չ իբրեւ գոյ, այլ բերանից բղխած եւ Մարիամից էլ սկիզբն առած:

 

Ապողինարը ասորոց Լաւոդիկիա քաղաքի եպիսկոպոսն  էր ասում  էր, որ Որդին թէ եւ Աստուածանից շնչաւոր մարմին առաւ, բայց առանց խելքի (մտքի խմբ. ), որովհետեւ Աստուածութիւնը փոխարինում էր խելքը. Տիրոջ Հոգին չունի բնաւորութիւն, կատարեալ մարդ չէր, հապա միայն բնութիւն ունի (տե՛ս Опыт Ц. З. Иоанна 1851 եւ Правила св. отец ... съ толк. յունաց մեկնիչներ Զոնարաս, Բալսամոն, 81-82 եր. ):

 

Մարկեղեանք իրենց անունը ստացան Անկիւրիայի եպիսկոպոս Մարկելլոնից. ընդունում էին Որդուն իբրեւ Բան Հօր, բայց ո՛չ ինքնագոյ, այլ գործող միայն արարչութեան մէջ, եւ դրա համար մտածում էին, որ տեսանելի աշխարհի վախճանից յետոյ կը վերջանայ եւ Որդու թագաւորութիւնը եւ Նրա անձնաւորութիւնը կը միանայ Հօր էութեան հետ (տե՛ս Опыт Ц. З. Иоанна):

 

2. Ամէն մի աշխարհի եպիսկոպոս չտարածի իւր իրաւասութիւնը իւր աշխարհի սահմաններից դուրս եւ Եկեղեցիները չխառնի, հապա համաձայն կանոնների` Աղեքսանդրիայի եպիսկոպոսը կառավարի Ափրիկայի Եկեղեցիները, արեւելեան եպիսկոպոսները կառավարեն միայն Արեւելքը՝ պահելով Անտիոքի եպիսկոպոսի առաւելութիւնները, ինչպէս Նիկիայի կանոններով ընդունուած է: Նոյնպէս էլ Ասիայի եպիսկոպոսները կառավարեն միայն Ասիան, Պոնտոսինը` միայն Պոնտոսը, Թրակիայինները` Թրակիան:

Եպիսկոպոսները չհրաւիրուած՝ չանցնեն իրենց աշխարհի սահմանից թէ՛ ձեռնադրութեան եւ թէ՛ եկեղեցական որեւէ կարգադրութեան համար: Վերոգրեալ կանոնները եկեղեցական աշխարհների մասին պահպանելով՝ իւրաքանչիւր աշխարհի գործերը կը կարգադրուեն նոյն աշխարհի եպիսկոպոսների ժողովով, ինչպէս որոշուած է Նիկիայում: Այլազգի ժողովուրդների՝ Աստուծոյ Եկեղեցիները պիտի կառավարուեն մինչեւ հիմա պահպանուած հայրերի սովորութեամբ:

 

Նոյն բանի համար խօսում են Նիկիայի 6 եւ 15 կանոնները. միայն այստեղ բաժանումը լինում է Հռոմէական կայսրութեան նոր բաժանման համաձայն: Արեւելեան կայսրութիւնը բաժանւում էր 4 պրեֆեկտուրայի, ամէն մինն էլ՝ շրջանների` իրենց կուսակալներով: 4 պրեֆեկտուրայից մէկն էր եւ  արեւելեանը, որ բաժանւում էր 5 շրջանի` Եգիպտոսի, Արեւելեանի, Ասիականի, Պոնտոսի եւ Թրակիայի: Իւրաքանչիւրի մայրաքաղաքը դարձաւ մետրոպոլիտի աթոռանիստ: Ափրիկան եւ Եգիպտոսը մտան Աղեքսանդրիայի եպիսկոպոսի իրաւասութեան տակ, արեւելեան բաժնում գլխաւոր կենտրոնատեղին Անտիոքն էր, որի մէջ մտնում էր Արաբիայից մինչեւ Կիլիկիայի միջավայրը: Ապա` Ասիան Եփեսոսով, յետոյ` Պոնտոսը եւ Թրակիան: «Այլազգի Եկեղեցիներ» ասելով երեւի հասկանում է այն Եկեղեցիները, որոնք չէին մտնում այդ քաղաքական բաժանման մէջ: Այս ժողովը ոչ միայն հակառակ չէ ազգայնական Եկեղեցիների սկզբունքին, հապա մինչեւ իսկ հաստատում է: Մեր Եկեղեցին կարող ենք մուծել այս վերջին շարքը եւ նրա անկախութիւնը յենակէտել հէնց տիեզերական ժողովի այս կանոնով, որի ժամանակից 10-15 տարի առաջ՝ արդէն Արշակ Բ-ի օրով, այն բոլորովին անկախ էր հրատարակուել:

 

3. Կ. Պոլսոյ եպիսկոպոսը թող ունենայ պատուի արտօնութիւն Հռոմի եպիսկոպոսից յետոյ, որովհետեւ այդ քաղաքը նոր Հռոմ է:

 

Թէ այս եւ թէ Նիկիայի ժողովի կանոններով՝ Հռոմի եպիսկոպոսը վայելում է նոյն իրաւունքները, ինչ որ ունէին միւսները, այսինքն՝ Անտիոքի, Աղեքսանդրիայի, Երուսաղէմի եւլն: Կանոններից պարզ երեւում է, որ Հռոմին յատկացրած պատիւը բղխում է ոչ այն գիտակցութիւնից, թէ Հռոմի եպիսկոպոսը  իբրեւ  առաքեալներից  մեծի՝  Պետրոսի  իշխանութեան  շարունակող պիտի պատիւ ունենայ, ինչպէս պապականները դաւանում են, այլ իբրեւ մայրաքաղաքի՝ հզօր երկրի արքայանիստ քաղաքի եպիսկոպոս: Նոյնպէս էլ եւ ժողովը դատում է Պոլսի վերաբերմամբ:

 

Հեֆելէի ասելով՝ ինչպէս Թէոդորէտը յիշում է իւր եկեղեցական պատմութեան մէջ, Թէոդոս Մեծը հրաւիրագիր չի ուղարկել Դամաս պապին, այնպէս որ իբր թէ Բ տիեզերական ժողովը եղել է միայն արեւելեան եպիսկոպոսների ներկայութեամբ: Պապերը ընդունեցին այս ժողովի հանգանակը, որ քիչ տարբերութիւն ունի Նիկիականից, բայց բոլորովին մերժեցին 3րդ կանոնը, մինչեւ ԺԳ դարը, երբ Լատերանի ժողովում` 1215 թուին, Պոլիսը լատինաց ձեռքը անցնելուն պատճառով, հանդիսաւոր կարպով ընդունեցին 3-րդ կանոնը:

Մեր բոլոր ձեռագրերում երկրորդ եւ երրորդ կանոնը միացրած է երկրորդ կանոնի մէջ:

 

4. Մաքսիմոս շնականի եւ նրա արած անկարգութիւնների մասին Պոլսում: Մաքսիմոսը եպիսկոպոս չէ եւ ո՛չ էլ եղել է, նրա բոլոր՝ որեւէ աստիճանի ձեռնադրած հոգեւորականները ընդունելի չեն, նրա բոլոր արածները անվաւեր են եւ մերժման արժանի:

 

Մեր ձեռագրերում այս երրորդ կանոնն է կազմում, եւ բոլորի մէջ Մաքսիմոս Շնականը թարգմանուած է Մաքսիմոս շինական «շնական» բառի միտքը  չհասկանալուն  համար:

Մաքսիմոս ցինիկը մի շահամոլ եւ փառասէր մարդ էր, աղեքսանդրացի, գալիս է Պետրոս եպիսկոպոսի մօտ, նրա միջոցով մկրտւում քրիստոնեայ դառնում, իրեն լաւ է պահում եւ յաջողում է եպիսկոպոսից վկայաթուղթ ստանալ Պոլսի Գրիգոր Աստուածաբանի անունով: Սա սիրով ընդունում է Շնականին եւ հոգեւորականների դասը կարգում: Մաքսիմոսը ժողովական հայրենակից եպիսկոպոսներին իւր կողմն է ձգում եւ զանազան միջոց գործ դնելով` նրանցից եպիսկոպոս է ձեռնադրւում եւ ինքը սկսում իւր մարդկանց եպիսկոպոս ձեռնադրել. երբ այդ պատճառով խռովութիւններ ծագեցին, թողեց փախաւ Եգիպտոս:

 

5. Արեւմտեանների ծրարի (փաթեթ) վերաբերմամբ ընդունում ենք եւ Անտիոքում եղածները, որ խոստովանեցին մի Աստուածութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

 

Այս ծրարը Հռոմի Եկեղեցու կազմած կանոնադրութիւնն է Սարդիկէի ժողովում, ուր Նիկիայի կանոնները կարդալուց յետոյ, նոյնպէս եւ ընդունելուց ու յաւելումներ անելուց յետոյ, 341-ին խմբագրեցին մի կանոնադրութիւն, որը Պոլսի տիեզերական ժողովից առաջ Հռոմում կազմած մասնաւոր ժողովում ընդունուեց, հաւատոյ դաւանանքը ընդհանուր կարգով մեկնաբանուեց եւ մի օրինակը ուղարկուեց արեւելեան եպիսկոպոսներին: Դամաս պապը իւր կողմից գրեց աղանդների դէմ մի թուղթ եւ այդ կանոնադրութեան հետ ուղարկեց Անտիոքի Պաւլինոս եպիսկոպոսին (Սոզոմենոս): Անտիոքում 378 թուին ժողով եղաւ, կարդացուեց այդ թուղթը եւ ընդունուեց ու հաստատուեց (Սոկրատ, Սոզոմենոս): Ահա 5-րդ կանոնիս մէջ յիշածը եւ Անտիոքի հաւատոյ խոստովանանքը այդ է: Անտիոքի մէջ այդ ժողովի հետ նաեւ ժողովներ էին անում ուրիշ աղանդաւորներ երեք անձնաւորութեանց վերաբերեալ. որպէսզի պարզ լինի, թէ այս կանոնս «Անտիոքի ժողով» ասելով ո՞րն է հասկանում՝ ուղղափառներինը, թէ աղանդաւորներինը, աւելացնում է, «որ խոստովանեցին մի Աստուածութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» (տե՛ս Опыт Ц. З. ар. Иоанна I. ): Արդեօ՞ք այս զանազան ժողովներն են եղել պատճառ, որ մերոնք կանոնների միջից հանել են 5-ը եւ տեղական ժողովների ցանկից` Անտիոքինը՝ դժուար է պնդել: Այս մասին տե՛ս արտաքին տեղական ժողովների [մասին գլխում]:

 

6. Շատերը Եկեղեցու բարեկարգութեան մէջ խռովութիւն եւ գժտութիւն ձգելու եւ ժողովրդի աչքին հոգեւորականութեան պատիւը վայր ձգելու դիտաւորութեամբ զանազան մեղադրանքներ են բարդում հոգեւորականների վրայ: Դրա առաջն առնելու համար սբ ժողովը որոշեց՝ առանց քննութեան ոչ մի մեղադրանք իրաւացի չհամարել եւ ոչ էլ իրաւունք տալ մեղադրելու Եկեղեցու կառավարիչներին. բայց այս արգելքը վերաբերում է ո՛չ ամէնքին: Եթէ մի որեւէ մասնաւոր գանգատի տեղիք կը տայ եպիսկոպոսը, կալուածական եւ նման բաների մէջ, առանց ի նկատի առնելու գանգատուողի կրօնը եւ ինչ դաւանանքի պատկանելը, պէտք է քննել եւ արդարը անարդարից ջոկել: Իսկ եթէ եկեղեցական գործ կը լինի, հերետիկոսների կողմից բարձուած մեղադրանքները չընդունել եւ թոյլ չտալ ուղղափառ եպիսկոպոսին եկեղեցական գործերում պարտազանց համարել: Հերետիկոս համարւում են նրանք, որոնք վաղուց մեր Եկեղեցուց դուրս են եկած, նզովքի են ենթարկուած, եւ նրանք, որոնք արտաքուստ մեր հաւատն են դաւանում, բայց առանձին ժողովներ են կազմում մեր կանոնաւոր կարգած եպիսկոպոսների դէմ: Բանադրուած եւ մեղադրուած անձինք չեն կարող եպիսկոպոսի դէմ մեղադրող հանդիսանալ, մինչեւ որ իրենք չազատուեն այդ մեղադրանքից: Որոնց վրայ գանգատ կայ, նրանք իրաւունք չունին մեղադրել եպիսկոպոսին, մինչեւ որ չապացուցանեն իրենց անմեղութիւնը: Եպիսկոպոսի դէմ գանգատ պիտի ներկայացնեն աշխարհի եպիսկոպոսների ժողովին եւ ապացուցանեն: Եթէ ժողովը չկարողացաւ կարգադրել խնդիրը, այն ժամանակ գանգատը պիտի ներկայացնել աւելի մեծ ժողովի, միայն գանգատաւորները վաղօրօք պիտի գրաւորապէս խոստանան, որ մեղադրանքները չապացուցանելու դէպքում իրենք կ’ենթարկուեն պատժի իբրեւ ամբաստանող եւ զրպարտողներ: Եթէ մէկը նախապատրաստական քննութիւնից յետոյ կ’արհամարհի կայացրած վճիռը եւ կը ձանձրացնի թագաւորին, աշխարհի գլխաւոր դատաւորին, կամ տիեզերական ժողովին կ’անհանգստացնի՝ եպիսկոպոսների պատիւը շօշափելով, այդպիսին իւր գանգատով չի ընդունուիլ՝ իբրեւ կանոնները զանցառութեան տուող եւ եկեղեցական կարգապահութիւնը խանգարող:

 

Այս կանոնը աւելի ընդարձակ եւ որոշ կարգեր է սահմանում դատաստանի մասին: Տե՛ս նաեւ Բ առ. 74, 75, Նիկ. 2, 5, Անտ. 14, 15 (նոյնի մասին խօսում են եւ Կարթագենի 5 հատ կանոնները):

 

7. Հերետիկոսներից նրանց, որոնք կը միանան ուղղափառներին, կ’ընդունենք հետեւեալ սովորութեամբ եւ կարգաւորութեամբ. արիոսականներին, մակեդոնականներին, սաբբատեանց եւ նովատեանց, որոնք իրենց մաքուր են համարում եւ լաւ, տասնեւչորսականներին կամ տետրադիտեանց եւ ապողինեանց, երբ գրաւոր թղթով կը նզովեն բոլոր աղանդները, կ’ընդունենք դրոշմամբ կամ սբ միւռոնով օծելով ճակատը, աչքերը, քիթը, բերանը եւ ականջները՝ ասելով «կնիք Հոգւոյն Սրբոյ»: Մի ընկղմամբ մկրտութիւն անող եւնոմեաններին, մոնտանիստներին կամ փռիւգներին եւ սաբեղեանց եւ մնացած հերետիկոսներին ընդունել միմիայն իբրեւ կռապաշտների: Առաջին օրը դարձնում ենք նրանց քրիստոնեայ, երկրորդ օրը՝ պատրաստուողներ, երրորդ օրը երդմնեցնում ենք երեք անգամ ականջներին եւ դէմքին փչելով, թողնում ենք լսել եկեղեցում գրեանքը եւ ապա մկրտում ենք:

 

Սաբբատեանները ծագում առել են Սաբբատիոս քահանայից. սրանք նովատեանների մի ճիւղ են, որոնք բացի նովատեանների ընդունած վարդապետութիւնից, ընդունում էին նաեւ հրէական սովորութիւնները Զատիկը տօնելու մէջ եւ շաբաթ օրը պաս էին պահում ու տօնում:

 

Մոնտանիստները իրենց անունը կրում են մի ինչ-որ Մոնտանից, որը իրեն անուանում էր Մխիթարիչ, երկու չար կանանց (Պրիսկիլլա եւ Մաքսիմիլլա) բերնով սուտ մարգարէութիւններ էր անում: Սրանք կոչւում էին նաեւ փռիւգացիք, գուցէ մի որեւէ փռիւգացի աղանդապետի անունով կամ թէ աղանդը գուցէ ծագել է Փռիւգիայում: Կոչւում էին դրանք նաեւ պեպուզեանք` Պեպուզա գիւղից, որը համարւում էր նրանց Երուսաղէմը: Նրանք լուծում էին պսակները, խիստ ծոմապահութիւն անում` կերակրից հեռու մնալով, Զատիկը չէին յարգում, Սբ Երրորդութիւնը խառնում էին եւ մի դէմք դարձնում, եղջիւրահար երախայի կողի արիւնով խմոր էին հունցում եւ այդ հացը ընծայաբերութիւն անում եւ նրանից ճաշակւում էին:

 

Տասնչորսականք նրանք էին, որոնք Զատիկը կատարում էին հրեաների հետ` նիսանի 14-ին. սրանք կոչւում էին «տետրադիտներ», Զատիկը տօնելու պասը չէին լուծում, պահում էին, ինչպէս մենք` չորեքշաբթին: Զատկից յետոյ 7 օր պաս էին պահում` դառն խոտ ուտելով եւ բաղարջ գործածելով` Հին օրէնքին հետեւելով:

6 եւ 7 կանոններն էլ չկան մեր ձեռագիր կանոնագրքերում. կա՛մ համարել են շատ երկար իբրեւ կանոնական թղթեր եւ ո՛չ կանոններ ու չեն թարգմանել, կա՛մ այս աղանդները համարել են օտար մեր երկրի համար եւ չեն մուծել մեր կանոնագրքերը, կա՛մ, երկար, օտար եւ խառն ու անհասկանալի համարելով, դժուարացել են թարգմանել եւ թողել, կա՛մ ունեցել են ուրիշ պատճառներ: