Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

1) ՍԲ. ԳԻՐՔ

 

Սբ. Գիրքը բոլոր դաւանութիւնների համար կազմում է գլխաւոր եւ հիմնական աղբիւր: Սբ. Գիրքը տալիս է Եկեղեցիներին ի հրահանգութիւն ո՛չ կեանքի մանր երեւոյթները սահմանի տակ դնող կանոններ` այլեւայլ ժողովածուների նման, հապա բարոյականութեան ընդհանուր գաղափարներ, ընդհանուր դաւանաբանական վարդապետութիւն, որոնք ուղեցոյց եւ առաջնորդ են հանդիսանում՝ քրիստոնեաներին տանելու այն ճանապարհով, որ միակն է կեանքի մէջ կրօնական-բարոյականութեան կատարելութեան եւ նպատակներին հասցնելու համար: Ահա այս մտքով Աւետարանը տալիս է պատգամներ, պատուէրներ կեանքի ընդհանուր երեւոյթների վերաբերմամբ՝ ազդելով մարդու խղճի վրայ՝ պահանջելով  կատարելու այս ու այն պատուէրը ո՛չ բռնի ուժով, այլ խղճի ազատ թելադրութեամբ: Սուրբ Գիրքը երկու մասով՝ Հին եւ Նոր, միեւնոյն համահաւասար լիազօրութիւնը չունին. Նոր ուխտը ընդունւում է իբրեւ դրական ոյժ ունեցող հեղինակութիւն, իսկ Հին ուխտը՝ աւելի պատմական եւ, Քրիստոսի նոր կանոնները տալուց յետոյ, իբրեւ խրատական եւ ուղղիչ աղբիւր: Սբ Իրենէոսը ասում է. «Քրիստոս չփոխեց օրէնքի բանական պատուիրանները, բայց հեռացրեց  Հին ուխտի լուծը, որպէսզի մարդը ազատ եւ որդիական հաւատարմութեամբ Աստծուն ծառայի» (40 եր. ): Քիչ յետոյ կրկնում է. «Թլփատութիւնը եւ միւս ծէսերը չէին տալիս կատարեալ արդարութիւն եւ փոփոխուեցին Քրիստոսի ձեռքով, բայց տասնաբանեայ պատուիրանները մնացին իրենց ուժի մէջ»: Հին ուխտի ծէսերին չենթարկուելու լուծի վերացումը եղաւ առաքեալների ձեռքով առաքելական ժողովում, որտեղ առաքեալները միահամուռ վճռեցին Մովսիսական կարգերը պարտաւորական չդարձնել քրիստոնեաների համար. «Ոմանք իբրեւ ի մէնջ խռովեցուցին զձեզ բանիւք խախտել զանձինս ձեր` ասեն թլփատել եւ պահել զօրէնսն ` որոց ոչ հրամայեցաք» (Գործք ԺԵ 24): Յովհաննէս վարդապետը (Опыт ц. з., т. I, 26 եր. ) ասում է. «Հին եկեղեցական իրաւունքը, որ ամփոփւում է Հին ուխտի ծիսակատարութիւնների կամ նուիրապետական եկեղեցական-դատական   կարգադրութիւնների մէջ, արդէն անցել է ամբողջ Հին Կտակարանի հետ եւ Նորի մէջ պարտաւորական  ոյժ   չունի,   ինչպէս  այդ  հաստատւում  է   եւ առաքեալների ժողովում (Գործք ԺԵ): Կան թէեւ Հին ուխտի օրէնքում մի քանի կարգադրութիւններ, որոնք քրիստոնէական Եկեղեցին ընդունում է, ինչպէս, օրինակ, ազգակցութեան մասին (Ղեւտ. ԺԸ 6 եւլն), բայց դրանք արդէն մեծ ճշտութեամբ պարզուած են Եկեղեցու կանոնների մէջ եւ հետեւապէս պէտք է յենուել այս կանոնների վրայ, քան թէ Հին ուխտի մեկնութեան»: Նոյնպիսի կարծիք եւ տիրապետում է կաթողիկ կանոնականների մէջ:

Սբ. Գրքի մէջ պարտաւորական, իրաւական կանոններ, կեանքի զանազան երեւոյթների մասին կարգադրութիւններ գտնում ենք հետեւեալ տեղերում: 1) Յիսուս լիազօրութիւն է տալիս առաքեալներին գործելու եւ քարոզելու Իւր անունով ամէն տեղ. «Գնացէ՛ք այսուհետեւ, աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք  զնոսա  յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Ուսուցէք նոցա պահել զամենայն, զոր ինչ ասացի ձեզ» (Մատթ. ԻԸ 19-20): 2) Յիսուս նրանց կապելու եւ արձակելու իրաւունք է տալիս (Մատթ. ԺԸ 18): 3) Մկրտութեան խորհրդի սահմանումով պատուիրում է կատարել, «որ հաւատասցէ եւ մկրտեսցի՝ կեցցէ, եւ որ ոչն հաւատասցէ` դատապարտեսցի» (Մարկ. ԺԶ 16): 4) Հաղորդութեան խորհուրդը սահմանեց. «Եւ առեալ հաց՝ գոհացաւ, եբեկ եւ ետ նոցա եւ ասէ, այս է մարմինն Իմ, որ վասն բազմաց տուեալ, զայս արասջիք առ Իմոյ յիշատակի... » (Ղուկ. ԻԲ 19): 5) Պսակի լուծման համար պատուիրեց. «Որ արձակէ զկին իւր եւ ո՛չ վասն պոռնկութեան եւ առնիցէ այլ` շնայ, եւ որ զարձակեալ առնիցէ` շնայ» (Մատթ. ԺԹ 3-9): 6) Երդման մասին` «Ամենեւին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս, զի աթոռ է Աստուծոյ... » (Մատթ. Ե 34): 7) Դատաստանի համար` «Եթէ մեղիցէ քեզ եղբայր քո, երթ յանդիմանեա զնա, յորժամ դու եւ նա միայն իցէք. եթէ լուիցէ քեզ, շահեցար զեղբայր  քո... »  (Մատթ. ԺԸ  15) 8)  Գերագոյն  իշխանութեան  հնազանդելու մասին` «Տուք զկայսերն` կայսեր եւ զԱստուծոյն՝ Աստուծոյ» (Մատթ. ԻԲ 21): 9) Ձեռնադրութեան մասին` «Ձեռնադրեցին նոցա ըստ եկեղեցւոյ երիցունս» (Գործք ԺԴ 22, Տիտ. Ա 5): Եպիսկոպոսների եւ սարկաւագների մասին Տիմ. Գ): 10) Ժողովրդականների տալիք տուրքի մասին Կոր. Թ 7-14): 11) Երէցներին դատելու դէպքում` «Զերիցուէ զչարախօսութիւն մի՛ ընդունիցիս, բայց եթէ երկուք կամ երեք վկայիւք» Տիմ. Ե 19): 12) Հիւանդներին իւղով օծելու մասին` «Հիւանդանայցէ ոք ի ձէնջ, կոչեսցէ զերիցունս եկեղեցւոյ եւ արասցեն ի վերայ նորա աղօթս, օծցեն իւղով յանուն Տեառն» (Յակ. Ե 14): 13) Կերակրի մէջ չգործածել յազած (զոհածխմբ. ) միս Կոր. Ժ 25, 28): 14) Խառն ամուսնութիւնների մասին Կոր. Է 12-17): 15) Յանցաւորների դատի մասին Տիմ. Ե 20):

Սուրբ Գրքի այս եւ նման պատուէրները, որոնք այլապէս կոչւում են աստուածային իրաւունք, արդեօ՞ք ունին անփոփոխ ոյժ, փոփոխութեան կամ աւելացումների ենթարկել կարելի՞ է, թէ ոչ: Սուրբ Գրքի մասին խօսելիս ասուեց, որ նա տալիս է ընդհանուր բարոյական հիմքեր եւ ոչ՝ փոփոխական կեանքի զանազան դէպքերի մասին կանոններ, կեանքի զանազան երեւոյթները առաջացնում են նոր կարգեր, որոնց հետեւում են նոր կանոններ: Օրինակի համար՝ երբ Պօղոս առաքեալը տեսնում է, որ զանազան դէպքերի համար Յիսուսից մնացած կարգադրութիւն չունի, իսկոյն մի կանոն է սահմանում եւ աւելացնում, որ այդ իմ կարծիքն է եւ ո՛չ Տիրոջ հրամանը Կոր. Է 25): Եկեղեցու գործնականութեան մէջ մի քանի կարգադրութիւններ փոփոխութեան են ենթարկուել (օր. ՝ Ա Տիմ. Գ 2). առաքեալի պատուէրը եպիսկոպոսին՝ մի կնոջ այր լինելու համար ասուած, յետոյ  բոլորովին  փոխուեց եւ  կուսակրօնութիւնը  մտաւ:

Առաքեալների ժամանակուայ արած կարգերը տուրքերի ժողովելու, ընծայաբերութեան, Հաղորդութեան, գոյքերի վաճառման եւ հասարակաց  դարձնելու   վերաբերմամբ   բոլորովին   փոխուեց, ամուսնալուծութեան սահմանի ընդարձակումը, հիւանդաց օծումը մեր մէջ չգործադրելը` դրանք թէեւ նախկին կարգից դուրս են, բայց բոլոր կանոնական անձանց, Վալտերի, Ֆիլիպսի, Շուլտէի, Յովհաննէս վարդապետի եւ Սոկոլովի կարծիքով` այդ չէ նշանակում, թէ Սբ. Գրքի ոյժը թուլացել է կամ նրա նշանակութիւնը նսեմացել է:

Ամենեւին ո՛չ. հապա բոլորը մեկնում են, որ աստուածային Յայտնութիւնը իրաւաբանական օրէնքների ժողովածու չէ Քրիստոսի`  իբրեւ  երկրաւոր  թագաւորի  ձեռքով  հրատարակած՝ իւր  թագաւորութեան համար, հապա նա բովանդակում է ընդհանուր սկզբունքներ, որոնք Եկեղեցին ընդունում է եւ պահպանում է իբրեւ հիմունքներ, որոնց հետ պիտի համակերպուեն Եկեղեցու կեանքի արտաքին կարգը եւ կազմութիւնը պատմական զարգացման ընթացքում, եւ որոնք նա կոչուած է մարմնացնելու իւր արտաքին հաստատութիւններում (տե՛ս Սոկոլով, 73 եր. ):

Յովհաննէս վարդապետը ասում է. «Չպէտք է մոռանալ, որ Նոր ուխտի մէջ առաքելական Եկեղեցու տեսանելի դրութիւնը, որ պատկերացրած է Սբ. Գրքում, շատ կողմերից արդէն չի համապատասխանում ուրիշ ժամանակների հանգամանքներին, որովհետեւ Եկեղեցին իւր մէջ մի է, բայց մարդիկ եւ ժամանակները փոփոխւում են:

Դրա համար ո՛չ այն, ինչ որ առաքեալների ժամանակ նշմարւում էր, կարելի է այժմ... » (Опыт, I, 27 եր. ): Ֆիլիպսը ասում է. «Քրիստոս կարգեց հոգեւոր իշխանութիւն Իւր Եկեղեցու կառավարութեան համար եւ հիմնաւոր սկզբունքներ սահմանելով՝ տուաւ Իւր թագաւորութեան  այնպիսի  կազմակերպութիւն որ  հաստատ է  եւ անդրդուելի իւր հիմունքների մէջ» (տե՛ս Սոկոլով, 73 եր. ): Սրանց եւ ուրիշ կանոնիկների բոլոր կարծիքները յանգում են այն կէտում, որ Եկեղեցու  գործնական  կեանքի  մէջ  զանազան  ժամանակներում  եւ այլեւայլ հանգամանքների շնորհիւ մտած նոր եկեղեցական կանոնները  սուրբ  հայրերի կողմից, եթէ  փոփոխութեան  են ենթարկում հին կարգերը եւ սահմանադրութիւնները, անփոփոխ եւ անդրդուելի են պահում Եկեղեցու հիմնական սկզբունքը՝ Քրիստոսի քարոզած   վարդապետութիւնը եւ բարոյական   գաղափարները:

Յայտնւում  է  եւ  այսպիսի  կարծիք որ  հաւատոյ  դաւանանքը  եւ Աստուածային իրաւունքը եկեղեցուց չեն ծագում, եկեղեցին նրանց համար աղբիւր չէ՛, այլ դրանք եկեղեցուն տրուած են հէնց սկզբից, դրանք անկախ են իրենց ծագմամբ, ուստի եւ անփոփոխ պիտի մնան իրենց էութեամբ. Եկեղեցին չի կարող կազմել այնպիսի դաւանանք, որը   չկայ   Յայտնութեան  մէջ,   չկայ   Աստուածային  իրաւունքի աղբիւրի մէջ:

Եկեղեցու գործունէութիւնը այդ կարծիքի վերաբերմամբ այսպէս պիտի յարատեւի. Եկեղեցին ընդունելով Աստուածային իրաւունքը իւր աղբիւրներից, խոստովանելով աստուածային հեղինակութիւնը, պիտի պարզաբանի եւ բացատրի նրա նշանակութիւնը եւ իւր գործունէութեան մէջ մարմնացնի հաստատութիւնների մէջ եւ յարմարեցնի կեանքի երեւոյթների հետ (տե՛ս Սոկոլով, 76 եր. ): Այսպիսով Աստուածային իրաւունքը եկեղեցական իրաւունք է դառնում ո՛չ իւր ծագմամբ, այլ  իւր  բովանդակութեան, բացատրման եւ  գործադրման եղանակով, որը կատարւում է ընդհանուր Եկեղեցու համաձայնութեամբ: Ընդհանուր եկեղեցական կեանքը անփոփոխ, պնդացած ձեւեր չի ներկայացնում. նա մշտապէս կենդանի, գործունեայ լինելով՝ պէտք է իւր նոր երեւոյթները յարմարեցնի դաւանանքի սկզբունքների հետ:

Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ պէտք է երկու երեւոյթների մէջ հաշտութիւն եւ համաձայնութիւն կայացնի. արդեօ՞ք ամբողջ Եկեղեցին, թէ՞ Եկեղեցու մի մասը կամ Եկեղեցու մի անդամը: Կամ, աւելի պարզ ասած, ո՞վ է Եկեղեցու մէջ օրէնսդրական մարմինը եւ կարգաւորող ոյժը՝ Ազգային ժողո՞վը, հոգեւորականութի՞ւնը, թէ՞ Եկեղեցու պետը: Այստեղ կանոնիկների կարծիքները տարբերւում են. Հռոմէական Եկեղեցին ընդունում է պապի անսխալականութիւնը եւ նրա միակ հեղինակութիւնը՝ կառավարելու Եկեղեցին ու կանոններ սահմանելու. միւս Եկեղեցիները ընդունում էին միայն ընդհանուր եկեղեցական ժողովների հեղինակութիւնը: Հայերը ընդհանուր եկեղեցական ժողովների հեղինակութիւնը ընդունում էին միմիայն մինչեւ 450 թիւը, նրանց համար պարտաւորական ոյժ ունէին Նիկիայի, Պոլսի, Եփեսոսի տիեզերական ժողովները: 450-ից առաջ էլ, յետոյ էլ այդպիսի հեղինակութիւն ունէր հայոց համար միմիայն հայոց Ազգային-եկեղեցական ժողովը, իսկ Ամենայն հայոց կաթուղիկոսների կարգադրութիւնները՝ իբրեւ Օրինապահի եւ Աւանդապահի, ընդունւում էին միմիայն այն դէպքում, երբ յենւում էին հայոց ժողովների եւ ժողովրդական-աւանդական սովորութիւնների վրայ: Ռուսաց Սինոդի հաստատումից յետոյ օրէնսդրական մարմնի  հեղինակութիւն ստացաւ այդ նոր կազմակերպութիւնը եւ նախկին ժողովների դերը յանձն առաւ: Մեր մէջ մեր Սինոդը այդ նոյն ֆունկցիան չունի, որովհետեւ նրա իրաւասութիւնը տարածւում է միմիայն ռուսահայոց վրայ:

Բողոքական կանոնիկները, սկզբունքով ընդունելով Աստուածային իրաւունքը, մերժում են Եկեղեցու մէջ անսխալական մարմնի գոյութիւնը եկեղեցական իրաւունքը պարզաբանելու եւ վերականգնելու խնդրում: Սոկոլովը, զանազան մասնաւոր ծայրայեղ կարծիքները մի կողմ թողնելով, բերում է պահպանողական Ռիխտերի կարծիքը. «Թէ Նոր ուխտի մէջ աստուածային կամքը արտայայտուել է որոշ կերպով իրաւունքի նկատմամբ, այդ բանում համաձայն են բողոքական եւ կաթոլիկ Եկեղեցիները: Բայց այդ տեսակ իրաւական որոշումների ծաւալը երկու Եկեղեցին պարզաբանում են տարբեր կերպով: Կաթոլիկ Եկեղեցին ընդունում է Սբ. Հոգով ներշնչուած մարմնի գոյութիւնը, որը անսխալ կերպով մեկնում է Սբ. Գիրքը: Այդ հիմամբ նա կարելի համարեց կապել Սբ. Գրքի զանազան տեղերի հետ պատմական կարգով կազմուած շատ հաստատութիւններ՝ նայելով վերջիններիս վրայ իբրեւ աստուածային կամքի ճշմարիտ արտայայտութեան վրայ: Ուրիշ տեսակ է ընդունում Աւետարանական Եկեղեցին: Նա չի ընդունում այդպիսի միջական մարմնի գոյութիւնը... չի ընդունում մասնաւորապէս, որ Սբ Գրքի մէջ հաստատուի եկեղեցական  կազմակերպութիւն  որոշ հաստատ եւ անփոփոխ ձեւով: Բայց նա վճռականապէս պնդում է, որ Եկեղեցին, իրեն թողնուած ազատութեամբ, եկեղեցական մարմնի կազմակերպութիւնը եւ զարգացումը պիտի կատարի Սբ. Գրքի ընդհանուր սկզբունքների հիման վրայ» (Соколов, 72-80 երես):