Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

52) ՀԱՐՔԻ ԺՈՂՈՎԸ 1002 ԹՈՒԻՆ

 

Այս ժողովը եկեղեցական կանոններ չի սահմանել, այլ միայն նզովել է եւ բանադրել թոնդրակեցի աղանդաւորներին:

 

Թոնդրակեցոց աղանդը սկսւում է Սմբատ անունով մէկից, որը Ծաղկոտն գաւառի Զարեհաւան գիւղից էր: Սա պաւղիկեանների աղանդի հետ ծանօթանալով՝ յարւում է մի աստղագէտ պարսիկ բժիշկի, որից սովորում է զանազան հնարներ, կախարդութիւններ եւ բժշկական գիտելիքներ: Գալիս է Թոնդրակ աւանը եւ սկսում իւր քարոզութիւնները: Նա մերժում էր Աստուծոյ նախախնամութիւնը, յարութիւնը, Հոգոյն Սրբոյ շնորհքը, ձեռնադրութիւնը, եկեղեցու խորհուրդները, չէր ընդունում մեղք ու պատիժը, արհամարհում էր ծէսերը, սովորութիւնները: Հետեւողներ շատ գտաւ եւ Թոնդրակը դարձրեց աղանդաւորների գիւղ: Շուտով Թուլայլ գիւղից մի քանիսին իրան կուսակից արաւ, Խնուսում էլ հետեւողներ գտաւ եւ սկսեց տարածել շրջակայ գիւղերի մէջ: Սմբատի մահից յետոյ աղանդի տարածումը շարունակուեց եւ աւելի լայն ծաւալ ստացաւ: Թէ երբ է սկսուել աղանդը երեւալ Հայաստանում, դժուար է ասել, միայն պատմական փաստն այն է, որ 447-ին Շահապիվանի ժողովում ամենախիստ միջոցներն էին առնում «մծղնէից» աղանդի դէմ, բայց միջոցները քիչ արդիւնք ունեցան, Ներսէս Բ-ի, Օձնեցու օրով աղանդը դեռեւս շարունակւում էր, Օձնեցին «ընդդէմ պաւղիկեանց» ճառի մէջ խօսելով դրա մասին՝ շարունակութիւն է համարում «մծղնէից» աղանդների  եւ  խիստ  գոյներով  նկարագրում:  Սարգիս  կաթուղիկոսի  օրով արդէն այդ աղանդները իրանց գոյնը փոխեցին, աւելի ուժեղ կերպարանք ստացան, քարոզութիւնները եւ մոլար մտքերը աւելի պարզ եւ բացարձակ սկսուեցին տարածուել եւ բոլորովին նոր անունով կոչուել: Թէ ո՞րքան կապ կար «մծղնէից», «պաւղիկեանց» եւ «թոնդրակեցոց» աղանդի մէջ, ո՞րքան մէկը միւսի վրայ ազդել է, առ այժմ դժուար է դրական մի բան ասել, միայն այդ խնդրով պարապողների կարծիքով` դրանք միմեանց շարունակութիւն են կազմում եւ ամբողջացած կերպարանք ստանում Սմբատի ձեռքով` Թոնդրակում:

 

Արդեօ՞ք Հայոց երկրում էր առաջացել, թէ դրսից մտել, յունաց, ասորոց կամ պարսից երկրից, անորոշ է եւ վիճելի:

 

Այս աղանդի մասին տեղեկութիւն կարելի է քաղել Ասողիկից, Լաստիվերտցուց, Մագիստրոսի եւ Շնորհալու թղթերից, Սարգսեանի «Ուսումնասիրութիւնից մանիքէա-պաւղիկեան թոնրակիցների աղանդին» գրքից, Չամչեանից եւ «Արարատ»-ի 1900 թ. յուլիսի համարից:

 

Այս աղանդի առաջն առնելու համար 1002-ին Սարգիս կաթուղիկոսը ժողով արաւ Հարքում, բանադրեց աղանդաւորներին եւ նրանց մասնակցողներին, մշտապէս հեռացրեց Հայոց եկեղեցու հաղորդակցութիւնից, բռնեց նրանց գլխաւոր Յակոբոս եպիսկոպոսին, կարգալոյծ արաւ, աղուէսադրոշմ դրեց ճակատին, նզովեց եւ բանտարկեց: