Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Է. ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

87) ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

98) 1206. Հայ պատանիների աստուածաբանական գիտութիւնների մէջ կրթուելու համար հաստատուած են Էջմիածնի վանքում հոգեւոր ճեմարան եւ ամէն մի ռուսահայոց թեմում մի հոգեւոր դպրանոց (սեմինարիա):

 

1207. Էջմիածնի հայոց հոգեւոր ճեմարանը գտնւում է Ամենայն Հայոց Վեհափառ Պատրիարք կաթուղիկոսի գլխաւոր իշխանութեան տակ, իսկ հոգեւոր դպրանոցները կախուած են  իրանց թեմական իշխանութիւններից:

 

1208. Հայոց հոգեւոր դպրանոցների ուսման ընթացքը եւ բոլոր ներքին կարգը որոշւում են առանձին կանոններով, որոնք կազմւում են այս դպրոցների հոգեւոր իշխանութիւններում ընդ հսկողութեամբ եւ նախագահութեամբ արքեպիսկոպոսների (առաջնորդների), քննւում են Էջմիածնի հայոց Սինոդում եւ հաստատւում բարձր կառավարութեամբ:

 

1209. Նոյն թեմի բոլոր եկեղեցիներում եւ վանքերում, ուր գտնւում  են  դպրանոցները սովորական կարգով փող  է  հանգանակւում յօգուտ դրանց, եւ ժողովուած դրամները երեք ամիսը մի անգամ ուղարկւում են նոյն վիճակի կոնսիստորիային` դպրանոցին հասցնելու համար: Բացի դրանից, վանքերը, նախանձախնդիր լինելով Հայոց եկեղեցուն, ամէն տարի իրանց արդիւնքներից նուիրում են առանձին գումարներ իրանց վիճակի դպրանոցի պահպանութեան համար:

 

1210. Հայոց կոնսիստորիաների եւ հոգեւոր կառավարութիւնների աստիճանաւորներին եւ ծառայողներին ռոճիկները տալուս, նոյնպէս եւ հոգեւոր դպրոցական հաստատութիւնների ուսուցիչներին եւ այլ անձանց, բոլոր թեմերում 2 տոկոս հանւում է 150 րուբլուց աւելի ռոճկից յօգուտ դպրանոցների` նրանց արտակարգ պէտքերը հոգալու համար:

 

1211. Հայոց հոգեւոր դպրանոցները պարտաւոր են իւրաքանչիւր տարուց յետոյ մանրամասն հաշիւ ներկայացնել թեմական իշխանութեան իրանց գործունէութեան համար եւ տեղեկագիրներ իրանց դրամական գումարների մուտքի, ելքի եւ մնացորդների մասին:

Այս կանոններն էլ են փոփոխութեան ենթարկուած եւ տարբեր են հին խմբագրութիւնից: